Ազգային շահի «կենսական» և «կարևոր» բաղադրիչները
Զ. Բժեզինսկու՝ գրեթե երեք տասնամյակ առաջ գրած՝ «Շախմատային մեծ խաղատախտակ» գիտական աշխատությունն այսօր կարող է թվալ մարգարեություն, թեև մասնագիտական շրջանակների համար Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանի հետ սահմանին տեղի ունեցածն ակներև ու կանխատեսելի էր հետսառըպատերազմյան առաջին տասնամյակում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք ձևավորել է օբյեկտիվ բարդույթ հետվարշավյան գեոպոլիտիկ իրողությունների հետ չհամակերպվող և անվտանգային սեփական տեսլականն ունեցող Մոսկվայի մոտ: Ռուսաստանի անվտանգային մտահոգությունները չեն խմբագրում ԱՄՆ-ի եվրասիական առաջնահերթությունները: ԱՄՆ-ը բովանդակային ակնկալիք չունի Եվրասիայի երկրներից, որոնք ոչ տնտեսական, ոչ այլ բաղադրիչների առումով հավելյալ արժեք չեն ստեղծում իր համար: Եվրասիան Վաշինգտոնի համար լոկ տարածք է՝ չեզոքացնելու ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային գործոնը: Նույնն է՝ Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, Ծոցի երկրների դեպքում:
Ռուսական անվտանգային գալակտիկայում հայտնված պետությունները չեն տարբերվում՝ ամերիկյանի ծիրում հայտնված բախտակիցներից: Եթե Միացյալ Նահանգների հետ «քայլող» պետություններն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ կարող են ունենալ հաջողության պատմություն, ուժեղի հետ «քայլածի» իմիջ, հնարավոր ներդրումներ ու առավելություններ, ապա ռուսական դեմարշին մասնակից պետություններին բաժին է հասնում կառավարման կենտրոնաձիգ ձև, ժողովրդավարական ռեվերս, թույլ տնտեսություն, նվազ բարեկեցություն, բայց՝ քիչ թե շատ պիտանի սպառազինություն:
Երկու բևեռների համար էլ առաջնային չեն կարող լինել «փոքրերի» հետ բովանդակային դաշնակցային հարաբերությունների հաստատումը, որոնք հենվում են ազգային ֆունդամենտալ շահերի գիտակցման ու հարգման վրա: Այստեղից էլ առաջանում է խզում: Միջազգային հարաբերությունների տեսության հիմնական երեք դպրոցների՝ ռեալիստների, լիբերալների և կոնստրուկտիվիստների պայքարում ակամայից «հաղթում է» ռեալիստների հիմնարար մոտեցումը՝ միջազգային հարաբերությունների համակարգն ազգ-պետությունների անխնա մրցակցություն է: Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայքարը խմբագրել է՝ միջազգային իրավունքի ոչ ծանրքաշային սուբյեկտների, կողմնորոշված ու դեռ չկողմնորոշված սուբյեկտների ընկալումները պետական շահի հարցում: Ռեալիստների համար կա շահի երկու ընկալում՝ կենսական ու կարևոր: Կենսական շահ է՝ պետության տարածքային ամբողջությունը, սուվերենությունը, իշխանության կենտրոնացվածությունը, անկախությունը, քաղաքացու ֆիզիկական ու մտավոր ապահովությունը, կարևոր շահ է՝ զարգացումը, արտաքին սուբյեկտի հետ, բանակցության միջոցով ձեռք բերված տնտեսական ու անվտանգային առավելությունները: ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար դեկլարատիվ նշանակություն ունի «փոքրերի» կենսական շահը, «կարևորի» մասին կոնսենսուսն էլ սովորաբար կայանում է «կենսականի» հաշվին:
Մոսկվա-Վաշինգտոն երկխոսություն. Ռեսուրսների պատերազմ
ԱՄՆ-ն վերանայել է աշխարհում իր անվտանգային ռազմավարությունը՝ վակուումը լրացնելու փոխարեն առաջացնելով անվտանգային կոլապս: Այդպես եղավ Մերձավոր Արևելքում՝ Իրաքում, ինչպես նաև Աֆղանստանում: Դա աննպատակ ու չհաշվարկված քաղաքականություն չէր, այլ ծուղակ՝ ռուսական դոմինանտ ներկայությունն արտաքուստ ապահովելու և իր համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու, երրորդ երկրների միջոցով պրոքսի պատերազմ մղելու, որտեղ ավելի շատ իրար դեմ կկռվեն ռեսուրսներն ու տնտեսությունը, քան սպառազինությունը: Մոսկվայում գիտակցում ու հավասարաչափ հաշվարկում են, հակակշռում: Ռուսաստանն անվտանգային վակուում լրացնելու խնդիր չունի, բայց ունի միջնաժամկետ ու երկարաժամկետ առումներով այն պահելու, ռեսուրս ներարկելու և սպասարկելու խնդիր: Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան «անվտանգային պատրուլի» կամ ոստիկանի դերը վստահում են կոլաբորացիոնիստներին, այն ուժերին, որոնք անցած մեկ դարում, հատկապես՝ երկբևեռ աշխարհի անվտանգային-հետախուզական պատերազմի հիսուն տարում, եղել են իրենց գործակալները, դաշնակիցները, թշնամիները և լավ են ճանաչում միամյանց: Սրացումներն ու միամյանց ռազմաքաղաքական զարկերակն ստուգելու համար երկու մայրաքաղաքները, տասնամյակը մեկ, երկու-երեք դադար են վերցնում՝ բանակցությունների տեսքով և փորձում են խոսել, շահերի գոտիները բաժանել:
Մոսկվա-Վաշինգտոն երկխոսությունն, անկախ արդյունքից, սպառնում է Ռուսաստանի սահմաններին և ռազմավարական շահերի գոտիներում գտնվող պետությունների ինքնիշխանությանն ու կայունությանը: Սա մարտահրավեր է՝ պետությունների կենսական շահերի ու գեոպոլիտիկ հրամայականների համագոյակցությանը: ԱՄՆ-ի համար Ուկրաինան շարունակում է մնալ պլացդարմ հակառուսաստանյան և հեռանկարում՝ հակաչինաստանյան գործողությունների իրականացման համար: Սա ակամայից միավորում է Պեկինին ու Մոսկվային՝ որդեգրել հակաամերիկյան դիրքորոշում: Մեր տարածաշրջանում նրանց պարբերաբար միանում է Թուրքիան, որը երկու տասնամյակ փորձում է ռազմավարական խորություն հաղորդել թյուրքական դիմադրողական օջախներին՝ Միջին Ասիայից մինչև Բալկաններ ու Մերձավոր Արևելք: Աշխարհաքաղաքական մակընթացությունների արանքում Անկարան կարողանում է գեներացնել դիվանագիտական միտք ու ռեսուրս և շահեկան դիրքում հայտնվել Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ժամանակահատվածում, այդ արդյունքն էլ հավասարաչափ գործածել՝ մեկ նատօ-ական հակառուսական, մեկ՝ հակաարևմտյան երանգավորումներով՝ մերձավորարևելյան փախստականների խաղաքարտն օգտագործելուց մինչև Ղրիմում, սիրիական Իդլիբում թյուրքական հակաքրդական, հակառուսական, հակաիրանական գործոնի ակտիվացումն ու համակարգված գործողությունների իրականացումը:
Մերձավոր Արևելք. Ամերիկյան անակոնդայի բնական ելակետը
Դոմինոյի էֆեկտով՝ աշխարհում միանգամից մի քանի տարածաշրջան ենթարկվում է գեոպոլիտիկ տեկտոնային շարժի: Ի պատասխան Եվրասիական տարածաշրջանում և Միջին Ասիայում ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային դիրքերի ամրապնդման գործուն ու առայժմ արդյունավետ փորձերի, ԱՄՆ-ն ձեռնարկում է արգելակող և հակազդող միջոցառումներ, որոնք արտացոլվում են հիմնականում Մեծ Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Ծոցի երկրներում և Միջերկրականի ափին: Քաղաքական սուննիզմի էներգետիկ հնգյակը՝ Արաբական միացյալ էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ՝
Սիրիայում պատերազմի բռնկման պատճառներից մեկն էլ քաթարական նավթը՝ Սաուդյան Արաբիայով, Հորդանանով, Սիրիայով դեպի Միջերկրական հասցնելն էր, այնտեղից էլ՝ Եվրոպա: Արևմուտքի ուղեղային կենտրոնները վաղուց զգուշացրել էին, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ և դիտորդի կարգավիճակով հետևել միջինասիական էներգետիկ ռեսուրսների անարգել տարանցմանը: Միջերկրականում էներգետիկ քարտեզի փոփոխությունը դրդեց Ռուսաստանին՝ միջամտել սիրիական հակամարտությանն ու վերականգնել խորհրդային երբեմնի դերակատարումը տարածաշրջանի մի շարք երկրներում, անկախ փաստից՝ 2014 թ-ին ինչպիսի հակառուսաստանյան դիրքորոշում ուներ միջազգային հանրությունը Ղրիմի ճգնաժամի հարցում:
Կարևոր է նաև հասկանալ Լիբանանի ներքաղաքական երկարատև անկայունության հիմաքարային պատճառներն ու քաղաքական սունիզմի ամենամեծ խմբավորման՝ Հարիրիների ընտանիքի գործունեության ժամանակավոր առկախման միջնաժամկետ և երկարաժամկետ պատճառները: Այս ընտանիքը հետթայեֆյան (1990 թ. Սաուդյան Արաբիայի Թայեֆ քաղաքում կնքված պայմանագիր, որով վերջ տրվեց Լիբանանի արյունալի 15-ամյա քաղաքացիական պատերազմին) Լիբանանի ամենաակտիվ քաղաքական դերակատարներից է, որն իր ձեռքը վերցրեց երկրի տնտեսական մեծ կապիտալը, բանկերը, մամուլն ու դարձավ սուննիական համայնքի անվիճելի առաջատարը: Հարիրիների ընտանիքը մոտ մեկ տասնյակ անգամ զբաղեցրել է խորհրդարանական այդ երկրի վարչապետի պաշտոնը: Լիբանանում խոր անկայունության գլխավոր պատճառը Հարիրիների «Մուսթաքբալ» («Ապագա») քաղաքական հոսանքի և Իրանի ներկայացուցիչ, շիական «Հըզբոլլահի» միջև անհամաձայնությունն է երկրի ինքնիշխանության ատրիբուտների ու բաղադրիչների հիերարխիկ դասավորվածության, ինչպես նաև զենք կրելու մոնոպոլ իրավունքի պատկանելիության հարցում: Հարիրիների ընտանիքն օրգանական ու ազգակցական կապ ունի Սաուդյան Արաբիայի թագավորական տոհմի հետ, չհաշված՝ ֆինանսական ու ներդրումային ահռելի հոսքերը, փոխադարձ շահերը: Հարիրիները մի քանի անգամ հերթապահեցին իշխանությունում ու այժմ անժամկետ հեռանում են քաղաքական դաշտից, իսկ ախոյան «Հըզբոլլահը» շարունակում է ընդլայնել քաղաքական ազդեցությունը կառավարման ճգնաժամերից հյուծված ու սնանկացման եզրին հայտնված այս պետությունում:
ԱՄՆ-ի ու Իսրայելի գերնպատակն է՝ չեզոքացնել «Հըզբոլլահն» ու նրան պահել խոշորացույցի տակ: ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների հաջողության գրավականներից մեկն էլ կարող է լինել Թեհրանի դիրքերի թուլացումը Լիբանանում՝ Իսրայելի հյուսիսային հարևանի տարածքում, եթե, իհարկե, Թեհրանում պատրաստ չեն և՛ս մեկ անգամ համակերպվել Ղասեմ Սոլեյմանիի նման պրոֆեսիոնալ զինվորական կադրերի կորստին: Իրանը Լիբանանում իր դոմինանտ դիրքերը թուլացնելու ազդանշան արդեն իսկ ուղարկել է 2019-ին, երբ «Հըզբոլլահը», մի քանի տրաֆարետային բողոքարկումներից և մերժումներից հետո, ընդունեց Բեյրութի և Թել Ավիվի միջև Միջերկրական ծովում գազային պաշարների վերաբաշխման վերաբերյալ Լիբանանին հասանելիք չափաբաժնի «օբյեկտիվությունը»:
ԵՄ-ն՝ հակառուսաստանյան ռեսուրսի սալի և Մոսկվայի «վախի դետեկտորի» միջակայքում
Ուկրաինայի հարցում Ռուսաստանն առայժմ Եվրոպայից ստացավ այն, ինչ իրեն անհրաժեշտ էր: Ռազմական դիվանագիտության համարձակ կոմբինացիաներով Մոսկվան ցույց տվեց, որ Ուկրաինայի վրա հարձակվելու գործողությունների համալիրն ընդամենը ցուցադրական դեֆիլե էր, սեփական զորքերի շարժն էլ ինքնիշխան պետության տարածքում՝ լոկ կանխարգելող միջոցառում: Արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանն իր «վախի դետեկտորով» ստուգեց Եվրոպայի անվտանգային զգոնությունն ու զարկերակը, համոզեց Եվրոպային (բացառությամբ ԵՄ լոկոմոտիվ, Ռուսաստանի «գազային գործընկեր» Գերմանիայի, որն ի սկզբանե հայտարարեց հակառուսական ալյանսին չմիանալու դիրքորոշման մասին) չտրվել «ամերիկյան սադրանքներին», այլապես՝ կզրկվեն կապույտ վառելիքի հոսքից, առանց որի՝ Հին աշխարհամասը կհայտնվի ճգնաժամի ճիրաններում:
Խնդիրը, սակայն, այսքանով չի ավարտվում: Վաշինգտոնը չի հրաժարվում հրահրել ու սադրել Ռուսաստանին, որպեսզի «ռուսական արջը» դիմի ռազմական գործողությունների, ինչն էլ կազատի Միացյալ Նահանգների ձեռքերը, հնարավորություն կտա նրան մոբիլիզացնել Եվրոպայի արևելքում հակառուսաստանյան ռեսուրսը, խստացնել պատժամիջոցները, մեկուսացնել Ռուսաստանն ու նրան ներկայացնել որպես՝ արտադրական հզորությունից ու տնտեսական դիվերսիֆիկացումից զուրկ, ավտորիտար ու «ձախողված» պետության (Failed state) օրինակ, ինչն էլ ավելի կդժվարացնի անվտանգային անկարողանակության մատնված, Արևմուտք-Ռուսաստան դիլեմայում կողմնորոշվել փորձող պետությունների ու միջազգային իրավունքի կիսասուբյեկտների դիրքորոշումը: ԱՄՆ-ն այս ընթացքում, դիվանագիտական ու լոբբիստական զինանոցի ագրեսիվ միջամտությամբ, փորձելու է վերակենդանացնել տարածաշրջանում երբեմնի շահերի խմբերը, ճնշել ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետություններին՝ ընդունել ստատուս-քվոն փոխելու մարտավարությունը, փոխարենն առաջարկելու է հեղինակության ու միջազգային ստատուսի բարելավում, ներդրումներ ապահովող ուղեղային կենտրոնների տպավորիչ ցուցանիշներ ու զեկույցներ, տնտեսական ենթակառուցվածքները փլուզումից փրկելու էներգետիկ այլընտրանք:
Սյունիք. Ռուսաստանի՝ «Հարավկովկասյան «Ինջիռլիքը»
Տարածաշրջանը կարծես վերադարձել է քիսինջերյան Մաքոկային դիվանագիտության դարաշրջան և Վաշինգտոնը փորձում է մոբիլիզացնել հակառուսական գեոտնտեսական ու քաղաքական օջախներն այս տարածաշրջանում: Վաշինգտոն-Թեհրան միջուկային բանակցությունները հույս են ներշնչում Իրանի նկատմամբ տնտեսական ու ֆինանսական էմբարգոյի աստիճանական վերացման և Թեհրանի ինքնակամ (կամ՝ պարտադրված) միջուկային «զսպվածության»: Ռուսաստանն ունի Իրանի միջազգային ու տարածաշրջանային ինքնուրույնությանը հակակշռող մեխանիզմներ, որոնցից մեկը՝ Սիրիայում է (Մոսկվային հաջողվեց նվազեցնել Իրանի դերը քաղաքական և անվտանգային որոշումների ընդունման սիրիական կենտրոններում՝ Նախագահական պալատում և ռազմական գործողությունների համակարգող շտաբում), մյուսը՝ Սյունիքում:
Հայաստանը փորձելու է կարգավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները: Արցախի վերջին պատերազմում պարտություն կրած Հայաստանի իշխանությունը, որը երեք տարում մսխեց հաշվարկված ու համակարգված դիվանագիտական քայլերով թուրքական ծանրակշիռ գործոնի ազդեցության տակ չհայտնվելու հնարավոր ռեսուրսը, պատերազմից հետո Սյունիքով տարանցիկ ճանապարհ է տրամադրելու Թուրքիային՝ հասնելու մինչև Միջին Ասիա:
Թուրքիան կառուցում է Ստամբուլի ջրանցքը, որն այլընտրանք կհանդիսանա Մոնտրոյի հայտնի պայմանագրին և դրանով կկարողանա Բոսֆորի և Դարդանիլի նեղուցներով անցնելու հարցը թանկ վաճառել Ռուսաստանի վրա: Սյունիքում ռուսական անվտանգային գործոնի ուժեղացումը կզսպի Սև ծովում Թուրքիայի քաղաքական միջնաժամկետ և հեռահար նպատակները: Իրանն այս կոնֆիգուրացիայում կարող է հայտնվել շահեկան դիրքում՝ թյուրքիզմով մոդիֆիկացված քաղաքական սուննիզմն իր հյուսիսում կհանդիպի ռուսական դե-ֆակտո և դե-յուրե գործոնին:
«Արաբական գարնանից» մեկ տասնամյակ անց, Մոսկվան ակնհայտորեն և գործնական քայլերով ապացուցեց, որ կհակակշռի՝ կասպյան էներգետիկ ռեսուրսների տարանցմանը՝ գործածելով անվտանգային արձագանքման իր ամբողջ զինանոցը: 2020 թ. Արցախում ծավալված պատերազմից հետո ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային կոնցենտրացիան ապացուցում է, որ Մերձավոր Արևելքից մինչև Ռուսաստան՝ Մոսկվային անհրաժեշտ է «հարավկովկասյան Ինջիռլիք», որը միաժամանակ հսկողություն կսահմանի ոչ միայն հակամարտող Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ տարածաշրջանային «Գուլիվերների»՝ Թուրքիայի և Իրանի նկատմամբ: Վերջերս Ղազախստանում տեղի ունեցած դեպքերից հետո և՛ս մեկ անգամ համոզվեցինք, որ ռուսական գործոնը չի պատրաստվում դոմինանտ դիրքերը զիջել նաև Միջին Ասիայում: Եվ սա՝ անկախ փաստից, թե Արևմուտքն ինչպես կօգտագործի Թուրքիային և կվստահի արդյո՞ք նրան «ոստիկանի» դերը Աֆղանստանում, կամ կբորբոքի հակառուսական չխամրած օջախները Ուկրաինայում:
Աբրահամ Գասպարյան
քգթ, դոցենտ,
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն