Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո հայկական երկու պետությունները կրկին կանգնեցին անվտանգային լուրջ ճգնաժամի առջև։ Հայաստանի համար մշտական այս խնդիրը հատկապես ակտուալ դարձավ այն բանց հետո, երբ պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած ընդարձակ տարածքները, որոնք անկախությունից ի վեր եղել են մեր անվտանգային համակարգի կարևոր բաղադրյալներից մեկը, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սկսեցին օգտագործվել որպես նոր տարածքներ զավթելու պլացդարմ։ Հայ հանրության համար պարզ դարձավ, որ տարիներ շարունակ մեր մեջ ներարկվող այն թեզը, իբր Արցախի ազատագրած շրջանները թշնամուն հանձնելուց հետո հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղ զարգացման շրջան կմտնեն, բացարձակ կեղծիք ու սուտ էր։ Պատերազմի ավարտից անցել է գրեթե մեկուկես տարի, Ադրբեջանը դրա արդյունքով ստացել է իր պահանջած բոլոր տարածքները (ընդ որում, հիմնականում առանց զենք կիրառելու), սակայն մինչ օրս շարունակում է նոր դիրքեր և անգամ բնակավայրեր գրավել։
Դրան զուգահեռ Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում աննախադեպ ծավալների է հասել։ ԽՍՀՄ փլուզումից հետո Անկարան երբեք այսքան ազատություններ չի ունեցել Հարավային Կովկասում, որքան այսօր։ Թուրքիայի իշխանությունների՝ տարիներ շարունակ ձգվող փորձերն ազդել մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա մշտապես տարբեր խոչընդոտների են հանդիպել։ Դրան ընդդիմացել են թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների իշխանությունները։ Վերջիններիս Հարավային Կովկասում հաջողվել է այնպիսի իրավիճակ ստանալ, որտեղ տարածաշրջանային բոլոր կարևոր խնդիրները քննարկվում էին բացառապես աշխարհաքաղաքական այդ երեք կենտրոնների միջև։ Թուրքիայից բացի այդ համակարգ մուտքի իրավունք չուներ նաև Իրանի Իսլամական Հանարպետությունը։ Ընդ որում, եթե Թուրքիայի առջև կառուցած արգելքի հիմնական գործիքը Հայկական հարցի գոյությունն էր, ապա Իրանը զրկված էր Հարավային Կովկասում ակտիվ դերակատարություն ունենալու հնարավորությունից այն պատճառով, որ դրան դեմ էին Թուրքիայի դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը։ Այսինքն, Թուրքիայի՝ իբրև տարածաշրջանային գործոնի չեզոքացումը որպես հետևանք բերել էր նաև Իրանի հնարավորությունների սահմանափակում, ինչը, ըստ աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային երկրների ընկալման, հավասարակշռում էր Թուրքիայի բացակայությունը մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումներում։
Սա, իհարկե, ուժերի հավասարակշռման բարդ մեխանիզմ էր, որը ենթակա էր արտաքին բազում ազդեցությունների։ Բայց Հարավային Կովկասում առկա բազմաթիվ հակամարտությունների փաստն ու դրանց կարգավորման ուղիների որոնման հարուստ փորձը, ի վերջո, ստեղծել էր մի մեխանիզմ, որը թույլ էր տալիս Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Եվրոպային որոշակի համագործակցություն ունենալ մեր տարածաշրջանում և իրենց համար կարևոր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Խոսքը վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին, որի համանախագահները արցախյան խնդրի լուծման համատեքստում Հարավային Կովկասում, իսկ իրականում նաև Կասպից և Սև ծովերի ավազաններում, համաձայնեցնում էին իրենց բոլոր գործողությունները։
Անվտանգային խնդիրներ լուծելու տեսակետից հայկական պետությունների համար սա բավական արդյունավետ համակարգ էր առնվազն երկու պատճառով՝ նախ որովհետև Թուրքիան որևէ կերպ չէր կարող ազդել ադրբեջանա-արցախյան հակամարտության ընթացքի վրա և երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանն ուներ շատ վստահելի և զարգացման մեծ հեռանկարով հարաբերություններ։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն էր, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շահագրգռված էին Թուրքիայի՝ հարակից տարածաշրջաններում աճող հնարավորությունները սահմանափակելու հարցում։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն ուներ։ ԱՄՆ-ում վստահ էին, որ թյուրքական պետությունների հետ աշխարհաքաղաքական բևեռ ձևավորելուց հետո Թուրքիան դուրս կգա Արևմուտքի ազդեցության գոտուց և ինքնուրույն ուժեղ գործոն կդառնա։ Ռուսաստանը մտահոգված էր Թուրքիայի ակտիվացման պատճառով Հարավային Կովկասը, իսկ ապագայում նաև Հյուսիսային Կովկասում գտնվող ռուսական որոշ տարածքներ կորցնելու վտանգավոր հեռանկարով։ Դե իսկ Եվրոպան լավ էր հասկանում, որ ուժեղ Թուրքիան նշանակում է մեծ սպառնալիք արևելքից, որի դեմ հին աշխարհը պայքարելու գրեթե ռեսուրս չունի։
Ուժերի հավասարակշռման և անվտանգային համակարգի այս ողջ մեխանիզմի անկյունաքարը, ինչպես քիչ առաջ նշեցինք, Հայկական հարցն էր։ Իհարկե, այդ իրողությունը որպես կանոն երբեք չէր բարձրաձայնվում, բայց և այնպես տեսանելի էր, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ախորժակը սահմանափակելու ուրիշ փաստարկ աշխարհաքաղաքական կենտրոնները չունեին։ Նրանք մշտապես մատնացույց էին անում այն փաստին, որ Հայոց ցեղասպանությունը չճանաճած Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ավելին, Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նպատակով Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականություն իրականացնել Հայաստանի նկատմամբ՝ փակ պահելով մեր երկրի սահմաններն Արևելքում։ Էլ չենք խոսում Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական, տնտեսական, ռազմական օգնության մասին։ Բնական է, որ այդ իրավիճակում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շատ հեշտ էին հակադարձում Անկարայի՝ Հարավային Կովկասում որոշակի քաղաքական դերակատարում ստանձնելու բոլոր փորձերին։ Նվազագույն պահանջը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, արագ դրվում էր Թուրքիայի իշխանությունների առջև։
Ավելին, Հայոց հարցը կար և շարունակում է մնալ Թուրքիայի ակտիվությունը զսպող գործոն նաև այլ տարածաշրջաններում, օրինակ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես ողջ Եվրոպայում։ Այսպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հիմնական նախապայմաններից մեկը հենց Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Եվ բանն ամենևին նրանում չէ, որ եվրոպական մայրաքաղաքները տառապում են պատմական արդարությունը վերականգնելու մոլուցքով։ Ո՛չ։ Պարզապես հավաքական Եվրոպայի մայրաքաղաքը՝ Բրյուսելը, լավ է հասկանում, որ Թուրքիայի անդամակցություը ԵՄ-ին ամբողջությամբ կայլակերպի այդ կառույցը և բազում մարտահրավերներ կստեղծի հին աշխարհի համար արդեն ոչ միայն հարակից տարածաշրջաններում, այլև հենց եվրոպական աշխարհամասում։ Իսկ Հայոց ցեղասպանությունն այն պատրվակն է, որը թույլ է տալիս եվրոպացիներին հայտարարել, թե թուրքերը չեն կիսում Արևմուտքի հիմնարար արժեքները և որ նրանք դեռ շատ հեռու են քաղաքակիրթ լինելու եվրոպացիների պատկերացումներից։
Հասկանալի է, որ նման իրավիճակում Թուրքիան պետք է ամեն ինչ աներ՝ այդ կապանքներից ազատվելու համար։ Թուրքական իշխանությունների՝ երկար տասնամյակների քաղաքականությունը ժխտողականությունն էր։ Սակայն մեր Սփյուռքի, իսկ ապագայում նաև պետության ջանքերը Հայկական հարցը վերջապես դարձրեցին այնպիսի գործոն, որը սկսեց Թուրքիայի դեմ աշխատել անգամ Հայաստանի ու հայության կամքից անկախ։ 2008-ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Աբդուլա Գյուլի իշխանությունը մեծ հույս ուներ, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով ու սահմանները բացելով կարող է չեզոքացնել նաև Հայկական հարցի գործոնը, սակայն երբ պարզ դարձավ, որ միջազգային մեծ աղմուկ հանած այդ գործընթացը որևէ կերպ չի ազդելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև այդ զսպաշապիկից ազատվելու Անկարայի ցանկության վրա, Թուրքիայի իշխանությունները ետ կանգնեցին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններից։
Ի հակառակ Թուրքիայի՝ Հայկական հարցից ձերբազատվելու բոլոր ջանքերի, պաշտոնական Երևանը հետզհետե մեծացնում էր Հայոց ցեղասպանության՝ որպես Թուրքիայի վրա ճնշելու և նրանց ագրեսիվ քաղաքականությունը զսպելու գործոնը։ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքում, Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը ջախջախիչ պարտություն կրեց։ Նույն թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Այդ ամենի արդյունքում Հայաստանը կարողացավ կարևոր դերակատարում ստանձնել համաշխարհային քաղաքական օրակարգերում՝ մենք դարձանք մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունն արտահայտող հիմնական ուժը։ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում այդ ժամանակ ընթացող ցեղասպանական զարգացումների լույսի ներքո սա անասելի մեծ առաքելություն էր, որը, փաստորեն, ողջ միջազգային հանրության կողմից դրվեց հենց հայկական պետության ուսերին։ Այս փաստը միջազգային հարաբերություններում Հայաստանը տեղափոխում էր միանգամայն այլ մակարդակ, որտեղ կարելի էր քաղաքական ճիշտ հաշվարկված քայլերով անվտանգային բավական լուրջ խնդիրներ լուծել մեր ժողովրդի համար։ Եվ այդ գործը հաջող ընթացքի մեջ էր ընդհուպ մինչև 2018-ի հեղաշրջումը։
2018-ից սկսած Հայաստանում և մեր հարևանությամբ ամեն ինչ սկսեց արագ փոխվել։ Հայաստանի նոր իշխանությունները բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում ոչնչացրին նախկին տասնամյակների ընթացքում ձևավորված անվտանգային բոլոր համակարգերը՝ այդ թվում Հայկական հարցի՝ Թուրքիայի ակտիվությունը զսպող գրեթե ողջ պոտենցիալը։ Փաշինյանի կառավարությունը դադարեց սպասարկել համահայկական և անվտանգային կարևորություն ունեցող օրակարգերը՝ ողջ ուժեր կենտրոնացնելով երկրի ներսում սեփական իշխանությունն ամրապնդելու՝ իրենց համար կարևոր խնդրի վրա։ Այդ ընթացքում նրանք նույնիսկ հանցավոր համաձայնության եկան Ադրբեջանի իշխանությունների հետ, որի հետևանքով թշնամին սեփական առաջնագիծն ուժեղացնելու և հայկական հենակետերի նկատմամբ գերակա դիրքեր ունենալու հնարավորություն ստացավ։ Իսկ ապագայում՝ 44-օրյա պատերազմի նախաշեմին, պաշտոնական Երևանը ոչինչ չարեց, երբ Թուրքիան ամենաբարձր մակարդակով ինքն իրեն ադրբեջանա-արցախյան հակամարտության կողմ հռչակեց։ Այդ պահից սկսած Անկարայի համար պարզ դարձավ, որ Հարավային Կովկաս ներխուժելու լավ հնարավորություն է ստեղծվել իր համար, ինչից և վերջիններս օգտվեցին 2020թ. պատերազմի ընթացքում։
Հայկական հարցը, սակայն, դրանով չի կորցրել իր կարևորությունը հայկական պետությունների անվտանգության ապահովման համար։ Ճիշտ է՝ այդ գործոնը հիմա թուլացած և գրեթե չեզոքացված է, սակայն ճիշտ քաղաքականության պարագայում այն կրկին կարող է իր ուրույն դերը ստանձնել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային համակարգում։ Մանավանդ, որ Թուրքիայի ակտիվությունը զսպելու օրակարգը շարունակում է նույնքան կարևոր մնալ Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպայի համար, որքան այն կար մինչ 2018-2020թթ. իրադարձությունները։ Պարզապես անհրաժեշտ է, որ հայկական պետությունը կրկին սկսի զբաղվել իր ազգային օրակարգերով և դադարեցնի ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու փորձերը։ Իսկ դրա համար Հայաստանում պետք է իշխանություն փոխվի։ Միայն այդ պարագայում մեր երկիրը սեփական անվտանգային համակարգերը վերականգնելու նոր շանս կստանա։
Հրանտ Մելիք-Շահնազարյան