Հայաստանի ներկայիս աղետալի վիճակն ունի մի շարք պատճառներ, որոնց մասին շատ է խոսվել, քննարկվել, բայց կա մեկը, որը չի արժանանում անհրաժեշտ ուշադրության, ինչի մասին խոսում են քչերը, սակայն այն թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, առանց որի լուծման մեր քաղաքական դաշտը չի առողջանա, մոտեցումները չեն փոխվի ու մենք մշտապես բախվելու ենք նորանոր հարցերի ու կորուստների։
Այդ խնդիրը քաղաքականությանը մակերեսայնորեն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է։ Դեռևս 19-րդ դարի վերջերին ռուս մտավորական Մագդա Նեյմանը գրել է «Հայերը» աշխատությունը, որում բազմաթիվ գովասանքներ կան հայերի հասցեին, որպես աշխատասեր, ստեղծարար ու հյուրընկալ ժողովրդի, սակայն այդ ամբողջ գովասանքների կողքին կա մի շեշտադրում, որը համառորեն չենք ուզում նկատել․ «Հայերը չունեն քաղաքական միտք», – նշել է Նեյմանը։
Իհարկե որոշ պատմաբաններ հաշվի առնելով Մագդա Նեյմանի քիչ ճանաչվածությունը, եկել են այն եզրահանգման, որ նման մարդ ընդհանրապես գոյություն չի ունեցել, ինչպես կարծում են, որ գոյություն չի ունեցել Մար Աբաս Կատինան, որին հղում էր անում Մովսես Խորենացին, սակայն դրանից իրականությունը չի փոխվում։
Մեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։
Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ իհարկե զուտ հարցազրույցներ տալը ու այս կամ այն եթերում հայտնվելը դեռևս քաղաքական գորճչի ցուցիչ չէ, սակայն հաշվի առնելով համատարած ոչ ձևավորված պատկերացումները նշված ոլորտի մասին, շատերի մոտ սիրողական մակարդակով արված վերլուծություններն ու գնահատականները ձևավորում են կարծիք, առանց հաշվի առնելու, որ այդ գնահատական տվողն ընդամենը քաղաքականությունից հեռու մարդ է, որը եթերում հայտնվելու մոլուցք ունի։
Նման մարդկանց եթեր հրավիրող լրատվամիջոցներին ես կարող եմ հասկանալ, իվերջո լրատվամիջողն ունի նաև բիզնես շահ ու որքան շատ դիտում, այնքան շատ եկամուտ ու հենց մեզանում առկա քաղաքական դեֆիցիտի առկայությունը հիմք է հանդիսացել այնպիսի երևույթի, որ որքան բանախոսը հեռու է լինում իր ներկայացրած բնագավառից, որքան շատ անհեթեթ ու զուտ վերնագրային, սակայն անբովանդակ բառեր է արտաբերում, այնքան շատ դիտում է ապահովում։
Սակայն եթե լրատմավիջոցներին հասկանում եմ, ապա հրաժարվում եմ հասկանալ նմանատիպ բանախոսներին։ Վերջապես մարդը պետք է ունենա ինքնահարգանք, ունենա կարմիր գծեր ու գիտակցի, որ պետք չի մտնել այն ջուրը, որում ինքը չի կարող լողանալ։ Դրանով ոչ միայն ինքն է ժամանակի ընթացքում դադարում լուրջ ընկալվելուց, այլև առհասարակ արժեզրկում է քաղաքական խոսքը ու հետևանքները լինում են աղետալի պետության, հետևաբար նաև հանրության համար։
Օրինակ ես գիտեմ մի բժշկի, որը եթերներում խոսում է միջազգային հարաբերություններից, սակայն չեմ ճանաչում գեթ մեկ լուրջ ու իրեն հարգող միջազգայնագետի, ով եթերում կխոսի օրինակ հաստաղիքի բորբոքումից։
Ստացվում է, որ քաղաքական գործիչները, քաղաքագետները երբեք չեն փորձում մուտք գործել այլ ոլորտներ, դրանով հարգելով նաև հենց այդ ոլորտները, սակայն յուրաքանչյուր ոք սիրողական մակարդակով փորձում է թափանցել քաղաքականություն։ Իհարկե ասածից չի ենթադրվում, որ մարդը երբեք չպետք է մի ոլորտից վերավորակավորվի մեկ այլ ոլորտ։ Սակայն դրա համար պետք է անհրաժեշտ գիտելիք, անցած ճանապարհ ու այդ նոր բնագավառում ամբողջովին ինքնադրսևորվելու կամք ու վճռականություն, սակայն քաղաքականությունը որպես պարապ ժամանակի զբաղմունք ընկալելը, ինչպես արդեն նշեցի ունենում է աղետալի հետևանքներ բոլորիս համար։
Մենք ցավոք ունենք արդեն դեպք, երբ մի խմբագրի մտքով անցավ, որ ինքն արդեն կարող է պետություն ղեկավարել, մի քանի ելույթներից հետո երևակայեց, որ ինքն արդեն լիովին հասունացել է պետության ղեկը ստանձնելու համար, արդյունքում մենք կորցրեցինք հայկական երկու պետություններից մեկը, այժմ կանգնել ենք մյուսի կորստի առջև։
Կարեն Կարապետյան