Ամենակարևորն անվստահությունը հաղթահարելն է. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է հայկական լրատվամիջոցների հարցերին։ Voskanapat.info-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հարցազրույցն՝ ամբողջությամբ.

Ինչպե՞ս եք գնահատում վերջին տասնամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։

-Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են։ Այդ եզրույթներն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ Այդ կապերն ընդգրկում են երկու պետությունների գործունեության բոլոր բնագավառներն անխտիր, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությւոնից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական և հումանիտար կապեր, կրթություն և այլն։ 10 տարվա ընթացքում հարաբերությունները, միանշանակ, զարգացել են մեր երկրների նախագահների՝ Վ. Վ. Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի հավատարմական, անմիջական կապերի ներգործությամբ։ Նրանք պարբերաբար տարին մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքներում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակներում:

Ցանկանում եմ առանձնապես ընդգծել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որը, անկասկած, լրացուցիչ շատ հզոր ազդակ հաղորդեց մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը: Բավական է ասել, որ անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016թ. համեմատությամբ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն դոլարի: Դա շատ խոշոր գումար է, չհաշված այն, որ ռուսական մասնակցությամբ՝ կա´մ ռուսական, կա´մ հայ- ռուսական հարյուրավոր համատեղ ձեռնարկություններ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և նպաստում են մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը:

Ռազմատեխնիկական համագործակցությունն, ինչպես միշտ, շատ սերտ է: Ակտիվորեն աշխատող Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովից բացի, մենք ունենք նաև ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով: Նրանք ռիթմիկ աշխատում և լավ արդյունք են տալիս:

Հումանիտար ոլորտը միշտ էլ չափազանց պահանջված է եղել մեր ժողովուրդների կողմից: Նշեմ Ռուսաստանում այս աշնանն անցկացված Հայաստանի մշակույթի օրերը, որի բացմանը 2017թ. հոկտեմբերին մասնակցում էին երկու երկրների նախագահները:

Եթե դիտարկենք կրթության ոլորտը, ապա Երևանում գործում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը: Այնտեղ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների 8 մասնաճյուղերում սովորում է մոտ 3500 Հայաստանի քաղաքացի: Իմ ասածից բացի, մոտ 5500 հայեր էլ սովորում են Ռուսաստանի Դաշնությունում, նրանցից 1500-ը՝ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված պետական կրթաթոշակներով:

Մեր երկկողմ հարաբերություններում վերջին 10 տարում, անկասկած, կայուն և որակական աճ է գրանցվել: Այն համալրվում է արտաքին քաղաքական թատերաբեմում սերտ համագործակցությամբ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ շրջանակում: Ես արդեն հիշատակեցի ԵԱՏՄ-ն, որի լիիրավ անդամ է դարձել Հայաստանը: Իհարկե, լիարժեք կերպով իր արդիականությունը պահպանում է նաև Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ), ինչպես և մեր համակարգված գործողությունները ՄԱԿ-ում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:

Վերջին 10 տարում մեր հարաբերությունները բնորոշող ամեն ինչը չէ, որ թվարկեցի ես, բայց, կարծում եմ, ասվածից կարելի է եզրակացնել՝ որքան հարուստ են մեր կապերը և որքանով են դրանք այս պահին համապատասխանում մեր երկրների շահերին:

-Վերլուծաբանները ենթադրում են, որ 2011թ. Կազանի գագաթնաժողովը կարող էր բեկումնային դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:  Այդ հարցի լուծման համար ապագայում ի՞նչը կարող է հաջողության գրավական դառնալ։

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածքում մեր ջանքերի առաջնահերթություններից մեկն է: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» անդամ է: Այդ մակարդակով մենք ինչպես համատեղ ջանքեր ենք ձեռնարկում մյուս երկու համանախագահների հետ, այնպես էլ փորձում ենք համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ընդունված որոշումների հետ մեկտեղ առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ հատուկ կապերը: Աշխատանքը, որը տարվել է 2009-2011թթ., իսկապես բավականին ինտենսիվ է եղել: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ:

Հերթական հանդիպումը, որը պլանավորված էր Կազանում, իսկապես, թույլ էր տալիս ակնկալել լուրջ դրական արդյունքներ, քանի որ փաստաթղթերի նախագծում, որոնք պատրաստել էր Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հավասարակշռված տեսքով հաշվի էին առնվել, ինչպես մենք էինք կարծում, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Բայց հենց գագաթնաժողովի ընթացքում առաջացան լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դրանից առանձնապես ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ՝ շատ բաներ, որ ներառված էին այսպես կոչված «կազանյան փաստաթղթում», նախկինի պես պահանջված են: Դա հաստատվում է մինչ այժմ Երևանի և Բաքվի արձագանքներով, որոնք հնչում են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող նախագահների, նախարարների և համանախագահների հետ շփումների ժամանակ:

Այդ տարիներին ձեռք բերված որևէ բան, կարծում եմ, կորած չէ: Չնայած, իհարկե, այդ ընթացքում առաջ են եկել որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահներն այժմ առաջ են քաշում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորն անվստահությունը հաղթահարելն է, որը նախկինի պես դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա կենտրոնանալը, որոնք բավականին շատ են: Պարզապես պետք է դրանք հանձնել թղթին, չնայած կոնցեպտուալ կերպով կողմերը համաձայնվում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ ամեն ինչ սկսվում է ձևակերպվել որոշակի ձևակերպումներով, ինչպես որ լինում է այլ իրավիճակներում, առաջ են գալիս բարդություններ: Ես կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և կհասնենք արդյունքների:

-Հայաստանը հաճախ օրինակ են բերում որպես պետություն, որը զարգացնում է հարաբերությունները և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ, և դա անում է իրավաչափ և փոխշահավետ հիմքի վրա: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են հետագայում իրենց շահերը համադրել և համագործակցություն զարգացնել այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն:

-Իսկապես, Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ընդհանրապես անիմաստ չէ հարաբերություններ զարգացնել բոլոր ուղղություններով: Ընդհակառակը, դա շահեկան քաղաքականություն է և շահավետ համապատասխան երկրի համար: Չի կարելի հետխորհրդային տարածքի երկրներին դնել կեղծ ընտրության առաջ՝ կա´մ Արևմուտք, կա´մ Ռուսաստան: Դա միանգամայն գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանին անհրաժեշտ էին ԵՄ-ի հետ այնպիսի հարաբերություններ, որոնք, որպես ստորագրված փաստաթղթերի բաղադրիչ, իրենց մեջ ներառում են ընդունել Հայաստանի իրավունքներն ու պարտավորությունները մյուս ինտեգրացիոն նախագծերում, կարծում եմ, ճիշտ քայլ է: Անկասկած, որպեսզի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մյուս անդամների իրավունքները չոտնահարվեն, որպեսզի նրանց շահերը վնաս չկրեն, շատ կարևոր է, որ Եվրամիությունը հրաժարվի «կամ-կամ» կարծրացած տրամաբանությունից, որն արդեն հանգեցրեց Ուկրաինայում 2014թ. իրադարձություններին: Դա հավասարազոր է նրան, որ համապատասխան ժողովրդից խլես իր բոլոր հարևանների հետ լիարժեք, բոլոր ձևաչափերով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը: Այն ժամանակ միանգամայն գաղափարականացված, քաղաքականացված պատճառներով Եվրամիությունը հնարավոր չհամարեց Եվրասիական տնտեսական միությունը ճանաչել որպես լիիրավ գործընկեր: Այդ կանխակալությունը, նախապաշարվածությունը որոշակիորեն պահպանվում է նաև հիմա: Սակայն Բրյուսելում առաջ են եկել սթափ դատող մարդիկ: Եվ արդեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունն իրենց փորձագետների մակարդակով շփումներ են ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ: Այժմ հետաքրքրություն է դրսևորվում այդ փորձագիտական շփումները դարձնել մշտական: Կարծում եմ, որ դա առաջին քայլն է, քանի որ կյանքն ինքնին մեր եվրոպացի գործընկերներին կստիպի աշխատել Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հետ, որն, ի դեպ, ինչպես և ՀԱՊԿ-ը, այս փուլում գլխավորում է Հայաստանի քաղաքացի: Քանի որ ԵԱՏՄ անդամ-երկրները զգալի թվով իրավասություններ ազգային մակարդակի են հասցրել, ուստի, միանշանակ, բազմաթիվ հարցեր՝ կապված անգամ գործնական առևտրի, առևտրի ոլորտում արվող գործնական քայլերի, ներդրումների հետ, ստիպված ենք լուծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ միասին։

Ես բավականին լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ-ԵՄ հետագա հարաբերություններին: Չնայած այդ ապագան շուտ չի գա, բայց կյանքը կստիպի աստիճանաբար ընդառաջ շարժվել միմյանց: Համոզված եմ, որ Հայաստանի ներկայացուցիչ Տ.Ս. Սարգսյանը, ով գլխավորում է ԵՏՀ Կոլեգիան, կօգնի շարժվել այդ ուղղությամբ:

Կապված նյութեր