Իսլամիստ վարձկաններն Արցախում. որտե՞ղ են նրանք մեկ տարի անց

2020 թվականի սեպտեմբեր 27-ին սկսված ադրբեջանա-արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի է անցել, սակայն շատ հարցեր դեռ իրենց պատասխաններին են սպասում։ Այդ հարցերի թվում ամենաուշագրավներից մեկն այն է, թե ինչպես Թուրքիային հաջողվեց հօգուտ Ադրբեջանի ամբողջական աջակցություն ապահովել, ընդ որում թե՛ պատերազմի նախապատրաստման և թե՛ բուն մարտական գործողությունների վարման փուլերում։ «Ինչպես հաջողվեց» հարցը լեգիտիմ գոյության իրավունք ունի գոնե այնքանով, որքանով մինչև պատերազմի բուն մեկնարկը Թուրքիայի հավանական մասնակցության հարցը հայկական կողմից փաստացի բացառվում էր, դրա շուրջ միջազգային անհրաժեշտ ուժերի հավաքագրում և թեմային միջազգային հնչեղություն չէր տրվում և միայն պատերազմի մեկնարկից հետո արդեն հայկական կողմը սկսեց այդ մասին պաշտոնական հայտարարություններ անել։

Մինչդեռ պատերազմական գործողություններին մասնակցելու Թուրքիայի նախապատրաստական ձեռնարկումների մասին մամուլում տեղեկություններ սկսել էին հայտնվել առնվազն 2020 թվականի օգոստոսի վերջերից։ Ռուսական «Независимая газета» պարբերականը սեպտեմբերի 1-ի հրապարակմամբ, հղում անելով աշխարհում հակամարտությունները լուսաբանող Telegram-յան մի շարք ալիքների, ինչպես նաև սեփական աղբյուրների վրա, գրեց, որ Թուրքիայի համակարգմամբ Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 500 գրոհայիններ՝ հիմնականում «Սուլթան Մուրադ», «Սիրիայի ազգային բանակ» և «Համզաթ» զինված կազմավորումներից (1)։ Նույն հրապարակմամբ պարբերականը նաև հաղորդում էր, որ հավաստի վկայություններ կան այն մասին, որ 2020 թվականի օգոստոսին կայացած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից հետո Թուրքիան Ադրբեջանի տարածքում հսկայական քանակությամբ զինտեխնիկա և անձնակազմ է թողել։ Սեպտեմբերի 27-ից առաջ Թուրքիայի կողմից վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու մասին տեղեկություն/ձայնագրություն էր հրապարակել նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը (2)։ Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում «Սիրական ազատ բանակի» (Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստական կառույց) շուրջ 1000 անդամներ ուղարկվելու են Ադրբեջան։ Լրագրողը միաժամանակ նշել էր, որ որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` զինյալ գրոհայինների մի մասն արդեն իսկ Ադրբեջանում է։

Սիրիայի Աֆրինի շրջանից Թուրքիայի համակարգմամբ դեպի Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին վստահելի աղբյուրներին հղմամբ սեպտեմբերի 27-ից առաջ տեղեկություններ էր հաղորդել նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (3)։ Մինչ պատերազմի մեկնարկը մամուլում հայտնված այս հրապարակումներին և այդ մասին լրագրողների հարցադրումներին ի պատասխան սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ տեղեկությունը «մտահոգիչ է և փորձ է արվում ճշտել դրանց իսկությունը» (4)։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ժամեր անց արդեն միջազգային լրատվամիջոցները, իրավապաշտպան կազմակերպությունները սկսեցին փաստագրված տեղեկություններ հրապարակել այն մասին, որ պատերազմական գործողություններին և, այն էլ հենց առաջնագծում, Ադրբեջանի կողմից մասնակցում են Թուրքիայի համակարգմամբ հակամարտության գոտի տեղափոխված իսլամիստ վարձկանները։ «Reuters» միջազգային լրատվական գործակալությունը սեպտեմբերի 28-ին գրեց, որ Թուրքիան Սիրիայի իր վերահսկողության ներքո գտնվող հյուսիսային շրջաններից վարձականների է հավաքագրում և ուղարկում Ադրբեջան (5)։ Գործակալության հետ զրույցում վարձակններից երկուսը, որոնք նախընտրել էին անվտանգային նկատառումներից ելնելով անանուն մնալ, տեղեկացրել էին, որ իրենց հավաքագրումն իրականացրել են թուրք համակարգողները և իրենց ասվել է, որ Ադրբեջանում կատարվելիք ծառայության դիմաց ստանալու են 1500 ԱՄՆ դոլար գումար։

Մամուլի հրապարակումներին զուգահեռ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում վարձկաններ ներգրավելու թեմային անդրադարձեր կատարվեցին նաև մի շարք երկրների պաշտոնական օղակներից։ Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Սիրիայից Թուրքիայի տարածքով դեպի Ադրբեջան շուրջ 300 գրոհայինների տեղափոխման մասին. «Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար»։ Ֆրանսիայի նախագահը նաև պնդել էր, որ «սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը», իսկ գագաթնաժողովի հաջորդ օրն էլ բացատրություններ էր պահանջել Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել էր առերեսվել դաշինքի անդամ Թուրքիայի այս տեսակ գործողություններին (6)։ Sky News Arabia հեռուստալիքի հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ով նախընտրել էր անանուն մնալ, հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկանների տեղափոխման տեղեկությունները ճիշտ են (7)։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ևս հայտարարել էր, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն (8): Ավելի ուշ թեմային անդրադարձել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով. «Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին …» (9)։ «РИА Новости» լրատվական գործակալության հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ իրենք ևս միանշանակ կարող են հաստատել այդ տեղեկությունները և «վստահաբար ասել, որ Լեռնային Ղարաբաղում նրանք (Թուրքիան և Ադրբեջանը) օգտագործում են ահաբեկիչների Սիրիայից և այլ երկրներից» (10)։ Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) կայքում հրապարակվեց ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ վերջինս ևս հաստատեց, որ իրենց ունեցած տեղեկություններով «Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մասնակցող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես «Ջաբաթ ան-նուսրա»-ի, «Ֆիրքաթ Համզա»-ի, «Սուլթան Մուրադ»-ի և ծայրահեղական քրդական միավորումների անդամ վարձկաններ են ակտիվորեն տեղափոխվում հակամարտության գոտի» (11)։ Ընդ որում, Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ վարձկանների թիվն այլևս հազարների էր հասնում։ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին ռազմական գործողություններում ներգրավելու հանգամանքը դատապարտել էր նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը՝ պնդելով, որ իրեն բարկացնում է Էրդողանի այդ գործողությունները (12)։ Ավելի ուշ արդեն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Коммерсантъ» պարբերականի հետ զրույցում հայտարարեց, որ «… մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի»։ Լավրովը նաև տեղեկացրել էր, որ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է տեղեկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում (13)։

Պաշտոնական շրջանակներից հնչեցվող տարբեր հայտարարություններին և մեկնաբանություններին, ինչպես նաև հայկական կողմից ներկայացվող բազմաթիվ ապացույցներին (14) զուգահեռ պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու թեման շարունակում էր մնալ միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Բրիտանական «Guardian» պարբերականի հետ զրույցում Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններից մեկը մանրամասներ էր ներկայացրել հավաքագրման մեխանիզմից՝ տեղեկացնելով, որ գործընթացն իրականացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող համակարգողները, իսկ հավաքագրվողներին էլ հայտնել են, որ Ադրբեջան իրենց տանում են սահմանային անցակետերում երկու-երեք ամիս աշխատելու համար, որի դիմաց էլ իրենց վճարելու են ամսական շուրջ 1000 դոլար գումար՝ պնդելով, որ Ադրբեջան գնալուց առաջ իրենք տեղյակ չեն եղել, որ միանգամից հայտնվելու են ռազմական գործողությունների կիզակետում (15): Սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին արժանահավատ տեղեկություններ և տվյալներ էր հրապարակել նաև ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստալիքը՝ տեսանյութերի տեղորոշման միջոցով փաստելով, որ նրանք Ադրբեջանի կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին (16)։ Հատկանշական է, որ միջազգային հեղինակավոր պարբերականները թեմայի շուրջ իրենց հրապարակումներում որպես ներգրավվածության ապացույց ներկայացնում էին ոչ միայն վարձկանների տեղափոխման և արդեն Ադրբեջանում ռազմական գործողությունների մեջ ներառելու վերաբերյալ փաստական տվյալները, այլ նաև մարտական գործողությունների ընթացքում նրանց զոհվելու մասին տվյալները (17)։ Այս առումով բավական ուշագրավ է արդեն պատերազմից հետո բրիտանական առաջատար «BBC»-ի կողմից թեմային անդրադարձը, որտեղ պնդում է արվում, որ Սիրիայի հյուսիսի թուրքական վերահսկողության տակ գտնվող շրջաններից Թուրքիայի անմիջական համակարգմամբ Ադրբեջան տեղափոխված վարձկաններն այդ երկու երկների ռազմաքաղաքական ղեկավարության համար գլխավորապես որպես «թնդանոթի միս» են ծառայել՝ փորձելով այդ կերպ հնարավորինս նվազեցնել պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակում մարդկային կորուստների թիվը (18)։

Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին վարձկանների ներգրավման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակներում աշխատող միջազգային անկախ փորձագիտական խմբի կողմից։ Ավելին, խումբն, հիմնվելով իրավական փաստաթղթերի վրա, մասնագիտական հիմնավորում է ներկայացրել առ այն, որ Թուրքիայի համակարգմամբ ներգրավված սիրիացիներն ամբողջովին համապատասխանում են «վարձկան/mercenary» երևույթի՝ միջազգային իրավական գործիքակազմով տրվող սահմանմանը։ Խումբը միաժամանակ նաև մտահոգություններ էր հայտնել տարբեր ահաբեկչական կազմավորումների հետ առնչություններ ունեցող այդ վարձկանների հետագա տեղակայումների հետ կապված՝ մասնավորապես՝ արդյո՞ք նրանք լքել են տարածաշրջանը, թե՝ ոչ (19)։

2020 թվականի նոյեմբերի 2-ին «Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարության» անկախ կազմակերպության կողմից հրապարակված բավական ծանրակշիռ և ծավալուն զեկույցում ևս մանրամասնորեն նկարագրվում է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ վարձկաններին ներգրավելու գործընթացի ամբողջ շղթան (20)։ Այդ զեկույցից պարզ է դառնում, որ դեպի Ադրբեջան վարձկանների տեղափոխումը տեղի է ունեցել փուլային տարբերակով, որի մեկնարկը տրվել է 2020 թվականի հուլիս ամսից։ Հատկանշական է, որ դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ ՀՀ Տավուշի մարզի սահմանային հատվածում Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն էր իրականացրել, որի ընթացքում տեղում սահմանային մի քանի օրյա մարտեր էին ծավալվել։ Հետհայաց կարելի է կռահել, թե թուրք-ադրբեջանական հաշվարկներն ինչպիսին են եղել. սահմանային լարվածությամբ թե՛ հայկական կողմի և թե՛ միջազգային հանրության ուշադրությունը շեղել և այդ գործընթացի ստվերում իրականացնել վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման գործընթացը՝ պատրաստվելով Արցախի դեմ արդեն սեպտեմբերի 27-ի խոշորածավալ պատերազմին։

Թե որքանո՞վ էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայտնի թուրք-ադրբեջանական այս հաշվարկների, ինչպես նաև դրանց ստվերում փաստացի կատարվող գործողությունների մասին կամ ի՞նչն էր պատճառը, որ այս ամենի մասին որևէ բան հայտնի չէր, դժվար է ասել, բայց զուտ արձանագրենք, որ հենց այդ նույն օրերին ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության այդ ժամանակվա ղեկավար Լիլիթ Մակունցը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում» (21), մինչդեռ պատերազմի մեկնարկից հաշված օրեր անց՝ «The Globe and Mail»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարելու էր, որ «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը» (22)։

***

Պատերազմի մեկնարկից և հայկական կողմի համար խիստ ցավալի ելքով ավարտից մեկ տարի անց Թուրքիայի անմիջական ղեկավարմամբ ահաբեկչական կառույցների հետ ուղիղ և ամենատարբեր առնչություններ ունեցող վարձկաններին տարածաշրջան բերելու, նրանց Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման ծրագրերում ներգրավելու թեմային այս անդրադարձի նպատակը միջազգային հանրության կողմից փաստագրված ահռելի ապացուցողական բազայի առկայությունն ինչ-որ չափով մեկտեղելը և, ըստ այդմ, արցախահայության դեմ սանձազերցված պատերազմի ահաբեկչական բնույթը հիմնավորելուց բացի նաև ուշադրություն հրավիրելն է այն հանգամանքի վրա, որ այդ ապացուցողական հսկայական բազայի առկայության հետ մեկտեղ պատերազմի ավարտից շատ չանցած այս թեման դադարել է լինել թե՛ ներհայաստանյան հասարակական-քաղաքական քննարկումների և թե՛ միջազգային հանրության օրակարգային կարևոր կետերից մեկը։ Թեմայի շուրջ այս տարօրինակ լռությունը բազմաթիվ ծանրակշիռ մտահոգությունների տեղիք է տալիս։ Արդյո՞ք տարածաշրջան բերված վարձկանների բոլոր խմբերը հեռացել են տարածաշրջանից։ Կա՞ն արդյոք խմբեր, որոնք դեռ շարունակում են մնալ օրինակ Ադրբեջանի տարածքում, որքանո՞վ է բացառված հավանականությունը, որ Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանը վերաբնակեցման անվան տակ իսլամիստ վարձկաններին չի տեղափոխելու։ Հատկապես, եթե հաշվի առնենք, օրինակ, որ նույն «Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարության» կազմակերպության կողմից հրապարակված և վերևում հիշատակված զեկույցում կա տեղեկություն առ այն, որ «2020 թվականի հուլիսին Սիրիայից Թուրքիայով դեպի Ադրբեջան ջիհադիստները տեղափոխվել են իրենց ընտանիքների հետ միասին, ընդ որում, երեք տարբեր թռիչքներով՝ 2020 թվականի հուլիսի 5-ին, 18-ին և 23-ին» (23)։ Կամ, երբ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը չէր բացառել մարտերին մասնակցած վարձկանների՝ դեպի ՌԴ «ներհոսելու» հավանականությունը (24), արդյո՞ք պատերազմի ավարտից մեկ տարի անց այդ մասով այլևս մտավախությունների առիթ չկա՞։

Ի վերջո, վարձկանների ներգրավումը և նրանց հետագա ճակատագրի շուրջ անորոշության հարցը քաղաքական խնդիր է զուտ այն պատճառով, որ առնվազն վերջին հինգ տարիներին քաղաքական տարբեր դերակատարներ՝ այդ թվում Արևմուտքը, բազմիցս պնդել է, որ Թուրքիայի կողմից վարձկաններին արտաքին քաղաքական նպատակներով օգտագործելը դարձել է միջազգայնորեն փաստագրված քաղաքական պրակտիկա։ Հետևաբար, այս թեմայի շուրջ տարօրինակ լռությունն Արցախի հետագա ճակատագրի համար պակաս ռիսկային չի կարող համարվել՝ դրանից բխող հավանական բոլոր հետևանքներով հանդերձ։

Կնյազ ՍԱՐՈՅԱՆ

————————————

ՀՂՈՒՄՆԵՐ

1. Сирийские боевики в Азербайджане готовятся к блицкригу в Армении https://www.ng.ru/armies/2020-09-01/5_7952_armenia.html

2. Recording claims 1000 TFSA will be sent to Azerbaijan https://twitter.com/LindseySnell/status/1308054617415135243?s=20

3. Turkish-backed mercenaries | Turkey sends over 300 fighters to Azerbaijan https://www.syriahr.com/en/185411/?__cf_chl_jschl_tk__=pmd_5oj1VCMHH0J6CnobS27S1LdvoWtG8UnESXWM4p_apd8-1633352147-0-gqNtZGzNAeWjcnBszQdl

4. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ, մաս 2 https://www.mfa.am/hy/press-conference/2020/09/02/spokesperson_briefing_2/10430

5.  Turkey deploying Syrian fighters to help ally Azerbaijan, two fighters say

https://www.reuters.com/article/us-armenia-azerbaijan-turkey-syria-idUSKBN26J25A?fbclid=IwAR0tppHZL5opgws3HpC476Qnu6dv0M1S34HV-Nncl189AmU-5D4PoRRYCvc

6. Մակրոնը ՆԱՏՕ-ի գործընկերներին հորդորում է առերեսվել Թուրքիայի վարքագծին https://www.azatutyun.am/a/30869717.html

7. Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը https://armenpress.am/arm/news/1029857.html

8. Իրանը թույլ չի տա, որ իր հյուսիսային սահմաններին ահաբեկչական խմբավորումներ գործեն. Իրանի ԱԳՆ https://www.azatutyun.am/a/30867663.html

9.  Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ https://armenpress.am/arm/news/1033488.html

10. Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ https://armeniasputnik.am/20201006/kareli-e-vstahabar-asel-vor-turqian-ahabekichnerin-nayev-kharabakhum-e-ogtagortsum-24784964.html

11. О СИТУАЦИИ ВОКРУГ НАГОРНОГО КАРАБАХА http://svr.gov.ru/smi/2020/10/o-situatsii-vokrug-nagornogo-karabakha.htm

12. Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ https://armeniasputnik.am/20201005/erdoxan-turqya-ahabekich-arcax-24768212.html

13. Сергей Лавров ответил на вопросы “Ъ” о выборах в США, Нагорном Карабахе и Белоруссии https://www.kommersant.ru/doc/4558591?from=main_1#id1962787

14. Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը https://www.youtube.com/watch?v=mqBZNl1Q7Rc&ab_channel=%D4%B6%D4%BB%D5%86%D5%88%D5%92%D4%BAMEDIA

15.  Syrian recruit describes role of foreign fighters in Nagorno-Karabakh https://www.theguardian.com/world/2020/oct/02/syrian-recruit-describes-role-of-foreign-fighters-in-nagorno-karabakh

16. Videos shared on social media show Syrians sent to fight in Nagorno-Karabakh https://observers.france24.com/en/20201026-videos-shared-social-media-show-syrians-sent-fight-nagorno-karabakh

17. Syrians Make Up Turkey’s Proxy Army in Nagorno-Karabakh https://foreignpolicy.com/2020/10/05/nagorno-karabakh-syrians-turkey-armenia-azerbaijan/

18. The Syrian mercenaries used as ‘cannon fodder’ in Nagorno-Karabakh https://www.bbc.com/news/stories-55238803

19. Mercenaries in and around the Nagorno-Karabakh conflict zone must be withdrawn – UN experts https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=26494

20. Government Policies Contributing to Growing Incidence of Using Syrians as Mercenary Fighters https://stj-sy.org/wp-content/uploads/2020/11/Government-Policies-Contributing-to-Growing-Incidence-of-Using-Syrians-as-Mercenary-Fighters.pdf

21. Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում. Մակունց https://armenpress.am/arm/news/1023126.html

22. Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2020/10/02/Nikol-Pashinyan-interview-The-Globe-and-Mail/

23. Government Policies Contributing to Growing Incidence of Using Syrians as Mercenary Fighters https://stj-sy.org/wp-content/uploads/2020/11/Government-Policies-Contributing-to-Growing-Incidence-of-Using-Syrians-as-Mercenary-Fighters.pdf

24. Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան https://armeniasputnik.am/20201030/rusastan-agn-sirya-grohayin-arcax-25120790.html

Կապված նյութեր