Մեկ տողով հայտարարելու և կարևորի մասին լռելու Փաշինյանի փորձը

Մեկ-երկու օրում Փաշինյանի իշխանությունից հնչեց երեք հայտարարություն, որոնք մատնում են, թե իրականում՝ ինչպես են ձախողվել Հայաստանի անվտանգությունն ապահովելու իրենց քաղաքականությամբ և ինչ է իրականում սպասվում Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին «խաղաղության դարաշրջանի» փոխարեն:

Զիջելով ամենակարևորը և ստանալով ոչինչ

ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում Հայաստանի գլխավոր խնդիրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ անդրադարձում նշվում է խոսուն նախադասությամբ. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»:

Փաշինյանի կառավարությունն այս մեկ նախադասությամբ փորձում է ամփոփել այն, ինչ արել է կատաստրոֆիկ 2023-ին, ու անցնել առաջ՝ լռելով կարևորի ու կենսականի մասին, չանելով հետևություններ, մեղմելով ձախողման ու դրանից առավել ահագնացած վտանգի մասշտաբը:

Այս մեկ նախադասությունը Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության վերաբերյալ եղած վիճակի կեղծ ձևակերպումն է: Այն առումով, որ իրողություններն առավել ծանր են, քան ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին:

Փաշինյանը փաստացի արձանագրում է, որ մինչև այս վարած իր արտաքին քաղաքականությունը թուրք-ադրբեջանական ուղղությամբ տապալված է: Սա նշանակում է, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, որի առավել ճշգրիտ ձևակերպումը՝ զիջումների քաղաքականություն է, Հայաստանին որևէ օգուտ չի բերել:

Փաշինյանը զիջեց, իհարկե կոշտ ձևակերպմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր հաղթաթուղթը՝ 2023-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք, 2023-ին Արցախի Հանրապետության տարածքն ամբողջությամբ օկուպացվեց, բայց անգամ այդ գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել:

Փաշինյանը, զիջելով Արցախը, տևական ժամանակ փորձում էր տպավորություն ստեղծել, թե փոխարենը ստանում է Հայաստանի տարածքային ամողջականությունը, բայց փաստացի ստացավ ոչինչ և հիմա այդ փաստը, վերջապես, ընդունում է նաև ինքը:

Այն, ինչ կարող էր անել Փաշինյանը, գոնե փոխզիջումների գնալն էր: Բայց չարվեց անգամ դա: Զիջումը միակողմանի էր, ինչից հետո երկրորդ կողմը կանխատեսելիորեն ավելացրնում է պահանջները:

Նոր պատերազմի պատրաստություն

Դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանը Պրահայում չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի տարածքի մաս՝ առավել ճշգրիտ 2022-ի փետրվարի 24-ին, Իլհամ Ալիևը պաշտոնապես և բացահայտ կերպով սկսեց իր «Արևմտյան Ադրբեջան» պլանը: Նիկոլ Փաշինյանը դա նկատում ու վտանգը, հուսանք, տեսնում է միայն հիմա՝ արձանագրելով, որ Հայաստանի ամբողջ տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանելով Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի:

«Այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», – հայտարարել է Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում պատասխանելով նոր էսկալացիայի մասին հարցին:

Փաշինյանը նաև բացատրում է, թե ինչու է այդ հարձակումը հավանական՝ նշելով այն պատճառները, որոնք մինչև Արցախն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը տեսնել չէր ուզում:

«Պաշտոնական Բաքվից հաճախ են հնչում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին հայտարարություններ, իսկ «Արևմտյան Արբեջան» նրանք անվանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ, երբ որ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահամանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, գալիս են այդ վերլուծությունները։ Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղից են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։ Արդեն իսկ հրապարակային պայամնավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստում արտահայտելիս մենք տեսնում ենք, որ դրանք Ադրբեջանի կողմից չեն հարգվում», – ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս փաստերի համախմբումն է, որ հայստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է այն համոզման, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում։

France 24-ը փորձել է ամեն ինչ առավել պարզ դարձնել ու հարցրել է, որ փաստորեն, ըստ Փաշինյանի, Իլհամ Աիևը ասում է, թե խաղաղություն է ուզում, բայց իրականում պատրաստվում է պատերազմի: Փաշինյանն արձագանքել է՝ այո՛, դա է ուզում ասել և այդպիսի տպավորություն կա։

Հանելով վատ զրահաբաճկոնն ու մնալով մերկ

Ու հենց այս պայմաններում, երբ Փաշինյանն ինքն է հայտարարում, որ թշնամին պատրաստվում է նոր հարձակման, և ինքն էլ հիմնավորում է իր եզրակացությունը, միաժամանակ հայտարարում է՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցված է:

«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա», – նշել է Փաշինյանը:

Սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է անվտանգային դաշինքից, որը վատ է աշխատում, չունենալով համարժեք ոչինչ: Եվ հենց այս պահին այդ քայլին գնալը՝ Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ից՝ թեկուզ ձևական անվտանգային դաշինքից հրաժարվելը չի արձակում ևս մեկ կապ Բաքվի և նրա հովանավորի ձեռքերից:

Մյուս կողմից Բաքուն, թուրքական ուղղորդմամբ ու վերահսկողությամբ, անում է ճիշտ հակառակը՝ բոլոր առիթներով փորձելով սիրաշահել, քծնել Մոսկվային, ու անգամ Թեհրանին: Փաստացի քաղելով նաև պտուղները: Իրականում սա է կոչվում ախտորոշել առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ինչպես նշված է Փաշինյանի կառավարության՝ արտաքին անվտանգության ապահովման ոլորտի հայեցակարգում: Ոչ թե Մոսկվայի հետ ուղիղ առճակատման գնալը:

Ներքին Հանդի իրական մեղավորը

Երբ փետրվարի 13-ին Ներքին Հանդում թշնամին սպանեց 4 հայ դիրքապահներին, ՀՀ իշխանամերձ անձանց առաջին արձագանքը մեղքը սպանված դիրքապահների վրա բարդելն էր:

Տասն օր անց՝ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանի ԱԽ քարտուղարը գտավ նոր մեղավոր: «Ներքին Հանդում, որտեղ այդ միջադեպը եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի և Ռուսաստանը ներկա է այնտեղ և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», – հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նաև ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էր պնդել, թե դեպի Ներքին Հանդ տանող ճանապարհին ու գյուղում տեղակայված ռուս սահմանապահներն արգելում են եվրոպացի դիտորդների մուտքը:

Կարող ենք անգամ մի կողմ դնել այն, որ ՀՀ ԱԱԾ-ն հերքեց Գրիգորյանին և Ռիտերին: «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»,- հայտնեց ԱԱԾ-ն:

Ուշադրության է արժանի այն, որ Փաշինյանի պաշտոնյան հերթական անգամ փորձում է մեղքը բարդել ռուսական կողմի վրա՝ սեփական սխալները կոծկելու, «սահմանի հենց այդ հատվածում ինչպես հայտնվեցին ադրբեջանցիները» հարցն անպատասխան թողնելու, և Արևմուտք-ՌԴ բախման մեջ խցկվելու միտումով:

Անգամ լավագույն ցանկություններով այս պահին այդ բախման մեջ խցկվելը վտանգավոր է՝ Հայաստանի և հայ դիրքապահների համար:

Մանավանդ, որ թշնամին շարունակում է էսկալացիան՝ Ներքին Հանդում կատարվածից հետո արդեն երկրորդ անգամ հայտարարելով, թե հայկական կողմից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ընդ որում Բաքվի ՊՆ այս հայտարարության տեքստն ուշագրավ էր: Դրանում նշված էր, թե կոչ են անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել այդ սադրանքներն իրականացնողներին։ Այսպիսի մեծաբերան տեքստի ու կոչի իրավունք Բաքվին տրվեց Ներքին Հանդում էսկալացիայի օրերին: Երբ Բաքուն հայտարարեց, թե հայերը կրակել են, հայկական կողմը պատասխանեց. «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին «հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Փաստացի, հերթական զիջումից ստացած միակ «արդյունքը» այն է, որ թշնամին որոշեց՝ այսուհետև իրավունք ունի պահանջել, որ պատժվեն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակող հայ դիրքապահները:
Վերջում մնում է հարցը՝ քանի՞ անգամ է հնարավոր գլուխը հարվածել նույն պատին:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր