Արդեն 45 օր է, ինչ Արցախը շրջափակված է. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանի հետ կապող միակ՝ «կյանքի ճանապարհը»: Արցախ չի մատակարարվում ոչինչ, անգամ բավարար քանակի պարենային մթերք, դեղորայք, մանկական սնունդ: Խանութները դատարկ են, վաճառքում եղած մթերքը հատուկենտ է, միրգ-բանջարեղենը դարձել է ճոխություն, նպարեղենը խիստ սահմանափակ քանակությամբ վաճառվում է միայն կտրոններով: Հիվանդանոցներում չեղարկված են պլանային վիրահատությունները, հրատապ բուժման կարիք ունեցողները զգում են դեղորայքի սուր պակաս, մահվան դեպք արձանագրելուց հետո միայն հնարավոր է դարձել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան, այն էլ միայն Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ: Ցրտաշունչ ձմռանը գազն անջատված է, էլեկտրաէներգիայի համար սահմանված է հովհարային անջատումների գրաֆիկ` Ադրբեջանի կողմից էներգակիրների մատակարարումը ապահովող խողովակների և էլեկտրալարերի պարբերաբար միտումնավոր վնասման հետևանքով: Չկա վառելիք, փակ են բենզինի և գազի լցակայանները: Արցախցին այսօր կյանքի և մահվան կռիվ է տալիս:
Կյանքն Արցախում իսկապես չափազանց ծանր է, սակայն բոլոր այս դժվարությունները կարող են բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային բանակցային օրակարգում և վերածվել Արցախի սուբյեկտայնության վերականգմանն ուղղված լուրջ հնարավորության:
Ի՞նչ ունենք կարգավիճակի հարցում պատերազմից հետո: Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը բաց քննարկելը կարծես յուրատեսակ տաբու լինի Հայաստանի իշխանությունների համար: Թե՛ ներքին լսարանի և թե՛ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում խոսվում է միայն «խաղաղության դարաշրջանի» և այս կոնտեքստում` խաղաղության պայմանագրի մասին: Արդյո՞ք այդ պայմանագրում կա հստակեցում Արցախի սուբյեկտայնության պահպանման և հիմնահարցի` ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծման մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական փաստաթղթերից հետզհետե դուրս մղվեցին ինքնորոշման իրավունքի մասին հիշատակումները, իսկ պատերազմից հետո այս մասին չնշվեց և ոչ մի փաստաթղթում, ինչպես նաև դատելով Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանրային խոսքի բառամթերքից` կարելի է եզրակացնել, որ ոչ՝ Արցախի կարգավիճակի մասին բաց չի խոսվում, ավելին` հաճախ ուղղակիորեն նշվում է Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորը լինելու անհնարինության մասին:
Պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ և դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և այլ պաշտոնյաների միջև տարբեր ձևաչափերով անցկացված հանդիպումների ժամանակ քննարկված, բանակցված, ձեռք բերված բանավոր և գրավոր պայմանավորվածություններում հստակ չկա արձանագրված և ոչ մի դրույթ` Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակի մասին: Եվ եթե ժամանակ առ ժամանակ Սփյուռքում գործող մեր կազմակերպությունների հետևողական աշխատանքի ջանքերով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Եվրոպայում և այլուր տեղի էին ունենում Արցախին աջակցող միջոցառումներ, ռուսական կողմից ժամանակ առ ժամանակ հնչում էին մտքեր, որ պետք է կյանքի կոչել եռակողմ հայտարարության դրույթները` «սուր քաղաքական հարցերը» թողնելով հետագայի համար, իսկ վերջերս նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիռկինը հնչեցրեց, որ ճիշտ կլինի «Արցախի կարգավիճակի հարցը թողնել սերունդներին», ապա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո (Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը` Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին այդպես էլ բանաձև մնաց, նաև ռուսական կողմը դադարեց խոսել այդ մասին` հղում անելով Փաշինյանի և Ալիևի ուղղակի պայմանավորվածություններին:
Այս ֆոնին Ադրբեջանը կոշտացնում է պնդումն առ այն, որ իբր Ղարաբաղի խնդիրը լուծված է, իսկ Արցախում ապրող հայերի հետ խոսելն Ադրբեջանի ներքին հարցն է: Երբ սրան գումարում ես Նիկոլ Փաշինյանի ասածը, թե Արցախը պետք է ինքը բանակցի Ադրբեջանի հետ, պատկերը բավականին պարզ է դառնում և մռայլ` Փաշինյանը հրաժարվել է Արցախից: Այլ պարագայում, թողնելով բանակցությունները Արցախին, նա առնվազն պետք է ճանաչեր Արցախի անկախությունը և հետո նոր դիտարկեր նրա` Ալիևի հետ առանձին բանակցությունների հնարավորությունը:
Ելնելով այս ամենից՝ պետք է մտածել, թե ի՞նչ հնարավորություն է ստեղծում բլոկադան: Արցախն ընտրեց ադրբեջանական շանտաժը մերժելու և իր ու իր քաղաքացիների կյանքի իրավունքն ի ցույց աշխարհին դնելու դժվար ճանապարհը: Մեկ ամիս ու կես է, ինչ մեր հասարակությունը լծվել է Ադրբեջանի այս հակամարդկային աղաղակող հանցագործությունը տարածելու և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելու գործին: Բնապահպանական պահանջներով շղարշված ադրբեջանական ակցիայի փուչիկը պայթեց Արցախի կողմից շատ գրագետ քայլի շնորհիվ` Կաշենի հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կանգնեցվեց, և Արցախը հրավիրեց միջազգային բնապահպան փորձագետների` տեղում իրավիճակին ծանոթանալու և Ադրբեջանի տարածած «բնապահպանական աղետի» վարկածը հերքելու համար: Հանքավայրի շահագործման դադարեցումից հետո բլոկադան շարունակվեց, փայլուն կերպով ապացուցելով, որ խնդիրը քաղաքական է, և բնապահպանությունը սին մի պատրվագ է, որ օգտագործվում է ճանապարհը փակելու և Արցախը հայաթափելու համար:
Աշխարհի տարբեր երկրներում սկսեցին խոսել 120 000 շրջափակված հայերի մասին, ովքեր ապրում են իրենց թեկուզ և չճանաչված, բայց պատմական հայրենիքում: Հայտնի հայեր սկսեցին Արցախի կողքին լինելու մասին գրառումներ և կոչեր անել, մեծ լսարան ունեցող հայազգի «կարծիք-կերտողներ» զանազան կերպով պատմեցին աշխարհին Արցախի մասին: Նրանց միացան միջազգային ճանաչում ունեցող աստղեր, և միայն ֆրանսիացիների ակցիան բերեց այնպիսի հնչեղություն, որ օրերս նախագահ Մակրոնն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին: ՄԱԿ-ի Անվատանգության խորհուրդը քննարկեց Լաչինի միջանցքի հարցը, Եվրոպական պարլամենտն ընդունեց Ադրբեջանին դատապարտող բանաձև, ԵԱՀԿ Խորհրդի հատուկ նիստ գումարվեց, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քննարկելու է Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը տարածեց հայտարարություն, որով կոչ արվեց Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը, ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել ուղարկելու դիտորդներ, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Կարմիր խաչի հետ միասին կարողանում են անցկացնել սակավաքանակ մարդասիրական պարենային ապրանքներ և առաջին անհրաժեշտության դեղորայք: Իսկ սա նշանակում է, որ աշխարհը կրկին սկսեց խոսել Արցախի մասին և արձանագրվեց, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ: Այս ամենը կարող է հիմք հանդիսանալ միջազգային բանակցային օրակարգում Արցախի սուբյեկտայնության բարձրացման և ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության համար: Գրագետ և հետևողական աշխատանքի արդյունքում սա հնարավոր է: Որքան էլ զավեշտալի հնչի, Արցախը, ազատվելով Հայաստանի ներկա իշխանություններից իր կախվածությունից, ստացել է հնարավորություն:
«Պաշարված ամրոցի ղեկավարը»
Բավականին հետաքրքիր է այս նոր իրողության մեջ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի կերպարը: Նա շատ արագ ճգնաժամային կառավարումը վերցրեց իր ձեռքը և վստահ սկսեց կազմակերպել արցախցիների առօրյայի քիչ թե շատ բնականոն ընթացքը: Միայն այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանի նշանակման առաջին իսկ օրվանից թուրքական երկու պետություններն անթաքույց կերպով լծվել են նրա անձի դեմ պայքարին, խոսում է այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը խառնում է թուրքական օրակարգը: Արցախում կազմակերպված համազգային հանրահավաքին իր խոսքում նա հաստատակամ պնդում է, որ արցախցիները մնալու են իրենց երկրում ապրելու, որ չնայած դժվարություններին, բոլորը միասին մինչև վերջ պայքարելու են: Միջազգային ճանաչում ունեցող ալիքներին տրված նրա հարցազրույցներում (BBC Hard Talk, РБК, RTVi) նա ուղերձ է հղում աշխարհին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար, կրկին ամրապնդում է օրակարգից դուրս մնացած կարևորագույն կետը` Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որի իրացման հիման վրա պետք է լինի հիմնախնդրի լուծումը:
Բնականաբար, նա ոչ ցանկալի անձ է և խոչընդոտ «թուրքական երազանքի» կատարման գործում, ուստի և նրան չեզոքացնելու ցանկացած քայլ կարող է լուրջ մարտահրավեր լինել այսօր Արցախի համար: Ներարցախյան խմորումները և ազդեցության գոտիների բաժանումները Արցախում կարծես թե հանդարտվեցին, մնում է հուսալ, որ այս բլոկադան իրապես կդառնա հնարավորություն` բեկում կմտցնի մինչ այդ Արցախի շուրջ սեղմվող օղակից ազատվելու և Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման հարցում:
Նաիրա Կարապետյան