Իրանը մշտապես սերտ հարաբերություններ է հաստատել և պահպանել Հարավային Կովկասի ժողովուրդների հետ: Սակայն այդ հարաբերություններում Հայաստանի հետ հարաբերությունները առանձնանում են՝ պայմանավորված մի շարք գործոններով․ դրանք են՝ ավանդական բարիդրացիական, բնական հարևանություն, հարաբերությունների դեպի ռազմավարականի ձգտում, պատմամշակութային կապեր, փոխադարձ տնտեսական, աշխարհաքաղաքական և անվտանգային շահեր:
Վերջին շրջանում տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրադրությունը միջազգային փորձագետների կողմից գնահատվում է որպես ճգնաժամային։ Մինչ Հայաստանում հասարակական ուշադրությունը սևեռված է ներքաղաքական օրակարգի վրա, մեր սահմաններից ոչ այնքան հեռու տեղի են ունենում Հայաստանի համար լուրջ ռազմաքաղաքական և տնտեսական սպառնալիքներ պարունակող իրադարձություններ։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները։
Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Հարևան երկու երկրների՝ Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի կողմից տնտեսական և տրանսպորտային շրջափակման պայմաններում Հայաստանի համար էլ ավելի է կարևորվում է Իրանի` որպես դեպի Ասիա և Միջին արևելք ռազմավարական նշանակության ճանապարհ ապահովող երկրի դերը: Չնայած, 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գեղեցիկ փաթեթավորմամբ առաջ է «տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում» եզրույթը, բայց, կարծում եմ, իրականում հասկանալի է, թե դա իրենից ինչ է ներկայացնում և ինչ վտանգներ ու ռիսկներ է պարունակում Հայաստանի համար։
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ հավաքական Արևմուտքը հստակորեն իրականացնում է Իրանի դիվականացման ծրագիրը, և փորձում է Իրանն արտաքին աշխարհին ներկայացնել որպես վատի, չարի մարմնացում։ Այս պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին ազդեցիկ հայկական սփյուռք և հեղինակավոր հայկական լոբբի կա աշխարհի տարբեր երկրներում, այն Թեհրանի համար կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի դեմ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների և Թեհրանի միջև։
Բացի այդ, Հայաստանի տարածքը, որպես հարևան և Իրանի հանդեպ բարեկամական րամադրված երկիր, Իրանի համար նույնպես կարող է կարևոր միջանցք հանդիսանալ դեպի Հյուսիս (Վրաստանով) և հետագայում դեպի Ռուսաստան դուրս գալու համար։ Այս ճանապարհն ակնհայտ շահավետ է Իրանի համար՝ հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում էապես մեծացել է Թուրքիայի ազդեցությունը և ներկայությունը, որը տարածաշրջանում ձգտում է ԻԻՀ նկատմամբ հասնել գերակայության գրեթե բոլոր՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և որ ամենակարևորն է ններկայումս Թեհրանի համար՝ կրոնական ասպեկտներում։ Թուրքիայի ակտիվությունը Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս համար խիստ վտանգավոր է նաև այն առումով, որ ԻԻՀ հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանցիների շրջանում կան որոշակի լուսանցքային խմբեր և խմբակներ, որոնք աչքի են ընկնում պանթյուրքական հայացքներով։ Այս խմբակներն ԻԻՀ համար ներքին անվտանգության տեսանկյունից որոշակի ռիսկեր են պարունակում իրենց մեջ, քանի որ ուղղորդվում են Արևմուտքից Անկարայից, Բաքվից և Թել Ավիվից ու տանում են հստակ անջատողական քարոզչություն։ Այս ամենը հաշվի առնելով, բնական է, որ պաշտոնական Թեհրանը չի կարող չանհանգստանել Թուրքիայի զգալի ակտիվությունից և ներկայունից Հարավային Կովկասում։
ՀՀ անկախությունից սկսած, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց պաշտոնական Թեհրանը միշտ հայացքն ինչ-որ առումով հառել է մոսկվային։ Իրանում շատ լավ հասկանում են Երևանի և Մոսկվայի ավանդական հարաբերությունները, և Հայաստանը դիտարկում են որպես ռուսական ազդեցության գոտի։ Պետք է նշել որ 2020թ․ պատերազմից հետո Հայաստանում իրավիճակը փոխվել է, հայտնվել են նոր խաղացողներ, որոնց առկայության պարագայում Թեհրանի հետ ապագայում հարաբերությունները կառուցելիս Երևանն ավելի շատ է ստիպված լինելու հայացքը գցելու այդ նոր խաղացողների կողմը և գնալով ավելի քիչ խուսանավելու հնարավորություն է ունենալու։
Այս առումով այլ է Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ԻԻՀ իշխանությունները փորձում են իրենց ներկայությամբ, ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությամբ հակակշռել միանգամից մի քանի ուժերի՝ 1) իսրայելական, 2) բրիտանական, 3) թուրքական, որը կտրուկ մեծացել է 2020թ․ պատերազմից հետո։ Այստեղ մոսկվան ավանդականորեն չունի այն ներկայությունը, և այն չի դիտարկվում որպես ՌԴ ազդեցության գոտի։ Սակայն այստեղ էլ հսկայական է Անկարայի ազդեցությունը։ Ներկայումս, կարելի է ասել, գրեթե ավարտին է հասել թուրք-արբեջանական միացյալ բանակի ստեղծումը, որը լուրջ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Թեհրան-Բաքու հարաբերությունները դիտարկելիս անպայմանորեն պետք է հաշվի առնել կրոնական, Բաքվում առկա իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների, Իրանի նկատմամբ բնակչության մի որոշակի հատվածի համակրանքի, Իրանի նկատմամբ պատմական հայրենիքի հիշողության և մի շարք այլ գործոններ։
Իրանի հարաբերությունները Բաքվի հետ զարգանում եմ այլ հունով և տեմպով, սակայն վերջին շրջանում ԻԻՀ-Բաքում հարաբերություններում կտրուկ սառեցում է նկատվել, որը պայմանավորված է առաջին հերթին Բաքվի թշնամական գործողություններով ԻԻՀ դեմ։ Ինչքան էլ Թեհրանը փորձում է տարածաշրջանում հավասարակշռված և բալանսավորված քաղաքականություն վարել, միևնույնն է Ադրբեջանը չի կարող նույն կերպ պատասխանել, քանի որ այդ պետությոան հիմքը, ատաղձը, հիմնասյուներից մեկը հակաիրանականությունն է, մյուսը՝ հակահայկականությունը։ Հանենք այդ ամենը, կկազմալուծվի այդ արհեստական պետությունը։ Մյուս կողմից, եթե Բաքուն շատ էլ ուզենա չի կարող Իրանի հետ ջերմ հարաբերություններ հաստատել, քանի որ այդ երկրում Թուրքիան, Իսրայելը և Բրիտանիան այնքան են տարրալուծվել Բաքվի ողջ պետական համակարգում, որ անհնար են դարձնում Իրանի հետ լավ հարաբերությունների կառուցումը։
Լրացուցիչ բարդություններ է ստեղծում նաև ուկրաինական պատերազմը, որը խառնել է բոլորի խաղաթղթերը։ Ներկայումս Մոսկվան իր դիրքերը ժամանակավորապես զիջել է Հարավային Կովկասում՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Առաջացել է ինչ-որ առումով վակուում, որը փորձ է կատարվում լրացվել այլ խաղացողների կողմից։ Այս հարցում բավական ակտիվ դերակատարություն է ստանձնել Թուրքիան, որը 2020 թ. Արցախյան պատերազմում, կարելի է ասել, զենքի ուժով պարտադրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Բնականաբար, երբ ասում ենք Թուրքիան, ապա պետք է նկատի ոնենալ Արևմուտքին, որովհետև նախ՝ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ՝ այլ դեմքով, քան Թուրքիան է այս տարածաշրջանում ներկայանալը հարմար չէ գրեթե ոչ մի Արևմտյան խաղացողի, հետևաբար Թուրքիան բավականին լավ ընտրություն է Արևմուտքի համար, որը կարող է պայքարել ինչպես ՌԴ, այնպես էլ ԻԻՀ դեմ, մանավանդ, որ ունի Արևմուտքի լիակատար աջակցությունը։ Ներկայիս Թուրքիան ստացել է գործելու էլ ավելի մեծ ազատություն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն իրողությունները։
Մյուս կողմից սա շատ լավ հնարավորություն է Թեհրանի համար խորացնել հարաբերությունները հարավկովկասյան երկրների հետ, հաշվի առնելով այն փաստը, որ առնվազն այդ երկրներից մեկում՝ Հայաստանում Իրանը ընկալվում է որպես բարեկամ պետություն և պատրաստ է տարբեր հարթություններում համագործակցել ու խորացնել հարաբերությունները։ Մյուս պետությունը՝ Բաքուն, գործում է ակնհայտ թշնամական ռեժիմով և իր տարածքը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով տրամադրում է Իրանի համար թշնամական պետություններին՝ Թեհրանի դեմ ամենատարբեր գործողություններն իրականացնելու համար, սա էլ իր հերթին հարմար առիթ է Թեհրանի համար տարածաշրջանում էլ ավելի խորացնել հարաբերություններն իր համար բարեկամ պետությունների հետ։
Ահարոն Վարդանյան