Դուխո՜վ…

Ուղերձ՝ հաղթանակած հեղափոխությանը

Դե ինչ, շնորհավորում եմ հեղափոխության հաղթանակը։ Եվ եթե երբևէ ես նույնպես ասեմ. «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվել եմ», ապա դա կանեմ՝ անկեղծ երջանիկ լինելով։

Իսկ մինչ այդ, հիշեցնեմ նրանց, ովքեր, իրենց իսկ հավաստիացումներով, կազմում են հայ ժողովրդի 99 տոկոսը, որ 25-ամյա դարաշրջանը, երբ դուք միայն քննադատել եք իշխանությանը՝ միևնույն ժամանակ ոչ մի բանի համար պատասխան չտալով, վերջապես, ավարտվեց։ Եվ թեկուզ ձեր ընտրյալը հասցրեց սերտորեն համագործակցել նրա հետ, ով, հատկապես, ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանին այս 25 տարիների ընթացքում, այսօր՝ նրա հաղթանակի օրը, ես նրա անցյալի մասին չեմ խոսի։ Այլ կխոսեմ ձեր/մեր ապագայի մասին։

Այսպիսի արտահայտություն կա. «Զգուշացեք ձեր ցանկություններից, դրանք մի օր կարող են իրականություն դառնալ։ Այնպես որ, զգուշանալու համար ուշ է, ձեր ցանկությունն արդեն իրականացել է։ Հեղափոխությունը (այսօր կատարվածը հենց այդպես կանվանեմ՝ ձեր սիրած բառով, չնայած այդպես չեմ կարծում), որին դուք անձամբ եք հասել Երևանում և մարզերում, ջերմորեն ողջունում էին Մոսկվայում, Լոս Անջելեսում, Կիևում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում՝ ու ոչ միայն այդ օրերին, այլև տարիներ շարունակ, վերջապես հաղթանակեց։ Հիմա եկել է ձեր ասածների համար հստակ գործերով պատասխան տալու ժամանակը։ Եվ խոսքը միայն այն մասին չէ, թե դուք ինչ եք անելու ապագայում։ Խոսքն այն մասին է՝ ինչ պետք է անեք արդեն այսօր։

Բոլոր այս տարիների ընթացքում դուք ակտիվ կերպով և գործնականում առանց կանգ առնելու արտագաղթի համար քննադատել եք իշխանություններին՝ որպես փախուստի և երկրում ապրելու անհնարինության պատճառ մատնանշելով տխրահռչակ «արյունոտ ռեժիմը», որը թույլ չէր տալիս հայրենիքում բացահայտել ձեր պոտենցիալը, ներդնել ձեր գիտելիքներն ու փորձը, որը ուղեփակում էր ձեռնարկատիրական նախաձեռնությունները… Հիմա այդ ռեժիմը տապալվել է։ Ձեր պայքարը փայլուն հաջողությամբ է պսակվել։ Կարելի է ասել՝ ոչ մի խանգարող բան չկա, որ զանգվածային վերադարձ սկսվի դեպի հայրենիք՝ այնպես, ինչպես չի մնացել որևէ խոչընդոտ երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու և ստեղծարար աշխատանքի համար։ Կարծում եմ, որ ձեզնից յուրքանչյուրը ոչ միայն պետք է, այլև պարտավոր է հնարավորինս կարճ ժամկետներում սևեռվել Հայաստանի վրա և ակտիվ մասնակցություն ունենալ նոր, ազնիվ, արդար Հայաստանի կառուցման գործին, այն Հայաստանի, որտեղ բոլորը հավասար հնարավորություններ ունեն, այն Հայաստանի, որտեղ օրենքի գերակայություն է, ինչի մասին դուք բոլորդ երկար տարիներ այդքան երազել, գրել և խոսել եք։

Կարծում եմ՝ դեպի նոր Հայաստան վերադարձի քաղցր ուղին առաջինը պետք է բռնեն օտարերկրյա քաղաքացիություն խնդրողները, ում գործերը ներկա պահին գտնվում են իրենց բնակության երկրի ներգաղթյալների հարցերով զբաղվող մարմնում։ Ավելին, դատելով նորընտիր վարչապետին առաջինը շնորհավորած արատսահմանյան երկրների ղեկավարների շնորհավորանքերից՝ ինքը՝ վարչապետն անձամբ, լիովին կարող է հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ, և վստահ եմ, որ հիշյալ երկրների իշխանություններն ուրախությամբ կաջակցեն հայերի՝ հայրենիք զանգվածային վերադարձի գործընթացին։

Նրանցից հետո վերադարձի ճանապարհին իրենց հաստատակամ խոսքը պիտի ասեն ռեժիմի դեմ տարիներով պայքարած մարդիկ, ովքեր արդեն այլ երկրների քաղաքացիություն ունեն։ Հեղափոխության անվերապահ հաղթանակից հետո, որի մասին այնքան շատ են երազել ու խոսել, նրանք նույնպես բարոյական իրավունք չունեն օտարության մեջ մնալու։ Ի դեպ, այդ հարցում, բացի վերոհիշյալ կառույցներից, աջակցություն կարող են ցուցաբերել նաև խոշորագույն սոցցանցերի ադմինիստրատորները, որոնք պահպանում են իրենց օգտատերերի ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան՝ այդ թվում և հեղափոխական ակտիվության։

Դե իսկ, այն բանից հետո, երբ Հայաստան վերադառնան բոլոր նրանք, ովքեր լքել են հայրենիքը հիշյալ տարիներին, գումարած դրան նաև այդ մարդկանց ժառանգները, որոնք ծնվել են օտարության մեջ, այն ժամանակ արդեն պահը կլինի ձեր հայրենասիրական խոսքն ուղղելու սփյուռքի նախորդ սերունդներին, որոնք նույնպես ակտիվ կերպով աջակցել և մասնակցել են հեղափոխությանը։ Այդ կերպ հաղթանակած հեղափոխության հերթական կարևոր խնդիրներից մեկը պետք է դառնա հայոց պետության բնակչության թիվը նվազագույնը 7-9 միլիոնի հասցնելը:

Այդ համազգային հայրենադարձությունը զուգահեռաբար կլուծի երկրոդ խնդիրը ևս, որը հանդիսանում է նախորդ իշխանությունների բազմամյա քննադատության առարկան՝ Արցախի հանրապետության «գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների» (մեջբերում Փաշինյանի «Հողը սիրելով են պահում, իմացե’ք» վերնագրով հոդվածից) բնակեցման խնդիրը։ Ասենք, կոնկրետ նրանց համար, ում փրփրեցրել է նախկին իշխանությունների կողմից արված անզգույշ և չափազանց ոչ հայրենասիրական՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը, հիմա հնարավորություն է ստեղծվում սեփական օրինակով ապացուցել այդ մտքի սխալականությունն ու դավաճան էությունը՝ անձամբ ձեռնամուխ լինելով հարթավայրային Արցախի սահմանամերձ լայնարձակ հողերի բնակեցմանը։

Բացի այդ, այդ համահայկական հայրենադարձությունը մեկընդմիշտ կլուծի հայկական պետությունների պաշտպանունակությունը։ Կանհետանա Հայաստանի տարածքում մշտապես քննադատվող ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների մշտական ներկայության անհրաժեշտությունը, կչեզոքանան զորակոչի հետ կապված կադրային խնդիրները։ Հայաստանի շարքային քաղաքացիների երեխաները և ամերիկյան դերասանների ու ռեժիսորների, ռուս գրողների ու ֆրանսիացի շանսոնյեների ժառանգները, զենք վերցնելով, Հայոց բանակում միմյանց հետ հավասարապես կկրեն բանակային ծառայության ողջ ծանրությունն ու զրկանքները։

Քանի որ ավելի ու ավելի բարձր են հնչում «քաղբանտարկյալներին» (եթե կարելի է, ես դեռ չակերտներում կգրեմ այդ բառը՝ գոնե քանի դեռ նրանց այդպիսին չեն ճանաչել ազատագրված հայ ժողովրդի համար օրինակ ծառայող արևմտյան համապատասխան կազմակերպություները) ազատ արձակելու կոչերը, նրանք հնարավորություն կստանան հետ վերադարձնելու նախկին ռեժիմի կողմից կորսված /վաճառված/ հանձնված 800 հա հայկական հողերը։ Ազատագրման այդ գործողությանը, հավանաբար, ցանկություն կհայտնեն միանալ նաև վերոհիշյալ «քաղբանտարկյալների» բազմաթիվ երկրպագուները, ովքեր նույնպես 2016թ. այդ փաստի առնչությամբ իրենց հրապարակային վրդովմունքն են արտահայտել՝ աշխարհով մեկ մասնակցելով «Հող հանձնողին հանձնենք հողին» նշանաբանով ակցիային։ Նրանց տվյալները, հավանաբար, նույնպես պահպանվել են սոցցանցերի և վիդեոհոսթինգի տերերի մոտ։

Գործնականում լուծված է նաև Հայաստանի տնտեսական զարգացման հարցը։ Հիմա, երբ երկրում իշխանության է եկել ժողովուրդը (հիշեցնեմ՝ դուք ինքներդ եք պնդում 99 տոկոսի մասին), ոչ մի խոչընդոտ չի մնացել, որպեսզի աշխարհով մեկ տարածված հայկական սփյուռքի բիզնեսներն ու նրանց ֆինանսական ակտիվները տեղափոխվեն հայրենիք և սկսեն ակտիվորեն մեծացնել Հայաստանի տնտեսական աճն ու նրա քաղաքացիների բարեկեցությունը։ Մեջբերում անեմ 2013թ. նախագահական ընտրություններին ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրից, որի հաղթանակը, ինչպես վերջին տարիներին էր ընդունված ասել, «ռեժիմը գողացավ»։

«Իմ նախագահության հենց առաջին տարում ես ստվերից կհանեմ 300 մլրդ դրամի հարկային դաշտը, ինչը թույլ կտա թոշակները բարձրացնել 50 տոկոսով, ինչպես նաև ֆինանսավորել առողջապահությունը, գիտությունը, կրթությունն ու ձեռք բերել ժամանակակից սպառազինություն։ Նման մաքրման ճանապարհով արտասահմանյան ներդրումները կաճեն 600 տոկոսով, ինչը, ներքին կապիտալաներդրման հետ մեկտեղ, բավարար կլինի ամենամյա 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու (1.5 մլրդ դոլար), 200 հազար դրամ աշխատավարձով 180 հազար նոր աշխատատեղ ստեղծելու համար»։

Դրանք, կրկնում եմ, ներքին քաղաքական գործչի խոստումներ էին։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ֆինանսական ռեսուրս կունենա Հայաստանը, եթե համահայկական հայրենադարձությունը հաջող ավարտ ունենա։

Այդ հայրենասիրական խնդիրների լուծումից հետո ինքնստինքյան կենսական խնդիրների սեղան կվերադառնա Արևմտյան Հայաստանը վերադարձնելու խնդիրը։

Զուգահեռաբար Հայաստանում հաջողությամբ կներդրվեն և կադապտացվեն մնացյալ բոլոր ժողովրդավարական ազատությունները։ Իսկ գալիք ապագա փոփոխություների առաջին ծիծեռնակը կդառնա համաշխարհային ռոք երգիչ Էլթոն Ջոնի ելույթը՝ նվիրված Հայկական առաջին հանրապետության անկախության 100-ամյակին։

Իսկ այսօր տոնեք։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հաղթանակի առթիվ։ Դուխո՜վ…

ՊԱՆԴՈՒԽՏ

Հ. Գ. Ստորագրում եմ մեր հարգարժան Պանդուխտի յուրաքանչյուր բառի տակ։ Շնորհավորում եմ հեղափոխության հաղթանակը։ Եվ եթե երբևէ ես էլ ասեմ. «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվել եմ», ապա դա կանեմ՝ անկեղծ երջանիկ լինելով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր