Կրա՜կ…

Բզկտված հող…Հարյուրավոր մահաբեր բեկորներ…Ակոսել են ամեն մի սամնտիմետրը.. Ընկղմվելով հողի մեջ`հագեցրել են այն վախի և մահվան բույրով…

Պայթյուններից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ օդը լցվել էր գարշահոտությամբ:

Կախվել խրամատների վրա ու, ասես, գոռում էր.

-Մեռեք, դե մեռեք վերջապես…

Տասնյակ արկերի ու ականների ոռնոցը նրանց գետնին էր սեղմում…Ամեն մի փամփուշտը նրանց մեխում էր հողին…

Որպեսզի չկարողանան վեր կենալ, բարձրացնել գլուխները, պատասխանել կրակոցներին:

Արկերով ծակծկված հողը փակել էր նրանց: Թաղել էր:

Իսկ նրանք ոտքի ելան: Իրենց թափ տվեցին ու կրկին.

-Կրա՜կ: Կրա՜կ:

Մեկը մյուսի հետևից մի կողմ շպրտելով դեպի իրենց արձակվող անսանձ փամփուշտները.

-Կրա՜կ, Կրա՜կ:

Վայրկյան առ վայրկյան նրանք ավելի էին քչանում…

-Կրա՜կ: Դավա՜յ, տղաներ: Կը…

Հրամանատարի ձայնը լռեց… Ընդմիշտ բարձրանալով երկինք…

Ականները…Արկերը…Փամփուշտները… Ընկղմվելով հողի մեջ` վայելում էին իրենց հաղթանակը…Մտնում էին երեկվա պատանիների մարմինները… Եվս մի փոքր ու վերջ…

Բայց կրկին բզկտված խրամատներով մեկ լսվեց պատանեկան ձայնը.

-Կրա՜կ…Կրա՜կ… Մինչև վերջին փամփուշտը…Կրա՜կ:

Արկեր…Ականներ…Հարյուրավոր փամփուշտներ… Հարյուրավոր հրանոթների դեմ…

Արդեն…Հինգն են…Եվս մեկ երիտասարդ տղա անշարժացավ` հպվելով Մայր հողին…

Բայց, միևնույն է, խրամատների վրայով լսվում է ճիչը.

-Կրա՜կ, ձեր մերը:

Մեկ…Եվ արյունահոսող ընկերը…

Վերջին փամփուշտն է..Ինքնաձիգը մի կողմ է շպրտել…

Վերջին զեկուցումը.

-Բոլորը զոհվել են: Մենակ ես եմ մնացել: Բայց նրանք չեն անցնի…

Նռնակը ձեռքին է… Օղակը` քաշած…

Նայեց գաղտագողի մոտեցող թշնամուն, ով երկյուղով առաջանում էր դեպի իր դիրքը:
Բոյով մեկ կանգնեց ու քմծիծաղով նայեց մոտեցողներին:

-Ներիր, մայրիկ:

Ափը թեթևակի բացվեց:

Վերջին պահին նա հասցրել էր նկատել, թե ինչպես են մոտեցող թշնամու աչքերը կլորացել վախից:

Ինչ-որ յոթերորդ զգայարանով թիկունքում շարժ զգաց:

Եվ հաջորդ պահին նա թռչեց:

Հարված…

Վերևում գոյացավ ինչ-որ մութ ու ծանր բան:

Ահա և վերջ…

Գիտակցությունը աստիճանաբար վերականգնվեց:

Ձայներ,… Ճիչեր…Կրակոցներ…Պայթյուններ…

Հեռվից, կարծես, ինչ-որ ձայն լսեց:

Նա բացեց աչքերը:

Դեմքին «կամուֆլյաժ» էր նկարած: Զարմացած աչքերը կանգ առան նրա վրա: Ինչ-որ բան է ասում…

-Գրողի տարածներ,- տնքաց և կտրուկ ձգվեց դեպի անծանոթին ամրակցված դանակը:

Անծանոթը արագ ձեռքերի վրա վերցրեց նրան… Սեղմեց իրեն:

-Վերջ…Վերջ…Հանգստացիր: Մերոնք են, տղաս…Մերոնք են…

Արցունքները հոսեցին հրամանատարի այտերն ի վար…

Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ

Կապված նյութեր