«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանել է «Հրապարակ» օրաթերթի հարցերին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
-Լավրովը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախյան հակամարտության հիմնավոր լուծումը։ ի՞նչ լուծումի մասին էր խոսում ՌԴ ԱԳ նախարարը։
-Ռուսական կողմից անընդհատ ուղերձներ են հնչում այն մասին, որ Արցախի հակամարտությունը դեռևս լուծված չի։ Դա երևում է և Լավրովի հայտարարությունից, և նաև Պուտինի՝ Բաքվում կատարված հայտարարություններից, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունները պետք է վերջնականապես կատարվեն։ Այսինքն, պարզ է, որ Ռուսաստանն անընդհատ խոսում է այն մասին, որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և դրա մասին ակնարկներ են անում։ Ցավոք սրտի, ի պատասխան այդ ակնարկների կամ հնարավորությունների կառչելու ինչ-որ բանից և Արցախի հարցը առաջ տանելու, պաշտոնական Երևանը մերժում է ցանկացած տիպի միջնորդություն, ասելով, որ երկկողմանի բանակցություններն արդյունավետ են և ամենալավն են։ Ի դեպ, այդ ուղերձները միայն Ռուսաստանից չեն, նաև Արևմուտքից են գալիս, Արևմուտքում էլ շեշտը դրվում է արցախահայերի վերադարձի իրավունքի վրա, և պաշտոնական Երևանը ոչ այն, ոչ մյուս ուղերձներին ականջալուր չի, չի ուզում տեսնել այդ հնարավորությունները, ինքն իր համար Արցախի հարցը փակված է համարում և գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների՝ Արցախի հարցը վերջնականապես լիարժեք փակելու նպատակադրմամբ։ Իրավիճակն այն է, որ փաստացի աշխարհաքաղաքական կենտրոնները պատրաստ են շարունակելու դա, բայց պաշտոնական Երևանը դա չի ցանկանում։
-Ադրբեջանը ԵՄ առաքելության ներկայությունը դիտարկում է որպես կոնֆլիկտի սրմանը նպաստող հանգամանք։ Երբ հրապարակվեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը, Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ դա լավ առիթ է, որ ԵՄ առաքելությունը հեռանա Հայաստանից։ Ադրբեջանը սեփական խա՞ղն է խաղում, թե՞ երկու աթոռին նստելու քաղաքականություն է տանում։
-Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները չեն ընդունելու ուժերի այն բալանսը, որը ձևավորվել է պատերազմից հետո։
-Նույնիսկ Արևմո՞ւտքը։
-Նույնիսկ Արևմուտքը՝ միանշանակ, որովհետև Արևմուտքն էլ չի ցանկանում տարածաշրջանում տեսնել այնքան ուժեղ, հզորացած թուրքական գործոն, որը վերահսկողությունից դուրս կգա։ Նրանք ամեն ինչ անելու են՝ նոր բալանս ձևավորելու համար։ Ադրբեջանը դա լավ հասկանում է և փորձում է կանխարգելիչ քայլերով հնարավորինս շուտ միջազգային խաղացողներին դուրս բերել այդ գործընթացներից։ Եվ Արցախյան հիմնախնդրի, և հայ- ադրբեջանական, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս երեք կոնտեքստից էլ փորձում են դուրս բերել։ Դա իրենց մոտեցումն է, այս հարցում Ադրբեջանը միայն մեկ դաշնակից ունի՝ Նիկոլ Փաշինյանն է և կտեսնենք, արդյոք Ալիև-Փաշինյան տանդեմը կհասնի՞ այդ նպատակին, թե չեն կարողանա։ Ես լիահույս եմ, և նաև ակնհայտ տեսնում եմ, որ ստեղծված իրադրությունը ձեռնտու չէ ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին, նրանք փորձելու են նոր բալանս ձևավորել։
-2020-ի պատերազմից հետո ընդդիմությունը պարբերաբար փորձում է հեռացնել Փաշինյանին իշխանությունից, սակայն դեռևս չի հաջողում։ Ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է առանց արտաքին ներգործության հեռացնել Փաշինյանին այս գրեթե ավտորիտար կառավարման համակարգում։
-Հարցը դժվար է, որովհետև արտաքին աջակցությունը, աշխարհաքաղաքական աջակցումը կամ ընկալումները, իսկապես հիմնական դեպքերում վճռական նշանակություն են ունենում։ Ես չեմ ասում, որ առանց դրա հնարավոր չէ, բայց եթե որևէ քաղաքական ուժ կամ դաշինք հավակնում է իշխանության կամ` հավակնելու պահից սկսած, պետք է կարողանա հարաբերություններ կառուցել ապագա գործընկերների հետ՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերի, որոշակի իրավիճակի գնահատական տրվի և այլն։ Եթե այս գործընթացը չարվի, իշխանության հեռացնելու գործընթացը մի քանի անգամ բարդ է լինելու։ Ես լիահույս եմ, որ ամեն դեպքում ընդդիմության առաջնորդները կամ առաջատար ընդդիմադիր ուժերը ինչ-որ ելք կփորձեն ունենալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։
-Հանրության որոշակի հատված հակված է այն կարծիքին, որ Արցախն անդարձ կորած է ու ինչքան Մուշը հետ բերեցին, այնքան էլ Արցախը հետ կբերեն` պետք չէ մարդկանց սին հույսերով կերակրել։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցումներին։
-Նման պնդում անելը ցինիկության բացարձակ դրսևորում է, այլ բան չեմ կարող ասել։ Բոլորս հասկանում ենք, որ այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ չի արտացոլում իրական պոտենցիալը։ Դա դավաճանության հետևանք է, դա ծախելու հետևանք է։ Հիմա մարդիկ, ովքեր փորձում են այդպես հիասթափեցնել հանրությանը, այսպես ասած, հանրային նպատակադրումներն այլ ուղղությամբ տանել, ամեն կերպ խոչընդոտել վերականգնմանը և այլն, ցինիկություն գնահատել դա՝ մեղմ է ասված։ Որովհետև հայ ժողովուրդը և ցանկացած այլ ժողովուրդ միշտ ունի վերականգնվելու պոտենցիալ, ոչ միայն Արցախը, այլև նույն Արևմտյան Հայաստանում վերականգնվելու պոտենցիալ ունի։ Այլ հարց է, որ դա ժամանակատար, հետևողական աշխատանքի արդյունք պետք է լինի։ Կանե՞նք այդ աշխատանքը, ճիշտ կկազմակերպենք՝ ունենալու ենք Արցախ, ունենալու ենք ավելի ուժեղ Հայաստան։ Չե՞նք անի, բնականաբար եղածն էլ ենք կորցնելու։
-Առանց Արցախ Հայաստանը հզորանալու ռեսուրս ունի՞։
-Չի կարող Հայաստանն առանց Արցախ ուժեղ լինել, Արցախը Հայաստանի համար և առաջնագիծ էր, և թիկունք, և հայաթափված Արցախը նշանակում է հայկական անվտանգային համակարգի տոտալ ոչնչացում։
-Այսինքն, եթե ուզում ենք անվտանգ և հզոր պաշտպանական համակարգով Հայաստան՝ պետք է ունենանք Արցախ հայ բնակչությամբ և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողությամբ։
-Դա անհրաժեշտ գործոններից երկուսն է, մնացածը` ճիշտ նպատակդրումներ, միասնություն և այդ ուղղությամբ տարվող աշխատանք:
____________________________