Երասխը՝ Արցախի «բնապահպանական» բլոկադային անտարբեր նայելու հետևանք

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող գործարանը թշնամին սկսել է թիրախավորել հունիսի 13-ին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ շինաշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Հետո, ամեն անգամ, երբ փորձ է արվել սկսել շինարարությունը, թշնամին նորից կրակել է։ Առաջին կրակոցներից վեց օր անց՝ հունիսի 19-ին ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին կրակել է՝ տարբեր տրամաչափի զենքերով թիրախավորելով օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը։ 

Գործարանի, ներդրողների և սեփականատերերի մասին 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այս տարվա հունիսի 3-ին ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ «Երասխում կառուցվում է 70 միլիոն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500ք/մ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000տ արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»։ 

Երասխում գործարանը կառուցում է GTB Steel ընկերությունը, որը հիմնադրվել է 2022-ի հուլիսին։ Շինարարական աշխատանքները սկսվել են երկու ամիս առաջ։ 

Գործարանի 50% բաժնեմասը պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին։ Նա ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստր Նոնո Սարգսյանի ամուսինն է։

Բաժնեմասի մյուս 50%-ի սեփականատերն ԱՄՆ քաղաքացի, հնդիկ գործարար Բոբբի Սինգհ Կանգինն է։ Ադրբեջանի կրակոցներից վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք կրակոցների պահին աշխատում էին գործարանի շինհրապարակում։ Ունեն բեկորային վնասվածքներ, վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում և նրանց այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը։ Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը հայտնեց՝ 200 աշխատակիցներից մոտ 70-ը Հնդկաստանի քաղաքացի են։ Հայաստան են բերվել հնդիկ աշխատակիցներ, որովհետև «աշխատանքը բավականին տեխնոլոգիական է, կան մասեր, որ մենք չունենք այդ գիտելիքը»։ 

Ինչո՞ւ է գործարանը կառուցվում Հայաստան-Նախիջևան սահմանին՝ Ադրբեջանի դիրքերից 800մ հեռավորությւան վրա։ Գործարանի տնօրենը նշում է սահմանամերձ համայնքներում տնտեսություն զարգացնելու գործոնը՝ չշրջանցելով նաև հարցը, որ սահմանամերձ գոտում կառուցված գործարարններն ունեն հարկային արտոնություններ։ Այս գործարանի պարագայում հրաժարվել են արտոնությունից և վճարում են հարկը։ 

Տարածաշրջանի գլխավոր «բնապահպանը»

Բնապահպանական տեռորի առաջին ակտը Բաքուն սկսեց դեկտեմբերի 12-ին, երբ Կաշենի հանքի պատրվակով Շուշիի տակ բերեցին և լցրեցին վարձկան ակտիվիստների, որոնք աղաղակում էին բնապահպանական լոզունգներ։ Բնապահպանները բեմից դուրս բերվեցին, երբ թշնամին անցակետ դրեց Արցախի և Սյունիքի սահմանին՝ Արցախի բլոկադան իրականացնելով արդեն ոչ թե բնապահպանի մորթի հագած հատուկ ծառայությունների աշխատակիցների միջոցով, այլ զինված սահմանապահ ծառայության։ 

Սոթքի հանքը Բաքվի ահաբեկչի մյուս թիրախն է։ Արցախի և Գեղարքունիքի սահմանին։ Կրակոցները պարբերաբար են։ Այնքան, որ ապրիլի 15-ից դադարեցված են աշխատանքները ոսկու հանքի բաց մասում։

Երասխում կառուցվող գործարանի վրա կրակելուց առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել է, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու Ադրբեջանի շրջակա միջավայրին։ Պատասխանելով այս հայտարարությունը՝ GTB Steel ընկերությունը հայտնել է, որ ՀՀ բնապահապանության նախարարության տված եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։

Բնապահպանությունն ընդամենը պատրվակ է Բաքվի համար՝ սկսած Արցախից մինչև Երասխ։ Ավելին, Երասխում կատարվողն Արցախի բլոկադայի ուղիղ հետևանքն է։ Որովհետև թշնամին փորձեց իր նպատակներին հասնել նոր միջոցով, առանց ուղիղ ռազմական գործողությունների, և փաստացի, արձանագրելով արդյունք, հիմա անում է հաջորդ քայլը՝ նույն պատրվակով և նույն մեթոդով։ 

Բայց եթե անգամ Երասխում կառուցվող գործարանն իսկապես վնասակար է, որևէ կերպ, որևէ միջազգային իրավունքով ու փաստաթղթով Բաքվին իրավունք չի տալիս կրակել դրա վրա, թիրախավորել այլ պետությության ինքնիշխան տարածքը։ 

Այն ինչ անում է Ադրբեջանը, հստակ մշակված ծրագիր է, որի մասին Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է։ Թշնամին թիրախավորում է Հայաստանի այն տարածքները և կառույցները, որոնք ունեն հսկայական տնտեսական նշանակություն։ Սա Հայաստանին զսպելու պլանն է։ Տրամաբանությունը պարզունակ է՝ տնտեսությունը պետբյուջեի եկամուտների աղբյուրն է, պետբյուջեն օգտագործվում է ռազմատեխնիկա ձեռք բերելու համար։ Մի քանի գործարքների մասին Հայաստանի պաշտոնյաները հայտնել են, ինչին հետևել են Իլհամ Ալիևի հիստերիկ հայտարարությունները, թե թույլ չի տալու, որ Հայաստանը բանակի վերազինում իրականացնի։ 

Նիկոլ Փաշինյանը Երասխում կրակոցների, իրականում սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի և անհասկանալի է համարում։ «Առավելևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը», – հունիսի 16-ի կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ընդգծելով, որ հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմնանագծման աշխատանքներին։ 

Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը դեռ կրակոցների օրը նկատել էր կրակոցների նաև այս ենթատեքստը՝ նախապես հայտարարելով, որ իրենք համոզված են՝ գործարանը գտնվում է Հայաստանի տարածքում։ 

ՀԱՊԿ լռությունը և Երասխով երկաթուղին

Հայաստանի տարածքի թիրախավորումը, բացահայտ սադրանքը դեռ չի մեկնաբանել ՀԱՊԿ-ը։ Եվ սա առավել աչք է ծակում Նիկոլ Փաշինյան – ՀԱՊԿ աղմկոտ տարաձայնությունների ֆոնին։ 2023-ի նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։

Փաշինյանն իր ելույթում նշել էր. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։  Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։ 

Փաշինյանը ցույց էր տվել, թե որն է գլխավոր հակասությունը. «Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի (ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիաների – Ա.Ա.) արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»։

Մյուս կողմից ուշագրավ է, որ Երասխի ուղղությամբ թշնամին սկսեց կրակել այն ժամանակ, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները բանակցում էին տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի օրակարգով։ Եվ հունիսի 19-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնեց, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը կանցնի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով։ Օվերչուկը նշել է, որ փաստաթղթի նախագիծը կազմված է և գրեթե համաձայնեցված։ 

«Չնայած հիմնական հարցի շուրջ, թե ինչպես են շփվելու սովորական ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել»,- ասել է Օվերչուկը և հավելել, որ ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ հարցին, թե երբ է լինելու ապաշրջափակումը։ Դա, ըստ նրա, կլինի այն ժամանակ, երբ կողմերը կպայմանավորվեն և համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություն կդնեն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել խորհրդային տարիներին եղած երկաթուղու վերակառուցումը սկսելու մասին։ 

ԱՄՆ և ԵՄ դիտորդների արձագանքը 

Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը հայտնել է, որ առաջին կրակոցներից հետո գործարանի տարածք են այցելել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հայկական կողմից դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները։ Արձանագրել են իրավիճակը։ 

Մայիսի 29-ին, Բերձորում իր ագրեսիվ պոռթկման ժամանակ Իլհամ Ալիևը ծաղրել էր նաև այս դիտորդներին՝ նշելով, թե ոչ ոք՝ անգամ Ֆրանսիայից եկած թոշակառու ոստիկանները չեն կարող օգնել Հայաստանին և սահմանն անցնելու է այնտեղով որտեղով ինքը կասի։ 

Վաշինգտոնից Երասխում կրակոցներին արձագանքել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ դուստր ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով»,- թվիթել է Միլլերը՝ վերահաստատելով ԱՄՆ կոչը` պահպանել զսպվածություն սահմանների երկայնքով, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը 

«Երասխում կառուցվող գործարանը գնդակոծելով՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ», – նշված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է՝ Հայաստանի հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանն է կոչ անում հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, Ալիևի անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջները, որոնց կատարմանը փորձում է հասնել ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։ 

Անի Ավետյան

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր