44-օրյա պատերազմին ընդառաջ․ արտաքին քաղաքականությունը զրոյի՞ց, թե՞ զրոյացվող արտաքին քաղաքականություն

Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը փոխեց իրավիճակն ամբողջ տարածաշրջանում։ Ռազմական ճանապարհով արցախյան հակամարտությունը լուծելու տարբերակին Բաքվում երբեք դեմ չեն եղել, բայց համարձակություն ունեցան նախաձեռնել նման լայնամասշտաբ գործողություններ միայն 2020-ին։ Ընտրված ժամանակահատվածը պատահական չէր․ ստեղծվել էին Ադրբեջանի համար բավական նպաստավոր պայմաններ։ Ցավոք, նման նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում պակաս դեր չունեին Հայաստանի իշխանությունները։

2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաջորդող երկու-երկուսուկես տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հիմնավոր մոտեցում, դիրքորոշում ձևակերպել թե՛ արցախյան հակամարտության կարգավորման, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների, թե՛, առհասարակ, 2018-ին ընդունած ժառանգության շարունակակությունն ապահովելու կամ ամեն ինչ զրոյից սկսելու հետ կապված։

Փաշինյանը, ով 2019-ի օգոստոսին հայտարարում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր ու ռեվերսներ տեղի չեն ունեցել և որ «արտաքին քաղաքական ասպարեզում աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք և ապահովում ենք ժառանգականություն» (1), արդեն 2020-ի մայիսին ԱԺ ամբիոնից ազդարարեց, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է» (2)։

Հետադարձ հայացք նետելով 2018-2020թթ․ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին՝ կարող ենք եզրակացնել, որ անգամ այն ժամանակ, երբ հրապարակայնորեն հայտարարվում էր արտաքին քաղաքական ժառանգությունը պահպանելու մասին, իրականում տեղի էր ունենում ճիշտ հակառակը՝ վարվում էր բոլոր ուղղություններով հարաբերությունները զրոյացնելու քաղաքականություն, որի հետևանքներից մեկն էլ այն էր, որ 2020-ի պատերազմի նախաշեմին և պատերազմի ընթացքում Հայաստանը փաստացիորեն չուներ գործընկեր ու բարեկամ երկրներ, որոնց հետ բնականոն երկխոսության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ դիմակայել ստեղծված մարտահրավերներին։

Արտաքին քաղաքական ուղղություններից յուրաքանչյուրում առկա իրավիճակը հասկանալու համար փորձենք անդրադառնալ դրանց առանձին-առանձին։


ՀՀ-ՌԴ հարաբերություններ

Փաշինյանի պաշտոնավարման առաջին շրջանում պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերությունները հրապարակային մակարդակում բավական ջերմ և դրական էին։ Բարձր և բարձրագույն մակարդակով փոխադարձ այցերը, հանդիպումները, զրույցները ստեղծում էին տպավորություն, որ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում չունենք երկխոսության և հասկացվածության խնդիր։ Սակայն սրան զուգահեռ իրականացվում էին քայլեր, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ էին։

Նախ, շատ կարևոր հանգամանք էր այն, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանում պաշտոնների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղար (3), առաջին փոխվարչապետ (4) և այլն, նշանակվեցին հիմնականում ընդգծված հակառուսական հայացքներ ունեցող անձինք։ Ավելին, իշխանափոխությունից անմիջապես հետո մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին (5), ընդ որում՝ առանց ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրներին տեղյակ պահելու, ինչը չէր կարող չընկալվել որպես լուրջ հարված կառույցի հեղինակությանը։

Հայ-ռուսական հարաբերություններում արդեն առկա խնդիրների մասին էին վկայում և խորացող ճգնաժամը գուժում 2018-ի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահին դիմավորելու արարողության ընթացքում էթիկայի նորմերի ակնհայտ խախտումները (6)։ Կարճ ժամանակ անց քրեական գործեր հարուցվեցին և հետապնդումներ սկսվեցին նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների նկատմամբ (7) և այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել։

Ուշագրավ է, որ Մոսկվայից շատ հստակ ուղերձներ ստանալուց հետո էլ Հայաստանի իշխանությունները շարունակում էին նույն քաղաքական գիծը։ Ի դեպ, ՌԴ-ից եկող ուղերձ-ազդակների մասին նույնպես երկար կարելի է խոսել։ Բերենք ընդամենը մեկ օրինակ․ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» (8) հայտնի հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, տեղի ունեցավ «Վալդայ» բանավեճի ակումբի հերթական համաժողովը, որին մասնակցելու համար ռուսական իշխանությունների կողմից հրավեր էր ուղարկվել Ադրբեջանի նախագահին, և որին հրավիրված չէին Հայաստանի իշխանությունները։ Ուշագրավ է, որ Ալիևը հենց այդ հարթակն օգտագործեց պատասխանելու համար Փաշինյանին՝ ՌԴ նախագահի ներկայությամբ հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» (9)։

Պատահակա՞ն էր արդյոք այն, որ արցախյան կարգավորման հարցում միջնորդ կառույցում համանախագահող երկիր, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը հարթակ էր տրամադրում միայն Ադրբեջանին՝ անգամ չտալով Հայաստանի իշխանություններին հնարավորություն նույն ձևաչափի ներքո սեփական մոտեցումներն արտահայտելու։ Արդյոք այս հանգամանքը արձանագրումը չէ՞ր հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջ խնդիրների։

Եվ, այնուամենայնիվ, Մոսկվայից եկող այս և մյուս ազդակները չփոխեցին Հայաստանի իշխանությունների մոտեցումներն, ովքեր արդեն 2020-ի մարտին գազի գնի հարց էին բարձրացնում՝ հիմքում ունենալով ոչ թե գործընկեր ռուսական կողմի հետ կոնսուլտացիաների արդյունքները, այլ Բելառուսի նախագահի հետ քննարկումները (10)։

Ներկայացված օրինակներն ընդամենը մի մասն են այն իրադարձությունների, որոնց հետևանքով լուրջ վնաս հասցվեց հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ այս հանգամանքն իր դերը չէր կարող չունենալ նաև Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու ռազմական գործողությունների նախաձեռնման հարցում։


ՀՀ-ԱՄՆ հարաբերություններ

2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները լավ հնարավորություն էին որակապես նոր մակադակի բարձրացնելու Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հայաստանի նոր իշխանությունները «ռազմավարական երկխոսություն» ու «ճեղքում» (11) էին խոստանում, մասնավորապես, հայ-ամերիկյան հարաբերություններում, բայց արդյունքում մենք ոչ միայն չունեցանք «ճեղքում», այլև, առհասարակ, էական դրական տեղաշարժեր չարձանագրվեցին։

Հայաստանի բարձրաստիճան պատվիրակություններն ԱՄՆ-ում չէին արժանանում համարժեք ընդունելության։ Հիշենք 2018-ի հուլիսին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգներ, որը տևական ժամանակ ակտիվ քննարկվում էր՝ այդ թվում, ֆինանսական միջոցների անհարկի ծախսերի հետ կապված։ Ուշագրավ է, որ այցի շրջանակներում ՀՀ առաջին փոխվարչապետի ամենաբարձր մակարդակով հանդիպումը կայացել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ։

Եվ մինչ Հայաստանում իշխանությունները խոսում էին ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» անցնելու հնարավորությունների մասին, Վաշինգտոնը դադարեցրեց օժանդակության տրամադրումն Արցախին (12)։ Սա հատկապես մտահոգիչ էր այն պարագայում, որ ԱՄՆ-ն Հայաստանից բացի միակ պետությունն էր, որ չնայած չէր ճանաչում Արցախը, բայց ուղղակի ֆինանսական աջակցություն էր տրամադրում վերջինիս։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ չմոռանանք նաև, որ 2019-ի մայիսին Երևանում տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, որը, չնայած հնչած բարձրագոչ հայտարարություններին ու ծրագրերին, այդպես էլ էական արդյունքներ կամ ընթացք չապահովեց։

Անշուշտ, խոսելով 2018-ից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքի մասին՝ չենք կարող չնշել նաև Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին։ 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, ապա նմանատիպ բանաձև ընդունվեց ԱՄՆ Սենատում՝ 2019-ի դեկտեմբերին։ Ավելի ուշ՝ արդեն 2021-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Նախ, նշենք, որ ԱՄՆ-ի կողմից օրենսդիր մարմնի մակարդակով Ցեղասպանության ճանաչումը տասնամյակների աշխատանքի արդյունք էր, որում հսկայական ներդրում ուներ Միացյալ Նահանգների հայկական համայնքը, և սա, իհարկե, կարևոր իրադարձություն էր։ Այն մեծ ոգևորություն առաջ բերեց Սփյուռքում, Հայաստանում և Արցախում։ Սակայն, հասկանալու համար այս ճանաչման շոշափելի արդյունքները, ստիպված ենք անդրադառնալ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիառմանն ու դրան հաջորդած մեկնաբանություններին։

Եվ այսպես, Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթից օրեր անց՝ ապրիլի 28-ին, պետքոարտուղար Բլինքենը մեկնաբանեց վերջինիս խոսքերը՝ նշելով, որ «հիշատակի օրվա ուղերձի նպատակը զոհերին հարգանքի տուրք մատուցելն է, ոչ թե մեղադրանք առաջադրելը» (13):

Թեմայի վերաբերյալ խոսեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նշելով, որ  Ցեղասպանության ճանաչումը չպետք է իրավական հետևանքներ առաջացնի, քանի որ հայերի կոտորածը տեղի է ունեցել նախքան ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը (14)։

Ընդհանուր առմամբ, 2018-2020թթ․ Հայաստան-ԱՄՆ միջպետական հարաբերություններում չգրանցվեցին էական դրական տեղաշարժեր, և դա այն պարագայում, երբ, ինչպես արդեն նշել էինք, դրանց համար ի սկզբանե առկա էին բավական նպաստավոր պայմաններ։


ՀՀ-Եվրոպա հարաբերություններ

Մինչև 2018 թվականը Հայաստանը ԵՄ-ի և առանձին՝ եվրոպական երկրների հետ ուներ դրական ու արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Իշխանափոխությունից հետո արժեքների վրա հիմնված երկխոսությունը փոխարինվեց շահերի վրա հիմնված երկխոսությամբ։ Բավական է հիշել Փաշինյանի առաջին այցը Բրյուսել և այնտեղից արած սենսացիոն հայտարարությունն ի պատասխան Եվրոպայի կողմից 10 միլիոն եվրոյով Հայաստանի ֆինանսավորման ավելացման․ «Եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի» (15),- ասել էր Հայաստանի վարչապետը եվրոպացի գործընկերներին։

Փաշինյանի այս մոտեցումը կանխորոշեց ՀՀ-Եվրոպա հարաբերությունների հետագա օրակարգը։ Եվրոպական կառույցները հետևողականորեն աչք էին փակում Հայաստանում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական գործընթացների վրա՝ դատական իշխանության, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններ և այլն։ Փոխարենը Հայաստանի իշխանությունների կողմից պատրաստակամություն էր դրսևորվում մի շարք խնդրահարույց եվրոպական կոնվենցիաներ վավերացնելու հարցում։

Այս ամենն էական հետքայլ էր այն իրավիճակից, որն ունեինք մինչև 2018-ը և լուծում էր կարճաժամկետ՝ բացառապես իշխանությունների շահերից բխող հարցեր։


ՀՀ-հարևաններ

«Մենք ունենք 2 սահման, կարող է թվալ, թե էդ սահմանները բաց են, բայց իրականում այդ սահմանները կիսաբաց են, որովհետև օրինակ՝ հայ-իրանական սահմանը, օրինակ՝ ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել»,- ԱԺ-ում 2018-ի նոյեմբերին հայտարարում էր Հայաստանի վարչապետը (16)՝ այդպիսով ցույց տալով նաև հարևան երկրների հետ հարաբերությունների կարևորության նկատմամբ իր և իր թիմի վերաբերմունքը։ Հետագա երկու-երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ Փաշինյանը նույն «կիսաբաց» ընկալումն ուներ հարևանների նկատմամբ։

Վրաստանի հետ Փաշինյանի կառավարության հարաբերությունները շատ ջերմ ու դրական էին  բացառապես հրապարակային մակարդակում․ խորքային որևէ լուրջ ձեռքբերում մենք չունեցանք, և դա այն պարագայում, երբ նոր իշխանությունների առկայությունը լավագույն հնարավորությունն էր բարեկամ երկրի հետ հարաբերությունների վերամեկնարկ ապահովելու համար։

Ավելի բարդ էր իրավիճակը հարևան Իրանի պարագայում։ Այստեղ մենք ոչ միայն որևէ դրական տեղաշարժ չունեցանք, այլև արձանգրեցինք երկխոսության ու միմյանց համար ընկալելիության լիարժեք բացակայություն։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հետ կապված Իրանից եկող ազդակներից (17), երբ ընդամենը կարիք կար հարևան, բարեկամ երկրի հետ նախապես ապահովել համապատասխան խորհրդատվություններ, մինչև Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ Իրանի դեսպանի մակարդակով հանդիպումներ (18)։ Ի դեպ, այս տեսանկյունից զավեշտալի էր ՀՀ ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունն այն մասին, որ «շրջափակված ենք ավտորիտար երկրներով՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա» (19)․․․

Հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններում առկա ճեղքերն առավել տեսանելի դարձան 44-օրյա պատերազմի օրերին և հետպատերազմյան զարգացումների համատեքստում, ընդ որում՝ ընդհուպ մինչև այսօր։ Կարևոր է հասկանալ, որ հարևան երկրների գործողություններում ու կեցվածքում, ի թիվս այլնի, պակաս նշանակություն չուներ նաև Հայաստանի հետ երկխոսության բացակայությունը կամ դրա ոչ լիարժեք լինելը։ Անշուշտ, բոլոր այդ բացերը արձանագրվում և դրանց ուղղությամբ  աշխատանքներ էին մշակվում Բաքվում և Անկարայում, որի հետևանքները շարունակվում են նաև այսօր։

* * *

Այսպիսով, արտաքին քաղաքականությունը զրոյից սկսելու հայտարարված նպատակն, իրականում, հանգեցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության զրոյացման։ Վերոնշյալն ընդամենը մի մասն է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններում ստեղծված խնդիրների։ Եվ, ի վերջո, կարևորագույն հարցը շարունակում է մնալ մեկը՝ անկարողությա՞ն, իրավիճակին չտիրապետելու՞, չհասկանալու՞, թե՞ միտումնավոր քայլերի արդյունք էր այս ամենը։

Հերմինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն

—————————————
Հղումներ

1. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝ ուղղված ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին, 27․08․2019, https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/pm-ambassadorial2019/9784

2. Նիկոլ Փաշինյան, 06․05․2020, ԱԺ, https://www.youtube.com/watch?v=uS8mOTi2H6U

3. «Արմեն Գրիգորյանը մոռացե՞լ է իր հակառուսական անցյալը», Հրապարակ, 24․05․2019, https://hraparak.am/post/2104015042

4. «Պարզվում է՝ Արարատ Միրզոյանը ևս հակառուս ակտիվիստ է եղել», 11․05․2019, https://www.hayeli.am/?p=133670&l=am

5. Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, 27․07․2018,  https://www.ccc.am/hy/1428493746/3/5928

6. Ինչպես Փաշինյանը դիմավորեց Պուտինին, 01․10․2018, https://www.youtube.com/watch?v=FM3Xmlcz4_4

7. Օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստուգումները, քրեական գործի հարուցումը https://www.investigative.am/news/view/haravkovkasyan-erkatuxi-no-qrgorc.html

8. Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, 05․08․2019, https://www.youtube.com/watch?v=HKSaCwsZaNo&t=253s

9.  Президент Азербайджана Ильхам Алиев принимает участие в заседании клуба “Валдай” в Сочи, 04.10.2019, https://www.youtube.com/watch?v=ooCzVB_Y_SA

10. Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում գործակցության հարցեր, 31.03.2020, https://www.azatutyun.am/a/30519909.html

11. Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզում կազմակերպված հայ համայնքի հետ հանդիպմանը, 12.11.2019, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2019/11/11/Nikol-Pashinyan-visit-to-Paris/

12. ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգնությունը,  https://www.facebook.com/americanstudies.am/posts/670581320380559

13. World Press Freedom Day Roundtable with Secretary Blinken, 28.04.2021, https://www.state.gov/briefings-foreign-press-centers/world-press-freedom-day-roundtable-with-secretary-blinken/

14. Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. ԱՄՆ դեսպան, 26․04․2021, https://www.azatutyun.am/a/31223938.html

15. Փաշինյանի ճեպազրույցը Բրյուսելի օդանավակայանում, 12․07․2018, https://www.youtube.com/watch?v=7DFyb2P__Fk&t=266s

16. ՀՀ ԱԺ, 6-րդ գումարման 4-րդ նստաշրջան, սղագրություն N5, 01․11․2018, http://www.parliament.am/transcript.php?day=01&month=11&year=2018&lang=arm

17. Թեհրանում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, 09․06․2020, https://news.am/arm/news/584219.html

18. Посол Ирана в Азербайджане встретился с Туралом Гянджалиевым, 12.06.2020, https://apa.az/ru/xeber/nagornyj_karabakh/Posol-Irana-v-Azerbajdzhane-vstretilsya-s-Turalom-Gyandzhalievym-414729

19. Շրջափակված ենք ավտորիտար երկրներով՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա․ Հայկ Կոնջորյան, 16․01․2019, https://www.yerkir.am/news/view/164729.html

Կապված նյութեր