Տավուշը պետք է պահել Երևանում. պայքարի միակ կետը Հանրապետության հրապարակն է

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

– Տավուշում հանդիպման մասնակից մարդիկ բավական խիստ ֆիլտրացիա էին անցել, ընտրված մարդիկ են եղել, բայց նույնիսկ այդ պայմաններում Փաշինյանը չի կարողացել համոզել: Եղել են սպառնալիքներ, եղել է վախ, և Փաշինյանն ասել է, թե ինքը վստահ չի, որ կարող է պաշտպանել սահմանները, ուստի առաջարկում է հանձնել։ Փաշինյանն Արմագեդոն է ներկայացրել տավուշցիներին, թե իբր՝ եթե չհանձնի, Հայաստանը կործանվելու է։ Տավուշի այդ հանդիպումով Փաշինյանն իր պատվիրատուներին ցույց է տվել, որ ամեն ինչ անում է։

– Սա շատ հեռու է սահմանազատման գործընթաց լինելուց, ընդամենը 30 տարվա գիծը քանդելու մարտավարություն են իրականացնում։ Արևմուտքն ուզում է արագ ավարտել գործընթացը։ Սյունիքի մարզից ռուսական զորքերին հանելու հարցն էլ է իր առջև դրված։ Արևմուտքը վաղուց խոսում է, որ այս տարածաշրջանում պետք է ձերբազատվել ռուսական ներկայությունից, և փորձում է մաքսիմալ արագացնել։

– Փաշինյանը հասկանում է, որ իր ժամանակը սպառվել է, չկա հանրային աջակցություն, և սպառված ռեսուրսով նա շտապում է։

– Բոլորին ձեռնտու է տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը մեղմել, այդ թվում՝ նաև Իրանին։ Նրանք ասում են՝ դեմ չեն լինի, որ ռուսական զորքերին փոխարինեն, օրինակ, ֆրանսիական զորքերը։ Իրանի և արևմտյան որոշ երկրների միջև, այդ թվում՝ ԱՄՆ-ի, երկխոսություն կա։ Այս տարածաշրջանը դարձել է Իրանի համար սպառնալիքի աղբյուր։

– Կուլուարներում պայմանավորվածությունների ժամանակ Ադրբեջանը դեմ չի եղել եվրոպացի դիտորդների ներկայությանը, թեև պաշտոնապես դեմ է արտահայտվում՝ ռուսների հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավարությունը դիվանագիտությունը տարբերում է պետական քաղաքականությունից, պետական շահը՝ պոպուլիզմից։

– Ռուսաստանը վերջին զարգացումներից ինչ-որ դասեր քաղել է: Հասկանում են, որ Տավուշի գյուղերը Նիկոլն ինքն է հանձնում, էլ չկան նախկիններ, որ նրանց վրա գցի, հետևաբար՝ գցելու է Ռուսաստանի վրա։ Եվ հիմա ռուսական կողմն ինքն իրեն ապահովագրելու համար է հայտարարություններ անում, որ իրենց չմեղադրեն տարածքներ հանձնելու հարցում մասնակցություն ունենալու մեջ։

– Վստահ եմ՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու՝ Ադրբեջանը չէր կարող Արցախում պատերազմ սկսել։ Ռուսները համոզված են, որ ինչ-որ պահի կվերադառնան և ամեն ինչ կարգի կբերեն, իրենք ելնում են նախկին փորձից, ինչը, սակայն, մեզ համար կործանարար է։

– Ռուսաստանը հիմա հղում կատարելու հնարավորություն ունի՝ քանի որ Նիկոլն ինքն է հանձնում տարածքները, ինչպես դա արեց Արցախի դեպքում, ասելով, որ Ադրբեջանինն է։ Բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի պասիվության, անգործության պատճառով իրենց իսկ վարկանիշը մեր ժողովրդի մոտ ընկել է։ Թեև միանշանակ է, որ Ռուսաստանին նման գործողությունների համար առիթ տվել են Հայաստանի ղեկավարները՝ իրենց խոսույթով ու հայտարարություններով։ Ռուսաստանն ունի իր առաջնահերթությունները, և այդ առումով Կովկասը զիջում է Ուկրաինային։

– Պատերազմից հետո ռուսական իշխանությունները ձեռքբերում էին համարում, որ չնայած պարտությանը՝ իրենք հայտնվեցին Սյունիքում։ ՌԴ իշխանական շահերը սպասարկող փորձագիտական շրջանակներում համոզված պնդում են, որ դուրս չեն գալու տարածաշրջանից։

– Ռուսաստանի հետ մեր գործերը դեռ չեն ավարտվել, պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա իր շահը տարանջատել ուրիշների շահերից։

– Արցախի հարցը փակ չէ, իրականում այն փակ է միայն մեկ մարդու համար, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այստեղ կա ժողովրդի սեփականության, կյանքի իրավունք։ Սրա մասին բոլորն են խոսում և անընդհատ՝ և Արևմուտքում, և Ռուսաստանում, մինչդեռ Արցախի հարց չկա դրված միայն Հայաստանում, բոլորն ասում են՝ պետք է արցախցիները վերադառնան, բացի Հայաստանից։ Մենք մեր հանրությանը պետք է պատրաստենք և թույլ չտանք, որ հարցը մոռացության տրվի, ինչն անում է գործող իշխանությունը։ Ցավոք սրտի, այս պահին ոչինչ չի անում Արցախի իշխանությունը։

– Փաշինյանը պայման դնող չէ, հատկապես՝ Ալիևի հետ հարաբերություններում, այլ Ալիևի պահանջները կատարող է։

– Իդեալական սահմանազատումը պետք է այնպես արվի, որպեսզի ոչ մի երկիր չտուժի, դա համագործակցության արդյունք պետք է լինի, եթե կա պարտադրանք, նախապայման, հայրենիքի ինչ-որ հատվածների առևտուր, դա սահմանազատում չէ։

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ընթացքում Ալիևի հայտարարությունները Նիկոլի գլուխը շոյելու միջոց էին, որպեսզի իրենց գործակալին բաց չթողնեն։ Դրա համար էր մարտի 17-ին Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ասում, որ «ավելի, քան երբևէ մոտ են» խաղաղության համաձայնագրին Հայաստանի հետ, և, որ բանակցություններն «ակտիվ փուլում» են։ Արևմուտքը հասկանում է, որ Ալիևն ինքնուրույն գործոն չէ, այլ Թուրքիայի շարունակությունն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկել էր Հայաստան՝ իր կառույցի անդամ երկրի շահերը սպասարկելու։

– Եթե մենք ուզում ենք, որպեսզի Ադրբեջանի նախագահի բռնապետ լինելու հանգամանքը գործոն դառնա, պետք է աշխատել Արևմուտքի հետ, որպեսզի չասեն, որ դրա մասին «Եվրոնյուզում» ոչինչ չի ասվել։

– Իշխանական քարոզչամիջոցներն այսօր ամբողջ օրը պտտում են World Happiness Report ամենամյա զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ճանաչվել է Հարավային Կովկասի մեջ երկրներից ամենաերջանիկը։

– Այնինչ, այդ ցուցանիշով փորձում են մարդկանց ուղղակի էշի տեղ դնել։ Բայց կան այլ ցուցանիշներ ևս՝ դատարանների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որոնցով Հայաստանը նահանջ ունի, այդ մասին չեն խոսում:

– Նոյեմբերյանում, Իջևանում մարդիկ տեսնում են, որ Փաշինյանը հանձնում է այդ տարածքները: Մարդիկ հասկանում են, որ ինչ-որ մեկը դիֆտի կտորը ձեռքին կգա ու կասի, որ եթե չհանձնենք՝ պատերազմ կսկսի։ Բայց մարդիկ տարիներ շարունակ պատերազմի սպառնալիքի տակ հող են մշակել, բերք են հավաքել, փորձել են աշխատել այդ տարածքներում… պահել են իրենց հայրենիքը:

– Փաշինյանը շտապել էր Տավուշ, որովհետև վտանգ էր տեսել, զգացել էր, որ աղմուկ է բարձրանում ժողովրդի մեջ… Այդ պարագայում նա կարող էր նույնիսկ Ստոլտենբերգին Հանրապետության հրապարակում թողնել ու վազել Տավուշ։

– Այս իշխանությունները հայրենիքի պաշտպանների դեմ հատուկ միջոցներով անգամ կգնան, կասկածո՞ւմ եք, որ կկրակեն, ամեն քայլի կդիմեն, ինչը տեսել ենք հանրահավաքների ժամանակ ոստիկանական ուժերի բռնի մեթոդների կիրառման ժամանակ։ Դա թշնամություն է երկրի, ժողովրդի հանդեպ:

– Համոզված եմ՝ պայքարի միակ կետը Հանրապետության հրապարակում է։

– Կաթսան շատ է եռում, նույնիսկ փողոցում մարդկային սովորական հարաբերությունների ժամանակ դա նկատվում է: Մարդիկ լարված են, ոտնահարված է նրանց ինքնասիրությունը, արժանապատվությունը։ Ու թեև հիմա ուզում են Տավուշ հանձնել, բայց դա միայն տավուշցիների, ոսկեպարցիների գործը չէ։ Պայքարը պետք չէ հատվածականացնել։ Տավուշի գյուղերը պետք է պահել Երևանում՝ Հանրապետության հրապարակում։

– Պայքարելու համար մարած աբլիգացիաներ պետք չեն: Ցավոք սրտի, այս օրերին ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր ոչ մի շանս չունեն։ Ընդդիմությունը պետք է ուժ գտնի, որ գոնե մեկ ժամ հավաքվեն մի սենյակում ու քննարկեն հարցը, ինչն իրականում չեմ տեսնում։

– Այս իշխանություններն անընդհատ նոր փաստարկներ են տալիս իրենց դավաճան կոչելու համար։ Առաջին անգամ տարածաշրջանում բոլորն իրար հետ խոսում են, անգամ թշնամի համարվող երկրները, բայց Հայաստանը գործընթացից դուրս է մնացել։

– Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կտեսնենք, որ ՌԴ-ում, երբ ձևավորվի նոր թիմ, փոխվի արտգործնախարարը, գուցե նաև պաշտպանության նախարարը, նոր մոտեցումներով են հանդես գալու, և դա կերևա նաև տարածաշրջանում։ Դա սպասելի է։

– Փաշինյանի հայտարարությունները՝ տարածքային ամբողջականության, Տավուշի 4 բնակավայրերի մասին, շատ վտանգավոր են. սա ուղիղ հրավեր է Ալիևին, որ այդ տարածքներում ապրող մարդկանց ու սահմանները պահող զինվորներին ահաբեկիչ համարեն, ռազմական գործողություններ սկսեն ու գերիներ վերցնեն: Եթե այդպես լինի՝ ի՞նչ ենք անելու։ Գուցե դեռևս զսպող հանգամանքներ կան, որ Ալիևը չի օգտվում այդ հնարավորությունից, բայց մի օր կարող է օգտվել։

– Պատերազմում հաղթելու համար պետք է հետևողականորեն տարիների շարունակական աշխատանք կատարել։

– Արևմուտքը սրանց իշխանության հենց այնպես չի բերել, տարիներ շարունակ սելեկցիա են արել, ստեղծել են ցանցեր։ Արևմտյան փորձագետները վկայում են, որ Հարավային Կովկասում գծվել է ամեն ինչ և իրականացվել այդ գծած ծրագրով։

– Այս գործընթացը թույլ չտալու միակ ճանապարհը ժողովրդական ըմբոստությունն է, հաճախ նաև իրենց համար չսիրելի ընդդիմությանը պետք է միանա ժողովուրդը՝ առանց երկար մտածելու։ Հակառակ դեպքում կլինի դավաճանություն ոսկեպարցիների, կիրանցիների, բոլորի հանդեպ։

– Եթե ընդդիմությունը ճիշտ քայլեր ձեռնարկի՝ ընդունելի կլինեն աշխարհաքաղաքական կենտրոնների համար, որովհետև Նիկոլն իրենց էլ է հոգնեցրել։

– Պատերազմը ձեռնտու է միայն Նիկոլին, նա հենց ուզում է, որ գան գրավեն, ու ինքն էլ գլուխ գովի, թե՝ ասում էի, չէ՞, ու հետո մեղքը և պատասխանատվությունն ինչ-որ կողմի վրա կգցի։

– Ալիևը հասկանում է, որ չափերն անցել է, և իրեն կարող են տանել այնտեղ, որտեղ իր ծրագիրը նախապես գծել են այդ կենտրոնները։

– Արցախը կրկին հայկական դարձնելու 2 ռեսուրս ունենք՝ խաղաղապահները, որ մնան Արցախում, և արցախցիները, որ վերադառնան։

Մանրամասները՝ տեսանյութում:

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր