Թերթելով Իոհան Շիլտբերգերի «Ճանապարհորդությունների գիրք» երկի էջերը

Հին աշխարհի, միջնադարի և նոր ժամանակների պատմությունն ուսումնասիրվում է հին և միջնադարյան պատմագիրների, ճանապարհորդների, հնագիտական տվյալների, տարբեր ժամանակագրությունների, մշակութային ժառանգության իրերի հիման վրա: Աղբյուրների արժանահավատությունը և պատմական ճշմարտությունը բացահայտվում են տարբեր սկզբնաղբյուրների և հեղինակների հաղորդումների համեմատության միջոցով:

Անշուշտ, որպեսզի գիտնականները կամ ընթերցողները ճիշտ գաղափար կազմեն սկզբնաղբյուրի վերաբերյալ, այն պետք է ներկայացվի ամբողջությամբ, առանց կրճատումների կամ նորամուծությունների՝ սկզբնաղբյուրը պատմահենների հետապնդած նպատակներին հարմարեցնելու և պատմությունը կեղծելու միտումով:

Սկզբնաղբյուրից հատված հանելու միջոցով պատմությունը կեղծելու մի օրինակի մասին ես դեռևս 1990 թ. գրել եմ «Ինչպե՞ս ենք ներկայացնում Հայաստանը աշխարհին և ինքներս մեզ» վերնագրով հոդվածում՝ «Փյունիկ» թերթում (№ 7, էջ 2), և ««Ժողովուրդների բարեկամության» սկզբունքը և Խորհրդային Միության ազգային քաղաքականությունը-1» ռուսերեն հոդվածում:

Խոսքն այն մասին էր, որ խորհրդային հրատարակիչները Կուրտիոս Ռուփոսի «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» աշխատությունից կրճատել էին այն մասը, որտեղ Արևելքի ժողովուրդների զորքերի թվում հիշատակվում էր նաև հայոց զորքը, իսկ այդ հատվածը ցույց էր տալիս, որ մ.թ.ա. IV դ. Հայաստանն ուժեղ երկիր էր և ուներ Արևելքի հզոր բանակներից մեկը:

Իմ գործնական կյանքի ընթացքում ինձ հանդիպել են հին աշխարհի, միջնադարի և նոր ժամանակների պատմագիրների աշխատությունների այլ խեղաթյուրումներ ևս: Այդ խեղաթյուրումներից մեկի մասին ուզում եմ պատմել առավել մանրամասն:

Խոսքը բավարացի զինվոր Իոհան Շիլտբերգերի (Johann Schiltberger, 1381, Ֆրայզինգ – մոտ. 1440 թ.) մասին է: Իոհան Շիլտբերգերի կյանքի և գործունեության մասին մանրամասն կարելի է կարդալ http://www.vostlit.info կայքում («Восточная литература» վերնագրի և «Ш» տառի տակ):

Նույն տեղում տեղադրված են Շիլտբերգերի «Ճանապարհորդությունների գիրք» երկի երկու հրատարակությունները` ռուսերեն լեզվով, մեկը` 1867 թ. (Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի հրատ., Օդեսա) և մյուսը`1984 թ (Էլմ հրատ., Բաքու): Երկու հրատարակություններն էլ կատարված են Ֆ. Բրունի թարգմանության հիման վրա: Սակայն այդ հրատարակությունների բնագրերի համեմատական նույնության պարագայում նրանք տարբերվում են նրանով, որ 1867 թ. հրատարակությունը շարադրում է Շիլտբերգերի ամբողջ նյութը (67 գլուխ), իսկ 1984 թ. հրատարակությունը՝ միայն 60 գլուխ: Բաքվի հրատարակության ներածությունը գրել է ոչ այլ ոք, եթե ոչ՝ Զ.Բունիաթովը (այսուհետև՝ Զ.Բ.):

Պարզ է, որ սկզբնաղբյուրն` առանց յոթ գլուխների ներկայացնելը, գիտական հանցագործություն է և սկզբնաղբյուրի խեղաթյուրում: Եթե ուսումնասիրողներն իրենց ձեռքի տակ ունենան Շիլտբերգերի գործի Զ.Բ-ի տարբերակը, ապա նրանք չեն կարող ընդհանուր և գիտական պատկերացում ունենալ սկզբնաղբյուրի և այդ յոթ գլուխներում շարադրված իրադարձությունների մասին:

Ինչպե՞ս է բացատրում այդ աղճատումը Զ.Բ.: Բաքվի հրատարակության ներածության մեջ նա գրում է. «Հրատարակության պատրաստելով Ֆ.Կ. Բրունի թարգմանությունը` ես կրճատել եմ նրա «Ճանապարհորդության» այն մասերը, որտեղ գերակշռում են սխոլաստիկ բնույթի անվերջ դատողություններ, կաթոլիկ եկեղեցու փառաբանություններ, որոնք իրենց հերթին ուղեկցվում են Ֆ.Կ. Բրունի նույնպիսի բազմախոս մեկնաբանություններով, ինչը համարյա կրկնակի անգամ մեծացնում է իր հրատարակության ծավալը»:

Այդ մակերեսային բացատրությունը իրավունք չի տալիս աղճատել սկզբնաղբյուրը: Ուսումնասիրողին կամ ընթերցողին չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Զ.Բ., նրանց հետաքրքրում է ձեռքի տակ ունենալ բավարացու ամբողջական աշխատությունը:

Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում Շիլտբերգերի երկի վերջին տասը գլուխների անվանումները (փակագծերի մեջ համարակալումն է` արաբական թվանշաններով – Ս.Ս.):

LVIII (58). Հույների մասին
LIX (59). Հույների դավանության մասին
LX (60). Կոստանդնուպոլսի հիմնադրման մասին
LXI (61). Այն մասին, թե ինչպես են Յասերը տոնում հարսանիքը
LXII (62). Հայաստանի մասին
LXIII (63). Հայերի դավանության մասին
LXIV (64). Սուրբ Գրիգորի մասին
LXV (65). Վիշապի և միաեղջյուրի մասին
LXVI (66). Հայերի հանդեպ հույների թշնամանքի պատճառը
LXVII (67). Այն երկրները, որոնցով ես վերադարձա

Զ.Բ. 58-րդ գլխից կրճատում է բնագիրը` դրանով իսկ աղավաղում Շիլտբերգերի երկը. և ահա ինչպես է նա ներկայացնում վերջին գլուխները.

58. Այն մասին, թե ինչպես են Յասերը տոնում հարսանիքը
59. Հայաստանի մասին
60. Այն երկրները, որոնցով ես վերադարձա

Այդպիսով, կրճատվել է յոթ գլուխ, ընդ որում՝ աղճատվել է նաև դրանց համարակալումը: Ինչպես երևում է կրճատված գլուխների վերնագրերից և բովանդակությունից, նրանցում խոսք անգամ չկա կաթոլիկ եկեղեցու փառաբանության մասին, սակայն այդ կրճատված գլուխները լավ աղբյուր են ընդհանրապես քրիստոնեության և, մասնավորապես, հայ և հույն եկեղեցիների պատմությունն ուսումնասիրողների համար:

Ինչ վերաբերում է «սխոլաստիկ բնույթի անվերջ դատողություններ»-ին, ապա դա Զ.Բ-ի հնարանքն է, որպեսզի ինչ-որ կերպ բացատրի սկզբնաղբյուրի կրճատումը:

Սակայն նա անհետևողական է. եթե նա սկզբնաղբյուրից կրճատել է քրիստոնեության մասին կարևոր տեղեկությունները (իբրև «սխոլաստիկ» – Ս.Ս.), ապա նա պետք է կրճատեր նաև այն ամենը, ինչ Շիլտբերգերն ասում է մահմեդականության մասին, այսինքն՝ կրճատեր 11 գլուխ՝ XLV-ից LV-ը, որտեղ բավարացին մանրամասն խոսում է Մուհամմեդի, մահմեդականների սովորույթների, օրենքների, ծեսերի մասին: Եվ, իհարկե, ճիշտ չէ կրճատել նյութը՝ ո՛չ քրիստոնյաների մասին, ո՛չ մահմեդականների մասին, և ո՛չ ընդհանրապես:

Զ.Բ. կրճատել և աղճատել է ոչ միայն Շիլտբերգերի երկի վերջին մասը, այլև՝ սկզբնաղբյուրի տարբեր գլուխների բնագիրը:

Իբրև օրինակ` կարելի է բերել 1867 թ. հրատարակության LXII գլուխը, որը կոչվում է «Հայաստանի մասին»: Այդ գլուխը պարունակում է 172 բառ, իսկ Զ.Բ-ի տարբերակում այդ նույն գլուխը, որը դարձել է գլուխ 59-րդ, պարունակում է 103 բառ:

Զ.Բ. կրճատել է այդ գլխի այն մասը, որտեղ խոսվում է Ղարաբաղի մասին: Անշուշտ, նա դա արել է նրա համար, որ Շիլտբերգերը (ինչպես և հին աշխարհի, միջնադարի և նոր ժամանակների շատ հեղինակներ) Ղարաբաղը (տվյալ դեպքում՝ Դաշտային Ղարաբաղը – Ս.Ս.) հիշատակում է իբրև Հայաստանի մաս: Իսկ դա ձեռնտու չէ հանրահայտ կեղծարարին: Բացի այդ, այդ նույն գլխում Շիլտբերգերը Հայաստանը հիշատակում է չորս անգամ, իսկ Զ.Բ. թողել է միայն երկուսը:

Շիլտբերգերի բնագրի կրճատման մեկ այլ օրինակ ևս գտնում ենք Զ.Բ-ի տարբերակի 31-րդ գլխում, որտեղ Շիլտբերգերի XXXI գլխի 235 բառերից Զ.Բ. թողել է միայն 72-ը: Եվ գիտե՞ք ինչու, որովհետև այդ գլխի բովանդակության մեջ հիշատակվող անձերից մեկը հայոց հզոր թագավորի որդին է: Ըստ երևույթին` Հայաստանը և հայերը սարսափ և դող են առաջացնում Զ.Բ-ի մոտ, ինչպես` բոլոր անդրթուրքերի:

Եվ, քանի-որ խոսք գնաց Հայաստանի և հայերի մասին, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պարագան, թե քանի անգամ է Հայաստանը հիշատակվում քննարկվող երկու հրատարակություններում:

1867 թ. հրատարակության մեջ Մեծ Հայքը հիշատակվում է 3 անգամ՝ III, XLI, LXIV գլուխներում, Հայաստանը հանդիպում է 13 անգամ՝ XVII, XXXI, XL, LXI, LXII, LXIII, LXIV, LXVI գլուխներում, Փոքր Հայքը՝ 7 անգամ՝ XIII, XXI, XXXII, XLI, LXII գլուխներում, армяне (հայեր) բառը՝ 4 անգամ՝ LXII, LXIII, LXVI գլուխներում:

1984 թ. հրատարակության մեջ Մեծ Հայքի անվանումը բացակայում է, Հայաստանը հիշատակվում է 6 անգամ՝ 17, 21, 41, 59 գլուխներում, Փոքր Հայքը՝ 5 անգամ՝ 13, 21, 32, 59 գլուխներում, իսկ армяне բառը չի հիշատակվում ընդհանրապես։

Որպեսզի ընթերցողն իմանա Զ.Բ-ի ստորության աստիճանը, ասեմ, որ «армян» արմատով բառերը 1867 թ. հրատարակությունում հանդիպում են 25 անգամ, տասը գլուխներում (XXIX, XXXI, XXXIII, XXXVI, XLVI, L, LXII, LXIII, LXV, LXVI), իսկ 1984 թ. հրատարակությունում՝ ընդամենը 7 անգամ՝ չորս գլուխներում (33, 36, 46, 50).

Բացահայտ ստորությու՛ն:

Անկասկած, Զ.Բ-ի դուրը չի գալիս, որ գոյություն է ունեցել հայկական երեք պետություն: Ճիշտ է, նա տվյալ դեպքում չի անդրադառնում Կիլիկիայի հայկական պետությանը, սակայն իր վերաբերմունքը Մեծ և Փոքր Հայքերի վերաբերյալ արտահայտում է 1984 թ. հրատարակության 41-րդ գլխում:

1867 թ. հրատարակության XLI գլխում, որի վերնագիրն է «Դրախտի չորս գետերի ակնաղբյուրի մասին», Շիլտբերգերը, նշելով դրախտի չորս գետերի մասին, նշում է, որ երրորդ գետը՝ Տիգրիսը, ողողում է Ասիան և Մեծ Հայքը, չորրորդ գետը՝ Եփրատը, հոսում է Պարսկաստանի և Փոքր Հայքի միջով: 1984 թ. հրատարակության 41-րդ գլխում Զ.Բ. Հայքերի անունից կրճատել է «Մեծ» և «Փոքր» ածականները: Նպատակն ակնհայտ է՝ պետք չէ, որ ընթերցողները կամ ուսումնասիրողները, առավել ևս՝ Զ.Բ-ի ցեղակիցներն իմանան, որ եղել են Մեծ Հայք և Փոքր Հայք պետությունները: Դրանով նա մեկ անգամ ևս ապացուցում է կեղծարարի, պատմական գիտությունը արատավորողի իր էությունը, Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելությունն ու նախանձը:

Զ.Բ., կրճատելով հայերի և Հայաստանի վերաբերյալ տեղեկությունները, առիթը բաց չի թողնում 1984 թ. հրատարակության մեջ մտցնելու «Ադրբեջան» անվանումը: Ըստ որում, այդ անվան տակ նա նկատի ունի ոչ միայն իրական` Իրանի Ադրբեջանը (Ատրպատական, Ατροπατηνή, Օզարբոյջան)՝ Երասխի աջ ափին, այլև գետի ձախափնյակի թուրք-բոլշևիկյան վիժվածքը: Եվ դա այն դեպքում, երբ Շիլտբերգերի մոտ բացակայում է անգամ իրական Ադրբեջանի անվանումը:

Ահա ինչ է գրում, մասնավորապես, Զ.Բ. իր ներածության մեջ. «Գերության մեջ իր գտնվելու 30 տարիների ընթացքում Իոհան Շիլտբերգերը իր տերերի հետ եղել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում՝ Հունգարիայում, Բուլղարիայում, Վալախիայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, Բյուզանդիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Հորդանանում, Իրանում, Խորասանում, Միջին Ասիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Դաղստանում, Չերկեսիայում և Հյուսիսային Կովկասի այլ վարերում, Ղրիմում, Աստրախանի երկրամասում և Սիբիրում» (http://www.vostlit.info/Texts/rus3/Schiltberger/pred.phtml?id=1890). 

Ինչպես երևում է այդ մեջբերումից, Զ.Բ. չի հիշատակում Հայաստանը, ինչը բազմիցս անում է Շիլտբերգերն ինքը: Դե, ոչինչ, որ չի հիշատակում Հայաստանը, բայց ի՞նչ կապ ունեն այստեղ Ադրբեջանն ու Ուկրաինան, եթե նրանց մասին չի հաղորդում նույնիսկ Շիլտբերգերը:
Կարելի է հակաճառել. չէ՞ որ Շիլտբերգերը անցել է Շիրվանով (գլուխներ XXV, XXXIII), և Զ.Բ. մեր ժամանակների համար կարող է գործածել «Ադրբեջան» հասկացությունը:

Այո, սակայն հարցը նրանում է, որ հետազոտողը կամ ընթերցողը (այդ թվում՝ Զ.Բ-ի ցեղակիցների անգրագետ խառնամբոխը), տեղյակ չլինելով բավարացու իրական աշխատությանը, Զ.Բ-ի մատուցմամբ կեղծ պատկերացում է ստանում Շիլտբերգերի ստեղծագործության և դեռևս XIV – XV դդ. գոյություն իսկ չունեցող երկրների, ինչպես, օրինակ, Ուկրաինայի և Ադրբեջանի, «գոյություն ունենալու» մասին:

«Ադրբեջան» անվանումը Զ.Բ. 11 անգամ մտցնում է իր մեկնաբանությունների մեջ, ընդ որում, Թավրիզը (Табриз) մե՛րթ քաղաք է Ադրբեջանում (Իրանում – Ս.Ս.)(մեկնաբ. 95), ինչը համապատասխանում է իրականությանը, մե՛րթ «Հարավային Ադրբեջանում» (մեկնաբ. 164), ինչը կեղծիք է, քանի-որ գոյություն չունի «»Հարավային» կամ «Հյուսիսային» Ադրբեջան: Դա անդրթուրքերի քաղաքական նպատակով արած հնարանքն է:

«Հարավային Ադրբեջան» բարբաջը տեսնում ենք նաև Մարաղա (մեկնաբ. 170) և Մակու (մեկնաբ. 173) քաղաքների վերաբերյալ մեկնաբանությունների մեջ: Ընդ որում, Զ.Բ. Մակուն անվանում է «քաղաք Հարավային Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում»` այն դեպքում, երբ իրականում Մակուն քաղաք է Մեծ Հայքի ութերորդ նահանգ Վասպուրականի Արտազ գավառում: Այն, որ Մակուն քաղաք է Արտազում, նշում է նաև Ֆ. Բրունը 1867 թ. հրատարակության իր 76-րդ մեկնաբանության մեջ (Բրունի մոտ՝ Արդաց – Ս.Ս.):
Այսպիսով, համադրելով Իոհան Շիլտբերգերի «Ճանապարհորդությունների գիրք» երկի միևնույն թարգմանչի երկու հրատարակությունները, մենք ունենք 150 տարվա վաղեմություն ունեցող ամբողջական, գիտական օրինակը և ընդամենը 33 տարեկան կրճատված և խեղաթյուրված նմուշը:

Ոչ մի իսկական գիտնական, ինչպես, տվյալ դեպքում Ֆ. Բրունը, թույլ չի տա իրեն խեղաթյուրել սկզբնաղբյուրը, որովհետև յուրաքանչյուր սկզբնաղբյուր` լինի դա հին աշխարհի, միջնադարի կամ այլ ժամանակների, հանդիսանում է համամարդկային սեփականություն:

Միայն անբարոյական, անազնիվ արարածները` ինչպես Զ.Բունիաթովը, նրա որոշ ցեղակիցները և տարբեր ազգերի ծախու գրչակները, կարող են անել նման ստորություն:

Սեդրակ ՍԱՅԱՍ

Կապված նյութեր