Շահեր

Ցանկացած երկիր ունի իր շահերը: Այդ մասին Երևանում` ի դեմս Սոլովյովի և Կիսելյովի, ասել են ՌԴ գլխավոր քարոզիչները: Տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանը հետաքրքրություններ չունենար կամ էլ եթե դրանք սահմանափակվեին միայն Հայաստանով: Հայերի համար գլխավոր հարցն, իհարկե, Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելն է, որի հետ մենք ռազմական հակամարտության մեջ ենք: Կշարունակեն Ադրբեջանին զենք մատակարարել և դրա համար գուշակի մոտ գնալ պետք չէ, և Կիսելյովն ու Սոլովյովը դա արդեն հաստատել են:

Լրիվ համամիտ եմ Սոլովյովի հետ` անհնար է հրաժարվել մատակարարելուց, այլապես ադրբեջանական շուկան այլ պետություն կգրավի: Ադրբեջանի համար դժվար չէ զենք գնել Բելառուսից, Ղազախստանից, էլ չենք խոսում Իսրայելի մասին: Դա չի արդարացնում մեր հանդեպ ՌԴ քայլը, բայց իրականությունը դա է` անկախ նրանից մեզ դուր է գալիս, թե ոչ: Մենք պետք է ընդունենք այդ փաստը և ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնենք: Կիսելյովը նկատել է, որ ՀԱՊԿ-ի իրավազորությունը չի տարածվում Արցախի վրա, որովհետև Հայաստանը չի ճանաչում նրա անկախությունը:

Այսպես, ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: Մի անգամ Սոլովյովի հաղորդման ժամանակ այսպիսի խոսքեր են հնչել. «Հայաստանին պետք է արժանին մատուցել, նա չի ճանաչում Արցախը և դրանով Ռուսաստանին դնում դժվար դրության մեջ»: Այո, հենց այդպես էլ կա: Ի՞նչ է նշանակում «Ռուսաստանին չդնել դժվար դրության մեջ»: Ռուսաստանը, ինչպես գիտենք, երկու օրում հանրաքվե է անցկացրել Ղրիմում և այն անմիջապես միացրել Ռուսաստանին: Հայաստանի կողմից Արցախի հանրապետության ճանաչումը հայելու մեջ կարտացոլի Ղրիմի հանդեպ Ռուսաստանի գործողությունները:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսաստանն Արցախի ճանաչմանն այլընտրանք չէր ունենա, քանի որ նա Ղրիմի հանդեպ նույն կերպ է վարվել: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի գնում այդ քայլին: Ստացվում է` Հայաստանը քաղաքականություն է վարում հօգուտ Ռուսաստանի և ի վնաս սեփական շահերի՞: Հայ քաղաքագետները հաճախ արդարացնում են Արցախը չճանաչելը` պատճառաբանելով, որ նման քայլը կհանգեցնի հակամարտության սրացմանը: Իսկ մի՞թե հակամարտությունն ամենաթեժ վիճակում չէ կամ Ադրբեջանը հրաժարվե՞լ է իր սպառնալիքներից և դադարել Արցախ ուղարկել դիվեսիոն հրոսակախմբեր: Կիսելյովը խոսել է նաև Ադրբեջանին զենք մատակարարելու միջոցով ՌԴ ազդեցության մասին, բայց դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ:

Ըստ էության` Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը իրակերպվում է հայերի արյան հաշվին: Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու է բացառապես մարած վիճակում, նրա համար դա երկու երկրների վրա ճնշման ամենահարմար լծակն է: Կրկին համաձայն եմ Սոլովյովի հետ` այն հարցում, որ Ռուսաստանն Ադրբեջանին թույլ չի տա ուժով գրավել Արցախը, բայց դա ոչ թե մեր հանդեպ ունեցած սիրուց, այլ որովհետև դա կհանգեցնի Կովկասում իր ազդեցության վերջնական կորստին: Ռուսաստանին ձեռնտու չէ նաև արցախյան հարցի վերջնական կարգավորումը: Նա դա թույլ չի տա, քանի որ այդ որոշումով նա կկորցնի Ադրբեջանի վրա իր ունեցած ազդեցությունը:

Բայց դա Ռուսաստանի և ոչ թե Հայաստանի քաղաքականությունն է, մենք այդ ուղղությամբ, ուղղակի, որևէ քաղաքականություն չունենք: Մենք բավարարում ենք օտարների շահերը` ի վնաս մեր սեփականի: Իմ համոզմամբ` Ադրբեջանին զենք մատակարարելու Ռուսաստանի քայլին Հայաստանի ամենաադեկվատ /համարժեք/ պատասխանը կլինի Արցախի ճանաչումը: Եվ թող Ռուսաստանը մտածի` ինչպես դուրս գալ իր «զինագործական պալատի» լոբբիստների անսկզբունքայնության արդյունքում ստեղծված իրավիճակից: Նրանց տրամաբանությունը գրեթե չի տարբերվում թմրանյութ վաճառողների տրամաբանությունից, ովքեր արդարանում են, որ եթե իրենք դուրս գան «բիզնեսից», ապա իրենց դեղաթույնը կվաճառեն ուրիշները:

Իսկ մենք հերիք է ինչքան պաշտպանել ենք օտարների շահերը` Ռուսաստանի խնդիրները լուծելով մեր երեխաների արյան հաշվին, ցավակցելով զոհվածների ընտանիքներին: Հաճախ են ասում, որ Բաքուն ապրիլյան պատերազմի ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի մատակարարած զենքը: Շատ հնարավոր է, որ դա հենց այդպես է, բայց այդ դեպքում պետք է խոստովանել, որ ալիևյան հրոսակախումբը երբեք չէր համարձակվի այդպիսի ակնհայտ լկտիությամբ հարձակվել Արցախի վրա, եթե Կրեմլը չխրախուսեր նրա ավազակությունը` զենք մատակարարելով Ադրբեջանին:

Բանը հասել է նրան, որ Կիսելյովը ապացուցում է մեզ, որ Ռուսաստանը, մինչև ատամները զինելով Ադրբեջանին, նրա վրա բարերար ազդեցություն է թողնում, որը մեզ ընդհանրապես ձեռնտու չէ: Դա տեղի է ունենում միայն նրա համար, որ մենք բավարարում ենք օտարների, ոչ թե մեր` բառի բուն իմաստով արյունակիցների շահերը:

Պետք է փոխել մեր քաղաքականության գլխավոր վեկտորը` հայտարարելով, որ Հայաստանը մեզ համար ամեն ինչից վեր է:Մնացածը, ոնց էլ լինի, կստացվի:

Կարեն ԱՂԱԲԵԿՅԱՆ

Հ.Գ. Այս հոդվածը Հայկ Խալաթյանի աշխատանքի տրամաբանական շարունակությունն է /ներդաշնակորեն լրացնում է Հայկ խալաթյանի հոդվածին/, որտեղ հեղինակը վերլուծում է մեր ոխերիմ թշնամուն մեծ քանակությամբ ժամանակակից ռուսական հարձակողական զենքի մատակարարման արդյունքում ստեղծված իրավիճակում: Բաքուն հայերի գլխավերևում է պահում ցեղասպանության դամոկլյան սուրը, իսկ Կրեմլը, դատելով նրա փաստաբանների ամբոխավարական դատարկախոսություններից, կանխում է դրա իրականացման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեր առարկությունները: Ադրբեջանի նոր ագրեսիան ընդդեմ Արցախի խաղաղասեր ժողովրդի, սարերի հետևում չէ և նրա վերսկսման պատասխաանտվությունը, ամենայն հավանականությամբ, կընկնի Կրեմլի, ինչպես նաև նրա անսկզբունք ու անհեռատես քաղաքականության փաստաբանների վրա:

Խալաթյանի հոդվածում խորհուրդ է տրվում պաշտպանել սեփական շահերը` օրինակ վերցնելով Մինսկից և Աստանայից: Դժվար թե մեր ղեկավարությունը գնա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը` ՆԱՏՕ-ում և այլ ատյաններում քվեարկելով Ռուսաստանի դեմ, բայց մենք ունենք Արցախը ճանաչելու լիիրավ իրավունք` հիմք ընդունելով Կոսովոյի նախադեպը և Ղրիմում Կրեմլի արածը:

Երբ մեզ փորձեն “крышевать”“ հայտարարելով, թե թշնամուն զենք մատակարարելը բիզնես է, որում ոչ մի ավելորդ բան չկա, դա անբարո է, ոնց որ փակենք մեր աչքերն այդ ակնհայտ թշնամական քայլի վրա: Բայց երբ մեզ թելադրում են` ճանաչենք Արցախը, թե ոչ` շանտաժի ենթարկելով Մոսկվայի կողմից մինչև ատամները զինված թշնամու նոր ագրեսիայի սպառնալիքով, դա արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները:
Կարեն Աղաբեկյանը կոնկրետ առաջարկ է արել` կիսիլյովյան ցինիզմին պատասխանել վաղուց չհասունացած հակամիջոցով` Հայաստանի կողմից Արցախը ճանաչելով: Այդ քայլը կնշանակի, որ Հայաստանը, հավատարիմ մնալով պայմանագրային պարտավորություններին, թույլ չի տալիս անգամ դաշնակից ՌԴ-ին` սպառնալ իրեն իր ատելի հարևանի վրա հնարավոր «ազդեցության կորստով»: Եթե Կրեմլում գտնում են, որ Հայաստանի քաղաքականության հետ կարելի է մանիպուլիացիա անել` մեզ վրա ուղարկելով բաքվեցի կապած շանը, մենք պետք է ցույց տանք, որ ցեղասպանության սպառնալիքով շանտաժը մեզ մոտ չի անցնում, այնպես որ կիսիլյովները թող վստահ չլինեն նրանում, որ մենք «գնալու տեղ չունենք»: Արցախի ճանաչումն ամենահամարժեք քայլը (և անգամ միակ ճիշտ) կլինի այդ ուղղությամբ:

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

Կապված նյութեր