44-օրյա պատերազմ. Թուրքիայի 30 տարվա պայքարի արդյունքները

Այսօր Հարավային Կովկասն արդեն չի դիտարկվում որպես Ռուսաստանի բացառիկ ազդեցության գոտի: Թուրքիան վերջին երկու տարվա ընթացքում դիվանագիտական և ռազմական ուժի համադրության շնորհիվ դարձել է Հարավային Կովկասի կարևոր դերակատար: Եվ այժմ էլ բավականին պրոակտիվ քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեռք բերած ազդեցությունը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և թե՛ տնտեսական առումով մեծացնելու համար:

Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը նորություն չէ: Խորհրդային Միության փլուզումը Թուրքիայի համար բավականին հետաքրքրիր հեռանկարներ բացեց Հարավային Կովկասում և Միջին Ասիրայում իր ազդեցության տարածման համատեքստում: Սակայն Ղարաբաղյան առաջին պատերազմը Թուրքիային որոշակի սահմանափակեց իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ կանգնեցնելով ընտրության առջև Ադրբեջանի և Հայաստանի միջև: Անկարայի ընտրությունն ակնհայտ էր:

Ղարաբաղյան Առաջին պատերազմի ընթացքում ևս Թուրքիան հնարավոր բոլոր եղանակներով փորձել է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, սակայն իր համար ցանկալի արդյունքի չի հասել պայմանավորված ավելի մեծ խաղացողների` Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ: Առաջին պատերազմի արդյունքում Թուրքիայի ձեռքբերումը, թերևս, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկվելն էր, որը, սակայն, դիվանագիտական մեծ ազդեցություն չէր ենթադրում, քանի որ միջնորդությամբ զբաղվում էր գլխավորապես Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների:

Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին ակներև էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ: Սակայն Ապրիլյան պատերազմի արդյունքներով ևս Թուրքիան իր համար ցանկալի արդյունքը չունեցավ: Թուրքիայի հիմնական ձեռքբերումը, թերևս, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կոնտակտային խմբի ձևավորումն էր, որն առանձնակի գործնական ազդեցություն կարգավորման գործընթացի վրա չէր կարող ունենալ: Ապրիլյան պատերազմում ևս Թուրքիայի գործողությունների ազատությունը բավականին սահմանափակ էր պայմանավորված Ռուսաստանի հետ այդ ժամանակ ունեցած բավականին լարված հարաբերություններով, Վաշինգտոնի` տարածաշրջանային քաղաքականությամբ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների իրավապայմանագրային հիմքով և հայ-ռուսական քաղաքական երկխոսության բարձր մակարդակով:

2015 թվականի վերջին Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչը խոցելու հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի հաղթահարումը, ինչպես նաև ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը, որն առանձնապես կենտրոնացած չէր Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա, թույլ տվեցին էրդողանին իրականացնելու բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ նպատակ ունենալով Թուրքիան դարձնել տարածաշրջանային ինքնուրույն խաղացող:

Այս առումով առանցքային կարևորություն ունի Սիրիայում Անկարայի վարած քաղաքականությունը: Չնայած Ռուսաստանի և Իրանի հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցում միմյանց հակառակ մոտեցումներին՝ Անկարան, դառնալով Աստանայի ձևաչափի անդամ, կարողացավ սիրիական հակամարտությունում իր ներգրավվածությանը տալ կառուցողական երանգներ՝ այդ կերպ ստիպելով այլ դերակատարների հաշվի նստել Սիրիայում իր կարմիր գծերի հետ և ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում:

Սիրիայում համագորակցության այս հաջող փորձը հաշվի առնելով՝ ակնհայտ էր, որ Անկարան, ինչպս նաև Աստանայի ձևաչափի մյուս անդամները չէին կարող չդիտարկել սիրիական սցենարն այլ տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում կիրառելու հնարավորությունը:

Թուրքիան Հարավային Կովկասում ակտիվանալու անթաքույց հայտը ներկայացրել էր 44-օրյա պատերազմից շատ ավելի վաղ: Խոսքը մասնավորապես 2018 թվականից հետո բավականին ինտենսիվ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին է: Ուժի ցուցադրությունն արվում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար:

Սա չի նշանակում, որ Թուրքիայում մտածում էին Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման մեջ մտնելու մասին: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար Սիրիայում համագործակցությունը բավականին կարևոր է իրենց առաջնային շահերի տեսանկյունից և միանշանակ էր, որ կողմերն ամեն ինչ անելու են այդ համագործակցությունը հնարավորինս հարցականի տակ չդնելու և զինված առճակատման չգնալու համար: Ավելի շատ Թուրքիան այդ զորավարժություններով պաշտոնական Մոսկվայի համար աստիճանաբար ընկալելի էր դարձնում Հարավային Կովկասում իր հավակնություններ ունենալու հանգամանքը:

Սակայն Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացման համար ուղղակի զորավարժությունները բավարար չէին: Հարկավոր էր տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը հնարավոր էր գլխավորապես ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում: Թուրքիայում չէին թաքցնում Ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում տալու մտադրությունը: Թուրքիայի ԱԳ նախարարը բացահատ հայտարարում էր, որ Անկարան Բաքվին ամբողջական աջակցություն կցուցաբերի «ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանին» (1):

Դիվանագիտական գործիքակազմով Բաքվին օժանդակելու Թուրքիայի հնարավորությունները 44-օրյա պատերազմից առաջ շատ սահմանափակ էին: Թուրքիան չուներ ո՛չ կառուցողական, ո՛չ ապակառուցողական դիվանագիտական ուղղակի գործիքակազմ Հայաստանին և Արցախին որոշակի զիջումներ պարտադրելու համար: Ունեցած ողջ զինանոցը կիրառել էր դեռ 1990-ականներին՝ հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և միակողմանիորեն փակելով հայ-թուրքական սահմանը: Ինչ վերաբերում է անուղղակի գործիքակազմին, ապա Թուրքիան մշտապես շատ ակտիվորեն առաջ է մղել ադրբեջանական շահը միջազգային հարթակներում:

Նման իրավիճակում ակնհայտ էր, որ Բաքվին իրական օժանդակություն ցուցաբերելու, արդյունք ունենալու համար Անկարային անհրաժեշտ է առնվազն ուժեղացնել դիվանագիտական գործիքակազմը: Դրա համար Անկարան ուներ փորձված եղանակ՝ կիրառել ապակառուցողական ռեսուրս՝ դառնալով հակամարտության կողմ, այնուհետև կառուցողականություն ցուցաբերել՝ բանակցային սեղանի մոտ ամրապնդվելու համար: Այս պրակտիկան Թուրքիան արդեն հաջողությամբ կիրառել էր Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում և այլն:

Թուրքիայի համար 44-օրյա պատերազմի մեջ ներգրավվելու իրավական հիմքեր էր ապահովում 2010 թվականին Բաքվի և Անկարայի միջև կնքված Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագիրը, որը նախատեսում էր «հնարավոր բոլոր միջոցներով» օգնության տրամադրում երրորդ երկրի կողմից ագրեսիայի դեպքում:

Քաղաքական առումով Թուրքիան իր ներգրավվածությունը բացատրում էր 2020 թվականի հուլիսին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ: Մասնավորապես, թուրք բարձրաստիճան պաշտոնյանները հայտարարում էին, որ իբր թե Տավուշի իրադարձությունների թիրախում Բաքու-Ջեյհան նավթամուղն էր, ուստի, Թուրքիան չէր կարող գործնական քայլեր չձեռնարկել իր էներգետիկ անվտանգություննն ապահովելու համար:

Արդյունքում Թուրքիան 44-օրյա պատերազմին ունեցավ հնարավոր առավելագույն ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական մասնակցությունը: Ավելին, երբեմն նույնիսկ Ադրբեջանի փոխարեն էր որոշում կայացնում՝ գնալ հրադադարի, թե՝ ոչ: Եվ սա առավել քան բնական էր. Թուրքիան ոչ միայն զենք, այլ նաև Մերձավոր Արևելքից վարձկաններ էր մատակարարոմ ռազմական գործողությունների գոտի, թուրք զինվորականներն ակտիվ մասնակցում էին ռազմական գործողություններին, դրանց պլանավորմանը: Ուստի, Անկարային անհրաժեշտ էր պատերազմի այնպիսի արդյունք, որը հնարավորություն տար մի կողմից մարսելու իր այդ ապակառուցողականությունը, մյուս կողմից՝ ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության, այլ ողջ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ հետագա քննարկումներում ունենալ որոշիչ ձայն (2):

Պատերազմի արդյունքներով պետք է փաստել, որ Թուրքիայի դրած նպատակը կյանքի կոչվեց: Թուրքիան բավականին մեծ ազդեցություն ձեռք բերեց Ադրբեջանի վրա, որի հաղթանակն առանց Անկարայի նման միջամտության բավականին բարդ կլիներ: Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը երբեմն նույնիսկ հատում է նրա սուբեյտկայնության սահմանը: Այս փաստն ինքնին մեծացրեց Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա: Ընդ որում, Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանի հաղթանակում ամրապնդել է Անկարայի դիրքերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Միջին Ասիայում և իսլամական աշխարհում ընդհանրապես:

Մյուս կարևոր խնդիրը, որը Թուրքիան լուծեց Ղարաբաղյան հակամարտությունում իր ներգրավվածության ֆիքսումն՝ ի դեմս հրադադարի պահպանման ռուս-թուրքական մոնիտորինգային խմբի ձևավորման, որը տեղակայվեց Աղդամում (3):

Պետք է նշել, որ Մոսկվայում Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավվածությունը մեծացնելու քաղաքականությանն առանձնապես կտրուկ չէին հակազդում, քանի որ այն ենթադրում էր Հարավային Կովկասում Արևմուտքի դերակատարման համապատասխան նվազեցում: Իսկ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ բանակցելը, իր կարմիր գծերը պահելը շատ ավելի հեշտ է, հատկապես, որ Հայաստանի հետ չկարգավորված հարաբերություններն էականորեն զսպում էին տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է Աստանայի ձևաչափով մյուս կողմին՝ Իրանին, որը ևս Հարավային Կովկասում լուրջ հետաքրքրություններ ունի, ապա Թուրքիան Ադրբեջանի հետ միասին քիչ ջանք չի գործադրել Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելու համար: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական տանդեմը տարաբնույթ մեթոդներով օգտագործում էր Իրանի թյուրքական ազգաբնակչությանը Թեհրանի գործողությունները 44-օրյա պատերազմում կաշկանդելու համար, ինչի հետևանքով Թեհրանի իրական ազդեցությունը գործընթացների և հետևաբար նոր ստատուս-քվո ունեցող տարածաշրջանի վրա էականորեն թուլացավ:

Թուրքիայի մյուս կարևոր ձեռքբերումը պատերազմի արդյունքներով թուրքական զինատեսակների՝ մասնավորապես «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հեղինակության բարձրացում է՝ այդ թվում նաև իր հաշվի հայկական կողմի հայտարարությունների, որ իբր այդ ԱԹՍ-ները գրեթե անխոցելի են (4): Պատերազմից հետ Թուրքիան «Բայրաքթարների» ակտիվ վաճառք է իրականացնում՝ այդ թվում նաև եվրոպական երկրներին:

Սակայն Թուրքիայի համար կարևոր ձեռքբերումը, որը դեռևս կյանքի կոչված չէ, ըստ թուրք պաշտոնյաների, նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (5) Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ուղիների մասին պայմանավորվածություն է: Սա թույլ կտա իրականացնել թուրքական վաղեմի երազանքը Միջին Ասիայի թյուրքական երկրներին ցամաքային ուղով կապվելու մասին:

Էդողանի հիմնական ընտրազանգվածի՝ ազգայնականների համար սա, թերևս, լուրջ հաջողություն է և, ըստ էության, նրանք, հետևաբար նաև Էրդողանը, հատկապես 2023 թվականի նախագահական ընտրություների նախաշեմին հնարավորինս հետևողական են լինելու այդ կետի կյանքի կոչմանը:

Սակայն Թուրքիան, ինչպես և ակնկալվում էր, չէր կարող բավարարվել պատերազմի արդյունքներով ստացած ազդեցությամբ: Պատերազմից հետո Թուրքիան հնարավոր բոլոր եղանակներով ընդգծում է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր բնույթը. շարունակվում են համատեղ զորավարժություններ, բավականին ակտիվ փոխայցելություններ են իրականացվում բարձր մակարդակում, Անկարան միջազգային իր գործընկերների հետ հանդիպումներում փորձում է ոչ միայն լեգիտիմացնել իր ներգրավվածությունը պատերազմին, այլև Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը և հրադադարից հետո Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները: Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր որակը, դա ավելի խորացնելու քաղաքականությունը, որն ապրապնդվեց երկու երկրների միջև 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված, ապա նաև Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված և պարտադիր իրավական ուժ ստացած Շուշիի դեկլարացիայիով (6) Թուրքիայի՝ տարածաշրջանում ազդեցության մեծացման ամենամեծ գրավականներից է:

Մյուս կարևոր գրավականը, որը կապահովի տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացումը, բնականաբար, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Նախ Թուրքիան փորձեց Հայաստանի հետ երկխոսություն հաստատել՝ Ադրբեջանի հետ համատեղ առաջարկելով ձևավորել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը՝ հարավկովկասյան երեք երկրների(Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և տարածաշրջանային հիմնական դերակատարների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցությամբ: Այս ձևաչափը մի կողմից լեգիտիմացնում էր պատերազմի արդյունքներով ձևավորված նոր ստատուս-քվոն, մյուս կողմից Թուրքիայի համար որոշակիորեն մեղմում էր իր տարածաշրջանային ազդեցության մեծացման համար այն սահամանփակումները, որոնք առաջացնում էր Հայաստանի հետ երկխոսության բացակայությունը, Հայաստանի նկատմամբ թուրքական թարմ ագրեսիան:

Սակայն, ինչպես պարզվեց, 2020 թվականի աշնանը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված թշնամական գործողությունները, որոնք իշխանությունները որակում էին որպես հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակություն, պատերազմից անմիջապես հետո նույն իշխանությունները հաջողությամբ մարսել էին, և պատրաստ էին Թուրքիային «դրական ազդակներ» հղել հարաբերությունները կարգավորելու համար՝ չնայած շարունակվող հարկադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականության:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացն ինքնին մեծացնում է Թուրքիայի դերակատարումը տարածաշջանում: Թուրքիայում արդեն խոսում են Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու մասին՝ այդ կերպ փորձելով մրցակացել տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի դերակատարման հետ (7):

Բնական է, որ հարաբերությունների կարգավորման կամ այդ ուղղությամբ շոշափելի առաջընթացի արդյունքում մյուս դերակատարների հետ մրցակցելու Թուրքիայի հայտը շատ ավելի հիմնավոր է լինելու՝ հատկապես, որ զուգահեռաբար տարվում է գործընթաց Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում նվազեցնելու ուղղությամբ՝ ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության, ռուսական միջնորդական ջանքերի հետևողական հեղինակազրկման, ինչին էլ ավելի ռեզոնանսային էֆեկտ է ստանում ներկայիս աննախադեպ սուր աշխարահաքաղաքական իրավիճակում:

Այս իրավիճակը Հայաստանի համար խնդրահարույց է այնքանով, որ Թուրքիան և մասնավորապես Թուրքիայի ներկայիս իշխանությունների հենասյունը՝ ազգայնական զանգվածը, մշտապես Հայաստանը համարել են կոկորդում խրված ոսկոր իրենց պանթյուրքական ծրագրերն իրականացնելու ճանապարհին: էրդողանը, ով փորձում է Թուրքիայի պատմության մեջ ավելի արժեքավոր հետագիծ թողնել, քան Մոստաֆա Քեմալը, բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում իր այդ նպատակին հասնելու համար, բնականաբար փորձելու է ամեն ինչ անել այդ ոսկորից ազատվելու և թյուրքական աշխարհն իր առաջնորդության ներքո միավորելու համար:

Հասմիկ Վարդանյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ

——————————————

Հղումներ

  1. https://www.trthaber.com/haber/gundem/bakan-cavusoglu-hem-sahada-hem- masada-ne-gerekiyorsa-yapacagiz-463974.html
  2. European Parliament resolution of 11 March 2021 on the Syrian conflict – 10 years after the  uprising, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2021-0088_EN.html?fbclid=IwAR2EYjalIjp9TW_S6vDJhJXYNJ14Ya7b7L1Y0j1T6Aw_Wk PTupW4G7Sq-yA
  3. В  Карабахе  открылся  российско-турецкий  мониторинговый  центр https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10584995?utm_source=ru.wikipedia.org&utm_medium=referral&utm_cam paign=ru.wikipedia.org&utm_referrer=ru.wikipedia.org
  4. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2786093221711055&id=1378368079150250
  5. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/
  6. Шушинская декларация о союзнических отношениях между Азербайджанской Республикой и Турецкой Республикой, www.kavkaz-uzel.eu/articles/365007/
  7. Анкара может провести встречу глав МИД Азербайджана и Армении — Чавушоглун https://regnum.ru/news/polit/3550897.html

Կապված նյութեր