Այն պահից, երբ Թուրքիայի նախագահն ուղիղ հայտարարեց, թե ակնկալում է, որ 2025-ին Ռուսաստանն Արցախից դուրս կբերի իր խաղաղապահներին, հարաբերությունների նոր փուլ է սկսվել ոչ միայն Մոսկվա-Անկարա, այլև Մոսկվա-Բաքու ուղղությամբ:
Բաքվի դեմոնստրատիվ դժկամությունը Մոսկվայից
Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի նկատմամբ թշնամանքը և Մոսկվայի հայտարարությունների մասով դժկամությունը Բաքուն սկսել է ցույց տալ դեմոնստրատիվ կերպով: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 18-ին Բաքվում ընդունել է ՌԴ նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և դժգոհել, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա մեկնաբանելը», ինչը, Բաքվի դիտարկմամբ, եղել է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության տեսքստում, չի համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին:
Ալիևի նախարարը պնդել է, թե Արցախի և Սյունիքի հատման կետում ապօրինի անցակետի տեղադրելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվայից հնչող պնդումները, թե դրա պատճառով Արցախում լարված հումանիտար վիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։
Եվ ամենակարևորը՝ ռուս դիվանագետի առաջ Բայրամովը կրկնել է պաշարված արցախահայությանը Ակնա-Աղդամի ճանապարհով օգնելու առաջարկը, որի բովանդակությունը հայկական վերահսկողության տակ մնացած արցախյան տարածքներն ամբողջությամբ օկուպացնելը և այնտեղից ՌԴ խաղաղաղապահներին ու ռուսական ազդեցությունը դուրս բերելն է: Հատկապես այս վերջին հանգամանքով պայմանավորված օկուպացված Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն առաջ է տանում Բրյուսելը:
Ռուս-ադրբեջանական դիվանագիտական բախման սկիզբը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիրվանագիտական բախում սպասվում էր ճիշտ այն պահից, երբ Մոսկվայում ԵԱՏՄ նիստի ժամանակ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ սաբոտաժի ենթարկեց Վլադիմիր Պուտինի միջնորդական գործողություններն ու հյուրընկալությունը: Դա մայիսի 25-ին էր:
Հուլիսի 15-ի կեսօրին, երբ Մոսկվայի մրցակից Բրյուսելում հյուրընկալում էին Փաշինյան-Ալիև զույգին, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որը ապտակ էր միաժամանակ երկուսին էլ:
Փաշինյանի մասով ամեն ինչ հստակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին նրա պայմանավորվածությունը փոխել է ամեն ինչ և՛ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, և՛ խաղաղապահների տեղակայման հանգամանքների մասով: «Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա»,- նշված էր ՌԴ հայտարարության տեքստում:
Դիվանագիտական ապտակից բացի այդ տեքստում կա ավելին: Խաղաղապահների տեղակայման հանգամանքների փոփոխության մասին ընդգծումն անելով՝ Մոսկվան իր համար ստեղծեց հետքայլի՝ խաղաղապահներին դուրս բերելու հնարավորություն, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը կորցնի:
Մոսկվայի այդ ձևակերպումը ուղերձ էր նաև Բաքվին՝ փոխվել են խաղաղապահների տեղակայման հանգամանքները, կարող է փոխվել նաև ռուսական զորախմբի գործունեության բնույթը, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը փորձեն խլել:
ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքսում կա նաև պարբերություն այն մասին, որ Արցախում վիճակը զարգանում է բացասական սցենարով, խորանում է հումանիտար ճգնաժամը, ինչը կարող է բերել դրամատիկ հետևանքների, ինչին Բաքվում արձագանքեցին ամենաիսկական հիստերիայով:
Մոսկվայի արձագանքը «Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությանը»
Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությանը Բրյուսելում բանակցող Ալիևի թիմը Բաքվից պատասխանեց կոշտ տոնով: Ինչից անմիջապես հետո Մոսկվայում Բաքվի դեսպանը հրավիրվեց ՌԴ ԱԳՆ:
Բյուլբյուլօղլուի հետ հանդիպումից հետո ռուսական կողմը տարածեց նոր հայտարարություն. «ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։
Միաժամանակ, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, նաև՝ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը»:
Մոսկվան փաստացի բացատրել է Բաքվին, որ այնտեղ չեն կարող մոսկովյան հայտարարությունների մասին օգտագործել «անհիմն» և «անթույլատրելի» եզրերը:
Անվստահելի, արնախում և անպատասխանատու. Բառերի ընտրությունը
Բայց խնդիրն այն է, որ միայն դիվանագիտական այդ ձևակերպումներով Բաքվում չեն սահմանափակվում: Այն, ինչը չեն կարող ասել դիվանագետները, կամ Բաքվի մեջլիսի ալիևյան պատգամավորները, ասում են ընդդիմադիր կոչվածները, ինչպիսին, օրինակ, Հուդրաթ Հասանղուլիևն է։ Նա Ռուսաստանն անվանել է «անվստահելի և արնախում երկիր»՝ պահանջելով դուրս բերել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին և ավելացնելով՝ ռուսական կողմը չի ցանկանում, որ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն լինի:
Ալիևի սանձարձակ խամաճիկին պատասխանել է ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը: «Հուսով եմ, որ հակառուսական նման հայտարարությունները չեն արտացոլում պաշտոնական Բաքվի տեսակետը… Խաղաղապահների դուրսբերման պահանջը գնահատում ենք որպես բացարձակապես անպատասխանատու»,- նշել է նա տելեգրամում և այդ գրառումը տարածել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։
«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ վիճակ է»
Բաքու-Բրյուսել միասնական գործողությունները տեսնող Մոսկվայում «Կոմերսանտն» անգամ գրում է՝ «Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ վիճակ է»:
Սա ռուս-ադրբեջանական հարաբերություններում ծագած ամենալուրջ ճգնաժամն է վերջին մի քանի տասնամյակում, նշում է նույն մոսկովյան հարթակը՝ անելով հետևություններ Բաքվի ԱԳՆ հայտարարությունից, ինչը ցուցիչ է, թե ինչպես են հասկացել ազդակները Մոսկվայում:
«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին Ադրբեջանում այլևս չեզոք կողմ չեն համարում, և բացառված չէ տարբերակը, որ նրանց ներկայությունն ադրբեջանական բանակին չխանգարի իրականացնել Ստեփանակերտի և հարակից տարածքների զտումը «զինված կազմավորումների մնացորդներից», – գրում է «Կոմերսանտը»՝ նկատի ունենալով պաշտպանության բանակը, որը Բաքուն պետական համակարգմամբ բոլորի բերանով անվանում է «անօրինական զինված կազմավորում»: Ուշագրավ է, որ «Կոմերսանտում» անօրինական եզրը չկա:
Ինչպես կարձագանքի Պուտինը Ալիևի գործողություններին: Մոսկովյան թերթի վերլուծաբանը կարծում է, որ այդ արձագանքից հիմա Բաքվում առանձնապես չեն վախենում՝ կարծելով, թե Ռուսաստանը շատ է խրված Ուկրաինայում ու ոչ ուժ, ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն չունի երկրորդ ճակատ բացելու համար։
Ամենաուշագրավն այն է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում Մոսկվան կարող է Բաքվի հետ վարվել առանց զսպող թուրքական ֆակտորի, ինչը նշանակում է, որ մոսկովյան արձագանքի մասով հաշվարկներում Բաքվում կարող են սխալվել:
Անի Ավետյան