Էրդողանի թելադրությունը Փաշինյանին. Մի գիշեր անսպասելի կգան

Թուրքիայում քաղաքական ու ռազմական հայտնի արտահայտություն կա՝ «մի գիշեր անսպասելի կգանք» (bir gece ansızın gelebiliriz): Սա թուրքերի սիրելի սպառնալիքն է, Ռեջեփ Էրդողանի՛ սիրելի սպառնալիքը, գլխավոր նախանշանը, որ թուրքերն ինչ-որ բան են ծրագրում: Այդպես մի գիշեր անսպասելի մտան Կիպրոս, Իրաք, Սիրիա: Եվ ամեն ինչ հուշում է, որ նույնը սպառնում է Հայաստանին:

Որովհետև Նիկոլ Փաշինյանը երեք ժամ քսան րոպե տևողությամբ մամուլի ասուլիս տվեց՝ պատասխանելով տասնյակ հարցերի, սակայն գլխավոր հարցը նրա առաջ չդրվեց: Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային գլխավոր մարտահրավերը Հայաստանի տարածքով Թուրքիայի պահանջած միջանցքն է, որին Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ: Լռեց և կարողացավ լռել:

Հենց սա է ցուցիչ, որ թուրքական վտանգի գիտակցումը չկա, որ թուրքերը կարող են մի գիշեր անսպասելի գալ, որ ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվում այն կործանարար աղետը, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», և թե ինչի են պատրաստ թուրքերը հանուն այդ միջանցքի:

Ասուլիսի՝ Թուրքիային վերաբերող հատվածի խեղճությունը

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը կարևորեց Էրդողանի հետ երկխոսությունը՝ առանց բացատրելու այդ երկխոսության բովանդակությունը:

«Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում ենք», – ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացում Թուրքիայի ներգրավվածության միտում տեսնո՞ւմ է:

Սկսենք նրանից, որ Թուրքիան և Ադրբեջանը նախագահներից մինչև ԱԳ նախարարների ու պատգամավորների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ բոլոր հարցերում՝ ներառյալ Հայաստանին վերաբերող, գործում են միասին: Անգամ ունեն նոր ֆրազ՝ «մեկ ազգ, երկու պետությունը» հիմա դարձրել են «մեկ ազգ, երկու պետություն, մեկ բռունցք»:

«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարևոր բան է տեղի ունենում, որը երբ ասեմ, կարող է նույնիսկ տարօրինակ հնչել, թե դրանում ինչ կարևոր բան կա: Մենք խոսում ենք իրար հետ, և ես համարում եմ, որ Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք խոսակցություն և երկխոսություն: Այդ երկխոսությունը շատ բարդ է, հեշտ չէ, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի», – ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց Պրահայում Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպման լուսանկարը, որը համացանցում էր հայտնվել ու աղմուկ առաջացրել Հայաստանում, նաև Փաշինյանի թիմակիցների լարվածությունը:

Փաշինյանը սակայն, հայտարարեց, թե նման հանդիպումները «տարօրինակ» չի համարում. «Ընդհակառակը, տարօրինակ է, որ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն: Բայց մինչև այդ հանգամանքը հաշվի առնելը կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ջանք է պահանջվում՝ կայացնել որոշում, գնալ և Թուրքիայում մասնակցել նախագաի երդմնակալության արարողությանը:

Նույն համատեքստում սովորական բան պետք է լինեն նաև երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հեռախոսազրույցները: Այդ խոսակցության մեջ մենք երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում, էական չէ՝ կարևո՞ր, թե՞ անկարևոր, մենք իրենց ասածը չենք այդքան ճշգրիտ հասկանում, իրենք մեր ասածը չեն ճշգրիտ հասկանում, և այս չհասկացվածությունների արանքում առաջանում է նեգատիվ էներգիա, որը հասկացվածության արդյունքում չի նշանակում, որ կզրոյանա, բայց որ կնվազի՝ դա ակնհայտ է: Այդ նվազումը փաստ չէ, որ կբերի կոնկրետ արդյունքների, բայց որ առանց նվազման արդյունք չի լինի, դա երաշխավորված է»,– ասաց Փաշինյանը ու հավելեց, թե հայ իրականության մեջ Թուրքիան հաճախ ոչ թե ընկալվում է մի երկիր, որը «մեր դիմացի հարևանն է», այլ ընկալվում է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով, մինչդեռ պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենալ:

Սկսենք նրանից, որ Թուրքիան հայ հասարակության մեջ ընկալվում է ոչ թե որպես սահմանակից պետություն, այլ առաջին հերթին և գլխավորապես՝ որպես Ցեղասպանությունն իրագործող, Արցախում պատերազմը հրահրող, պատերազմի ժամանակ Բաքվին բայրաքթարներով ապահովող, Ցեղասպանությունից 100 տարի անց առնվազն 5 հազար հայի սպանող, պատմական հայկական հող Արցախը օկուպացնող, Նախիջևան-Արցախ-Սյունիք տրամաբանությամբ և հերթականությամբ Հայաստանից նոր տարածքներ պոկելը ծրագրող թշնամական երկիր: Սա՝ եթե ոչ ընկալումը, ապա իրողությունն է:

Թուրքիայի հետ «երկխոսությունը»՝ առանց թուրքերի խոստովանության ու զղջման, ոչ թե նվազեցնում է Հայաստանին սպառնացող վտանգները, այլ ստեղծում է նոր վտանգներ հայերի համար: Որովհետև Էրդողանի հետ Փաշինյանի շփումները երկխոսություն կոչելը մեծ ճոխություն է: Այն ինչ կատարվում է՝ Թուրքիայի պահանջների ու նախապայմանների թելադրություն է:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հավաք

Եթե անգամ մի կողմ թողնենք նախկինում հնչած ուղիղ հայտարարությունները՝ Զանգեզուրի միջանցքից մինչև Ցեղասպանության մեղադրանքներից հրաժարվել, ապա միայն վերջին երկու օրում Բաքու մեկնած Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները բավական են Փաշինյանին Էրդողանի թելադրության բովանդակությունը վերհիշելու և հայկական իրական օրակարգը տեսնելու համար:

Այն, որ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բաց է ու Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն չի թաքցնում որևէ թուրք պաշտոնյա: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի պաշտոնյաները գործում են բաց:

Բաքվում մարտի 15-ին կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների հերթական հավաքը, որի ժամանակ ամենակարևոր հայտարարություններն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Նա նախ նշել է, որ տարածաշրջանում ստեղծվել են նոր իրողություններ՝ Ադրբեջանը «վերականգնել է տարածքային ամբողջականությունը» (նկատի ունի Արցախի Հանրապետության տարածքի օկուպացիան), Վրաստանը ստացել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Եվ երեքով քննարկել են այս նոր իրողություններում գործակցության հնարավորությունները: Եվ այս հայտարարություններին է հետևել Ֆիդանի գլխավոր նախադասությունը:

«Կարևոր է, որ այլ տարածաշրջանների երկրները ևս աջակցեն այնպիսի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի ուղին, որը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ առումով և շահեկան է բոլոր երկրների համար», – հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հերթական անգամ դիվանագիտորեն միջանցքն անվանելով «ուղի»՝ փորձելով մեղմել Հայաստանի վախերը: Բայց այստեղ իրականությունն այն է, որ «ուղի» ասելով՝ Հայաստանի համար այդ թուրքական նախագծի կործանարար նշանակությունը չի փոխվում: «Ուղի» ասելով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է Թուրքիայի համար այս նախագիծը, և որքան ճկուն կարող է լինել Թուրքիան՝ իր նպատակին հասնելու համար:

Բաքվի ֆորումի հակահայ օրակարգը

Եվ «տորթի վրայի բալը», իհարկե, Բաքու մեկնած Բինալի Յըլդըրըմն է: Սա Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի մտերիմ ընկեր Յըլդըրըմն է, որն Արցախ այցի ժամանակ ուղեկցում էր Էրդողանին ու վթարի էր ենթարկվել, հազիվ փրկվել: Այն, ինչ ասում է այս պաշտոնյան, պետք է լսել խիստ ուշադիր, որովհետև նա բաց ասում է այն, ինչի մասին Թուրքիայի նախագահը գուցե կլռի: Ասում է այն, ինչի մասին խոսում է, մտածում է Թուրքիայի իշխող վերնախավը:

Եվ, Յըլդըրըմը, պատասխանելով ադրբեջանական «Բաքու TV»-ի հարցերին՝ բացահայտել է Թուրքիայի նախապայմանների ու պահանջների ամբողջ շարքը: Կամ Փաշինյան-Էրդողան «երկխոսության» բովանդակությունը: Այն շատ ծանոթ կթվա:

«Հայաստանը պետք է որոշ քայլեր անի: Նախ պետք է հրաժարվեն հին երազանքներից, պետք է փոխեն Սահմանադրությունը, պետք է հրաժարվեն Թուրքիայից և Ադրբեջանից՝ իրենց Սահմանադրության մեջ եղած տարածքային պահանջներից: Սրան զուգահեռ պետք է հրաժարվեն Թուրքիայի դեմ, այսպես կոչված Ցեղասպանության մեղադրանքներից, պետք է հրաժարվեն Արարատից՝ որպես իրենց խորհրդանիշ, և իհարկե, պետք է քայլեր անեն Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ»,- հայտարարել է Յըլդըրըմը: Ավելացնելու ոչինչ չթողնելով:

Միրզոյանը՝ տապալված պայմանավորվածությունների ավետաբեր

Բաքվում այսպիսի հայտարարությունների ֆոնին Երևանում հայտարարություններ էր անում նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայամանավորվածությանը՝ Միրզոյանն արձանագրել է փաստը՝ մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ։

«Թեև Թուրքիայի նոր ԱԳ նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը», – ասաց Միրզոյանը, որը դարձել է Փաշինյանի տապալված պայմանավորվածությունների ավետաբերը:

Ավելի վաղ, Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, հարցազրույց տալով թուրքական պետական լրատվական գործակալությանը, Միրզոյանը հայտարարել էր, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, հավելել՝ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրով: Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից, հայտնել էր Միրզոյանը:

Ընդ որում նրա այս հայտարարությունն ավելի ուշ Փաշինյանն անվանեց տպավորություն՝ փորձելով փրկել իրավիճակը: Անհաջող կերպով: Որովհետև, ըստ իր հիմնավորման, այդ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչելու նպատակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս:

Հաշվի առնելով պայմանավորվածությունները ձախողելու Փաշինյանի փորձառությունը և նախապայմաններ ու պահանջներ թելադրելու Թուրքիայի կարողությունները՝ ո՞րն է Փաշինյան-Էրդողան շարունակական «խոսակցության-երկխոսության» կարևորությունը և բովանդակությունը: Ու որ ավելի կարևոր է՝ հետևանքը:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր