Երկու բռնապետերի տանդեմը

«Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու»

Երկուսուկես հազար տարի առաջ Եվրիպիդեսի հնչեցրած այս ճշմարտությունն այսօր հաստատում է երկու դեմքերի տանդեմը, որոնք կապված են արյունով` բազմաթիվ մարդկանց արյունով: Նրանք կապված են ամուր, անբաժանելի շղթայով, կամ էլ երկուսն էլ վտարվածներ են: Եվ արյունարբու բռնապետերի ու ցմահ առաջնորդների համար նորմալ, խաղաղասեր քաղաքագետների շրջանում ընկեր գտնելը չափազանց դժվար է, ավելին` անհնար, նրանցից հեռվից հեռու արյան հոտ է գալիս:
Նրանք ատում են նաև սեփական երկրի քաղաքացիներին, ատում են, բայց դիմանում: Ընտրազանգվածն այնտեղ կամազուրկ է և ազատ մտածելու անընդունակ: Տեղացիներն արդեն համակերպել են դրան, մեծ մասը չի էլ պատկերացնում, որ կարող է այլ կերպ ապրել: Իսկ նրանք, ովքեր համարձակվել են արտահայտել իրենց քաղաքական հայցքները`«գլխավոր գծին» հակասող, ջարդի են ենթարկվել: Մի մասը սպանվել է, մյուսը` բանտում է, երրորդները` անտեսված են, մնացածներն էլ սարսափած են` տեսնելով առաջին երեքի ճակատագիրը, դրա համար էլ լուռ են:

Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է Բելառուսի նախագահ 1994թ., Իլհամ Ալիևը` 2003թ.: Եվ «ժողովրդի երկու ընտրյալներն» էլ անմիջապես փոխել են իրենց երկրների սահմանադրությունները` ամեն մեկն իր համար: Երկուսն էլ գտել են, որ չկա ավելի արժանի ղեկավար, քան իրենք, դրա համար էլ որոշել են ղեկավարել անժամկետ:
Լուկաշենկոյի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ավելի վատ լինել չէին կարող: Նրան ճանաչել են «Եվրոպայի վերջին բռնապետը», և այդ արտահայտությամբ ամեն ինչ ասված է:

Ալիևի գործերը համեմատաբար ավելի լավ են, բայց ոչ այն պատճառով, որ նրանից քիչ է արյան հոտ գալիս, ուղղակի նրան խլացրել է նավթի և գազի հոտը:

Ո՞ րն է մարդու մեղքը:

Իսկ հիմա խոսքը մի մարդու մասին է, ում «հանցանքն» արժանացել է երկու բռնապետերի ուշադրությանը, մարդու մասին, ում ճակատագիրը հուզում է ևս երեք երկրների, որոնց քաղաքացին է համարվում. Ւսրայել, Ռուսաստան և Ուկրաինա: Խոսքը «Հանցագործի» մասին է, ում հատուկ չվերթով և ձեռնաշղթաներով` ադրբեջանական «սպեցնազ»-ի ուղեկցությամբ Մինսկից հասցրել են Բաքու: Ոչ, նա մարդ չի սպանել, ազգային բանկ չի կողոպտել և չի համարվում «նարկոբարոն»: Նա ընդամենը բլոգեր է և ճանապարհորդ, ուղղակի մարդ, ով ազատորեն արտահայտում է սեփական մտքերը: Ազատ մարդ. ահա թե որն է Լապշինի մեղքը: Ախր նման ազատ մարդկանց բռնապետական ռեժիմները չեն սիրում: Թե նման մարդիկ որքան են վտանգավոր և ատելի այդ ռեժիմների համար, պարզ ու հասկանալի ցույց է տալիս վերևի լուսանկարը:

Բայց ամեն ինչի մասին հերթով:

Լապշինին մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. 318.2 («Առանց փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս Ադրբեջանի պետական սահմանը հատելը` մարդկանց խմբի կողմից` ըստ նախնական համաձայնության») և 281.2 (իշխանությունն ուժով զավթելուն, իշխանությունն ուժով պահելուն կամ ուժով սահմանադրական կարգի փսփոխությանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված կոչեր, իսկ դրան զուգահեռ` նման բովանդակությամբ նյութերի տարածումը` իրականացված բազմիցս կամ մարդկանց խմբի կողմից»):

Ինչ վերաբերում է այս երկու հոդվածներով առաջադրված մեղադրանքին, ապա դրանք, ծիծաղելի է, բայց ոչ մի քննադատության չեն դիմանա: Լապշինը այցելել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն առանց Բաքվի պաշտոնական թույլտվության, ինչպես ամեն տարի անում են հազարավոր մարդիկ: Նա չէր կարող այդ թույլտվությունը ստանալ`հատելով Հայաստանի և Ղարաբաղի սահմանը, այդտեղ չկան ադրբեջանցի սահմանապահներ, որովհետև ուղղակի չէին կարող լինել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է` իշխանության բոլոր ատրիբուտներով: Լապշինը չի ստացել և չէր կարող ստանալ այդ թույլտվությունը, ինչի համար էլ ընդգրկվել է, այսպես կոչված, Ադրբեջանի «սև ցուցակի մեջ»: Իսկ «սև ցուցակում» ընդգրկված մարդը չի կարող այցելել Ադրբեջան` պաշտոնապես ներողություն չխնդրելով:

Դրանով հանդերձ` Լապշինը գնացել է Ադրբեջան: Ինչպես արդեն ասվել է վերևում, բլոգեր-ճանապարհորդը միաժամանակ երեք քաղաքացիություն ունի` ուկրաինական, ռուսական և իսրայելական:

Ադրբեջան մտնելու համար նրան օգնել է ուկրաինական անձնագիրը: Բանն այն է, որ Բաքվի «սև ցուցակում» բլոգերը հաշվառված էր Ալեքսանդր անունով, իսկ ուկրաինական անձնագրում` Օլեքսանդր: Բայց «ծրագիրը» չի աշխատել: Այդտեղ չկար ու չէր կարող լինել հանցագործության բաղադրիչ. ուկրաինական անձնագիր է` իսկական, տրված Ուկրաինայի անձնագրային ծառայության կողմից: Եթե ինչ-որ մեկը մեղավոր էլ է, ապա նույն այդ համակարգը, որ չի ճանաչել և արգելել անցանկալի մարդու մուտքը երկիր:

Ինչ վերաբերում է երկրորդ հոդվածին, ապա միլիոնավոր մարդիկ են հայտնվում դրա տակ: Այո, միլիոնավոր. միայն Հայաստանում և Ղարաբաղում քանի միլիոն մարդ կա, որ չի կիսում անդրթուրքերի տեսակետը` «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» կոչվածի հիմքով:

Այդ հոդվածի տակ է հայտնվում նաև այս տողերի հեղինակը, նաև երկու հայկական հանրապետությունների սահմաններից դուրս ապրող մեծ թվով մարդիկ: Լապշինը պատմել է, թե ինչ է տեսել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, բայց բռնապետությունը նրա համար է բռնապետություն, որ բանտ նստեցնի ու կոպտի ռեժիմի /համակարգի/ հետ չհամակերպվող ցանկացածին:

Ահա և մեր հերոսը, չպատկերացնելով բռնապետության ողջ խարդավանքը, Հայաստան, Ղարաբաղ (և Ադրբեջան) այցից հետո որոշել է այցելել Բելառուս, որտեղ բերման է ենթարկվել: Բռնապետ Լուկաշենկոն փետրվարի 3-ին կայացած ծավալուն մամուլի ասուլիսի ընթացքում շոշափել է Լապշինի հարցը. «Ադրբեջանը մեզ չի դիմել, դիմել է Ինտերպոլին, նրան բռնել են: Եվ համաձայն բոլոր օրենքների և կարգի`պետք է նրան հանձնենք Ադրեբջանին»:
Բայց բելառուս հայրիկը, մեղմ ասած, խորամանկել է, որ հիշատակել է Հայաստանի ոստիկանության` Ինտերպոլին արված հարցման մասին: Լապշինը չի գտնվել և չէր կարող գտնվել Ինտերպոլի կողմից հետապնդման մեջ, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը խստիվ արգելում է զբացվել միջամտությամբ կամ քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի գործունեությամբ: (Կանոնադրություն. հոդված 3): Եվ դրանից անմիջապես հետո Բելառուսի գլխավոր դատախազությունը փորձել է հարթել իր շեֆի սխալը:

«Բելառուսում բերման ենթարկված և Ադրբեջանին հանձնված բլոգեր Լապշինի հանդեպ հայտարարված էր ոչ թե միջազգային, այլ` միջպետական հետապնդում»,-հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծել է, որ «քաղաքացի Լապշինը գտնվում էր միջպետական հետապնդման մեջ և բերման է ենթարկվել ԱՊՀ երկրների միջև գործող համաձայնագրերին համապատասխան»:

Բայց պետք չէ կասկածել, որ այդ հայտարարությամբ Բելառուսի դատախազությունը ուղղակի փորձել է արտահանձմանն իրավական կարգավիճակ տալ:

Ի՞նչ է եղել. ի՞նչ կլինի. ի՞նչով կհանգստանա սիրտը.

Լապշինի ճակատագիրը գուշակել էին, բայց քարտերն այս դեպքում գնչուհին չի բացել, այլ ինքը Լուկաշենկոն: Այդ ասուլիսի ընթացքում, շարունակելով խոսքը, Լուկաշենկոն հայտարարել է. «Իսրայելը, Ադրբեջանը, դե, ինչ-որ չափով նաև Ռուսաստանը կամ պայմանավորվել են կամ էլ կպայմանավորվեն այդ մարդու ճակատագրի շուրջ: Նրանք մոտ գործընկերներ են: Իսրայելը շատ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի հետ: Եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի: Ես կարծում եմ` այդտեղ շատ անհայտներ կան»

Ահա և բոլոր խաղաքարտերը բացված են: Лукашенко свел все интриги этой игры на нет.
Մնում է միայն մի հարց. համաձանվե՞լ է, արդյոք, Լապշինը մասնակցել երկու բռնապետերի խաղին:

Տիգրան ԵՍԱՅԱՆ

Կապված նյութեր