Ռուսական «դեսանտը» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին

Հայկական տեղեկատվական դաշտը կրկին եռում է, պատճառը «Ռուսաստանն այսօր» պետգործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի փորձն է` Երևանում հայ լրագրողներին բացատրել, որ նրանք անհանգստանալու ոչինչ չունեն` կապված Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հետ:

Հնացած փաստարկներ

Կարծես թե նորմալ էր, բայց ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես Վիկտոր Չերնոմուրդինի մոտ. «ուզում էին ավելի լավ լինի, ստացվեց`ինչպես միշտ»: Այն բոլոր փաստարկները, որոնք արդեն քանի տարի է ռուս քաղաքագետներն ու փորձագետներն օգտագործում են հայ հասարակությանը հանգստացնելու համար, անցած տարվա ապրիլից հետո կորցրել են անգամ տեսականորեն համոզելու հնարավորությունը:

Բայց Կիսելյովը համառորեն շարունակում է պնդել, որ Ադրբեջանին զենք վաճառելով Մոսկվան Բաքվին վերահսկելու հնարավորություն է ստանում:

«Ռուսաստանը պահպանելով Ադրբեջանի հետ հարաբերությունները` մեծ չափով ղեկավարում է Ադրբեջանը: Ես ուզում եմ, որ դուք ճիշտ հասկանաք «ղեկավարել» բառը: Այնպես, ինչպես ծնողները, մարդիկ, միմյանց հետ հարաբերություններ պահելով, մեկը մյուսին կառավարում են: Քանի որ հարաբերությունների բացակայությունը ղեկավարման բացակայությունն է:Այսինքն` ղեկավարում ասելով ես նկատի ունեմ ինչ-որ տեղ նաև քերականական իմաստը: Եթե մենք կապ ենք պահում, ուրեմն կարող ենք ղեկավարել»,- հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա:

Հետաքրքիր է` հասկացե՞լ է, արդյոք, ռուս լրագրողը, որ իր խոսքերով Ռուսաստանի վրա է դնում վերջին տարիներին հակամարտության գոտում տեղի ունեցող էսկալացիայի ողջ պատասխանատվությունը` այդ թվում և ապրիլյան «քառօրյա պատերազմի»: Իսկ հակառակ դեպքում երկուսից մեկն է. կամ Բաքվի բոլոր այդ գործողությունները թույլատրել էր Մոսկվան (իսկ, դատելով ռուսական ղեկավարության հայտարարություններից, դա այդպես չէ, և Կրեմլը հանդես է գալիս կրակի դադարեցման ռեժիմի պահպանման օգտին), կամ էլ Կիսելյովն ընդհանրապես գլուխ չի հանում տարածաշրջանային գործընթացներից:
Երկու տարբերակներն էլ հավասարապես վատ են: Բայց առավելևս իր անզգույշ մեկնաբանություններով Կիսելյովը նպաստում է հակառուսական տրամադրությունների աճին թե´ Հայաստանում, թե´ Ադրբեջանում: Քանի որ, դժվար թե, Ադրբեջանում ապրողների սրտով լինի ռուսական խոշոր պետական ԶԼՄ-ի ղեկավարի խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանը մեծ հաշվով ղեկավարում է Ադրբեջանին»:

Չնայած դա արտացոլում է բազմաթիվ ռուս լրագրողների, փորձագետների և ռուսական հեռուստաընկերությունների քաղաքական հաղորդումներ վարողներին բնորոշ գիծը` ինքնավստահ կեցվածքով քննարկել այնպիսի հարցեր, որոնց մասին մակերեսային պատկերացում ունեն: Եվ, իբր, պաշտպանելով Ռուսաստանի շահերը, իրենց անմտածված և կտրուկ հայտարարություններով անում են ամեն ինչ, որ անգամ ամենաընկերական պետություններում բացասական արձագանք առաջացնեն:

Այպես` պնդելով, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի, Բաքուն այն կարող է գնել ԱՄՆ-ից, ռուս գործիչները մոռանում են հիշել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները (բացառությամբ Թուրքիայի), Ադրբեջանին զենք չեն վաճառում: Չնայած Հայաստանը չի համարվում ՆԱՏՕ-ի անդամ, այլ Ռուսաստանի դաշնակից և Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված ռազմա-քաղաքական միավորման`ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից մեկը, և Վաշինգտոնը Երևանի առաջ ոչ մի պարտավորություն չունի: Չէ՞ որ 4-5 միլիարդ դոլարն անգամ ԱՄՆ-ի պես երկրի համար քիչ գումար չէ:

Մոռանում են հիշել նաև այն մասին, որ բազմաթիվ զենքեր, որոնք Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, Թուրքիան ու Իսրայելը կամ ուղղակի չունեն, կամ էլ բավականին թանկ արժեն, ինչը, բնականաբար, սահմանափակում է Բաքվի հնարավորությունները` պատերազմի նախապրաստման համար դրանք բավարար քանակությամբ առնելու համար:
Կարելի է երկար խոսել հարցի բարոյական և իրավաբանական (հոդված 1. Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր) կողմերի մասին:

Քաղաքականությունն ու բարոյականությունն իրարից շատ հեռու են, և միջազգային հարաբերությունների պատմության մեջ երկրների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքերը շատ են:

Հավասարության նշան Երևանի և Բաքվի միջև

Այս դեպքում ավելի հետաքրքիր է, թե ինչ է շահում Ռուսաստանը Հայաստանի` Հյուսիսային Կովկասում իր միակ դաշնակցի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունից: Դատելով փաստերից` էական ոչինչ:

Գուցե Բաքուն փորձում է դառնալ Եվրասիական տնտեսական միության կամ ՀԱՊԿ-ի անդա՞մ, կամ էլ թեկուզ իր մոտ անվճար տեղակայել ռուսական բազա, ինչպես Հայաստանը: Ոչ, Ադրբեջանը բացեիբաց ասում է, որ իր ռազմա-քաղաքական դաշնակիցը Թուրքիան է, նրան վարձակալության է հանձնում իր ռազմական օբյեկտները, իսկ Գաբալում գտնվող ռուսական ռադիոտեղորոշման կայանն ուղղակի վտարել է իր երկրից:

Հնարավո՞ր է, որ ադրբեջանական նավթն ու գազն արտահանվեն Ռուսաստանի տարածքով` եկամուտ բերելով երկու հսկաներին: Դարձյալ` ոչ: Ադրբեջանը բոլոր արևմտյան էներգետիկ նախագծերի ակտիվ մասնակից է, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համարում են Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազման միջոց:

Դրանից հետո չես ուզում խոսել այնպիսի «մանրուքների» մասին, ինչպիսին տարբեր միջազգային կազմակերպություններում հակառուսական բանաձևերի օգտին քվեարկելն է: Այստեղ ամեն ինչ պարզ է. Աբխազիայից, Հյուսիսային Օսիայից և Ղրիմից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները` կապված միջազգային իրավունքի գերակայության հետ, արմատապես տարբերվում են:

Դրա հետ կապված`կցանկանայի ռուս փորձագետներին և լրագրողներին, ովքեր հայերից պահանջում են զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, խորհուրդ տալ դիմել իրենց երկրի իշխանություններին` Ղրիմը` Ուկրաինային, իսկ Աբխազիան և Հյուսիսային Օսիան Վրաստանին վերադարձնելու պահանջով: Եվ միայն դրանից հետո զբաղվել ղարաբաղյան հարցով:

Պետք չէ խանգարել

Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր տարածաշրջանային գործընթացներից ոչինչ չեն հասկանում. նախ, Հայաստանը դեմ չէ Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությանը (Ռուսաստան-Թուրքիա): Բայց, որպես հսկա, նա ուզում է հասկանալ, որ այդ համագործացությունը չի լինի իր շահերի, առավելևս`քաղաքացիների արյան հաշվին:

Զենքի վաճառքը լոլիկի կամ գազի վաճառք չէ: Եվ Կիսելյովը պետք է հասկանար, որ իր հայտարարությունն այն մասին, որ Ադբեջանին ռուսական զենք մատակարարելու մեջ «ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա», աբսուրդ է: Պաշտպանական ոլորտում և զենքի առևտրում միշտ քաղաքական բաղադրիչ կա, այլապես պետություններն այդպես մանրակրկտորեն չեն մոտենա զենք մատակարարողների հարցին:

Եվ երկրորդ, Հայաստանին պետք չեն ռուսական զինվորներ իր սահմանի վրա` ադրբեջանական սպառնալիքից պաշտպանվելու համար: Ինքներս գլուխ կհանենք: իրավիճակն աբսուրդի է հասել. Հայաստանն իր դաշնակից Ռուսաստանից անգամ ոչ թե նյութա-տեխնիկական օգնություն է ուզում, այլ, ուղղակի, որ նա չօգնի իր դաշնակցի հակառակորդին:

Ակնհայտ է, որ Ռուսաստանին տարածաշրջանում պատերազմ պետք չէ` հաշվի առնելով նրա` Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Սակայն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք տրամադրելը` իր դաշնակցին օգնելու ակնհայտ բացակայության դեպքում, Մոսկվան, կարծես թե, Բաքվին վստահություն է ներշնչում, որ հակամարտությունը կարելի է լուծել ուժային ճանապարհով և միաժամանակ ամեն կերպ փորձում է համոզել ադրբեջանական իշխանություններին նման բան չանել` պատերազմ չսչկսել: Ախր պատերազմի դեպքում Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական կորուստները, անկախ նրանից, թե ով կհաղթի, ավելին կլինեն, քան այդ չարաբաստիկ 4-5 միլիարդը` ստացված Բաքվին վաճառված զենքից:

Եվ պատերազմից կարելի էր խուսափել` տարածաշրջանում վարելով ավելի հեռատես ու մտածված ռազմավարություն, որը հիմնված չի լինի վայրկենական շահի վրա:

Կցանկանայի Ռուսաստանին հիշեցնել ԱՄՆ-ի օրինակն` այն մասին, թե ինչպես պետք է առաջ մղել սեփական հետարքրքությունները և աշխատել կոնֆլիկտային տարածաշրջանում:Մասնավորապես, չնայած Մերձավոր Արևելքին ամերիկյան զենքի մատակարարմանը, ոչ մի արաբական հսկա-ներմուծող այն չի օգտագործել ԱՄՆ-ի մտերիմ դաշնակից Իսրայելի դեմ:

Եվս մեկ օրինակ`Բալկանները, որտեղ սերբերին, ինչպես նաև իրենց հակառակորդներին` խորվաթներին, բոսնիացիներին և ալբանացիներին, ակնհայտորեն ցույց են տվել, թե որքան վատ կարող է լինել ամերիկացիների հետ ընկերություն չանելը: Արդյունքում` խիստ ռուսամետ տրամադրված հասարակություն ունեցող երկրները` ի դեմս Սերբիայի և Չեռնոգորիայի, ձգտում են դառնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ:

Բայց Ռուսաստանում այդ օրինակներն անտեսում են: Ավելին` այն մարդիկ, ովքեր արդարացնում են իր իսկ դաշնակիցների հանդեպ Ռուսաստանի նման երկերես քաղաքականությունը, չգիտես ինչու, քննադատում են Հայաստանին, որ ուզում է հարաբերություններ զարգացնելու այլ ուժային կենտրոնների` մասնավորապես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ (որոնց հետ ակտիվորեն համագործակցել է և ցանկանում է համագործակցել հենց ինքը` Ռուսաստանը)` չխախտելով ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեցած պարտավորությունները:

Եվ եթե այդ «փորձագետներն» ուսումնասիրեին հարցը, ապա կհասկանային, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել իր դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններին, հնարավոր է, անգամ` չափից շատ (այդ առումով նա օրինակ պետք է վերցի Մինսկից և Աստանայից): Հնարավոր է`այդ «մասնագետները» հասկացել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության «արդյունավետության» մասին ավելի պատկերավոր խոսում է դաշնակիցների հետզհետե նվազող թիվը:

Հենց դրա համար Հայաստանին Ռուսաստանում պետք են անգամ հայամետ, ռուսամետ գործիչներ, որոնց համար սեփական երկրի հետաքրքրությունները կայանում է ոչ թե այլ երկրների և ժողովուրդների հասցեին հնչեցված սադրանքների և վիրավորական հայտարարությունների , այլ առկա խնդիրների սթափ վերլուծության և դաշնակիցների հետ դրանց համատեղ լուծման մեջ:

Այսօր Ռուսաստանին պետք են մարդիկ, ովքեր հասկանում են, որ եթե չեն կարող մինչև վերջ անկեղծ լինել, ապա ավելի լավ է լռեն և չխոսեն այնպիսի բաների մասին, որից հետո անգամ այլ երկրի` քո հանդեպ ընկերական տրամադրված ներկայացուցիչն իրեն խաբված կզգա:

Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ

«Новости-Армения» 

 

Կապված նյութեր