Բաքվի խունտայի առաջին պաշտոնական արձագանքը Հանուն հայրենիքի շարժմանը

Եթե մինչև այս համահայկական շարժման մասին Բաքվից հնչած հայտարարությունները Ալիևին ոչ այնքան մոտ կանգնած շրջանակներից էին, ապա այս կիրակի Հանուն հայրենիքի շարժմանը Բաքվի խունտան արձագանքեց, կարելի է ասել, պաշտոնապես:

Բաքվի պետական երկու հեռուստաալիքները կիրակնօրյա վերլուծական ամփոփիչ թողարկումներում անդրադարձել են Երևանում կատարվողին: Առաջինն ամբողջ երկուսուկես ժամանոց թողարկումը վերնագրել է «Քահանայի հետ «Ղարաբաղյան կլանի» գաղտնի ծրագիրը.հեղաշրջման անոնս, Հայաստանում վիճակը կրիտիկական է»: Երկրորդը՝ «Ինչ է ուզում Հայաստանն Ադրբեջանից Զանգեզուրի փոխարեն»:

Բաքվի խունտայի պետական առաջին քարոզչաալիքի եթերը

Բաքվի պաշտոնական քարոզչության երկու գլխավոր հեռուստաահաղորդումներից այս մեկն առաջին րոպեներից է սկսվում Հայաստանին անդրադարձով: Անոնսում նշում են Ալիևի հայտարարությունը՝ «Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահացու զենքեր է տալիս, եթե զինման այդ պրոցեսը հասնի կրիկտիկական կետին, մեզնից ոչ ոք թող չնեղանա»:

Փաշինյանի կողմից դժգույն ու դժբախտ հայտարարված պատմական հայկական բերդաքաղաքի ժամանակավոր օկուպացիայի 4-րդ տարելիցի առիթով Բաքվի խունտայի պետական քարոզչաալիքի եթերում թողարկումը սկսում են Շուշիի մասին այս նախադասությամբ.«Շուշի՝ Ադրբեջանի ժողովրդի հպարտության աղբյուրը, մշակույթի, քաղաքակրթության օրրանը, հայրենասիրության խորհրդանիշը, հաղթանակի օջախը, Շուշի՝ 2023-ին թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, 2024-ին իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակված պատմական քաղաքը, «ազատ Ղարաբաղի» աչքի լույսը»:

Իրական և պատմական Հայաստանի աչքի լույս, Հայաստանի Հանրապետության անվտանգային ողնաշար, հայերի կյանքի և գոյության իրավունքի ու կարողության երաշխիք Շուշին փորձում են ներկայացնել իբրև թուրքական աշխարհի կենտրոն՝ օկուպացված հայկական Շուշին տեղավորելով Թուրքիայի նպատակների տրամաբանության մեջ, ինչպես նաև գնալով ավելի հեռու և հայտարարելով Շուշին իսլամական աշխարհի կենտրոն՝ փորձում են Հայաստանին ու հայերին հակադրել ամբողջ իսլամական աշխարհը:

Այս ընթացքում թողարկման 8-րդ րոպեին յութուբյան լայվում հայտնվում է մեկնաբանություն.«ZENGEZUR AZERBAYCANDIR»՝ մինչև պատերազմը ադրբեջանցիների հորջորջած «KARABAKH AZERBAYCANDIR» տրամաբանությամբ: Որովհետև Արցախը և Շուշին երբեք վերջնանպատակը չեն եղել:

Հաջորդ մեկնաբանությունը՝ «Սահմանազատումը չի կարող ընդունելի լինել, քանի դեռ Արևմտյան Զանգեզուրը» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը) չի պատկանում Ադրբեջանին: Կարող է լինել միայն ժամանակավոր խաղաղության պայմանագիրը: Քանի դեռ Արևմտյան Զանգեզուրը» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը) չի պատկանում Ադրբեջանին, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»:

Screenshot

Սրանք յութուբում Բաքվի քարոզչությունը դիտողների, այդ քարոզչությանը ենթարկվողների, այդ քարոզչությամբ ուղղորդվողների մեկնաբանություններն էին:

Այս ընթացքում եթերում ցուցադրում են Շուշիում մայիսի 10-ին Բաքվի պարագլխի հնչեցրած հայտարարությունը.«Այսօր մեր միայն մեկ պահանջով մեզ են վերադարձնում Ղազախի չորս գյուղերը: Մեկ պահաջով: Այդպես էլ շարունակվելու է։ Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք Կովկասում առաջատար պետությունն ենք՝ տնտեսական, քաղաքական, ռազմական՝ բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ:

Ե՛վ Հայաստանը, և՛ Հայաստանի հետևում կանգնած արտաքին շրջանակները, որոնք սուտ խոստումներ են տալիս Հայաստանին, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն:

Այսօր մեզ են վերադարձվում 1990 և 1992 թվականներին գրավված Ղազախի հողերը՝ առանց մեկ կրակոցի։

Սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»:
Այս հայտարարություններից հետո հերթը հասնում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանն արձագանքելուն, առավել ճշգրիտ ձևակերպմամբ՝ շարժումը վարկաբեկելու փաշինյանական փորձերին միանալուն՝ «Հայկական եկեղեցին վերածվել է խաղաղությունը տապալող գործիքի, եկեղեցին պահանջում է Հայաստանի կառավարության հրաժարականը» ուղերձով:

Կադրերում Բագրատ Սրբազանն է, մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակը: Մինչդեռ խամաճիկ-հաղորդավարը նշում է, թե Սրբազանի հետևում եկեղեցին է, նախկինները, Արցախի նախկին «խունտան», Փաշինյանի ընդդիմախոսները:

Screenshot

Հայտարարում են, թե շարժումը պահանջում է դադարեցնել սահմանազատումը, ինչն ահագնացնում է նոր պատերազմի հավանականությունը: Ու մեջբերում են Նիկոլ Փաշինյանի խոսքը.«Եկեք սահմանազատման գործընթացը դադարեցնենք, բայց հետո ի՞նչ է լինելու: Հետո միայն մեկ բան է մնում՝ պատերազմ»:

Փաշինյանի խոսքից մեջբերումներով Բաքվի քարոզչամեքենան նշում է, թե շարժմանն աջակցում են դրսի ուժեր: Բայց ընդգծում ու ավելացնում են՝ «Կասկած չկա, որ Սրբազանի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, մի խոսքով՝ «ղարաբաղյան կլանը»: Այստեղ Փաշինյանին չեն մեջբերում, թեև կարող էին:

Ու Ալիևի խոսքը մեջբերելով էլ բացատրում են, թե սահմանազատումն ու խաղաղության պայմանագիրն իրարից առանձին գործընթացներ են: Իբր պատասխան Սրբազանին, որը Հանրապետության Հրապարակից հայտարարել էր.«Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք, այս շարժումը, բանական մարդիկ դեմ չենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, և խաղաղության պայմանագրին, սակայն դա պետք է տեղի ունենա նախ խաղաղության պայմանագրի կնքումով, և ապա սահմանազատմամբ և սահմանագծմամբ, ըստ ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի սկզբունքների հիման վրա, երաշխավորների ներգրավվածությամբ և համապարփակ՝ ամբողջական կերպով, մեկ փաթեթով»:

Բաքվի խունտայի պետական երկրորդ քարոզչաալիքի եթերը

«Շուշիում տոնական տրամադրություն, Ալմա-Աթայում սպասված հանդիպում, Երևանում քահանաների շոու». Այսպես սկսվում է Բաքվի խունտայի երկրորդ քարոզչաալիքի կիրակնօրյա վերլուծական գլխավոր թողարկումը՝ նկատի ունեն Շուշիի օկուպացիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ իրենց կազմակերպած միջոցառումները, Ալմա-Աթայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը, և Երևանում Հանուն հայրենիքի շարժումը:

Անոնսում նշում են՝ Փաշինյանի համար ճանապարհի վե՞րջն է երևում, Հայաստանում բողոքի ակցիաները ի՞նչ ռիսկեր են պարունակում Ադրբեջանի համար:

Սրանք ևս սկսում են Շուշիից՝ նույնաբովանդակ «հայրենասիրական» տեքստով, ինչ առաջինի եթերում, այնուհետև հիշում են, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վերջապես այցելեց Շուշի, բայց դա, այլևս ոչ ոքի չի հետաքրքրում և չի բավարարում: Ադրբեջանում Ֆրասիայի դեսպանի շուրջ սկանդալը ևս հիշում են՝ Հայաստանին զենք վաճառելու պատրվակով, ու հավելում՝ Փարիզը և Վաշինգտոնն իրենց պատասխանը ստացան Ալիևից: Ալիևի մայիսի 10-ի հայտարարությունից մեջբերում են այս հատվածը.« Ինչպես խորհրդային տարիներին հայամետ Գորբաչովը, իսկ հետո Ելցինը այս հողերը խոստանում էին հայերին, այնպես էլ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հայերին նման խոստումներ էին տալիս։ Իսկ այսօր տեսեք, թե ով է գլխավոր դերում մեր դեմ դուրս եկածների մեջ՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Պետք է բացահայտ ասել, որ ամենամեծ բաժինն ունի Ֆրանսիան։ Եվ նրանք պետք է իմանան, որ այս տարածաշրջանում ոչ մի հարց մեր կամքին հակառակ չի լուծվելու։ Որևէ դեսպանի Շուշի մեկնելը մեզ որպես լավություն պետք չէ մատուցել: Ուզում է Շուշի գալ, թող գա, չի ուզում՝ պետք էլ չէ: Ասես նրանց այցը ինչ-որ բան փոխում է։ Բացարձակապես ոչինչ չի փոխում։ Այստեղ՝ այս հողի վրա, ձայնի իրավունքը պատկանում է մեզ»:

Ալիևից պատմազեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը, իհարկե, անսպասելի չէ: Բայց հնարավոր բոլոր միջնորդներին որակազրկելու և վարկաբեկելու փորձերի ֆոնին ընդծում են՝ այս շաբաթ ԱԳ նախարարները Ալմա-Աթայում հանդիպեցին՝ առանց միջնորդների: Եվ հավելում են՝ այս հանդիպումը Հայաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին է:

«Բողոքն այս շաբաթ գյուղից քաղաք հասավ, բայց 96 տարեկան Լենա Ղարդաշյանի օրհնանքը արդյունք չի տալիս, ոչ էլ  քահանա Բագրատ Գալստանյանի աղոթքներն առ Աստված», – նշելով վերլուծում են անգամ Բագրատ Սրբազանի սպիտակ հագուստը, հասնում եզրակացության, թե սգի գույն է: Անդրադառնում են Փաշինյանի արձագանքին, թե շարժման հետևում կանգնած են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Քոչարյանը: «Սա ուղիղ հղում ֊ մեղադրանք է Ռուսաստանին», ֊ նկատում է խամաճիկ ֊ հաղորդավարը։

Ու բարձրացնում են հարցը՝ Փաշինյանը իշխանության եկավ փողոցից, նրան կվերադարձնե՞ն փողոց։ Պատասխաններում եզրակացություններում գերիշխում է միտքը, թե «պատերազմից հետո եթե այս ցուցարարները չկարողացան Փաշինյանին տապալել, հիմա ևս չեն կարողանա»։ Ասվածը հաստատում են մեկ այլ փորձագետի միջոցով, որը հայտարարում է, թե Փաշինյանի համար ոչ մի վտանգ չկա, Պուտինի հետ հանդիպումն էլ դա ցույց տվեց, Ռուսաստանից Փաշինյանի դեմ քայլեր չկան։ Հավելում են՝ Փաշինյանն ինքն էլ անհանգստացած չէ՝ մեկ ասուլիս է հրավիրում, մեկ թռչում է Մոսկվա։ Փաշինյան ֊Մոսկվա հարաբերություններն են վճռորոշ Փաշինյանի համար, կարծում են Բաքվում, ու այս թեման թեժ քննարկում՝ նկատելով, որ Պուտինի հետ հանդիպումը հայ ֊ ռուսական հարաբերությունները փրկելու Փաշինյանի վերջին հնարավորությունն էր։

Վերադառնում են Միրզոյան-Բայրամով հանդիպմանն ու դրա օրակարգում հայտնված «Զանգեզուրի միջանցք» կոչվածին:

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության տեքստում նշվել է, որ Միրզոյանը բանակցությունների մեկնարկին հայտարարել է.«Մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։

Բայց խնդիրն այն է, որ Բաքվից, ինչպես հայտարարել է Ալիևը, պահանջում են միջանցք առանց վարչական ու մաքսային հսկողության։ Այն էլ ՀՀ իրենց որոշած տարածքով՝ Մեղրիով։ Բաքվի պետական ալիքը պնդում է պահանջը՝ այս հարցում Փաշինյանը զիջումներ չի կարող ստանալ։ Եվ ավելին՝ Բաքվի համար անընդունելի է, որ Հայաստանը, ինչպես ակնկալում է, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի դիմաց Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանա դեպի Ռուսաստան և Ղազախստան։

Ընդգծում են, որ ԱԳ նախարարների հանդիպմանը Միրզոյանը բարձրացրել է ևս մեկ հարց։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության տեքստում նշված է, որ Միրզոյանը հայտարարել է.«Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»։

Բաքվի քարոզչաալիքի եթերում առայժմ փորձագետի մակարդակով հայտարարում են՝ խնդիրն այն է, որ «91 թվականին Հայաստան ֊ Ադրբեջան սահման չի եղել, այնպես որ Ալմա ֊ Աթայի հռչակագրին հղում անելը հայերի հերթական խաղն է»։

Հերթական խաղ են անվանում 2022-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ պայմանավորվածությունները։ Ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը Ալմա ֊ Աթայի հռչակագրով Արցախի Հանրապետության տարածքը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս, հայտարարելով, թե Ադրբեջանն էլ ճանաչելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 քառ./կմ-ով։ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլև ունի տարածքային պահանջներ Հայաստանից պարզորոշ հայտարարվում է ոչ միայն Ալիևի մակարդակով, այլև Փաշինյանի ԱԳ նախարար Միրզոյանի։
Վերջին անգամ 2024-ի ապրիլի 30-ին էր։ Միրզոյանը հայտարարեց. «Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը»։

Ձևակերպումներ և տողատակեր

Միայն մեկ ձևակերպումն իսկ մատնում է Փաշինյանի վարած բանակցությունների իրական օրակարգն ու բովանդակությունը, կամ առնվազն այդ բանակցությունների Բաքվի ընկալումը։ Ալիևի վերահսկած մեդիան գրում ու հարցնում է՝ «Ինչ է ուզում Հայաստանն Ադրբեջանից Զանգեզուրի փոխարեն»։ Անգամ ոչ միջանցքի, այլ ամբողջ Զանգեզուրի փոխարեն։ Նկատի ունեն ՀՀ սուվերեն տարածքի ամբողջ Սյունիքի մարզը։

Մյուս կողմից Բաքվից ամեն անցնող շաբաթվա հետ ավելի պարզորոշ են ակնարկում, որ Ալմա ֊ Աթայի հռչակագրի մասին պայմանավորվածությունը, որով Փաշինյանն իրականացնում է սահմանազատում կոչվածը, առ ոչինչ է։ Որքան շուտ Փաշինյանը խոստովանի և ընդունի այդ տապալումը, այնքան Հայաստանի կորուստները քիչ կլինեն։ Կամ Փաշինյանին փոխարինողը։

Եվ, իհարկե, Թուրքիա ֊ Ադրբեջան զույգը միջնորդներով, առանց միջնորդների, ցանկացած ձևաչափով բանակցությունների ֆոնին Հայաստանի դեմ ունի խորքային ծրագիր, որն առավելագույն մեղմ ձևակերպմամբ կոչվում է տարածքային պահանջներ։ Առավել իրական ու ողբերգական ձևակերպմամբ՝ Հայաստանի տարածքը՝ առանց հայերի, ինչպես Արցախը՝ առանց արցախահայության։

Եվ Սրբազանի առաջնորդած շարժումն էլ Բաքվում և Անկարայում դիտարկում են միայն մեկ տրամաբանությամբ՝ որքանով է այն վտանգավոր իրենց շահերի համար, դեռ որքան ժամանակ ունեն Փաշինյանի հետ։

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր