Որքան էլ թուրքական ռազմարդյունաբերության մասին աղաղակող Էրդողանը գլուխ գովի, թե մեքենայից մինչև ռազմանավ ու անօդաչու Թուրքիան կարող է արտադրել, իրականությունն այն է, որ թուրքական այդ արտադրությունը մեծապես կախված է արտասահմանում նախագծված և մշակված պահեստամասերից։
Ինչպես սահմանվեց էմբարգոն
Դեռ 2019-ի հոկտեմբերին, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա, Կանադայի ԱԳ նախարարությունը սահմանեց Թուրքիային զենք վաճառելու մորատորիում: Կանադայի կառավարությունը, այնուամենայնիվ, 2020-ի գարնանը թույլ էր տվել թուրքական անօդաչուների համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, մասնավորապես, L3Harris/WESCAM-ի արտահանումը Թուրքիա։
2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը խոցեց Ադրբեջանի թուրքական բայրաքթարները, ջրի երես դուրս եկան ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ Թուրքիան խախտել է Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները՝ կանադական տեխնոլոգիայով բայրաքթարը Ադրբեջանին հանձնելով, Ադրբեջանի կողմից այդ բայրաքթարներն Արցախի խաղաղ բնկաչության դեմ օգտագործելու փաստով: Կանադայում սկսվեցին ներքին հետաքննության և խորհրդարանական ստուգումներ: Արդյունքում այդ երկրի կառավարությունը 2021-ի ապրիլին չեղարկեց Թուրքիա ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու բոլոր թույլտվությունները։
Այս որոշմանը հանգելու համար ծավալուն աշխատանք էր իրականացրել նաև Կանադայի հայ համայնքը:
Ինչպես սկսվեց էմբարգոն չեղարկելու գործընթացը
2023-ի դեկտեմբերին Թուրքիայի նախագահը Հունգարիայում էր, և ինչպես միշտ է անում արտասահմանյան այցերից վերադառնալիս, օդանավում հարցազրույց է տվել իրեն ուղեկցող թուրքական լրատվամիջոցներին:
«Դրական զարգացումները, որոնք մենք ակնկալում ենք թե՛ F-16-ների ձեռքբերման, թե՛ Կանադայի խոստումների (զենքի էմբարգոյի վերացման վերաբերյալ) կօգնեն մեր մեջլիսին դրական մոտեցում ցուցաբերել Շվեդիայի անդամակցության հարցում: Ամեն ինչ փոխկապակցված է»,- ասել էր Էրդողանը:
ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբը ևս էմբարգոյի չեղարկման հարցով քննարկումների մասին սկսեց ներքին տեղեկություններ ստանալ ու ահազանգել այն պահից, երբ սեղանին դրվեց ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ ընդլայնելու հարցը: Պարզ էր, որ Թուրքիան պայմաններ ունի, որոնց մի քանիսի մասին Էրդողանը խոսում էր բաց: Բայց նույնքան պարզ էր, որ կան նաև էրդողանական պայմաններ, որոնց մասին նույն աղմուկը չի բարձրացնի՝ բավարարվելով միայն երկու բառով: Որովհետև եթե ՆԱՏՕ-ին պայմաններ թելադրելով Էրդողանն ամրացնում և ցուցադրում էր իր և Թուրքիայի ազդեցությունը, ապա կային պայմաններ, որոնք մեդիավերնագիր դարձնելը ոչ միայն կբացահայտեր Էրդողանի և Թուրքիայի իրական վիճակը, այլև կդներ խոցելի վիճակում ու մեծապես կվնասեր:
Եվ հենց այն պահից, երբ Թուրքիայի նախագահը վերջապես համաձայնեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն ու պարզ էր, որ Էրդողանը ստացել է այն, ինչ պահանջում էր, հետևեց Կանադայի որոշումը: Հունվարի 30-ին Կանադայի կառավարությունը որոշեց չեղարկել Էմբարգոն:
Դրանից հետո Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ արեց «վերանայել այս անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, և անգամ ևս իրեն վտանգում է՝ մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը և խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը»:
Բայրաքթարի տեսախցիկ մուրացող Էրդողանը
Թուրքական քարոզչության կողմից «տեղական» ու «անորսալի» հորջորջված բայրաքթար անօդաչուների մասին մասնավորապես, և թուրքական ռազմարդյունաբերության մասին խոսելիս ընդհանրապես, Թուրքիայի նախագահը փայլում է գլուխ գովելու վարպետությամբ: Թուրքական ռազմարդյունաբերությունը ներկայացվում է որպես թուրքական ուժի ու ազդեցության տարածման նոր գործիք, Թուրքիայի նոր այցեքարտ:
Բայց խնդիրն այն է, որ ընդամենը մեկ դրվագ՝ բայրաքթարի տեսախցիկ-կանադական էմբարգո, մատնեց ամբողջ իրականությունը Էրդողանի բայրաքթարների մասին: Թուրքիան թուրքական գլխավոր անօդաչուն արտադրելու համար Կանադայից տեսախցիկ մուրալու կարիք ունի: Թուրքիայի նախագահը թուրքական անօդաչուն արտադրել կարողանալու համար միջպետական հարաբերություններում պայման ու պահանջ է դարձնում ռազմական էմբարգոն վերացնելը:
Մի կողմ թողնենք այն, որ փաստացի բայրաքթարը թուրքական ռազմարդյունաբերության պարծանք է միայն այնքանով, որ այդ անօդաչուն նախագծել ու արդատրում են Թուրքիայի տարածքում: Անհրաժեշտ ոչ միայն տեսախցիկը, այլև այլ մասեր Թուրքիան ներկրվում է:
Առավել կարևոր ու պարզորոշ է այն, որ բայրաքթարներից հնարավոր է ազատվել, բայրաքթարների դեմ հնարավոր է պայքարել, և դա հնարավոր է անել ոչ միայն մարտի դաշտում:
Բայրաքթարները՝ նորից Ուկրաինայում
Կանադական մեկ էմբարգոյով էրդողանական բայրաքթարներից ազատվելու հնարավորության մասին հուշում է նաև այն, որ ուկրաինական ռազմաճակատում բայրաքթարների առաջին ամիսների ներկայությունն այլևս չէր նկատվում: Դրա պատճառ կարող է լինել, իհարկե, ռուսական ՀՕՊ-ի արդյունավետ աշխատանքը, կամ պարզապես այն, որ Թուրքիան ուղղակի չէր կարող արտադրել բայրաթարներ ու վաճառել/տալ Ուկրաինային, որովհետև Կանադայից չէր կարող գնել անհրաժեշտ տեսախցիկը:
Նշվածի ցուցիչ է նաև այն, որ հիմա՝ անմիջապես այն լուրից հետո, որ Թուրքիան նորից կարող է Կանադայից ներկրել անհրաժեշտ տեխնոլոգիան, ուկրաինական թեմայով հնչում է երկու կարևոր հայտարարություն:
Առաջինը Ուկրաինայի ԶՈւ՝ արդեն նախկին հրամանատարից է: Վալերի Զալուժինը 2024-ի փետրվարի 1-ին՝ Թուրքիայի դեմ կանադական էմբարգոյի չեղարկումից 1 օր անց CNN-ի համար գրած իր հոդվածում կարևորել է անօդաչուների գործոնը: Ընդգծելով անօդաչուների դերը Ուկրաինայի համար՝ դիրքային պատերազմի մեջ ներքաշվելուց խուսափելու համար, որովհետև այդպիսի մարտերում Կիևն առավելություն չունի: Զալուժինիի այս կարևոր հայտարարությունն այդքան էլ ուշադրության չարժանացավ, բայց հայկական շահերի համար ու բայրաքթարների դեմ պայքարի տեսանկյունից այն կարևոր է:
Հատկապես, որ այս հայտարարությունից ու կանադական էմբարգոյի չեղարկումից 1 շաբաթ անց կա ուշադրության արժանի երկրորդ հայտարարությունը: Թուրքական Baykar ընկերությունը հայտնել է Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարանի շինարարությունը սկսելու մասին: Գործարանը կկառուցվի Կիևի մերձակայում, կունանա 550 աշխատակից:
Հետևություն հայկական շահերի համար
Թուրքիան անպարտելի ու անխոցելի չէ՝ որքան էլ Էրդողանն ինքնիշխան ու ինքնագլուխ երևալու տպավորություն ստեղծի: Թուրքիան ունի ցավոտ ու զգայուն հարցեր, ծանր կոմպլեքսներ, վերահսկելի խնդիրներ: Վերահսկելի՝ անգամ հայկական փոքր ուժերով:
Առավել ևս աշխարհաքաղաքական զարգացումների ճիշտ պահերը որսալով՝ հնարավոր է զսպել ու չեզոքացնել թուրքական վտանգը՝ ներառյալ ռազմական ու բայրաքթարային վտանգը, ուշադիր ու ինտենսիվ աշխատելով:
Տապալելով բայրաթարի տեսախցիկներ գնելու Կանադա-Թուրքիա պայմանագիրը, ինչպես արել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: Պետք է բացահայտելով ու տապալելով Թուրքիայի այլ «պայմանագրեր»:
Անի Ավետյան
____________________________