Հայի գենոտիպը

Նայում ես զոհված տղաների դեմքին և կոկորդդ լցվում է: Շունչդ կտրվում է, և աչքերումդ արցունք է հայտնվում: Եվ հասկանում ես, որ դիմացդ իսկական հայի գենոտիպն է` իր մաքրությամբ, որ կար դեռևս հազարամայկներ առաջ: Ոչ այն հնարածին «հայի գենը», որի մասին աղաղակում են` իրականում ոչինչ չիմանալով դրա մասին, զանազան դժգոհությունները և համացանցային ռասիստները սևամորթ տղայի և «ոչ հայեցի» հայուհու մասին:

Այդ գենոտիպը տեսանելի չէ անզեն աչքով, առավելևս` համացանցային ագռավների սև աչքի համար: Այն ի հայտ է գալիս անսպասելի` մարդկային ուժի և կամքի ծայրաստիճան լարման դեպքում:

Հենց այդ գենոտիպն է Ցեղասպանութունից փրկվածներին ստիպել ապրել Սիրիական անապատում և մայրերին ուժ տվել` սեփական արյան գնով պահպանելու իրենց զավակներին Գյումրու փլվածքների տակ /Սպիտակի երկրաշարժի ժամանակ/: Հենց այդ գենոտիպն է օգնել մուսալեռցիներին, Վանի ու Գանձակի հայերին` պաշտպանվելու ջարդարարներից և քոչվորներից: Հենց այդ գենոտիպն է հաղթել Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Շուշիում և Մարտակերտում:

Հենց այդ գենոտիպն է երեկվա սովորական տղաներին դարձնում կատաղի առյուծներ, որոնք ճերմակափառ լեռների ստորոտին ծվեն-ծվեն են անում թշնամու հատընտիր հատուկջոկատայիններին: Դա է, ոչ թե ճղճղան բուտաֆորիան և խաբուսիկ շքեղությունը, որ համացանցում որպես հայրենասիրություն է ներկայացվում:

Այդ գենոտիպը երբեք չի վերանա, քանի դեռ կան այդ տղաները, որ լեռներում սաստիկ ցրտին անգամ ամենայն զգոնությամբ հսկում են Հայոց երկրի անդորրը…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր