Ինչու է Թուրքիան պահանջում, որ «Հայաստանը վայրկյան առաջ խելքը գլուխը հավաքի»

Հուլուսի Աքարը, որը Բաքվից հոխորտաց, թե Հայաստանը պետք է վայրկյան առաջ խելքը գլուխը հավաքի, և Թուրքիան ու Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում մեկ ազգ ու մեկ բանակ են, բոլորովին էլ սովորական թուրք պաշտոնյա չէ, որին կարելի է անուշադրության մատնել։

Թուրքիայի մեջլիսի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար (նաև Արցախում պատերազմի օրերին), Հայաստանի ուղղությամբ թուրքական պետական քաղաքականությունը մշակող, գործադրող, Հայաստանի դեմ Թուրքիայի գլխավոր թուրք պաշտոնյաներից մեկն է Հուլուսի Աքարը։ Էրդողանը պաշտպանության նախարարի պաշտոնից նրան չազատեց անգամ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը տապալելուց հետո։ Հուլուսի Աքարը Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնից դուրս մնաց միայն այս տարվա հունիսին, երբ Էրդողանը վերընտրվելուց հետո կազմեց նոր կառավարություն՝ մեծ փոփոխություններով։ Բայց սա միայն նշանակում է, որ Աքարը Հայաստանի դեմ թուրքական ագրեսիան վարում է այլ պաշտոնից։

Ոչ միայն մեկ ազգ, երկու պետություն, այլև մեկ ազգ ու մեկ բանակ

Եվ այսպես, Աքարը Բաքվում նախ այցելել է Հեյդար Ալիևի գերեզմանին, որտեղ, պատասխանելով իրեն մոտեցած լրագրողների հարցերին, արել է Հայաստանի դեմ առաջին ռազմաշունչ հայտարարությունը: Խոսել է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն մեկ ազգ, երկու պետություն են, այլև մեկ ազգ ու մեկ բանակ են:

«44 օրյա պատերազմում հաղթանակից հետո Թուրքիան և Ադրբեջանը մեկ բռունցք, մեկ սիրտ, մեկ բանակ են: Զինված ուժերի արդիականացման ուղղությամբ աշխատանքները տարվում են, զորավարժությունները կան, երկու բանակների համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախագծերն իրականացվում են: Մեր պաշտպանության նախարարությունները շարունակում են սերտ գործակցել: Այս ամենի նպատակը մեկն է՝ խաղաղություն տարածաշրջանում, և ինչպես միշտ ենք ասել՝ Հայաստանը պետք է, որքան հնարավոր է շուտ, սեղմի Ադրբեջանի կողմից իրեն մեկնած խաղաղության ձեռքը», – մասնավորապես հայտարարել է Աքարը:

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների գործակցությունն ու մեկ բանակ լինելու հանգամանքը շեշտելու կողքին Ադրբեջանին մեկնած «խաղաղության» ձեռքի մասին խոսելը համարժեք է ուղիղ սպառնալիքի։ Բայց Հուլուսի Աքարն այսքանով չի բավարարվել։ Որոշել է նույն սպառնալից տոնով մեկնաբանել նաև Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։

«Որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը տեսնել պրոքսի երկրի կարգավիճակում: Եթե Հայաստանը գնա այդ սխալ ճանապարհով, ապա կարող է հայտնվել նույն վիճակում, որում 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ լուրջ հարված ստացավ», – փաստացի բարձրաստիճան թուրք պաշտոնյան նախ հերթական անգամ խոստովանում է, որ Թուրքիան ներգրավված էր Արցախի օկուպացիային։ Շարունակելով ավելի վաղ արդեն դրսևորված թուրքական միտումը՝ նաև փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, վերահսկել ու համակարգել Հայաստանի գործողությունները, Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով։

Ի վերջո, Աքարը պահանջում է Հայաստանից պրոսքի պետություն չդառնալ՝ Թուրքիայի պրոքսի Ադրբեջանի, Թուրքիայի վասալ, Թուրքիայի արբանյակ, Թուրքիայի ստեղծած արհեստական միավորում Ադրբեջանի տարածքից:

Ուղերձներ թյուրքական աշխարհին և ամբողջ աշխարհին

Բաքվում Աքարը նաև հյուրընկալվել է պետական քարոզչաալիքներից մեկին ու տաղավարում հարցազրույց է տվել, որի ընթացքում ներկայցրել է իր այցի ուղերձները։ Ներկայացնում ենք երեք ամենակարևոր հատվածները։

Առաջին՝ բարձրաստիճան թուրք պաշտոնյան Հայաստանին ու Արցախին հասցրած հարվածի միջոցով Երևանից բացի ուղերձներ է հղել ևս երկու ուղղությամբ՝ թյուրքական աշխարհին ու ամբողջ աշխարհին:

«Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, իհարկե, միայն Թուրքիային և Ադրբեջանին չէ, որ առնչվում են, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, կարևոր և գլխավոր տեղ են զբաղեցնում: Մենք մեկ մոր երկու որդիների նման ենք կառուցում մեր հարաբերությունները, մեկ բռնունցքի նման, և թե ինչ կարող են անել Թուրքիան և Ադրբեջանը միասին՝  ամբողջ աշխարհին ցույց տվեցինք 44-օրյա պետարազմի ժամանակ: Այդ հաղթանակը Ադրբեջանից բացի ամբողջ թյուրքական աշխարհի համար մեծ մոտիվացիա դարձավ և թուրքի ուժն ամբողջ աշխարհը տեսավ: Այն ինչ անում ենք՝ միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար չէ, ամբողջ թյուրքական աշխարհի համար է», – հայտարարել է Աքարը՝ թյուրքական աշխարհը միավորելու ու առաջնորդելու իր ղեկավարի հավակնությունը ի ցույց դնելով:

Աքարի այս խոսքից հետո հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ թյուրքական պետությունները փորձում են հասնել գերիշխող դիրքի և այն աշխարհը, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը որոշել են, թե բոլորին ցույց են տվել թուրքի ուժը: Ու պատերազմից երեք-չորս տարի անց էլ ակտուալ է մեկ այլ հարց՝ պարտվել ու կորցրել է միա՞յն Հայաստանը, ու սա միա՞յն Հայաստանի պայքարն է:

Երկրորդ՝ հարցազրույցը վարողը հիշեցնում է, որ Արևմուտքն ու Հնդկաստանը զենք են վաճառում Հայաստանին՝ Հայաստանի բանակը պատրաստում են նոր պատերազմի ու հարցնում՝ ինչպես պետք է արձագանքեն Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրք պաշտոնյան նախ պատասխանում է՝ կարևորը Թուրքիան և Ադրբեջանը միասին լինեն, թյուրքական աշխարհը կդիմակայի: Ապա, անգամ լինելով թուրքական գեներալիտետի զուսպ և գրագետ ներկայացուցիչ, Հուլուսի Աքարն անցնում է կոպիտ ձևակերպումների։

«Հայաստանը վայրկյան առաջ պետք է խելքը գլուխը հավաքի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղության ուղղությամբ աշխատանքները շարունակի, որպեսզի հասնենք տարածաշրջանում կայունության՝ բոլորի համար», – նշում է Աքարը:

Երրորդ կարևորագույն հատվածը՝ լրագրողին հարցի երկու պատասխաններն էլ չեն բավարարում։ Ավելի առաջ է գնում՝ հարցնելով. «Հայաստանը գուցե դրա մասին մտածում է, բայց Արևմուտքը թույլ չի տալիս, ինչ անել այդ պարագայում»։

Եվ այստեղ է, որ Բաքու մեկնած թուրք պաշտոնյան սկսում է խոսել Հայաստանի ինքնիշխանության մասին։ «Հայաստանը պետք է իր ինքնիշխանությունը պաշտպանի, իր իրավունքները պահանջի: Հայաստանը պետք է աչքերն ու ականջները բացի, որովհետև Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել պրոքսի պետություն: Եթե Հայաստանը գնա այս ուղղությամբ, ինչ-որ պահի այրվելու է կրակի մեջ: Որովհետև հին օրերը էլ չկան: Ամեն ինչ փոխվել է: Թուրքիան և Ադրբեջանը, մեկ ազգ, երկու պետություն լինելով, և անհրաժեշտության դեպքում մեկ բանակ լինելով, պատրաստ են դիմակայել նրանց», – հայտարարում է Էրդողանի ենթական։

Ինչու՞ է Թուրքիան փորձում Հայաստանը հեռու պահել Արևմուտքից

Հարցի առավել ճշգրիտ պատասխանը գտնելու համար, պետք է ավելացնել լրացուցիչ հարց՝ ե՞րբ է Թուրքիան փորձում Հայաստանը հեռու պահել Արևմուտքից։

Երբ եկել է ժամանակը ու պետք է ստորագրել խաղաղության պայմանագիր, որում, ըստ Պրահայի՝ արևմտյան պայմանավորվածությունների, Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 90-ականների քարտեզով։ Իլհամ Ալիևը չի կատարում Արևմուտքի առաջ ստանձնած իր պայմանավորվածությունը։ Որովհետև Փաշինյանն արդեն իսկ առանց թղթի վրա ոչինչ ստանալու Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ ամբողջ աշխարհի առաջ։

Հիմա, Ադրբեջանը, որը թուրքական նախագիծ է, անցել է թուրքական մեծ պլանի հաջորդ փուլին։ Էրդողանի Նախիջևան կատարած այցի օրվանից՝ անցած տարվա սեպտեմբերի 23-ից սկսած և Էրդողանի թելադրանքով Ալիևն առավել ինտենսիվ է խոսում Հայաստանից նոր տարածքներ պոկելու մասին։ Սեպտեմբեր-հունվար ժամանակահատվածում Ալիևը հայտարարեց, որ 1920-ին Սյունիքը Խորհրդային իշխանություններն են հանձնել Հայաստանին, դրանից առաջ էլ՝ 1918-ին Երևանն է հանձնվել Հայաստանին, ու Սյունիքն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր են։ Հետևաբար, այդ տարածքները Հայաստանին թողնելու արևմտյան պայմանավորվածությունը Ալիևից ու Հուլուսի Աքարից մինչև Էրդողան անտեսելու ու տորպեդահարելու են։ Պահանջելով, որ Հայաստանը չդառնա Արևմուտքի պրոքսի։

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր