Իրանի նախագահի մահը, վստահաբար, ծանրակշիռ գործոն է տարածաշրջանում, սակայն ամեն ինչից առաջ պետք է արձանագրել, որ Իրանի գերագույն գլխավոր առաջնորդը, Իրանում գլխավոր քաղաքական և ռազմական որոշումները կայացնողը ոչ թե նախագահն է, այլ հոգևոր առաջնորդը՝ Ալի Խամենեին։ Նախագահ Ռայիսին Իրանի երկրորդ դեմքն էր։ Ու եթե սրան էլ հավելենք հազարամյակների պետականության փորձով ճգնաժամեր կառավարելու Թեհրանի կարողությունները, ապա Իրանի ներսում, ամենայն հավանականությամբ, վիճակն անկառավարելի չի դառնա։
Գլխավոր հարցը ավիավթարի պատճառն է։ Վարկածներն արդեն ձգվում են եղանակային պայմաններից մինչև դավադրություն և Ադրբեջան-Իսրայել զույգի մեղավորություն։ Հիմա կարևոր է այն է, թե Թեհրանից մինչև Երևան ու Բաքու-Անկարա, Մոսկվա ու Վաշինգտոն՝ ով ինչպես կդիրքավորվի ու կմանևրի, ինչ կփորձի անել։
Ադրբեջան-Իսրայել զույգի հարցը
Արցախում պատերազմից հետո հանրապետության օկուպացված տարածքներ Ալիևի առաջին այցերի ժամանակ Բաքվի խունտան փորձում էր ցույց տալ հայկական տարածքներում ամրանալու ռազմական կարողությունները՝ այդ տարածքներն անվերադարձ օկուպացնելու միտքը սերմանելու համար։ Եվ դեմոնստրացիայի այդ ակտերի ժամանակ, մասնավորապես 2021-ի հոկտեմբերի 5-ին Իրանի ուշադրությունից չվրիպեցին Ալիևի ցինիկ լուսանկարները՝ Արցախ-Իրան սահմանին՝ օկուպացված Ջրականում տեղակայված իսրայելական անօդաչուների՝ Հարոփների հետ։
«Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը», ֊ տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանի նախագահի ուղղաթիռը թռիչքը սկսել էր հենց Արաքսի հովտից, որտեղ օրվա առաջին կեսին՝ վթարից անմիջապես առաջ, Ռայիսին Ալիևի հետ մասնակցել էր տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը շահագործման հանձնելու արարողությանը։
Ուղղաթիռի կործանման մասին հայտնի դառնալուն պես Ալիևն ու նրա ԱԳ նախարարությունը շտապել էին հայտարարություններ տարածել, անհանգստություն հայտնել, աղոթել, օգնություն առաջարկել։
Մինչդեռ Իրանում արդեն կարծիքներ էին տարածվում ավիավթարին Ալիևի մեղսակցության վերաբերյալ։ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Ֆոադ Իզադին իրանական պետակա՛ն հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Երբ որևէ ուղղաթիռ վթարի է ենթարկվում, հնարավոր է, որ դա լինի տեխնիկական խնդրի կամ եղանակային վատ պայմանների հետևանքով։ Սակայն այլ պատճառներ էլ լինում են։
Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ։ Չնայած հարևանների նկատմամբ հարգանքին, նրանք չպետք է վերածվեն Իրանին հարված հասցնելու միջավայրի, և Բաքվի իշխանություններն էլ պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնեն»։
Հակառակ ավիավթարից ժամեր առաջ նկարահանված ժպիտներին և ձեռքսեղմումներին, Իրան-Ադրբեջան և, հատկապես, Ռայիսի-Ալիև հարաբերությունները խիստ լարված էին։ Պատճառը Թեհրանի դիրքորոշումն ու բաց հայտարարությունն էր, որ «ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է»։
Սրա հետևանքով Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում անգամ հայտարարեց, թե վերջին երեսուն տարում Իրանի երեք նախագահի հետ է աշխատել, սակայն հարաբերություններում նման լարվածություն երբեք չի եղել։
Բաքու-Թեհրան իրական հարաբերությունների խորքային պատճառը երեք ուժերի՝ Անկարայի, Թել Ավիվի և Լոնդոնի ազդեցությունն է Բաքվում։ Հատկապես 2020-ի պատերազմից հետ այդ ազդեցության ահագնացած և առավել ընդլայնվելու միտումներ դրսևորող ծավալը։
Ալիևի սանձարձակ հայտարարությունների ֆոնին Թեհրանի զսպվածությունը, թեև Արաքսն անցնելու սցենարով զորավարժության ֆոնին, Բաքվի հետ հարաբերություններում հենց այս երեքի ներկայությունը մեղմելու, հակակշռելու տրամաբանությամբ էր։ Ինչին ի պատասխան, սակայն, Բաքվում Ալիևի ցուցարարների հայտնի վանկարկումներն էին՝ «ռուսը, պարսիկը, հայը թուրքի թշնամին են»։
Ավիավթարից հետո սոցցանցերում սովորական ադրբեջանցիների մեկնաբանությունները դրսևորում են Բաքու ֊ Թեհրան հարաբերությունների վերջին շրջանի ամբողջ լարվածությունը, և հատկապես այդ փուլում Բաքվի պետական ապարատից տարածված հակաիրանական տրամադրությունները. «Դեռ ով է ողջ մնացել Իրանի կարևոր պաշտոնյաներից, բարի գալուստ Ադրբեջան։ Այս տեմպով Ադրբեջանը պատմության մեջ է մտնելու որպես Իրանի ժողովրդին ահաբեկիչ դիկտատուրայից փրկած պետություն», «Գյորբագյոր եղիր վերջապես, Իրանի նախագահ», «Իրանը օգնել է Հայաստանին պատերազմի ժամանակ Ջեբրայիլում և թույլ է տվել, որ իր տարածքով հայերը զենք տեղափոխեն», «Իրանը չպետք է վերջին երեսուն տարում և հատկապես 2020 ֊ ին Ադրբեջանին այդքան վատություն աներ»։
Մյուս կողմից Բաքվի մեդիան հետևում է հատկապես Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում արձագանքներին։ Գրում են, թե Հայաստանում կարծում են՝ Ադրբեջանը Իրանի նախագահին ծուղակն է գցել, ում ծուղակը՝ հայերը դեռ չեն հասկանում։ Ռուսական արձագանքներից Բաքվում նկատել են հիշեցումը, որ Իրանը ունի կամ գրեթե ունի միջուկային զենք։ Եվ Բաքվում լարված են իրանական արձագանքից, որտեղ իրենք էլ արձանագրում են՝ գերակշռում է կարծիքը, որ ավիավթարը Իսրայելի Մոսադի ձեռքի գործն։ Մոսադն էլ վթարի տարածքում գործում է միայն Բաքվի հովանավորությամբ՝ Ադրբեջանի համար սրանից բխող հնարավոր բոլոր ռիսկրով։
Թուրքիայի շահը
Թեև նախագահ Ռայիսին երկրի երկրորդ դեմքն էր, և այս փուլում նրա մահը երկիրը քաոսի հազիվ թե մատնի, սակայն Իրանում ու արևելագետների շրջանում կար տեսակետ, որ Ռայիսին լինելու էր Իրանի հաջորդ գերագույն գլխավոր հոգևոր առաջնորդը՝ Խամենեիին փոխարինողը։ Մանավանդ, որ Իրանում նման նախադեպ արդեն եղել է՝ այսօր գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին եղել է ԻԻՀ երրորդ նախագահը։
Այնպես որ, ավիավթար-հարվածը կարող է ունենալ նաև Իրանը գլխատելու և քաոսի մատնելու նպատակ։ Իսկ իրանական քաոսի տարածաշրջանային գլխավոր շահառուն, անգամ Իսրայելից առաջ, այս փուլում Թուրքիան է։
2023-ի հունիսի 14-ին Թուրքիայի նախագահը Բաքվից Անկարա վերադառնալու ճանապարհին հայտարարեց. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է։ Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»։
Այս հայտարարությունից մեկ տարի առաջ՝ 2022-ի հուլիսի 19-ին Թեհրանում հյուրընկալել էին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին և ուղիղ հայտարարել, որ Հայաստանի տարածքով թուրքերի ծրագրած միջանցքին դեմ են: Իրանի պետական լրատվական գործակալությունը Խամենեի-Պուտին և Խամենեի-Էրդողան հանդիպումների մասին գրեց. «Գերագույն հոգևոր առաջնորդը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը, ասել է, որ Իրանը կընդդիմանա դրան, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ»։
«Հայաստան-Իրան սահմանը փակելու հնարավոր դավադրություն» Իրանի առաջնորդը փաստացի անվանել էր Հայաստանի տարածքով Էրդողանի ծրագրած միջանցքը։ Մյուս կողմից շեշտվել է Հայաստան-Իրան հազարամյակների կապը՝ որպես ապտակ Հայաստանի և Իրանի համեմատ տարածաշրջանի նորեկ Թուրքիային։
Իրանական այսպիսի դիմադրությունը դիվանագիտական ճանապարհով կոտրել մինչև այս պահը Թուրքիային չի հաջողվել, այնպես որ, հաշվի առնելով Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» կոչվածի պանթուրքական, և առավել լայն աշխարհաքաղաքական բովանդակությունը, Անկարայում կամ առավել ծանրակշիռ մայրաքաղաքում կայացված կտրուկ որոշման վարկածը բացառել պետք չէ։
Եվ վերջում կարևոր է ընդգծել, որ մայիսի 19-ին՝ նախագահի մահից ժամեր առաջ, Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցի բացման արարողության ժամանակ ևս Իրանը, ի պաշտպանություն Հայաստանի հետ սահմանի, ինչը նշանակում է թուրքական նպատակների դեմ, անուղղակի, բայց հասկանալի ուղերձ է հղել Ալիևին ու նրա հովանավորներին։ Իրանական կողմը հիդրոհանգույցը ներկայացնելիս օգտագործել է սահմանակից պետությունների տարածքներով պատկեր, որում Հայաստանի տարածքը ներկված էր մեր եռագույնով։
Անի Ավետյան
____________________________