Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բլոկադայի սկզբից ի վեր երկրորդ անգամ Ստեփանակերտում ինտենսիվ լուրեր տարածվեցին Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի մասին: Սա անցած շաբաթվա սկզբին էր: Բայց Արայիկ Հարությունյանը, ինչպես անցած անգամ, հրաժարական չներկայացրեց:
Ռուբեն Վարդանյանը բացում է փակագծեր
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ արեց պաշտոնը ստանձնելուց 100 օր անց, բլոկադայի պայմաններում, Իլհամ Ալիևի ուղիղ և հրապարակային պահանջից հետո, խիստ քննադատեց Արայիկ Հարությունյանին՝ բացելով որոշ ներքին ու կարևոր փակագծեր:
Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին մեղադրեց հրաժարականի մասին նորից խոսելու, ապա խոսքից հրաժարվելու մեջ: Անցած շաբաթվա սկզբին, ըստ Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանը ութ անձի ներկայությամբ ասել է, որ թողնելու է Արցախի նախագահի պաշտոնը: Եվ դեռ այն ժամանակ այդ ութի մեջ կային մարդիկ, որոնք չէին հավատում Հարությունյանի հրաժարականին:
Ռուբեն Վարդանյանն իր խոսքում նաև նշեց՝ Արայիկ Հարությունյանը կեղծ լուրեր է տարածում, թե պաշտոնը թողնել չի ուզում, բայց իր վրա ճնշում են գործադրում: «Դուք ոչ միայն խոսքը չպահեցիք, որ Դուք էիք ասել, այլև Ձեզ ոչ ոք չի ստիպել, ու դա պետք չի ուրիշ ձև ներկայացնել, Դուք եք որոշել, Դուք եք մեզ ներկայացրել որոշումը որպես արդեն որոշում, որը չի փոխվելու, ու Դուք էդ որոշումը փոխել եք», – հայտարարեց Ռուբեն Վարդանյանը:
Արայիկ Հարությունյանի «աշխարհազորը»
Նախկին պետնախարարն առաջինն էր, որ խոսեց Արցախի Ազգային ժողովում կատարվածի մասին՝ հաստատելով շշուկները և հայտարարելով, որ աշխարհազոր ներկայացող զինված անձիք ուժով մտել են Ազգային ժողով:
«Եվ ինչ արեց աշխարհազորը, որ մտավ ուժով Ազգային ժողով: Ես չգիտեմ Դուք եք ուղեկցել, Դուք եք հրամայել, թե Դուք տեղյակ եք եղել, թե Ձեր տեղակալներն են տեղյակ եղել և ասել են, որ դա անեն, դա մեկա անընդունելիա, որովհետև դուք քանդում եք պետականությունը», – հայտարարեց Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ ցավոք սրտի, Արայիկ Հարությունյանը չկարողացավ դառնալ ոչ առաջնորդ, ոչ հրամանատար։
Ավելի ծանր մեղադրանքներ ևս հնչեցին: «Դուք հավատում եք մենակ, որ փողով և պաշտոնով հնարավորա ամեն ինչը իշխել, դուք սխալվում եք Արայիկ, դուք սխալվում եք, որ դարձրել եք խոսքը ոչ մի բան», – ասաց Ռուբեն Վարդանյանը:
«Աշխարհազորի» հրամանատար ներկայացող անձը հայտարարեց՝ եթե Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում չլինի, իրենք կցրեն կառավարությունն ու խորհրդարանը, կձևավորեն նոր մարմին և որոշումները կկայացնեն իրենք:
«Աշխարհազոր օպերացիայի» վտանգը
Արցախի կառավարությունն ու խորհրդարանը ցրելու պահանջ հնչեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ այն, ինչ հիմա կատարվում է Ստեփանակերտում «աշխարհազոր օպերացիայով», բխում է միայն Իլհամ Ալիևի պահանջներից և շահերից: Առնվազն երեք կետով:
Առաջին հերթին Արցախի պետական ինստիտուտներին սպառնացող վտանգ: Ստեփանակերտում գործող խորհրդարանը և կառավարությունը վտանգավոր են Բաքվի համար, որովհետև դրանք, անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Երևանից հնչող հայտարարությունների, ապահովում են Արցախի ինքնորոշմոն իրավունքի հիմքը:
Երկրորդը՝ պաշտպանության բանակ: Արցախի 120 հազար հայությանը պաշտպանող հայկական ուժերը, որոնք միջազգային քաղաքական ու մեդիաընկալումներում երբեք չեն եղել ահաբեկչական ու քրեական տարրով, որքան էլ Բաքուն փորձի այդպես ներկայացնել, հիմա վարկաբեկվում են: Թշնամին ստանում է Ստեփանակերտում եղած զինված խմբավորումների մասին հայտարարելու հնարավորություն՝ դրանից բխող հնարավոր ծանրագույն հետևանքով:
Բաքվում ոչ ոք չի թաքցնում, որ սպասում են հարմար առիթի, «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու համար:
Արյունալի բախումների ահազանգ
Բաքվում արդեն քրգործ են հարուցել՝ զինված խմբավորում ստեղծելու և ազգամիջյան ատելություն հրահրելու հոդվածներով:
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանն ահազանգում է՝ առավել վտանգավորի՝ Արցախում ներքին արյունալի բախումների մասին:
«Անկառավարելի քաոսը կարող է սկսել ցանկացած պահի, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով և անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների: Եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը, զգոն, խոհեմ լինելու, ավելորդ հույզերին ու էմոցիաներին չտրվելու պահը», – ֆեյսբուքի իր էջում գրել է Արշավիր Ղարամյանը:
Հայաստանի ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ Արայիկ Հարությունյանի «աշխարհազորի» հրամանատար ներկայացող անձի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում:
«Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները, հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան», – գրել է Տիգրան Աբրահամյանը:
Անի Ավետյան