Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 3-ին Աստանայում հանդիպել են Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում: Թուրքական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված է, որ «հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացը»։
Բաքվի տարածած տեքստում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսք չկա, բայց ընդգծված է, որ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար: Այս մասին էլ խոսք չկա թուրքական կողմի հայտարարության մեջ: Նույն հանդիպման մասին պաշտոնական տեքստերում տարբերությունները ցուցիչ են, թե Բաքվի և Անկարայի համար որոնք են առաջնահերթությունները:
Էրդողանի ելույթի բովանդակությունը՝ հայկական ուղղությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թյուրքական պետությունների առաջնորդների ներկայությամբ իր ելույթում խոսել է Հայաստանի մասին: Նախ գովելով Ադրբեջանին՝ «Ղարաբաղում 30 տարի շարունակվող օկուպացիային վերջ տալու» համար, իրականում՝ Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական թուրքական օկուպացիայի համար:
«Մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք զգում այս պատմական նվաճման համար։ Այս կերպ մենք մեկ քայլով ավելի մոտ ենք մեր տարածաշրջանում մշտական խաղաղությանը։ Մեր մեծագույն ցանկությունն է օգտվել հնարավորությունների բացված պատուհանից։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ փաստացի կրկնելով ավելի վաղ արած իր հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի «տված խոսքը»:
Էրդողանն իր ելույթի շարունակության մեջ բացատրել է, թե որ «պարտավորությունը» նկատի ունի: «Մեծ նշանակություն ունի տրանսպորտային գծի իրականացումը, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ», – ասել է նա:
Թուրքիայի նախագահը, ինչպես արել է նախկինում և սպասվում էր, որ կանի նաև հիմա ու առաջիկայում, փորձել է Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը շահեկան ներկայացնել Թյուրքական պետությունների կազմակերպության համար: Թուրքիայից և Ադրբեջանից բացի այս կազմակերպության անդամ են Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակում են Թուրքմենստանը, Հունգարիան և Կիպրոսի օկուպացված մասի թուրքական միավորը:
«Այդ գծի բացումը զգալի ներդրում կլինի տարածաշրջանի բոլոր երկրների բարօրության ուղղությամբ, ինչպես նաև Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի՝ մեր պապենական հայրենիքի հետ», – ասել է Ռեջեփ Էրդողանը, և այստեղ ուշագրավ է նաև այն, որ «Զանգեզուրի միջանցք» թուրքական եզրի փոխարեն այս անգամ գործածել է «տրանսպորտային գիծ» եզրը:
Թուրքիայի նախագահի խոսքում կար ևս մեկ կարևոր շեշտ, որը Երևանում հատուկ ուշադրության է արժանի: «Որպես թյուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք աջակցությունը Ադրբեջանին՝ այս գործընթացի հաջող ավարտի համար», – ասել է Էրդողանը: Սա նշանակում է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է ջանքերը Հայաստանի դեմ ամբողջ թյուրքական աշխարհը դուրս բերելու ուղղությամբ: Սա հնարավոր է զսպել՝ այդ պետություններից յուրաքանչյուրի հետ առավել մանրամասն և պրոֆեսիոնալ աշխատանքով:
Այդ աշխատանքի համար քաղաքական և տնտեսական հարթակներ կան, որոնց Երևանի մասնակցությունը պետք է հիմնավոր դարձնել՝ մոտեցնելով երկկողմ հարաբերությունների եզրերը:
Ալիևի ելույթի բովանդակությունը՝ հայկական ուղղությամբ
Թյուրքական ուղղությամբ հայկական կողմից անհապաղ աշխատանքի կարիքն առավել է ընդգծվում, երբ հետևում ենք Իլհամ Ալիևի ելույթին: Բաքվի պարագլուխը թյուրքական աշխարհի հետ աշխատում է ճիշտ նույն ուշադրությամբ, ինչ Էրդողանը:
«Թյուրքական պետությունների հետ հարաբերություններն ամրացնելը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Վերջին երկու տարում ես 20 այց եմ կատարել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտոդ երկրներ: Ադրբեջանը թյուրքական պետությունների տնտեսությունների մեջ ներդրել է 20 միլիարդ դոլարից ավելի գումար: Ներդրումների հիմնական մասն արված է Թուրքիայում», – հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքի այս մասում վերջին նախադասությունը լրացուցիչ հիշեցում է այն մասին, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները հիմնած չեն միայն «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա: Այդ նախադասությամբ Իլհամ Ալիևը զգուշությամբ ցուցադրել է իր ֆինանսական մահակը Էրդողանի դեմ՝ այն էլ Էրդողանի թյուրքական աշխարհի առաջնորդների ներկայությամբ:
Ալիևը, իհարկե, խոսել է նաև Արցախի մասին՝ նշելով, որ վերջին երեք տարում Արցախի օկուպացված տարածքներում արդեն ծախսել է 7 միլիարդ դոլար և 2024-ին պատրաստվում է ծախսել ևս 2.4 միլիարդ դոլար: Բաքվում, իհարկե, կան կասկածներ և անգամ աղմուկ, որ այս միլիարդների մեծ մասն Ալիևների ընտանիքն ուղղակի գրպանել է:
Ալիևը շեշտել է, թե մինչև 2026 թվականը ծրագրում է Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել 140 հազար ադրբեջանցի:
Մինչև այս պահը Ադրբեջանի ոչ մի քաղաքացի իրավունք չունի առանց հատուկ թույլտվության հայտնվել այդ տարածքներում: Օկուպացված բնակավայրեր լցվում են ադրբեջանցիների որոշ խմբեր՝ փուլ առ փուլ: Մյուսների այցերը խիստ վերահսկվում են և կազմակերպվում են պետական տրանսպորտով ու հատուկ երթուղիներով:
Խոսել է նաև սեպտեմբերի 19-ի հարձակման քաղաքական պատրվակների մասին: Նշել է երկուսը՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով Փաշինյանի շնորհավորանքը Արցախի նախագահին և Արցախի նոր նախագահի ընտրությունը:
Երևանում ներքաղաքական տրամադրությունները կառավարելուց բացի Ալիևի այս հայտարարությունը որևէ այլ նպատակ չունի:
Պարզունակ կերպով փորձում է իրար դեմ հանել փաշինյանականներին և ընդդիմադիրներին՝ երկուսին էլ տալով առիթ իրար մեղադրելու համար: Մեղադրանքների ալիքն այս կերպ Բաքու չի հասնի:
Ինչի մասին չխոսեց Իլհամ Ալիևը
Ալիևի ելույթում ոչ մի բառ չեղավ խաղաղության պայմանագիր կոչվածի մասին: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է համաձայնեցված սկզբունքային երեք հարցերի մասին, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով քառակուսի կիլոմետրերով, ապա հստակեցնելով, որ այդ 86.600-ի մեջ մտնում են Արցախը և անկլավներ կոչվածները, Իլհամ Ալիևի հետ պայմանավորված վերջին երեք հանդիպումները տապալված են:
Եվ հակառակ Երևանում ու միջազգային հարթակներում խաղաղության և խաղաղության պայմանագիր կոչվածի մասին Նիկոլ Փաշինյանի գրեթե ամենօրյա հայտարարություններին՝ Բաքվի պարագլուխը Թյուրքական պետությունների կազմակերպության նման կարևորագույն հարթակում Հայաստանի հետ խաղաղության թեմային անգամ չանդրադարձավ:
Անի Ավետյան