Հայկական «հեղափոխություն». որքա՞ն շուտ կգա սթափեցումը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը շատերի «գլուխն է տարել»՝ այդ թվում և՝ լրիվ առողջ դատող մարդկանց։ Դա ասում եմ առանց սարկազմի կամ չարախնդության, այլ, ուղղակի, որպես փաստ։ Ըստ էության, ես նրանց հասկանում եմ և չեմ դատապարտում։ Մտածել այն մասին, թե ինչ կլինի հետո, ցանկալի չէ, իսկ կողքից էլ ոչ մի փաստարկ չի գործում։ Էյֆորիան ուղղակի թույլ չի տալիս միացնել գլուխը՝ ստիպելով յուրաքանչյուրին, ով տարակարծիք կլինի, մեղադրել ժողովրդին դեմ լինելու մեջ։ Չէ՞ որ ես հենց այնպես չեմ գրել այն մասին, որ սթափությունը ուշ է գալու։ Այն անպայման կգա՝ յուրաքանչյուր մարդու ինտելեկտին համապատասխան։

Այն, որ «հեղափոխությունն» արդյունքում կդառնա իշխանության սովորական վերաբաժանում, անձամբ ինձ համար միշտ պարզ է եղել։ Ոչ միայն ներկայիս իրադարձությունների ընթացքում, ի դեպ, այլ նաև՝ ավելի վաղ տեղի ունեցած նմանատիպ դեպքերի ժամանակ։ Հավանականությունը, որ իշխանության ձգտող «հեղափոխականները» կարող են հաստատել մի ռեժիմ, որի համեմատ նախորդը երանելի կթվա, միշտ էլ բավականին բարձր է լինում։ Քանի որ հեղափոխություները, որպես կանոն, ձեռնտու են նրանց, ովքեր քաղաքական պայքարով իշխանության գալու հնարավորություն չունեն։ Դրա համար էլ նրանք գնում են օրենք են խախտում, զանգվածային անկարգություններ են անում, ոտնահարում են այլոց իրավունքները՝ խոստանալով,, որ իրենց նպատակը օրենքի գերակայությունն է, որը կգա… նրանց իշխանության գնալուց անմիջապես հետո։ Կամ էլ՝ համարյա անմիջապես։ Եվ ժողովուրդը, դեպի լավը փոփոխություն ցանկանալով ոչ թե ամենօրյա տքնաջան աշխատանքով, այլ վայրկենական փոփոխությամբ, հոժարակամ տրվում է այդ էժանագին պոպուլիզմին։ Արդյունքում՝ «թավշյայի» առաջնորդներն առաջին՝ օրենքի «հեղափոխական» ոտնահարումից հետո, շարունակում են այն ոտնահարել, նրա հոդվածները հարմարեցնել, վերափոխել՝ ըստ իրենց պահանջների։ Անօրինականության կունձն աճում է՝ վերածվելով ծուղակի, և արդյունքում ամեն ինչ անդրադառնում է քո շրջապատի վրա՝ միայն լրջորեն դեպի ետ գլորվելով։

Հիմա գլխավոր «հեղափոխականը», ամենևին չամաչելով իրենց իսկ կողմից հռչակված ազատությունները ոտնահարելուց, ժողովրդի անունից ամեն կերպ ձգտում է միանձնյա իշխանության՝ քաղաքացիներին հետագա սաբոտաժի կոչ անելով և սպառնալով՝ խոչընդոտելու դեպքում, «խաղաղ ցուցարաների» օգնությամբ այն ուժով վերցնել։ Այդուհանդերձ, բացահայտ քծնելով նրանց, ովքեր օլիգարխ հանրապետականներից պակաս չեն կողոպտել ժողովրդին։ Ահա օրենքի նման գերակայություն։ Դրա հետ մեկտեղ, մամուլում, սոցցանցերում, փողոցներում և մանկական ուսումնական հաստատություններում բացահայտ և անզուսպ կերպով հալածում են ցանկացած այլակարծիքի։

Թվում էր, թե ոչնչով չի լինի զարմացնել ինձ. ո´չ լիբերալ ճղճղոց-ճվճվոցներով, ո´չ իրենց պարտքը կատարող ոստիկանների վրա թքած ունենալով, ո´չ սոցցանցերում ստի ու զրպարտությունների տարափով, ո´չ սպառնալիքներով, ո´չ կեղտոտ հայհոյանքներով, ո´չ գնդակահարության ցուցակներով, ո´չ բերան փակելով, ո´չ չապացուցված մեղադրանքներով, ո´չ հայտնի սրիկաներից հերոս սարքելով, ո´չ դավաճանությամբ, ո´չ կոլեկտիվ ցնորվածությամբ, ո´չ հանուն «հեղափոխության» արվող զանգվածային անկարգություններով. ո´չ ինֆորմացիան մանիպուլյացիայի ենթարկելով, ո´չ քաղաքացիների՝ սեփական գլուխները լրիվությամբ անջատելով, ո´չ էլեկտորատին վայրի կենդանիների վիճակի հասցնելով։ Ես այդ ամենը բազմիցս եմ տեսել և տեսնում եմ նաև այսօր։

Իսկ ահա տեսաերիզը, որտեղ «հեղափոխական» երիտասարդությունը կամրջի վրայից արմատախիլ է անում լուսացույցը, ինձ, անկեղծ ասած, շատ զարմացրեց։ Հատկապես զարմացրեց ոչ հենց ավազակության փաստը։ Անօրինականության այդ «ուրախ» օրերին մենակ դա չէ, որ կտեսնես։Այլ բան է զարմացրել. շրջապատողների արձագանքը, որոնք, ի դեպ, քիչ չէին։ Ավելի ճիշտ՝ առհասարակ որևէ արձագանքի բացակայությունը։ Իսպառ բացակայությունը։

Կարելի է հասկանալ (բայց չընդունել), երբ տհաս ուղեղներով, բայց հորմոնների կրկնաավելցուկով փսլնքոտները քանդում են իրենց շուրջն եղած ամեն ինչ։ Ես որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանում և շատ ուրիշ բաներ էլ եմ տեսել։ Բայց որ ոչ ոք, նրանց կողքին գտնվող հասուն մարդկանցից ոչ մեկը չպաշտպանի իր փողոցը, շրջանը, քաղաքը, դեռահաս ջարդարարներին գոնե դիտողություն չանի, Հայաստանում նման բանը նախկինում անհավատալի կլիներ։

Դա, ամեն դեպքում, սարսափելի է։ Մանիպուլյատորների և ապականիչների այդ կեղտոտ թաթերն արդեն հասել են մեր երեխաներին՝ նրանց դեռևս չձևավորված գիտակցության մեջ պետական կարգի, ազգային ավանդույթների, մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ անհարգանքի, ամենաթողության սերմեր գցելով։ Իսկ մենք սկսել ենք վախենալ, վախենալ միջամտել, հակադարձել, տեղը դնել չափն անցած անչափահասներին։

Համացանցում մեկը մյուսի հետևից այսպիսի հաղորդագրություններ են տարածվել՝ վրա են տվել, անցորդներին չեն թողել անցնել, ստիպել են ազդանշան տալ, ամենավերջին հայհոյանքներ են տեղացել, չեն արձագանքել խնդրանքներին, դեմքներին ծիծաղել են։

Հիշո՞ւմ եք մեկ այլ՝ դպրոցի վրա հարձակման տեսաերիզը։ Ես հիշում եմ մի երիտասարդ ագրեսիվ մարդու, ով պատրաստ էր հարվածել ամբոխի կանչերին չենթարկվող դպրոցականին, եթե նրան չկանգնեցնեին։ Բայց չէ՞ որ մի անգամ էլ այդ կանգնեցնողը կարող է այդտեղ չլինել, ինչպես չի եղել այն ժամանակ, երբ երիտասարդ քյալլագյոզը սոսնձած համարանիշերով վթարի ենթարկեց մի ընտանիքի, սպանեց մեկ տարեկան երեխային ու շակալի պես փախավ։

Դրանք մեր ու ձեր երեխաներն են։ Իշխանության ձգտող ոչնչությունն անգամ չի էլ փորձում թաքցնել, որ օգտագործում է և կշարունակի օգտագործել մեր երեխաներին՝ իր կեղտոտ նպատակներին հասնելու համար։

Մեծ հաշվով, շատերն են հասկացել, որ այդպես էլ կլինի։ Վերջ ի վերջո, հենց այնպես չէ, որ ձեր խոնարհ ծառայի ֆեյսբուքյան էջն ակտիվ գրոհել էին այն մարդիկ, ովքեր փորձում էին ապացուցել (ավելի շուտ՝ ոչ թե ինձ, այլ՝ իրենք իրենց), որ այն ամենն, ինչ տեղի է ունենում, հրաշալի է։ Իսկ եթե ինչ-որ բան այնքան էլ լավ չէ, ուրեմն «սերժականների» մեքենայություններն են։ Հիմա, սթափեցման մեկնարկին զուգահեռ, գրոհողների այդ հոսքը նվազում է։

Հեղափոխական երիտասարդների, առավելևս՝ դպրոցականների պահանջարկ չկա։ Նրանց համար դա դասերից փախչելու, ուրախ ժամանց անցկացնելու օրինական ճանապարհ է, առանց պատժվելու ավազակություն անելու հնարավորություն։ Իմիջիայլոց, ոչ հենց այնպես, այլ՝ հանուն «հեղափոխության»։ Գերազանց է, չէ՞։ Այդ ամենն ավելի հետաքրքիր է, քան ձանձրալի դասերին նստելը։ Բայց հասուն և առողջ դատող մարդիկ, կախված իրավիճակային զարգացումներից և հեղափոխության տնտեսական հետևանքներից (որոնք դեռ չկան՝ նախկին իշխանության արած գործի շնորհիվ, բայց անպայման կլինեն) կգիտակցեն (շատերն արդեն սկսել են գիտակցել, իսկ որոշներն էլ, եթե անգամ գիտակցել են, բայց ոչ մի կերպ չեն ուզում դա խոստովանել), որ իրենց հերթական անգամ օգտագործել են և մի կողմ նետել։ Որ, ինչպես միշտ, իշխանության են գալիս ոչ թե նրանք, ովքեր անկեղծ ուզում են փոփոխություններ անել ու ջանք չեն խնայում հանուն իրենց հայրենիքի, այլ նոր հին խաբեբաներն ու գողերը։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր