Էրդողանը սկսել է Փաշինյանի հետհաշվարկը

Տեսախցիկների առաջ նկատելի ու աչք ծակող ծերունական, վատառողջ դանդաղկոտությամբ Էրդողանը մոտենում է աթոռին, որին պետք է նստի: Ալիևը փորձում է դանդաղեցնել նաև իր քայլերն ու չմատնել տիրոջը: Բայց Էրդողանի վիճակի մասին շշուկներն ամեն այսպիսի դրվագով առավել բարձր են լսվում:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն  վերջին հանդիպմանը Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին ուղիղ հայտարարություն չեն անում: Սակայն Էրդողան-Ալիև հայտարարությունների տողատակերի ամբողջ բովանդակությունը ուղղված էր Հայաստանին ու սպառնալիք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Էրդողանն իր խոսքը սկսեց՝ հիշեցնելով, որ անցած տարի սեպտեմբերին Նախիջևանում էր: Եվ ինչպես այն ժամանակ, այս անգամ ևս Նախիջևանն անվանեց «Թյուրքական աշխարհի դարպաս»: Դեռ սեպտեմբերին էր թուրքական մեդիան աղմուկ բարձրացնելով հիշել, որ սա Աթաթյուրքի ձևակերպումն է, Աթաթյուրքի երազանքն է, որ Էրդողանը վերջապես փորձում է իրագործել այն, ինչի մասին թուրքերը երազում են արդեն 100 տարի: Սա նշանակում է, որ Էրդողանի գլխավոր երազանք-նպատակը ուժի մեջ է, որ Թուրքիան իր բոլոր կարողություններով փորձում է միավորել թյուրքական աշխարհն ու դառնալ առաջնորդ ազդեցության այդ հսկայական գոտում: Իսկ Հայաստանը կանգնած է Թուրքիայի ճանապարհին:

Խաղաղության պատուհանի մեջտեղում

«Մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի նոր աղբյուր կդառնա ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այս հարցում մենք Ադրբեջանի հետ գործում ենք միասին՝ ուս ուսի տված։ Մեր տարածաշրջանում բացվել է խաղաղության պատմական հնարավորության պատուհան: Շատ կարևոր է, որ այդ պատուհանը չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի առումով», – հայտարարում է Թուրքիայի նախագահը:

Սա ուշագրավ հայտարարություն է, որովհետև Հայաստանի մասին ու Փաշինյանին ուղղված Էրդողանի հայտարարություններին ուշադիր հետևողները կարող են նկատել՝ եթե սրանից առաջ՝ պատերազմից հետո, նա խոսում էր խաղաղության հնարավորության պատուհանի մասին, ապա հիմա առաջին անգամ նկատել է տվել, որ այդ պատուհանը կարող է փակել:

Որպեսզի այդ պատուհանը չփակվի, Թուրքիայի նախագահը Հայաստանից իր երկու պահանջները ձևակերպել է բազմիցս՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով Արցախը թղթով կհանձնվի Ալիևին, և «Զանգեզուրի միջանցք», որով կմիավորի թյուրքական աշխարհը: Սա կարճաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ պլանավորմամբ և՛ Նախիջևանը, և՛ Արցախը, և՛ Սյունիքը, ու ընդհանրապես Հայաստանի ամբողջ տարածքն են առավելագույնը միջանցք Էրդողանական թյուրքական աշխարհի համար:

Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների-պահանջների մեջ չխառնվելու կոչ ևս եղավ: «Մենք խրախուսում ենք երրորդ կողմերին կառուցողական կերպով նպաստել գործընթացին, այլ ոչ թե թունավորել այն», – հայտարարում է Էրդողանը՝ այս անգամ խուսափելով ուղիղ խոսել Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին: Սա նշանակում է, որ առնվազն իրանական դիմադրությունը կոտրել Էրդողանին դեռ չի հաջողվել:

Իրանի նախագահը հունվարի 24-ին էր Թուրքիայում: Թուրք-իրանական օրակարգի գլխավոր հարցերից մեկը հենց Հայաստանի տարածքով թյուրքական միջանցքին Թեհրանի դիմադրությունն է, ինչի մասին և իրանական կողմը, և Էրդողանը հայտարարել են բաց: Ինչից հետո պարզ էր, որ Անկարան փորձելու է կարգավորել հարցերը, բայց բանակցային մանրամասները չէին հրապարակվում: Ալիև-Էրդողան հանդիպումը հարմար առիթ էր հայկական հարցով թուրք-իրանական առաջընթացի մասին խոսելու համար: Սակայն Էրդողանի լռությունը մատնեց, որ առաջընթաց թուրքերը դեռ չունեն:

Մյուս կողմից Փաշինյան, որը դեմ չէ Արցախը թուրքերին հանձնելուն, ավելի հստակ ձևակերպմամբ՝ Արցախն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, և դեմ չէ Հայաստանի տարածքով թուրքական միջանցքին, միայն թե այնտեղ ռուսներ չլինեն: Թեև Թուրքիան կարող է այս փուլում համակերպվել ռուսական ներկայությանը, ինչպես ավելի վաղ թուրքերն արել էին Արցախի պարագայում, Մոսկվայի դեմ Արևմտյան դիմադրությունն այս փուլում թույլ չի տալիս Փաշինյանին մանևրել:

Էրդողանը և Շուշին

Եվս երկու կարևոր հանգամանք, որոնց անդրադարձավ Թուրքիայի նախագահը՝ նստած Ալիևի կողքին: Արցախի բերդաքաղաք Շուշիի գործոնն է ընդգծել՝ մի քանի դրվագով: Նախ՝ հիշեցնելով, որ Շուշին հռչակել են թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, հայտնելով, որ այս տարվա հուլիսին այնտեղ են հավաքվելու Թյուրքական պետությունների կազմակերպությանն անդամակցող երկրների առաջնորդները: Եվ, իհարկե, Ալիևին հիշեցրել է Շուշիի հռչակագիրը, որով Էրդողանը, ամեն ինչից բացի, ամրագրել էր Արցախում իր իրավունքները:

«Մենք շարունակում ենք աշխատել Թյուրքական պետությունների կազմակերպությունում, որը մեր ընտանիքն է, մեր միասնության հետագա ինստիտուցիոնալացման և ամրապնդման ուղղությամբ։ Ուզում եմ առանձնահատուկ գոհունակություն հայտնել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք Շուշիում այս տարվա հուլիսին մեր կազմակերպության գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։ Մենք կշարունակենք Ադրբեջանի հետ միասին քայլել՝ մեր եղբայրության իրավունքով և Շուշիի հռչակագրում ամրագրված ոգով», – հայտարարեց Էրդողանը:

Էրդողանն Ալիևին հիշեցրեց նաև պարտավորությունները

Թուրքիայի նախագահն իր վասալին, իհարկե, նաև հիշեցրել է ստանձնած պարտավորությունների մասին: Հատկապես նրանց, որ կապված են հսկայական ծախսերի հետ: Իսկ ծախսերը, այն էլ հսկայական, այս պահին Թուրքիայի նախագահի զգայուն կետն են:

Մարաշում, որը հիմա Թուրքիայի տարածքում է և մեկ տարի առաջ փետրվարի 6-ին երկրաշարժի հետևանքով վերածվել էր ավերակների, Ալիևը խոստացել էր կառուցել 1000 տուն ու բացել 799 աշխատատեղ: Էրդողանն ակնարկել է, որ անցած շաբաթ, երբ Մարաշում էր, գնացել և ստուգել է արված գործը:

Ալիևն իրեն տեղավորում է թուրքական ուժի հովանու տակ

Ալիևը հայտարարություններ է արել Էրդողանից հետո: Հավատարիմ մնալով ուժի իրավունքի իր համոզմունքին, կարևորել է Թուրքիայի ուժն ու իրեն տեղավորել թուրքական ուժի հովանու ներքո:

«Թուրք-ադրբեջանական միասնությունը կարևորագույն գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրասիայում: Թուրքիայի դիրքորոշումից կախված են շատ հարցեր, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբղջ աշխարհում: Թուրքիայի արդյունաբերական պոտենցիալը, ուժեղ տնտեսությունը և ռազմական հզորությունն ուրախացնում են բոլոր նրանց, ովքեր պատկանում են թյուրքական աշխարհին», – հայտարարել է Ալիևը:

Դեռ շարունակում է խոստովանել ու ընդգծել, որ Արցախում պատերազմի հարցում որոշիչ է եղել Թուրքիայի գործոնը: «Պատերազմի առաջին ժամերին իմ սիրելի եղբոր շատ վճռական և հստակ հայտարարությունները լուրջ ուղերձ էին շատերին և հետ պահեցին նրանց այս գործին խառնվելուց: Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Այդ եղբայրական աջակցությունը Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի միոռանա»,- ասել է Ալիևին ու հատկապես հետաքրքրված երրորդ երկրների համար արձանագրել, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները հիմա կրում են բոլորովին այլ բնույթ:

«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները մինչև այս էլ եղբայրական էին: Բայց պատերազմից հետո Թուրքիայի՝ մեզ ցուցաբերած օգնությունը այդ հարաբերությունները հասցրեց նոր բարձունքի: Այսօր, որպես հիմք ունենալով դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, միասին ենք բոլոր հարցերում, հարվածում ենք նույն կետին: Մենք բազմապատկում ենք մեր ուժը, և իհարկե, թյուրքական աշխարհը միավորելը, միավորելը այն ժողովուրդներին, որ ունեն ընդհանուր արմատներ, կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ յուրքանչյուր երկրի հզորացմանը», – հայտարարել է Ալիևը:

Թուրքիան և Ադրբեջանը հարվածում են նույն կետին. այս ուղիղ հայտարարությունն անգամ Երևանում փորձելու են չնկատել ու Թուրքիայի հետ հարաբերությունների առանձին թրեք ակնկալել, ձախողվել, տապալվել:

Թուրք-ադրբեջանական ռազմական գործակցություն

Խաղաղության պատուհանի մասին Էրդողանի հայտարարությանը հետևեց թյուրքական աշխարհը միավորելու երազանքի ամրագրումն ու վերջում, իհարկե, ռազմական գործոն:

Ալիևն է ընդգծել, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմական ոլորտն է:
«Ամեն տարի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում իրականացնում ենք առնվազն տասը զորավարժություն, և մեր ռազմական հզորությունը միայն ավելանում է: Երկրորդ պատերազմը Ղարաբաղում, ապա հինգ ամիս առաջ մեր իրականացրած հակաահաբեկչական գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրքական բանակի մոդելն արդեն ամբողջությամբ ներդրվել է Ադրբեջանում», – հայտարարել է Ալիևը՝ նախ արձանագրելով, որ անցումը թուրքական մոդելին իրականացրել են արագ, խոստովանելով, որ այնուամենայնիվ, թե պատերազմի ժամանակ, թե սեպտեմբերի 19-ի վերջին հարձակման օրը թուրքական ռազմական գործոն ևս եղել է: Որովհետև թուրքական մոդելի անցումը իրականացվում էր Թուրքիայի ԶՈՒ հետ սերտ գործակցությամբ:

Եվ, Թուրքիան ու Ադրբեջանը, իհարկե, պատրաստվում են համատեղ ռազմարդյունաբերության:

«Այսօր, բնականաբար բացվել են նոր հնարավորույթուններ ռազմարդյունաբերության ոլորտում: Մենք այդ մասին ևս մանրամաս խոսել ենք: ՈՒնենք հստակ ծրագրեր համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ: Հավանաբար, երբ այդ ծրագրերն իրագործվեն, դրանց մասին կհայտնենք հանրությանը», – հայտարարել է Ալիևը:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր