Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության շարժառիթները

Իրանին վերաբերող խնդիրների շուրջ ստեղծված իրավիճակը բավական հետաքրքիր է՝ այդ գործընթացում Ադրբեջանի ներգրավվածության տեսակետից, որը Իսրայելի հետ միասին դառնում է հակաիրանական տրամադրությունների հիմնական գաղափարական գեներատորներից մեկը։

Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից խաղարկված արյունալի թատրոնը (էթնիկ ազերի-թուրքի կողմից Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակում) դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հակաիրանական մերկապարանոց դեմարշի մեկնարկի ազդարարը։

Միանգամից նշենք, որ հակաիրանական տրամադրություններ Ադրբեջանում միշտ են եղել, սակայն մինչ վերջերս դրանք զսպվում էին որոշակի կարմիր գծերի սահմաններում։ Իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել և դուրս է եկել նոր հակմարտության մակարդակի։

Այսպես, ադրբեջանական դեսպանատան վրա հարձակումից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն որոշել է «չլսել» իրանական կողմի բացատրությունները և էվակուացնել դեսպանատան աշխատակիցներին Իրանից։

Իսկ հետո «զարմանալի» զուգադիպությամբ ադրբեջանական դեսպանատան աշխատակիցների ՇՏԱՊ էվակուացիայից հետո նույնաբովանդակ որոշում կայացրեցին նաև Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, և նույն գիշերը իսրայելական «անհայտ ԱԹՍ-ները» հարվածեցին իրանական ռամական ենթակառուցվածքներին։

Ադրբեջանում սկսվեցին խիստ հակաիրանական գործողություններ։ «Իրանական գործակալների» ձերբակալությունների ալիք բարձրացավ, Պետական անվտանգության ծառայությունը մտավ պրոիրանական մեդիառեսուրսների խմբագրությունները, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունները մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին Իրանի հոգևոր առաջնորդների հասցեին սպառնալիքներով լի վիրավորական նյութեր թողարկել, իսկ Կովկասի մուսուլմանների վարչության (կեղծ շիիթական կազմակերպություն, որը գործում է ադրբեջանական հետախուզության հովանու ներքո – Ա.Ա.) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Իրանի հոգևոր առաջնորդներին «Իսլամի դավաճաններ» կոչեց։

Այս ամենը, իհարկե, տեղի է ունենում թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավարների ուղիղ ցուցումով։

Սակայն հարցն այլ է՝ ինչու՞ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում նման ինքնասպանության։

Միանգամից նշենք՝ առանց երաշխիքների Ալիևը չէր համարձակվի անգամ խեթ նայել Իրանի ուղղությամբ։

Հետևաբար ինչու՞ է այս ամենը տեղի ունենում և ո՞վ է երաշխիքներ տվել Ալիևին։

Պատասխանն ակնհայտ է՝

– Ադրբեջանը, լինելով Իսրայելի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ և ԿԱՌԱՎԱՐԵԼԻ մասը, ՊԱՐՏԱՎՈՐ է տեղավորվել հակաիրանական թրենդի մեջ, քանզի ժամանակին իր սուբյեկտայնության մի մասը փոխանակել է Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայում Իսրայելի աջակցությամբ։

– Թուրք-ադրբեջանական տանդեմը Իրանի հյուսիսային շրջանները դիտարկում է որպես պան-թուրանական նախագծի մաս և չի թաքցնում այդ տարածքների հանդեպ իր նկրտումները։

– Ադրբեջանը փորձում է առավելագույնս «կապել Իրանի ձեռքերը» և խոչընդոտել թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի հարավային շրջանների հնարավոր անեքսիայի դեմ Իրանի հակազդեցությանը։

– Ադրբեջանի իշխանություններն Ալիևի ռեժիմի համար բացահայտ սպառնալիք են տեսնում «իսլամական հեղափոխության»՝ դեպի իրենց տարածք հիպոտետիք արտահանման մեջ։ Ի դեպ, դրա համար Ադրբեջանում պարարտ հող կա։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է շիիթական գաղափարախոսության ազդեցության տակ գտնվող թալիշներին (իրանական ժողովուրդ), որոնք կոմպակտ բնակվում են Ադրբեջանի հարավում։

Այս ամենի ընդհանրությունը բացատրում է ալիևյան իշխանության վարքագծի հակաիրանական կողմնորոշումը։ Սակայն կան նաև այլ գործոններ, որոնք մենք հետագայում մանրամասն կդիտարկենք…

Շարունակությունը շուտով։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Կապված նյութեր