ԱԳ նախարարների բեռլինյան բանակցությունները ֆոն են, վարագույր, որից այն կողմ եփվում է իրական ճաշը։
Բեռլինյան զբոսանք. Օր 1-ին
Փետրվարի 28-ը Բեռլինում սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարարների երկկողմ և փակ հանդիպումով։ Առաջ, ընթացքում և հետո քննարկածի մասին հայտարարություններ ու մեկնաբանություններ կողմերից որևէ մեկը չի արել։
Այնուհետև Միրզոյանին և Բայրամովին առանձին-առանձին ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Նախ՝ Բայրամովին և, ըստ Բաքվի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության, Բայրամովը գերմանացի միջնորդին ասել է, թե Ադրբեջանը հաստատակամ է կարգավորման և խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում։ Ինչից հետո Բայրամովը Հայաստանին մեղադրել է ագրեսիայի մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանը խախտել է շուրջ 5 ամիս ձգված կայունությունը (նկատի ունի Ներքին Հանդում կատարվածը) և դրա նպատակը խաղաղ գործընթացին հարված հասցնելն էր։ Բայրամովը ընդգծել է այս օրերին Բաքվի մյուս գլխավոր թեզ -պահանջը ևս՝ հայտարարելով, թե Բաքվի համար անընդունելի են Հայաստանի կողմից ոչ կառուցողական դիրքորոշումները և հռետորաբանությունը շարունակելը քաղաքական և իրավական գործընթացներում, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ Ադրբեջանից տարածքային պահանջները։
Բայրամովից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը դիմավորել է Միրզոյանին, որը հայտարարել է՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:
Երկկողմ հանդիպումներից հետո գերմանական կողմը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցություն։ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը հայտարարել է, թե իրենք համոզված են, որ հիմա Հայաստանը և Ադրբեջանն ունեն հնարավորություն երկար տարիների հակամարտությունից հետո հասնել երկար սպասված խաղաղությանը։ Հավելել է՝ կողմերը համարձակ քայեր են անում հաշտության ուղղությամբ՝ հետևում թողնելով բազմաթիվ մարդկանց տառապանքով և մահով խաթարված անցյալ: Բերբոքը նաև նշել է՝ առաջ գնալու համար անհրաժեշտ է վճռականություն։ Ու վերջում նախաձեռնել է երեքով զբոսանք Գերմանիայի ԱԳՆ այն շենքի տարածքում, որտեղ բանակցում էին։
Միրզոյանը և Բայրամովը բանակցությունները շարունակել են առանց գերմանական կողմի միջնորդության՝ ինչպես օրվա սկզբին՝ ուղիղ ձևաչափով։
Ալիևի և Փաշինյանի պատճառները. Ինչու Գերմանիա և ինչու Բեռլինում
Քանի դեռ ԱԳ նախարարները հանդիպում էին Բեռլինում, Փաշինյանը հայտարարություններ է արել Երևանում, Ալիևը՝ Բաքվում։ Երկուսն էլ անդրադարձել են հարցին, թե ինչու են Միրզոյանը և Բայրամովը հենց Բեռլինում ու երկուսի բացատրությունից էլ հետևությունը մեկն է՝ նպատակները տարբեր են, ու ոչ մեկը խաղաղության մասին չէ։
Եվ այսպես, նախ Փաշինյան, որը բեռլինյան միջնորդության նախընտրությունը տեղավորեց հակառուսական ու հակա-ՀԱՊԿ-յան իր նոր ու կրկնվող հայտարարությունների տրամաբանության մեջ։ «ԱԳ նախարարները հանդիպում են Գերմանիայում։ Վայրը ինչ-որ առումով միայն վայր է, բայց բովանդակություն էլ ունի։ Մենք ինչու ենք համաձայնել, որ Գերմանիայում այդ հանդիպումը տեղի ունենա։ Շատ պարզ պատճառով, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և Գերմանիան ստորագրել է երեք կարևոր սկզբունք։ Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում Ալմա Աթայի հռչակագրով, երկրորդ՝ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը, և երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն այն երկրների սուվերենության, իրավազորության տակ, որոնց տարածքով անցնում են, հավասարազորության և փոխադարձության սկզբունքով։ Այսինքն՝ Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել։ Եթե որևէ միջնորդ փորձելու է այս շրջանակից դուրս բերել գործընթացը, մեզ համար դա ընդունելի չէ», ֊ հայտարարեց Փաշինյանը, որը նաև հիշեցրել էր, որ ՀԱՊԿ-ը դեռ չի պատասխանել Հայաստանում կազմակերպության պատասխանատվության գոտու մասին բարձրացված հարցին։
Ալիևը ևս բեռլինյան հանդիպումը ծառայեցրել է իր նեղ նպատակներին՝ հայտարարելով. «Գերմանիան, ի տարբերություն իր հարևան Ֆրանսիայի, որը բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք է մատակարարում, խաղաղ գործընթացում չեզոքություն է ցուցաբերում»։
Եվ Ալիևը խոսել է նաև Հայաստանի վրա հարձակման հնարավորության շուրջ հայտարարությունների մասին ու մեղադրել նորից Ֆրանսիային ու նախագահ Մակրոնին։ «Բորելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, կտեսնի դրա դառը հետևանքները։ Նախ, որտեղի՞ց Բորելին տեղեկություն, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի հուշումներն են», – ասել է Ալիևը՝ փաստացի Ֆրանսիային զրկելով միջնորդական առաքելությունից։
Եվ այստեղ կա ուշագրավ հետևություն՝ Փաշինյանը չի պնդել, կամ արդյունավետ կերպով չի կարողացել պնդել իր նախընտրած անվտանգային գործընկերոջ՝ Ֆրանսիայի միջնորդական դերի հարցում։ Հետևաբար, Փարիզում արդեն իսկ կարող են նկատել ու հետևություններ անել։
Նախընթաց հայտարարություններ՝ հեռու խաղաղության դարաշրջանից
Միրզոյան-Բայրամով բանակցությունները կայանում են Մյունխենում փետրվարի 17-ին Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ։
Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումից տասն օր անց ու ԱԳ նախարարների հանդիպունից մեկ օր առաջ՝ փետրվարի 27-ին Ալիևը կրկնեց այն, ինչը հայտնի չէր միայն նրանց, ովքեր փորձում էին չտեսնել, չընդունել իրողությունը։ Թշնամին Փաշինյանի որևէ սկզբունք, Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածություն հարգել չի պատրաստվում։
«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով իրեն նետել ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներից հրաժարվելն է», – հայտարարեց Ալիևը։
Սրան նախորդել էր Փաշինյանի հայտարարությունը՝ նույն մյունխենյան հանդիպումից վեց օր անց։ «Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է», – ասել էր Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում։ Բացատրելով երեք հիմնական պատճառով՝ Ալիևը խնդիրներ է ստեղծում նախապես ձեռք բերված 3 սկզբունքները խաղաղության պայմանագրում արտացոլելու գործընթացում, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և ագրեսիվություն է դրսևորում սահմանին։
Բեռլինից Անթալիա. Օր 2-րդ
Փետրվարի 29-ին Միրզոյանը և Բայրամովը շարունակեցին իրենց բանակցությունները Բեռլինում՝ Գերմանիայի ԱԳ նախարարության Վիլլա Բորսիգում։ Օրվա վերջին և բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները տարածեցին հայտարարություններ, որոնց տեքստերը, ընդհանուր առմամբ նույնն էին, բայց տարբերություն, այնուամենայնիվ կա:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»։
Բաքվի ԱԳՆ հայտարարությունը. «Նախարարները և նրանց գլխավորած պատվիրակությունները քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի դրույթների վերաբերյալ դիրքորոշումները։ Կարևորվել է որոշ առանցքային հարցերի շուրջ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը»։
Նախ՝ բանակցույթունները շարունակելու «փոխադարձ համաձայնության» մասին հայտնում է միայն հայկական կողմը, Բաքուն միայն կարևորում է «հետագա աշխատանքի անհրաժեշտությունը»՝ ձեռքերն ազատ պահելով այլ տարբերակների համար։ Մյուս կողմից հայկական կողմը նշում է «բաց հարցեր» ձևակերպումը, Բաքուն՝ «առանցքային հարցեր»։ Սա նշանակում է, որ անգամ հայտարարության տեքստը համաձայնեցնելու հարցում կողմերը խնդիր են ունեցել, որովհետև երբ այդ խնդիրները չեն լինում՝ ՀՀ և Բաքվի տեքստերը լինում են նույնը։
Մյուս կողմից առավել կարևոր է այն հանգամանքը, որ Բաքուն անմիջապես հայտնեց՝ Բայրամովը Բեռլինից մեկնել է ուղիղ Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Թուրքական այս հարթակի առաջխաղացմանը նպաստելով այնտեղ Միրզոյանի մեկնելու մասին ավելի վաղ՝ դեռ բեռլինյան բանակցություններից առաջ հայտնել էր նաև ՀՀ ԱԳ նախարարությունը։
Փաստացի՝ բեռլինյան ռաունդից հետո Միրզոյանը և Բայրամովը միասին ու միաժամանակ կլինեն Անթալիայում, որտեղ, իհարկե, ներկա կլինի նաև Թուրքիայի ԱԳ նախարարը։ Եռակողմ և Միրզոյան-Ֆիդան հանդիպումների հավանականությունը օրակարգում է։ Թեև ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում երկկողմ հանդիպումներ է ունենալու»։
Միրզոյանը Թուրքիայում կմնա երեք օր՝ այցը մարտի 1-3-ն է։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին հայտարարել է նաև ՌԴ ԱԳ նախարարությունը։ Լավրովն արդեն մեկնել է։
Այն, ինչ կա իրականում
Ինչպես և կանխատեսել էինք, Բաքուն, որը հետևողական կերպով աղմկում է 5 ամիս ձգված սահմանային կայունության և այդ կայունությունը փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում խախտելու մասին, փաստացի պատրաստում է նոր ագրեսիա Հայաստանի դեմ՝ Ալիևի վերընտրությունից անմիջապես հետո։ Ամեն ինչից առաջ այստեղ պետք է ընդգծել, որ հաշվի առնելով այս երկու հանգամանքները՝ այն, որ Ներքին Հանդի ողբերգությունը եղավ, երբ Ալիևը կարգավորեց իր ընտրության հարցերը, և այն, թե ինչպես է Ներքին Հանդում եղածը փորձում շահարկել ու օգտագործել այս պահին իր կարճաժամկետ նպատակի համար, ակնհայտ է դարձնում, որ Ներքին Հանդում կատարվածը ադրբեջանական սադրանք էր։ Եվ Հայաստանում մեղավորների փնտրտուքը, որն իշխանամերձ անձիք ձգեցին հայ դիրքապահներից մինչև ռուս սամանապահներ, առնվազն տեղին չէր։
Գալով Բաքվի կարճաժամկետ նպատակին։ Ալիևից սկսած մինչև Բայրամով ու Բաքվի ամբողջ քարոզչամեդիա՝ այս օրերին ինտենսիվ լծված են մեկ գործի՝ Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր, իբր Փաշինյանը պատրաստում է ագրեսիա ռազմավարական բարձունքներ վերցնելու նպատակով։ Արժանահավատ երևալու համար օգտագործում են անգամ ֆրանսիական սպառազինության թեման։
Պատկերն ավելի ամբողջական տեսնելու համար պետք է նկատել, որ զուգահեռ ընթանում է ևս մեկ գիծ՝ թուրքականը։ Ճիշտ նույն ժամանակահատվածում, ինչ Բաքվից սկսել են Հայաստանն անվանել ագրեսոր, Էրդողանի պաշտոնյաները հայտարարություններ են անում Հայաստանի տարածքով թյուրքական միջանցքի մասին։
Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում էր և, փետրվարի 25-ին, վերադարձին, օդանավում պատասխանելով իրեն ուղեկցող լրագրողների հարցերին, հայտարարել է. «Զանգեզուրի նախագիծը հաջողությամբ իրագործելու պարագայում այն կլինի կենսական միջանցք, որը ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը կկապի Կենտրոնական Ասիայի հետ: Դա նաև մեծ օգուտ կբերի հայերին: Մենք կշարունակենք սա հայերին բացատրելու և Հայաստանը հայկական սփյուռքի ստվերից փրկելու մեր ճանապարհը: Հայաստանն այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ ելք չունի: Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը Հայաստանի հայերը չեն, այն շրջանակներն են, որոնք չեն ցանկանում խաղաղություն այս տարածաշրջանում, հատկապես Եվրոպայի և ԱՄՆ հայկական սփյուռքն է»։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, որին թուրքական հեռուստաալիքները պարբերաբար հրավիրում են հարցազրույցների հատկապես «Զանգեզուրի միջանցք» կոչվածի թեմայով, նորից, փետրվարի 11-ին «Հաբերթյուրքի» եթերում հայտարարել է, թե կա նաև Իրանի տարածքի տարբերակը։ Սա նշանակում է, որ Փաշինյանին շարունակում են շտապեցնել՝ թուրքական խորամանկ հնարքով, որի հնարք լինելն արդեն բացահայտված է։
«Երկու տարբերակ կա: Առաջինը՝ միջանցքն անցնելու է Հայաստանի տարածքով: Սրան հայկական կողմը շատ լրջորեն դեմ է արտահայտվում, վերջին շրջանում էլ նման հայտարարություններ եղան, այլընտրանքը՝ Իրանի տարածքով անցնելն է: Հիմա միջանցքը կանցնի Իրանի տարածքով, թե Հայաստանի տարածքով՝ հարցը դրված է սեղանին, քննարկվում է: Զանգեզուրի միջանցքի իրագործումը ուղիղ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն է ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և ամբողջ թյուրքական աշխարհի միջև: Ադրբեջանի հետ սերտորեն աշխատում ենք, որ րոպե առաջ այս գործն ավարտին հասցվի», – ասել է Ուրալօղլուն։
Հայերի դեմ թուրքերի երգն այս պահին երկու հիմնական ուղղություն ունի՝ միջանցք և սփյուռք։ Հայկական սփյուռքին, որը կարող է դիմադրել թյուրքական միջանցքին, Թուրքիան թիրախավորում է նոր թափով՝ հիմա արդեն բերանում հաջողության համ ունենալով։ Թուրքիայում իշխող, էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակն է փետրվարի 26-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել. «Անշուշտ Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված վիճակին մեծ զգայունությամբ ենք հետևում: Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս փորձում ենք առաջ մղել դինամիկ կերպով՝ Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված: Որոշ արևմտյան պետություններ փորձում են սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, երկար տարիներ Մինսկի խմբի՝ շեղող մեխանիզմին հիմա փորձում են այլընտրանք գտնել, ինչին հակազդելու համար պետք է ստեղծենք տարածաշրջանային երկրների մասնակցությամբ մեխանիզմ: Եթե Հայաստանը հրաժարվի ագրեսիվությունից, Հայաստանը ևս կարող է ներառվել այդ մեխանիզմում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդ կամքը՝ ագրեսիվությունից հրաժարվելու կամքը կա: Բայց որոշ արևմտյան երկրներ փորձում են սաբոտաժի ենթարկել դա: Ինչպես նաև տեսնում ենք, որ հայկական սփյուռքն է փորձում խոչընդոտել կարգավորման գործընթացին»։
Փաստացի Հայաստանի դեմ պատրաստվում է ագրեսիա՝ թուրքական միջանցքը պոկելու գերնպատակով, և այդ նախապատրաստական աշխատանքները ներառում են միջազգային հանրությանը սաբոտաժի մեջ մեղադրելով աջակցությունից զրկելը, հայկական սփյուռքին խափանարար դերի մեջ մեղադրելով լռեցնելը, և Փաշինյանին ագրեսիայի մեջ մեղադրելով պլանավորվող ագրեսիան թուրքական հայտնի, ու նաև հայերին հայտնի, «հակաահաբեկչական գործողություն» եզրով ձևակերպելը։
Անի Ավետյան
____________________________