«Հազար տարվա ընկերները», ինչպես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է անվանել Ռուսաստանն ու Ադրբեջանը, կրկին հաշիվներ են պարզում, ինչն ուղեկցվում է Բաքվից հորդող հիստերիայի և սպառնալիքների հեղեղով: Այս անգամ անհամաձայնության պատճառը ՌԴ արդարադատության նախարարության՝ Ռուսաստանի Գերագույն դատարան ներկայացված հայցն է` Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը լուծարելու մասին:
Այդ առնչությամբ «Ադրբեջանի ռուսական համայնք» հասարակական կազմակերպությունը «վճռական բողոք» է արտահայտել` Արդարադատության նախարարության հետևյալ որոշումը որակելով սադրանք, որի հետևում կանգնած են Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամական գործընկերային հարաբերությունների, ռուս և ադրբեջանցի ժողովուրդների միջև սեպ խրել ցանկացող որոշ ուժեր:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում «որոշ ուժեր» ասելով, սովորաբար, նկատի են ունենում հայերին։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի նրա թագակիր գերդաստանի հասցեին փառաբանման անհրաժեշտ չափաբաժինը պահպանած «Ռուսական համանքի» հայտարարությունը միայն հաստատում է այդ ենթադրությունը:
Հետաքրքրական է, որ Ադրբեջանում մի շարք պաշտոնատար անձինք «համարժեք պատասխանով» արդեն սպառնացել են Ռուսաստանին, եթե ՌԴ Գերագույն դատարանը՝ գործող օրենսդրությունը բազմիցս խախտելու համար Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը լուծարելու որոշում կայացնի: Դեպքերի նման զարգացման պարագայում այդ «պատասխանի» զոհը կարող է դառնալ հենց «վճռական ցույց անող»` Ադրբեջանի ռուսական համայնքը:
Այսպես, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջան-Ռուսաստան միջխորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է.
«Հասկանալի է, որ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի վրա Բաքվի ազդեցության աստիճանը` որոշակի մարմինների` այդ թվում և ԱԱԾ-ի միջոցով, կարող է դուր չգալ: Բայց չէ՞ որ ռուսական դեսպանատունը, Ռուսհամագործակցությունը նույնպես սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռուսական համայնքի հետ, ինչպես Մոսկվայի մեր Կոմիտեն` Ադրբեջանի դեսպանության և սփյուքի հետ աշխատանքի հարցերով կառույցների հետ: Հասկանալի է, որ ռուս չինովնիկները կցանկանային որպես ազդեցիկ կազմակերպություններ տեսնել լրիվությամբ վերահսկվող ադրբեջանական մշակությաին ինքնավարություն: Բայց նրանք պետք է գիտակցեն, որ շինծու պատրվակով լուծարելով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը, համարժեք պատասխան կստանան: Քանի որ միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ փոխադարձության սկզբունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»:
Ավելի պարզ ակնարկ է արել Ադրբեջան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ալի Հուսեյինը.
«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը ստեղծվել է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ: Այդ պատճառով մենք զարմանում ենք, որ ՌԴ Արդարադատության նախարարությունը կառույցը լուծարելու հարցով դիմել է Գերագույն դատարան: Մենք գտնում ենք, որ այդ քայլը պրովոկացիոն բնույթ ունի: Թղթաբանության հետ կապված որոշակ խնդիրներ ունի նաև Ադրբեջանի ռուսական համայնքը, սակայն այն համագործակցում է Ադրբեջանի արդարադատության նախարարության հետ: Մեզ մոտ ոչինչ չեն փակում: Այդ իրավունքը կարող է օգտագործվել ծայարհեղ դեպքում»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կազմակերպությունը մեղադրվում է ՌԴ №121` «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի խախտման մեջ, որի համաձայն Ռուսաստանի տարածքում գործող հասարակական կազմակերպությունները դրսից ֆինանսավորվելու իրավունք չունեն: Բայց ՌԴ արդարադատության նախարարության ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ կազմակերպության օգտին Ադրբեջանի ղեկավարությունից ամեն ամիս խոշոր գումար են փոխանցվել:
ՊԱՆԴՈՒԽՏ