2022-ի տարեմուտին Ղազախստանում սկիզբ առած ցույցերը, որոնք սկզբում զուտ տեղային նշանակության խնդիրներ էին բարձրաձայնում, ընդամենը երկու օրվա ընթացքում վերաճեցին աշխարհաքաղաքական կարևորության մեծ իրադարձության։ Թեև շատ վերլուծաբաններ ու փորձագետներ խոսում են ղազախական դեպքերի նախապես պլանավորված լինելու հնարավորության մասին, այդ երկրում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման արագ ընթացքը, ըստ ամենայնի, անսպասելի էր ոչ միայն Ղազախստանի բնակչության ու էլիտաների, այլև աշխարհաքաղաքական գրեթե բոլոր կենտրոնների համար։ Ամեն դեպքում, այդ զարգացումներից ընդամենը մի քանի օր առաջ որևէ մեկը ոչ միայն կանխատեսել, այլ մտածել անգամ չէր կարող այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորքերը մուտք կգործեն Ղազախստան։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և հիմա արդեն բոլոր քննարկումներն ու կանխատեսումները փաստացի տեղի են ունենում պոստֆակտում ռեժիմում։
Հիշեցնենք, երկրի ներսում սկիզբ առած զանգվածային անկարգությունները կասեցնելու նպատակով ս.թ. հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների օգնությանը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։ Հայաստանից միջինասիական այդ հանրապետություն մոտ 100 զինծառայողներ են մեկնել, որոնք մեկ շաբաթ մնացել են Ղազախստան և, իրենց առաքելությունն ավարտված համարելով, հունվարի 12-ին վերադարձել Հայրենիք։
Ղազախստանում իրավիճակը, իհարկե, դեռ հեռու է ամբողջական հանգուցալուծումից։ Ակնհայտ է՝ ներքաղաքական զարգացումներն այդ երկրում կարող են ամենաանսպասելի ուղղություններով ընթանալ։ Բայց շատ կարևոր մի փաստ արդեն իսկ արձանագրված է՝ ղազախական ճգնաժամը միանգամայն այլ հարթություն տեղափոխեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Այսուհետ սա մի կառույց է, որն ի ցույց է դրել իր հետաքրքրությունների ու շահերի թիրախում գտնվող տարածաշրջաններում ուժ գործածելու պատրաստակամությունն ու հնարավորությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, որոնք մինչ այս կարողանում էին խուսանավել աշխարհաքաղաքական գլոբալ մրցակցության հիմնական կենտրոնների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի միջև, այլևս զրկված են լինելու այդ հնարավորությունից։ Եվ դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձեցին առավելագույնս գովազդել «ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ գործարկելու» իրենց կարողությունը, ինչը նաև նշանակում է, որ պաշտոնական Երևանը լիովին ստանձնում է ՀԱՊԿ-ը վերափոխելու և աշխարհաքաղաքական հակամարտության մեջ իրական ռազմաքաղաքական գործոն դարձնելու պատասխանատվությունը։
Հայաստանի այսպիսի դիրքորոշմանն առաջինը արձագանքեց թուրք-ադրբեջանական դաշինքը, որին խնդիրն անհանգստացնում էր և՛ բուն Ղազախստանում տեղի ունեցող փոփոխությունների, և՛ իր համար կարևոր տարածաշրջաններում ռազմական նոր գործոնի ի հայտ գալու, և՛ Հայաստանի ակտիվության տեսանկյուններից։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը տարաիներ շարունակ իրեն դիրքավորում է իբրև թյուրքական աշխարհի առաջնորդ, ստիպված էր մի շարք հարցերի պատասխանել այն մասին, թե ինչու թյուրքական ամենամեծ երկիրը՝ Ղազախստանը, նեղության պահին դիմում է ոչ թե Թուրքիային կամ գոնե Թյուրքական պետությունների կազմակերպությանը, այլ ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է Հայաստանը։ Այս փաստն իսկական իրարանցում է առաջացրել թուրքական և ադրբեջանական մամուլում, որտեղ Հայաստանից բացի թիրախավորվել է նաև Ռուսաստանն ու նրա քաղաքական ղեկավարությունը։
Բայց վստահ կարելի է պնդել, որ ՀԱՊԿ գործողությունները Ղազախստանում գրավել են ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Ղազախստանից հետո ՀԱՊԿ-ը միանգամայն այլ նշանակության և կշռի դաշինք է դարձել, որը հիմա արդեն ստիպված կլինի ապացուցել իր կենսունակությունը նաև հետխորհրդային տարածքում և դրան հարող տարածաշրջաններում։ Այս պահին ամենամեծ ռիսկերը կուտակված են Միջին Ասիայում՝ Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանում, Ուկրաինայում և, իհարկե, Հարավային Կովկասում։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող բոլոր այս երեք տարածաշրջաններում մեծ է ռազմական բախումների ու պատերազմների սկսման հավանականությունը։ Ուստի Ռուսաստանի առաջնորդությամբ գործող այս ռազմական դաշինքը ստիպված է ակտիվ աշխատել նշված բոլոր ուղղություններով։ Այսպես, սույն տողերը գրելու պահին Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանում ՀԱՊԿ անդամ պետությունները 4000 զինվորի և 500 միավոր մարտական տեխնիկայի ներգրավվածությամբ զորավարժություններ են անցկացնում։ Քիչ չեն խոսակցությունները նաև այն մասին, որ ռուս-ուկրաինական հարաբերություններում ճգնաժամի խորացման պարագայում, ի հակակշիռ ՆԱՏՕ անդամ երկրների միաբանման, պաշտոնական Մոսկվան կցանկանա նման մեկ կոնսոլիդացիա էլ ՀԱՊԿ երկրների օգնությամբ կազմակերպել։
Վերոնշյալը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրն այսուհետև ոչ միայն իր անմիջական անվտանգությանը չսպառնացող այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտությունների պոտենցիալ կողմ է, այլև աշխարհաքաղաքական մրցակցության։ Եվ սա արդեն կայացած փաստ է։
Հրանտ Մելիք-Շահնազարյան