Փաշինյանի բացահայտումները։ Ի՞նչ է տեղի ունենում բանակցային գործընթացում

Փաշինյանն ընդունելի է համարում Արցախի ցանկացած կարգավիճակ։ Ի՞նչ է քննարկվում հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին։ Կլինի՞ արդյոք խաղաղության դարաշրջան։ Փաշինյանի քաղաքական թիմի խոստումներն ու իրականությունը։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տեղեկագիրը։

Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, որոնք լույս են սփռում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս զարգացումների վրա։ Անդրադառնալով խնդրին և մեկնաբանելով բանակցային գործընթացի նախընթաց շրջանի իրողությունները՝ Փաշինյանը վերջում ասել է, որ. «եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը» (1):

Շարունակելով միտքը կառավարության ղեկավարն արձանագրել է. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար» (2)։

Ասվածը նշանակում է պարզ բան՝ ՀՀ իշխանություններն ընդունելի են համարում Արցախի գտնվելն Ադրբեջանի կազմում, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունը դեմ է գնում ՀՀ բոլոր իշխանությունների, այդ թվում նաև այս, մինչ այս պահը հռչակած պաշտոնական բոլոր դիրքորոշումներին։ Հիշեցնենք, Փաշինյանի Կառավարության 2021-2026թթ. ծրագրում հստակ նշված է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա» (3)։

Նույն նպատակն էր արձանագրված նաև Ն. Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ մասնավորապես նշված է. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից» (4)։

Այսպիսով, ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց, ՀՀ ներկայիս իշխանությունները ետ են կանգնում ոչ միայն իրենց նախընտրական խոստումներից, այլ նաև Կառավարության ծրագրում հաստատված դրույթներից և հայտարարում, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքն՝ առանց որևէ սահմանափակումների այլևս առաջնահերթություն չէ իրենց համար։ Ավելին, Փաշինյանը լուծում է համարում նաև Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ պարզապես նշելով, որ այդ դեպքում պետք է երաշխավորված լինի տեղի հայության անվտանգությունը։

Նշենք, որ ի համեմատություն Փաշինյանի հայտնի ապրիլյան ելույթի (5), որտեղ նա պնդում էր, թե միջազգային հանրությունը Հայաստանին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ, նախօրեի ելույթում Փաշինյանը փաստորեն ևս մեկ քայլ արեց և հայտարարեց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է դրան, այլ արդեն իսկ իջեցրել է այդ նշաձողը: Այս լույսի ներքո կարևոր է հիշեցնել, որ ապրիլյան ելույթից հետո հանրության շրջանում առաջ եկած դժգոհություններին ի պատասխան իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասում էին, որ դա ընդամենը միջազգային հանրության պահաշնջն է և որ Հայաստանը դրա հետ կապված որևէ քայլ չի արել։ Իսկ նախօրեին ահա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ու միջազգային հանրության այդ պահանջն ընդունելի լուծում է Հայաստանի համար։

Ընդ որում, այս հարցում անորոշ է մնում, թե ինչ ասել է միջազգային հանրություն և այդ հանրության կոնկրետ ո՞ր ներկայացուցիչներն են պահանջում Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այս հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև մինչ օրս արցախյան հիմնախնդրով զբաղվող միջազգային հանրության միակ լեգիտիմ մարմինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն, իր բոլոր հայտարարություններում նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա՝ ա) ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում; բ) ինքնորոշման իրավունք և գ) տարածքային ամբողջականություն: Իսկ հիմա ստեղծվում է մի իրավիճակ, երբ այդ սկզբունքներից առաջինն ադրբեջանական կողմը խախտել ու անպատիժ է մնացել, երկրորդը մոռացվել է ու միայն գործում է երրորդը, որը լիարժեք հակասության մեջ է հայ ժողովրդի կենսական շահերի հետ։

ՀՀ վարչապետի համար ընդունելի այդ լուծումը՝ Արցախի ցանկացած կարգավիճակը, միայն թե լինեն արցախահայության անվտանգության երաշխիքներ, առավել անհասկանալի է նախօրեին նրա հնչեցրած մյուս հայտարարության ֆոնին, համաձայն որի ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա։

«Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը (6)։

Այսինքն, Ն. Փաշինյանի կուսակցության և կառավարության նաև այս խոստումը՝ խաղաղության դարաշրջանի բացումը, որևէ կերպ երաշխավորված չէ և դա նույնպես պետք է ընկալել որպես սոսկ ցանկություն և ոչ թե ծրագրավորված գործընթաց։

———————————

Հղումներ

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, 15.06.2022թ., https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/06/15/Nikol-Pashinyan-Speech/#photos[pp_gal_1]/3/։

2. Նույն տեղում։

3. Ծրագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության (2021-2026թթ.), էջ 15, https://www.gov.am/files/docs/4586.pdf։

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիր, 2021թ., Արցախի հիմնախնդիր, https://www.civilcontract.am/hy/1619349203։

5. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը, 13.04.2022թ., https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/04/13/Nikol-Pashinyan-Speech/։

6. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, 15.06.2022թ., https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/06/15/Nikol-Pashinyan-Speech/#photos[pp_gal_1]/3/։

Կապված նյութեր