2015թ. երկրորդ կեսից սկսած մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր նախագիծ է մշակել, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»։ Ըստ որոշ դիվանագիտական և փորձագիտական աղբյուրների, Լավրովի պլանը նախատեսում էր Արցախի Հանրապետության հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանը պետք է անդամակցեր ԵԱՏՄ-ին, իսկ Արցախը ստանար ամուր միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ։ Մեծ հաշվով, սա բանակցային գործընթացի տարբեր ժամանակներում արված առաջարկություններից բաղկացած մի ծրագիր էր, որի հիմնական նորությունը վերաբերվում էր հետկոնֆլիկտյան տարածաշրջանի նոր կոնֆիգուրացիաներին։ Մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցմանը, տարբեր մակարդակներում տնտեսական և կոմունիկացիոն համագործակցությունների հաստատմանը և ԵԱՏՄ շրջանակներում արցախյան հարցի հետզհետե կարգավորմանը։
Չնայած այն փաստին, որ թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմը պաշտոնական մակարդակում բազմիցս հերքել են «Լավրովի պլանի» գոյությունը, այնուամենայնիվ նույն այդ աղբյուրներից եկող ոչ պաշտոնական տեղեկությունները, ինչպես նաև վերջին տարիների զարգացումները, ցույց են տվել, որ նման նախագիծ իսկապես եղել է, այն ակտիվ քննարկվել է ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև և մերժվել պաշտոնական Երևանի կողմից։
Իսկ քննարկվել է Լավրովի պլանը 2015թ. նոյեմբերի 9-ին՝ ՌԴ արտգործանախարարի երևանյան այցի պաշտոնական մասի ավարտից հետո։ Ըստ իմ տեղեկությունների, 2015թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարական ամառանոցներում գտնվող ՀՀ աարտգործնախարար Է. Նալբանդյանի տանը, գինու հյուրասիրության ազատ միջավայրում, Լավրովը փորձում էր համոզել Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին, որ Արցախի ազատագրված շրջանների մի մասը պետք է հանձնել Ադրբեջանին՝ փոխարենը խոստանալով տարիների ընթացքում լուծել Արցախի մնացած հատվածի խնդիրն այնպես, որ երկու հակամարտող կողմերն էլ իրենց բավարաված զգան։ Այդ գիշեր Լավրովը ոչ մի հաջողություն չունեցավ հայ գործընկերների հետ զրույցում։ Իսկ հետո, ըստ ամենայնի, որոշվեց այդ պլանը կյանքի կոչել առանց հայկական կողմի համաձայնության…
Իհարկե, կարելի և պետք է շատ խոսել այն մասին, թե ինչու և ինչպես նախապատրաստվեց 2020-ի 44-օրյա պատերազմը: Սակայն այս հոդվածում մենք կանդրադառնանք այսպես կոչված Լավրովի պլանում առկա մեկ այլ խնդրի՝ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հնարավորությանը: Հիմա, երբ Արցախի տարածքների մեծ մասը նվաճված է Ադրբեջանի կողմից, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ երկիրը պատրաստ է անդամակցել ԵԱՏՄ-ին։ Կստանա՞ արդյոք Ռուսաստանը այն, ինչին ձգտում է արդեն ավելի քան յոթ տարի։ Ի վերջո, ի՞նչ նոր կարգեր կհաստատվեն մեր տարածաշրջանում։
44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը։ Որքան էլ տարածաշրջանային տերությունները ձևացնեն, թե դա այդպես չէ, միևնույն է իրականությունը մեր տարածաշրջանում հիմնովին փոխվել է 2020-ի վերջին։ Փոխվել է ուժերի հարաբերակցությունը, փոխվել են կոնֆլիկտների զսպման մեխանիզմները, փոխվել են տարածաշրջանային պետությունների ձգտումներն ու ախորժակները, փոխվել են հարևան տերությունների շահերը ու հնարավորությունները։ Այդ փոփոխություններն էլ ավելի ակնհայտ դարձան սույն թվականի փետրվարի վերջում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն հետևանքով։ Հիմա արդեն պարզ է և ռուսական դիվանագիտական ու փորձագիտական շրջանակները դա այլևս չեն էլ փորձում թաքցնել, որ Հարավային Կովկասում՝ ի դեմս Թուրքիայի ի հայտ է եկել նոր մեծ և ուժեղ դերակատար։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ տարածքներ ստանալու փոխարեն ԵԱՏՄ-ին նախկինում անդամակցելու պատրաստ Ադրբեջանը հիմա արդեն ընտրության հնարավորություն ունի։ Եվ այդ ընտրությունը, կարծես, կատարված է։
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին Թուրքիան և Ադրբեջանը միավորել են երկու երկրների էլեկտրոնային կառավառությունների (e-devlet և e-gov) համակարգերը։ Սա նշանակում է, որ եթե, օրինակ, Թուրքիայում գտնվող Ադրբեջանի քաղաքացուն որևէ պետական տեղեկանք անհրաժեշտ լինի, նա կարող է դիմել թուրքական e-devlet համակարգին և ստանալ համապատասխան տեղեկանքը։ Նույնը Թուրքիայի քաղաքացիները կարող են անել Ադրբեջանում։ Իսկ ավելի վաղ Անկարան և Բաքուն հայտարարել են, որ երկու պետությունները միավորում են վարորդական իրավունքի տրամադրման իրենց համակարգերը։ Այսինքն, Թուրքիայի քաղաքացիները հիմա հանգիստ կարող են վարորդական իրավունք ստանալ Ադրբեջանում, իսկ ադրբեջանցիները՝ Թուրքիայում։
Եվ սա դեռ ամենը չէ։ Հայտնի փաստ է, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց զինված ուժերը կառավարման և համակարգման միևնույն ստանդարտներին են համապատասխանեցնում։ Այս գործընթացը սկսվել է 44-օրյա պատերազմի նախօրեին և հետևողականորեն շարունակվում մինչ օր։ Իսկ վերջերս էլ Ադրբեջանում բացվել է թուրք-ադրբեջանական ռազմական բուհ։ Համատեղ պլանավորում, համատեղ զորավարժություններ, միասնական նպատակներ և այլն։ Ահա այն ամենը, ինչ այսօր կատարվում է ադրբեջանական զինված ուժերում, որոնք փաստացի հանձնված են Թուրքիայի ենթակայությանը։
Այս ամենը բխում է 2021թ. հունիսի 15-ին Շուշիում Ալիևի և Էրդողանի կողմից ընդունած համատեղ հռչակագրի ոգուց ու դրույթներից։ Երկու պետությունները մեկտեղում են իրենց բոլոր կարողությունները, նույնականացնում ներքին և արտաքին քաղաքականությունն ու, ըստ էության, հանդես գալիս որպես մեկ պետություն։ Իսկ սա նշանակում է, որ ԵԱՏՄ համար Ադրբեջանում այլևս տեղ չկա։
Իրավիճակը փրկելու ռուսական կողմի փորձը՝ այս տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանի հետ ստորագրված դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, մեղմ ասած, համոզիչ չի թվում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ավարտի ձգձգման յուրաքանչյուր օրվան զուգընթաց ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի ու ավելի են խնդրահարույց դառնում Մոսկվայի համար։ Հիմա արդեն Կրեմլում ստիպված են լսել, հանդուրժել իսկ հաճախ նաև ենթարկվել Ադրբեջանից օր օրի ավելի հանդուգն տոնով հնչող հայտարարություններին ու պահանջներին։ Եվ սա մի իրողություն է, որը Մոսկվան այլևս չի կարողանում թաքցնել։
Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում և ի՞նչ սպասել ռուս-ադրբեջանական ու ռուս-թուրքական հարաբերություններից։
Վերջին շրջանում քաղաքական և փորձագիտական շրջանակները շատ են քննարկում միջազգային հարաբերություններում հաստատվող նոր աշխարհակարգի ապագա հնարավոր ֆորմատները։ Ըստ տարածված գնահատականների՝ միաբևեռ աշխարհակարգին փոխարինելու է գալիս այսպես կոչված բազմաբևեռ համակարգը, որտեղ իրար են բախվում տարբեր դաշինքների շահերը։ Եվ սա մի գործընթաց է, որն այլևս անկասելի է թվում։ Ուստի, ամենևին էլ տարօրինակ չէ, որ հատկապես անվտանգային խնդիրներ ունեցող երկրները փորձում են հնարավորինս շուտ կողմնորոշվել և հասկանալ, թե ձևավորվող նոր բևեռներից որին են հարելու։ Խնդիրը պարզապես նրանում է, որ ներկայումս ձևավորվում են աշխարհաքաղաքական շատ ավելի բևեռներ, քան կարելի էր կանխատեսել աշխարհակարգի վերափոխման գործընթացի սկզբում։
Աշխարհաքաղաքական նոր բևեռ է փորձում ձևավորել նաև Թուրքիան։ Եվ սա մեր տարածաշրջանի վերջին տարիների կարևոր նորություններից մեկն է։ Այդ բևեռի հիմքը, դատելով Անկարայի արտաքին քաղաքականությունից, թյուրքալեզու պետություններն էն լինելու։ Բայց ոչ միայն այդ երկրները։ Թուրքիան ակտիվ քաղաքականություն է վարում իր հարակից բոլոր տարածաշրջաններում և ամեն տեղ դաշնակիցներ կամ ազդեցության մեխանիզմներ է փնտրում։ Եվ անում է դա մեծ հաջողությամբ։ Ուստի կարելի է ասել, որ թյուրքական աշխարհաքաղաքական բևեռի ձևավորման գործընթացը հաջողության հասնելու մեծ հնարավորություններ ունի։ Ընդ որում, ամեն ինչ հուշում է այն մասին, որ նոր համախմբումը կարող է կայանալ ճիշտ այն նույն մեխանիզմներով, որոնցով այսօր կայանում է ԵԱՏՄ-ն։ Այլ խոսքերով ասած՝ Էրդողանն այսօր իր սեփական «ԵԱՏՄ»-ն է ստեղծում, որտեղ Ադրբեջանին անկյունաքարային դերակատարում է հատկացվում։ Իսկ եթե այս ամենին գումարենք նաև այն փաստը, որ Ռուսաստանի և Թուրքիայի կենսական շահերի տարածաշրջաններն ու ոլորտները հիմնականում հատվում են, կարելի կլինի ենթադրել, որ երկու այդ աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցակցությունը, իսկ հաճախ նաև հակամարտությունը, անխուսափելի են։
Բայց դա ապագայում։ Իսկ ներկայիս զարգացումները դեռևս այլ տրամաբանությամբ են ընթանում. Թուրքիան և Ռուսաստանը, կարծես, փորձում են կիսել այն, ինչ հնարավոր է կիսել։ Քննարկումների առարկա է նաև Հարավային Կովկասը։ Եվ հիմա շատ կարևոր է պարզել՝ զիջե՞լ է արդյոք ռուսական կողմը Ադրբեջանը Թուրքիային։ Թե՞ Անկարան պարզապես օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի համար առաջացած խնդիրներից։ Իսկ կարող է Պուտինն ու Էրդողանը համաձայնել են կիսե՞լ տարածաշրջանը։ Այդ դեպքում ի՞նչ է սպասվում Արցախին և ինչպե՞ս կպաշտպանվեն այլ տարածաշրջանային երկրների, օրինակ Իրանի շահերը։ Այս հարցերը պետք է մնան հայ հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Եվ դրանց հետ կապված լուծումներ պետք է մշակվեն նաև Երևանում։ Հակառակ պարագայում Հայաստանը կկորցնի անգամ ռուսական աշխարհաքաղաքական բևեռին՝ որպես ինքնուրույն սուբյեկտ միանալու վերջին հնարավորությունները։ Իսկ դա կոչվում է պատմության ավարտ…
Հրանտ Մելիք-Շահնազարյան