Ադրբեջանի նախագահը հունիսի 15-ին Բաքվում ընդունել է Պակիստանի նախագահին և առաջին հայտարարությամբ հիշեցրել, որ այդ երկիրն անգամ չի ճանաչել Հայաստանի անկախությունը՝ Արցախի իբր օկուպացիայի պատճառով։ Ալիևը բառացի հավելել է, որ սա է իսկական եղբայրությունը՝ ակնարկ անելով իր արյունակից եղբորը, որը Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացի իմիտացիա է սկսել։
Բայց սա Ալիևի գլխավոր հայտարարությունը չէր։ Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագիր։ Ալիևն ասել է, որ ստորագրելու հեռանկար է տեսնում և պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախն իրեն հանձնի թղթով։ «Հայաստանն ուղղակի պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա դնի այն, ինչ արդեն պաշտոնապես հայտարարել են՝ Ղարաբաղը Ադրբեջանն է», – նշել է Ալիևը։
Բաքվի այս պահանջի ֆոնին է, որ ռուսական մեդիան, ՌԴ ԱԳՆ նկատելի ուղեկցությամբ, սկսեց ահազանգել Արցախում Վաշինգտոնի հայտնվելու մասին։ «Ինչու է ԱՄՆ-ը սողոսկում Ղարաբաղ և շանտաժի ենթարկում հայերին նոր ռազմագործողությամբ». այս վերնագրով և իր վստահելի աղբյուրներին հղումով ռուսական «Комсомольская Правда»-ն հայտնեց, որ Վաշինգտոնը փորձում է խառնվել Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին։
«Վերջնագրի ֆորմատով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը երրորդ երկրի տարածքում՝ ամերիկացի կուրատորների հսկողությամբ։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրանց սպառնում են Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությամբ», – գրում է КП-ն՝ նույն աղբյուրին հղումով ներկայացնելով նաև Ստեփանակերտի առաջին արձագանքը՝ ընդհանուր առմամբ բացասական։ Բայց նշվում է, որ Ստեփանակերտում Վաշինգտոնի լոբբինգն իրականացնում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, որը Երևանում է և վայելում է Փաշինյանի աջակցությունը։ Այստեղ պետք է նկատել, որ պարբերականը Ղազարյանի պաշտոնը նշել է չակերտների մեջ։
Մոսկվայի խոսափող «РИА Новости»-ն հայտնում է բառացի նույն տեղեկությունները՝ անելով երկու հավելում։ Տվյալները ստացել են Վաշինգտոնի իրենց աղբյուրից և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի մասին ավելացրել են՝ «շահերը համընկնում են ադրբեջանականի հետ»։
Ինչպես է այս մեդիաարշավն ուղեկցում ՌԴ ԱԳՆ-ը
Նախ եղավ անանուն մեկնաբանությունը՝ անհայտ աղբյուրով լուրին տալով հավաստիության կշիռ։ Մեկնաբանության մեջ նշել են.«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»։
Մեկ օր անց, երբ տեղեկատվական հոսքը հավաքել էր անհրաժեշտ թափը, գործին խառնվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`արտաբերած առաջին իսկ նախադասությամբ հստակեցնելով, որ սա միջնորդների պատերազմ է. «Միջնորդի իր դերը ԱՄՆ-ը դիտարկում է ոչ թե խաղաղ գործընկերոջ ձևաչափում, որը կարող է ապահովել շփումները, այլ նրանք հասել են անգամ ԼՂ նեկայացուցիչներին ուղղված շանտաժի, ինչ-որ մարդկանց միջոցով, որոնք ներկայացնում են ԼՂ բնակիչներին։ Սպառնացել են անգամ ուժ գործադրել՝ ուղիղ, թե անուղղակի ձևով, դա չգիտեմ։ Մենք իսկապես անհանգստացած ենք։ Եթե այդ փաստերը հաստատվեն, և ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը պարզապես պարտավոր է սա մեկնաբանել, ապա ինձ թվում է, որ նրանք հերթական անգամ կտապալեն իրենց հեղինակությունը՝ որպես միջնորդ»։
Երեսուն տարի գլխավոր միջնորդի դերում եղած երկրի դիվանագետը, այնուհետև, սկսում է բացատրել, թե ինչ պատկերացումներ ունի միջնորդական դերի մասին։ «Միջնորդը նա է, ով փորձում է բերել հարմոնիա կարգավորման գործընթացում, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել շփման եզրեր։ Ես առաջին անգամ եմ տեսնում նորագույն պատմության մեջ տեղեկություն այն մասին, որ միջնորդի դերին հավակնող երկիրը սպառնում է կարգավորման մասնակցին ուժի գործադրմամբ՝ հանուն իր միջնորդական դերը ռեալիզացնելու։ Այսինքն՝ ուժով, սպառնալիքով և շանտաժով ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների: Ես նման բան չէի տեսել։ Այս տեղեկությունը շոկային է։ Հիմա պետք է ԱՄՆ-ը կամ հերքի այն, կամ մանրամասնի, թե ինչ նկատի ունեն», – ասել է Մարիա Զախարովան։
Միացյալ Նահանգների ջանքերը ոչինչ չեն ավելացնում ղարաբաղյան կարգավորմանը, միայն բարդացնում են և հետ են նետում գործընթացը, հավելել է Զախարովան՝ ընդգծելով, որ իրենք հասկանում են՝ ինչու է դա արվում. «2020 թվականից հետո այն քայլերը, որ արեց Ռուսաստանը՝ որպես իրական միջնորդ, որպես Հայաստանի և Ադրբեջանի իրական բարեկամ, որը ցանկանում է կարգավորել այս վիճակը, շոկ են առաջացրել, որովհետև տարիներ ձգվող բարդ հակամարտությունը վերջապես գործնականում ստացել է կարգավորման հնարավորություն։ Խաղաղապահ կոնտինգետը, դիվանագիտական ջանքերը, և տնտեական բլոկը, որը հիմա աշխատում է փոխվարչապետ Օվերչուկի առաջնորդությամբ, հանգիստ չեն տալիս ոմանց։ Եվ մենք տեսնում ենք, որ մոդերատորի, միջնորդի կերպարով հիմա ներկայանում են նրանք, ովքեր այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չեն ցանկանում»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այս հայտարարությունից ժամեր առաջ Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Անանևի մեկնաբանությունը «International Affairs» կայքին ոչ միայն ուրվագծել էր Զախարովայի այս տեքստը, այլև հիշեցում էր, թե ինչու է սկսվել Մոսկվա-Վաշինգտոն միջնորդական այս մրցավազքը։
«Այս պահին ամեն ինչ երևում է այնպես, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության նպատակները ռուսական միջնորդության հարցում համընկնում են։ Երկու խաղացողներն էլ ձգտում են նվազագույնի հասցնել կամ նույնիսկ վերացնել ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում, ներառյալ ռուսական բազայի ֆիզիկական առկայությունը Հայաստանում և Երևանի դուրս գալը ռուսական ինտեգրման և պաշտպանական համաձայնագրերից», – ասել է ռուս փորձագետը, ինչին ռուսական թերթը ավելացրել է՝ սա հենց արևմտյան միջնորդների հիմնական շահն է, որոնք փորձում են Մոսկվայից խլել հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր միջնորդի դերը։
Նախընտրելի և բոյկոտված միջնորդները
Որտեղ և ինչպես են վերջին անգամ և ամենացայտուն կերպով դրսևորվել գլխավոր միջնորդի մասով Փաշինյանի և Ալիևի նախապատվությունները։ Մայիսի 25, 2023 թվական, Մոսկվա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը լեզվակռվի են վերածում «Զանգեզուի միջանցք» եզրը՝ Վլադիմիր Պուտինի հեղինակության համար խիստ կարևոր հավաքը վերածելով իսկական կրկեսի։ Այն պարագայում, երբ եվրոպական և ամերիկյան հարթակներում նույն Փաշինյանը և նույն Ալիևը բանակցում և պայմանավորվում են առանց սկանդալների։
Պուտինի դերի սաբոտաժին երեք շաբաթ անց Մոսկվան փաստացի պատասխանում է՝ նախընտրելի միջնորդ Վաշինգտոնին կցելով շանտաժիստի պիտակը։ Արցախահայությանն էլ հիշեցնելով, որ նրանց սպառնում է Ալիևի հակաահաբեկչական գործողությունը։
«Հակաահաբեկչական գործողության» ականջները
Հակաահաբեկչական գործողություն ձևակերպման գլխավոր սպառողը մեր տարածաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է։ Էրդողանը հակաահաբեկչական գործողություն է անվանում իր սկսած պատերազմները՝ Սիրիայի և Իրաքի տարածք ներխուժումները, որտեղ թուրքերի թիրախում առաջին հերթին քրդերն են։
2019-ի նոյեմբերի 14-ին Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում էր։ Եվ դեռ այն ժամանակ ուշադրություն գրավեց փաստը, թե Թրամփի հետ բանակցությունների որ թեմայում, իր խոսքի որ հատվածում Էրդողանը տեղավորեց հայերին: Քրդերին ահաբեկիչ ներկայացնելու, նրանց հարձակումների մասին պատմելու և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ հետ պայքարելու ճիշտ մեջտեղում: Այսպիսի բան Էրդողանն առաջին անգամ էր անում։ Մեկ տարի անց եղավ պատերազմը Արցախում։
Պատերազմից հետո հակաահաբեկչական գործողությունների մասին սկսեց խոսել Ադրբեջանի նախագահը։ Ալիևի վերջին նման հայտարարությունը Բերձորում էր, մայիսի 28-ին։ Թշնամին նախ նորից ձևակերպեց իր վերջնագիրը՝ անցնել Ադրբեջանի դրոշի տակ կամ լքել Արցախը.«Մենք հավատում ենք, որ նրանք կհասկանան, իրենք կգան ու քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ։ Մենք սրան ենք սպասում և դրա համար է, որ այլ քայլ չենք անում»։
Թշնամին թիրախավորել էր Արցախի հանրապետության պետական խորհրդանիշները, կառավարման համակագը՝ ամենացինիկ ձևակերպումով՝ պահանջելով աղբամանը նետել Արցախի պետական ատրիբուտներն ու ցրել խորհրդարանը.«Իբր այնտեղ խորհրդարան կա, իբր նախագահ, նախարար կա, ծիծաղելի է։ Մենք պարզապես դեռ համբերում ենք։ Բոլորը լավ գիտեն, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այնտեղ ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Այդ խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները»։
Արցախի պաշտոնյաներն այս պահին ագրեսորի թիրախում են հատկապես։ Հիշել էր, որ Ստեփանակերտի ներկայացուցիչներին երկու անգամ կանչել է Բաքու՝ Ադրբեջանի դրոշի տակ անցնելը քննարկելու, բայց երկու մերժում է եղել։ Սպառնացել էր, որ երրորդ հրավեր չի լինելու՝ կամ հայերն իրենց կամքով կգնան Բաքու, կամ իրադարձությունները կզարգանան այլ ճանապարհով։
Ալիևի հենց այս հայտարարությունն ու դրանից բխող մտադրությունները կարող էին դառնալ Մոսկվայի սկսած միջնորդական պատերազմի ձևակերպումների հիմքը։
Պաշտոնական արձագանք Ստեփանակերտից՝ կոշտ պատասխան Զախարովային
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ռուսասական լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով աղմկահարույց հրապարակումների առնչությամբ։ Ստեփանակերտի համար դրանք հատկապես աղմկահարույց են, որովհետև նշվում է ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի անունը։
Եվ հիմա Արցախի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նստակ նկատվում է պատասխան ոչ թե այդ լուրերին, այլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, որ Մոսկվան շահագրգիռ է կարգավորել հակամարտությունը, Վաշինգտոնը՝ ոչ։ «Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ։
Հետո Ստեփանակերտը նկատում է, որ ռուսական միջնորդությամբ Բաքվի հետ հարցերը կարգավորել հնարավոր էր լինում մինչև Արցախի բլոկադան։ Դրանից հետո խաղաղապահների ներկայությամբ անգամ եղավ Բաքվի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը հրաժարվեց կատարել պայմանավորվածությունները։ Այս հիշեցումից հետո Արցախի ԱԳՆ-ը ուղիղ պատասխանում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ևս մեկ հայտարարության՝ միջնորդների դերի մասին։
«Միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը», – նշված է հայտարարության մեջ։
Ստեփանակերտը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժը և փորձն օգտագործելը, կարգավորմանը ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ գործակցությունը, միջազգային հանրության հավաքական և անհատական ջանքերը։
Անի Ավետյան
______________
📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։
Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։
Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։