Այս տարի ապրիլին լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Այդ առիթով ադրբեջանական «Yeni Musavat»-ը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից: Հարցազրույցում առկա են հայ ընթերցողի համար հետաքրքրական պահեր, ավելին` առաջին անգամ շոշափվում է ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի կողմից բացահայտված Աղդամի ողբերգության մասին` վերջերս ինտերնետում հայտնված տեսանյութը:
Հարցազրույցի հիմնական միտքն այն է, որ Ադրբեջանի` Ղարաբաղը «կորցնելու» պատճառը իշխանափոխությունն էր, այն է Մութալիբովի արտաքսումն Ադրբեջանից: Հարցազրույցում երկրամասի արմատական` հայ ժողովրդի, և նրա համընդհանուր իրավունքների ոտնահարման մասին խոսք, բնականաբար, չկար:
Մութալիբովը հիշեցնում է, որ տնտեսական և քաղաքական առումներով Ռուսաստանը համարվում է հարուստ և բարգավաճող երկիր, և շատերը ցանկանում են օգտվել նրա պաշարներից: Հարևան երկրների համար այդ փաստը բացում է տնտեսական և տարանցիկ հեռանկարներ: «Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,-կոչ է անում Մութալիբովը: Բացի դրանից, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի է աշխատում Ռուսաստանում, և, օգտագործելով նրանց հնարավորությունները, Ադրբեջանը, ըստ նրա, կարող է հաղթահարել տնտեսական ճգնաժամը:
Նախկին նախագահը հիշեցնում է, որ Ռուսաստանից հեռանալն ու հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ընտրությունը, դարձան Ղարաբաղը «կորցնելու» առանցքային գործոններ: «Մենք կարող էինք մեծ աառվելություն ունենալ, բայց հակառուսական դիրք բռնեցինք»,-ափսոսում է նա:
Ռուսաստանի հասցեին անընդհատ հնչեցվող քննադատության առումով` կապված հատկապես Ղարաբաղի կորստի հետ, Մութալիբովն այն կարծիքին է, որ դա մի քանի ադրբեջանցի քաղաքագետների դիրքորոշումն է, այլ ոչ` ժողովրդի: «Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի հետ կապ չունի: Մեր հողերը զավթել են հայերը: Նման պնդումներ տարածվում են` ցույց տալու համար, որ հայերի հետևում կանգնած են ռուսները: Այդ հայտարարությունների նպատակը ադրբեջանցիներին վախեցնելն է: Ընդհակառակը, եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, ռուսները մեր կողմում կլինեն, որովհետև Ադրբեջանն ավելի մոտ է Ռուսաստանին և նրա շահերին»: Նրա կարծիքով` վարելով ճիշտ քաղաքականություն «հայ մարտիկների արտաքսման հարցում», ղարաբաղյան հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով:
Մի փոքրիկ դիտողություն. «խաղաղ ճանապարհը», որի մասին ասում է Մութալիբովը, «Օղակ» տխրահռչակ գործողությունն է` ուղեկցված սպանություններով, ավազակությամբ և Արցախի արմատական բնակչության բռնի արտաքսմամբ: Ի տարբերություն ադրբեջանցի ուրիշ քաղաքագետների, ինչպես ներկայի, այպես էլ անցյալի, Մութալիբովն, իրոք, ասում է ճշմարտությունը. ադրբեջանցիներն ակտիվորեն օգտագործել են խորհրդային բանակն ու ներքին զորքերը` Արցախի հայաթափման գործում, և ամենևին չեն «կռվել հանուն հայերի»:
Որոշ ժամանակ առաջ Մութալիբովն ադրբեջանական մամուլին պատմել էր իր` նախկինում գործած «սխրանքների» մասին:
«Ժամանակին ռուսների օգնությամբ մենք կարող էինք Գանձակի մերձակայքում մոտ 30 գյուղ ազատել հայերից (այստեղ և հետագայում ընդգծված է իմ կողմից- Պանդուխտը), ինչի արդյունքում մեր հին քաղաքը կփրկեինք զավթիչներից: Մենք մոտ էինք ամբողջ Ղարաբաղն ազատագրելուն, բայց ներքին տարաձայնությունները, երկպառատությունները ձախողեցին մեր ջանքերը»:
Մեկ ճշտում. «Օղակ» գործողության արդյունքում ամայացվել է ոչ թե 30, այլ` 24 հայկական բնակավայր, Մութալիբովն ուղղակի ցանկանում է ուռճացնել իր արածը:
Բայց վերադառնանք ներկայիս հարցազրույցին:
Խոսելով Աղդամի ողբերգության մասին` Մութալիբովը համոզված է, որ այն կարող էր տեղի չունենալ, եթե ադրբեջանցիները մեկ ճակատով կռվեին և չզբաղվեին իշխանության համար պայքարով: «Խոջալուին ցուցաբերվելիք օգնությունը գնաց այլ ուղղությամբ: Խոջալուն մնաց առանց օգնության: Ցավոք, պայքարելով կառավարության դեմ, նրանք առանց ղեկավարների էին թողել առջևից գնացողներին` օգտվելով արյունալի կռիվներից:
Եվ, վերջապես, սահուն անցնենք Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութին, որն, ըստ «Yeni Musavat»-ի լրագրողի, Աղդամի ողբերգության տարելիցի նախօրեին «ավելորդ վեճ է առաջացրել» ադրբեջանական հասարակության մեջ:
«Ես գիտեմ Չինգիզի նկարահանումների մասին: Նրա նկարահանումներից երևում է, որ խոջալվեցիների զանգվածային սպանության մասնակիցների մեջ կան նաև մեր դավաճանները: Ինձ չի հաջողվել մանրամասն վերլուծել Չինգիզի նկարահանումներում առկա փաստերը, որոնք վերջերս տարածվել են սոցիալական ցանցերում: Ավելի լավ կլիներ, եթե Չինգիզի նյութերը վերլուծեին Ադրբեջանի իշխանությունները: Խոսքն ազգային դավաճանության մասին է»:
Իմ կողմից նշեմ, որ ասելով, թե Չինգիզ Մուստաֆաևի տված ինֆորմացիան իր համար բացահայտում էր: Նախկին նախագահը, միանշանակ, խորամանկում է, քանի որ Աղդամի ողբերգության մասին նյութերը, համարձակ լրագրողը, ով այդ ժամանակ Մութալիբովի վստահելի մարդն էր, անձամբ տեղեկացրել էր նրան: Ինչպես Ադրբեջանի առաջին նախագահի կենսագիր Կիրիլ Ստոլյարովն է իր «Վախճան. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ» գրքում պատմել, Մուստաֆաևն ուղղաթիռով թռչելով Խոջալուի վրայով`Մութալիբովին զեկուցել էր, որ չի հաջողվել նկարել Խոջալուում գտնվող դիակները, քանի որ սպանվածներ այնտեղ չկային»: Ահա այդ ժամանակ Մութալիբովը Չինգիզին նախազգուշացրել է. «Ոչ մեկին ոչինչ չասես նրա մասին, ինչ պատահաբար տեսել ես, այլապես քեզ կսպանեն»:
Բացի դրանից, Մութալիբովն անձամբ պատասխանատվություն է կրում Աղդամի ողբերգության համար, քանի որ ինքն է անձամբ այդ պայթունավտանգ ժամանակաշրջանում որոշում ընդունել ջարդերից Ուզբեկստան փախչող թուրք-մեսխեթցիներին կրակի գոտի դարձած Արցախում տեղավորելու մասին: Դրանով Մութալիբովը մի քանի նպատակ էր հետապնդում. առաջին հերթին ամրակետ ստեղծել անմիջապես Ստեփանակերտի հարևանությամբ` Արցախի մայրաքաղաքը պողպատյա աքցանի մեջ վերցնելու համար, երկրորդ` ժողովրդագրական իրավիճակի արհեստական փոփոխություն, երրորդ` շրջափակված Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղու` Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի խափանում:
Եթե դրան ավելացնենք «Օղակ» արյունալի գործողության կազմակերպումն ու իրականացումը և Արցախի հայկական բնակավայրերի վրա կրակելու Մութալիբովի հանցագործ հրամանները, կարելի կլինի արձանագրել, որ նրա ձեռքերը մինչև արմունկները արյունոտ են` ինչպես հայերի, այնպես էլ իր ազգակիցների և թուրք-մեսխեցիների:
Բայց, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, Մութալիբովի ոչ մի հանցագործ պլան չպիտի իրականանար. նրա ռազմավարությունը, պարզվում է, բոլորովին անպետք էր, ինչպես և ինքը` որպես պետության առաջնորդ: Մութալիբովի մարդկային որակների մասին էլ չխոսենք, ով խուճապահար փախել է Մոսկվա` Բաքվում բախտի քմահաճույքին թողնելով կնոջն ու երեխաներին:
Ինչ վերաբերում է Արցախում ռազմական գործողությունների վերսկսման կանխատեսումներին, որոնց մասին Մութալիբովը խոսում է հարցազրույցի վերջում, դժվար թե հետաքրքրեն սահմանի երկու կողմերում ապրողներին. այդ հարցում փշրված ատամներով և իր իսկ թույնը «նետած» օձից արդեն վաղուց ոչինչ կախված չէ:
ՊԱՆԴՈՒԽՏ