Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը (փաստաթուղթ)

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են պատմել հասարակությանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի և այլնի մասին։ Բայց ու՞մ են պատմում։ Մի ժողովրդի, որը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, ամեն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարենային ճգնաժամի գրեթե անհաղթահարելի հետևանքների դեմ և որը ընդամենը մեկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ է ունեցել, բայց որևէ հաջողություն չի տեսել։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ կախված մարդու տանը պարանից չեն խոսում։ Դարերից եկած այս ճշմարտությունն ամբողջությամբ արհամարհվում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը օր օրի ավելի է խորացնում հասարակության և իշխանության հարաբերություններում առաջացած անվստահությունը։

Մյուս կողմից էլ խնդիրներ են առաջացել հենց իշխանության ներսում, որի արմատները հասել են անգամ Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների հիմքերին։ Վերջին ամիսներին ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղված է բանակի ներքին տարաձայնությունները բացահայտող լուրերով, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև ընթացող հակամարտության մասին հրապարակումներով, հատուկ ծառայությունների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկություններով և այլն։ Այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի երկու ամենաազդեցիկ կենտրոնների՝ Փաշաևների կլանի և նախիջևանյան թևի, միջև սկիզբ առած մրցակցությունը, որի պատճառով Իլհամ Ալիևը ստիպված եղավ գնալ քաղաքական վերադասավորումների և ազդեցության գոտիները վերաբաշխելու անհեռանկար և ընդամենը այսօրեական խնդիրները լուծելու ճանապարհով։

Ինչևէ, այս ամենը Ադրբեջանի այսօրվա իրականությունն է, որը, ի հակառակ Ալիևի հռետորաբանության, միանգամայն այլ լուծումներ է պահանջում այդ պետության ղեկավարությից։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, այլև Ադրբեջանի առջև ծառացած մնացած բոլոր խնդիրներին։ Բայց, առաջին հերթին ղարաբաղյան հարցին։ Եվ հենց այստեղ է, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում։ Եթե ուշադիր հետևենք ներադրբեջանական դիսկուրսին, ապա կարելի կլինի նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու և պարտությունն ընդունելու լավ քողարկված պահանջ կա։ Ադրբեջանցիներն այլևս չեն ուզում լսել Ալիևի և նրա թիմակիցների խրոխտ ճառերը։ Գոնե թե այն պահերին, երբ հողին են հանձնվում իրենց տասնյակ զինվորների աճյուններ։ Եվ դա լավ երևում է թե՛ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, թե՛ մամուլի անկումային տրամադրություններից և թե՛ այն մարդկանց խոսքերից, ովքեր ապրում են Ադրբեջանից դուրս և որևե կերպ սահմանափակված չեն իրենց խոսքում։

Այդպիսի մի գործիչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է։ Վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Բավական հետաքրքիր վերլուծություն է, որի մի հատվածը կցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին։

Ահա ներկայացված հատվածի համառոտ թարգմանությունը՝

«Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը – խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռոսաստանի խնդրանոքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։

2 օր անց՝ գլխավոր շտաբի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի ԳՇ պետի հետ, որ դադարեցնեն գործողությունները։ 2 օր անց։ Միգուցե պաշտպանության նախարարն ու Ալիևը հիշողության հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռվից ուշադիր հետևում էի այդ գործողություններին։ 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերյալ, սակայն կրակոցները մեկ ամիս շարունակվել են։ Որը ավարտվել է մայիսի սկզբներին։ Տեղի էին ունենում դիրքային մարտեր։ Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչությանը, առաջնագծում տեղակայված գյուղերն ամբողջովին ավերակի էին վերածել։ Ինչպես հիշում եք, հարյուրավոր տներ են քանդվել։ Տասնյակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել։ Պայմանագրի կնքումից հետո տասնյակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհված զինվորների քանակը գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածության եք դուք եկել։ Ե՞րբ պիտի հրադադարը տեղի ունենար 2 օր անց, թե մեկ ամիս։ Եթե դուք համաձայնության եք գալիս ապրիլինի, ինչու՞ են կրակոցները շարունակվում մինչ մայիսի 7։ Թե՞ դուք կարծում եք՝ բոլորը ձեզ պես հիմար են և ուղեղի հետ խնդիրներ ունեն։ Նորից եմ ասում՝ այդպիսի կորուստներից հետո, առանց ամաչելու դուրս եք գալիս և ազգին այդ եք հայտարարում։ Ուրեմն մինչև վերջ բացատրություն տվեք։ Ինչու՞ է մեկ ամիս շարունակվել։ Այդ ընթացքում են այդքան զոհեր և ավերածություններ եղել։ Բացատրելու՞ եք, թե ոչ։ Շատ հայասըզ մարդիկ եք։ Եթե դուք գիտեիք, որ 2 օրից պիտի դադարեցվեր, հետ էիք քաշվելու, ինչու՞ էիք հարձակման հրաման տալիս։ Ինչու՞ էիք այդքան զինվոր կոտորել տվել։ Իմաստը ո՞րն էր։ Լավ, այդքան սպա ու զինվոր եք զոհաբերել, հիմա ո՞նց եք կարմի֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցույց տալիս։ Իրավու՞նք եք ուզում ձեզ համար ձեռք բերել։ Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս եք գալիս խոսում, բայց չգիտեք ինչ եք ասում։ Խոսելուց էլ իմաստ պիտի լինի»։ 

Նման մեկնաբանություններ և հարցադրումներ Ադրբեջանում շատ կան։ Իսկ ապրիլյան ձախողված պատերազմից հետո Ալիևին և իր վարչակազմին չհավատացող մարդկանց թիվը սնկի պես է սկսել աճել։ Չնայած այս ամենին սակայն՝ Ադրբեջանի իշխանությունները համառորեն պնդում են հասարակության համար հորինված այն սուտը, որին, ըստ ամենայնի, իրենք էլ են սկսել հավատալ։ Հակառակ դեպքում հնարավոր չէ գտնել տրամաբանական որևէ բացատրություն այն քաղաքականությանը, որով առաջնորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը։ Զ. Հասանովի, Ն. Սադիկովի, Ի. Ալիևի հիշողությունները թարմացնելու, նրանց իրականություն վերադարձնելու նոր անհրաժեշտություն է թերևս առաջացել։ Ընդսմին վերոնշյալ պարոնների, ինչու՞ չէ նաև մեր հետաքրքրասեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում շատ հետաքրքիր մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։ Ահա այն՝

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար
գեներալ-գնդապետ Զ.Հասանովին

Հարգելի պարոն նախարար.

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆշ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

ԱՀ բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):

2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո:

3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ
Պաշտպանության Նախարարի Առաջին Տեղակալ
գեներալ-գնդապետ Ն.Սադիկով

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի այս զեկուցագիրը, պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովի վիդեոբլոգից մեջբերված վերոնշյալ հատվածը, ինչպես նաև ադրբեջանական մամուլում և հատկապես սոցիալական ցանցերում մշտապես հանդիպող բազում գնահատականները, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում իրենց քաղաքականության արդյունավետությունը ռեալ գնահատելու լուրջ խնդիր կա։ Միմյանց չխաբելու, հարգելու, սուտը պետական քաղաքականության մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կա։ Մի բան, որից այդքան հետևողականորեն խուսափել է Ալիևի վարչակազմը և որպես արդյունք ստացել պարտվողական տրամադրություններով հասարակություն։ Ժողովուրդ, որն արդեն պահանջում է իրենից ընդունել պարտությունը։ Եվ այդ պահանջն օր օրի ավելի լսելի է դառնում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր