Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարվել է։ Միացյալ Նահանգները գիշերը Tomahawk թեւավոր հրթիռներ է արձակել Սիրիայի կառավարական բանակի ռազմական օդակայաններից մեկի ուղղությամբ։ Բնականաբար, դա դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, և հիմա դեպքերը զարգանում են ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ։ Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմի այդ որոշումը կփոխի համաշխարհային քաղաքական օրակարգի առաջնահերթությունները։ Աշխարհն անկայունության նոր փուլ է թևակոխում, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ այն տարածաշրջանների վրա, որտեղ պատերազմների վտանգներն առավել մեծ են։ Բնականաբար, մեր տարածաշրջանը բացառություն չէ։ Ուստի առաջիկայում պետք չէ բացառել լարվածության աճ նաև Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանում։
Մեծ հաշվով սա նոր իրավիճակ չէ հայերիս համար։ Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգը ճաքեր է տվել դեռևս 2013թ.-ի վերջերում, երբ, Ուկրաինայի խնդրի հետ կապված, տարաձայնություններ առաջացան Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որի արդյունքում այստեղ՝ Հարավային Կովկասում, սկսեցին չգործել ռիսկերի զսպման ռուս-ամերիկյան մեխանիզմները։ Դրա հետևանքները երկար չսպասեցրին։ Արդեն 2014թ. ամռանը Ադրբեջանն ու Արցախը կանգնեցին նոր պատերազմի շեմին։ Իսկ դեպքերի հետագա զարգացումը բերեց 2016թ.-ի ապրիլյան պատերազմի: Կա՞ արդյոք այսօր որևէ գործոն, որը թույլ կտա մեզ ենթադրելու, որ լարվածության գագաթնակետն արդեն անցյալում է։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, թե՛ միջազգային զարգացումները և թե՛ Ադրբեջանի մոտեցումները հստակ խոսում են այն մասին, որ արտաքին սպառնալիքները շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի ամենաօրհասական խնդիրը։
Այս իրավիճակում առնվազն տարօրինակ են հնչում այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունները վերսկսելու մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների և որոշ հայ քաղաքական գործիչների կոչերը։ Մի փաստաթուղթ, որի՝ ավելի քան 9 տարիների քննարկման արդյունքը պատերազմ եղավ, բնականաբար, չի կարող այլևս դիտարկվել, որպես արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Մադրիդյան սկզբունքների» վերակենդանացումն առնվազն կնշանակի Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ներում և այդ պատերազմի բոլոր կորուստների ու ձեռքբերումների մոռացություն։ Դա չի կարելի թույլատրել։ Այն փաստը, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է և որ Ալիևի վարչակազմը երբեք չի մտածել հարցի խաղաղ կարգավորման մասին, պետք է արտացոլված լինի հետագա բանակցություններում, եթե իհարկե դրանք երբևէ շարունակվեն։ Հակառակ պարագայում, կարելի կլինի վստահ ասել, որ հայկական կողմը պարտվեց դիվանագիտական դաշտում։ Հուսով եմ՝ պաշտոնական Երևանը նման սխալ երբեք թույլ չի տա։
Հետևաբար, ստիպված ենք փաստել, որ միջնորդները և այն հիշատակված քաղաքական գործիչները, իրական դեպքերից ետ են մնացել առնվազն չորս տարով։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ իրենց կառավարություններն այսօր զբաղված են միանգամայն այլ խնդիրներով։ Ուկրաինայում պատերազմ է, Սիրիայում պատերազմ է, ամբողջ Մերձավոր Արևելքում է պատերազմ… Պատերազմ, որում ներգրավված են և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ պատերազմում են տարբեր ճամբարներում։ Իսկ հայկական լեռնաշխարհում մոռացված նրանց դիվանագետները շարունակում են արցախյան «հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնել»։ Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց այդ գործում և զբաղվենք ավելի կարևոր գործով՝ երկարատև հակամարտության նախապատրաստական աշխատանքներով։ Ցավոք, այլ տարբերակ մեզ տրված չէ։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ