Ինչո՞ւ է վտանգավոր ժողովրդավար կերպով վերընտրված Ալիևը

Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններ են: Այսօր՝ փետրվարի 7-ին: Ընտրությունը պետք է կայանար 2025-ի ապրիլին, սակայն ամեն ինչ փոխվեց Արցախի Հանրապետության օկուպացիայից հետո:

Վաղաժամ ընտրություն անցկացնելու որոշումը բացատրելով հենց այս պատճառն են բերում Բաքվի իշխանությունները՝ ընդգծելով Ադրբեջանի ներսում ու ամբողջ տարաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Արտահերթ ընտրություն անցկացնելու հրամանը Ալիևը ստորագրել էր 2023-ի դեկտեմբերին 6-ին:

Ալիևի 6 «մրցակիցները»

Որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու փորձել է առաջադրվել 17 անձ, հաստատվել է 7-ի թեկնածությունը: Մյուս տասը չեն կարողացել հավաքել անգամ գրանցման համար անհրաժեշտ 40 հազար ստորագրությունները: Ընդդիմադիր ակտիվ կուսակցությունները՝ Ժողճակատն ու Մուսավաթը, ինչպես 2018-ին, բոյկոտել են արտահերթ այս ընտրությունը ևս` պատճառաբանելով, թե չկան քաղաքական մրցակցության պայմաններ: Իրականում՝ փորձելով փրկել առանց այդ էլ գոյություն չունեցող վարկանիշը, քանի որ ակնհայտորեն դատապարտված են ձախողման:

Ալիևն անվիճելի ֆավորիտ է, մյուս թեկնածուների ընտրվելու անգամ փոքրագույն հավանականությունը բացառված է: Հետևաբար նրանց ով լինելուն ու ծրագրերին անդրադառնալը՝ անհիմն:

Ամեն ինչ այնքան աբսուրդային է, որ քարոզարշավի ամփոփիչ հեռուստաբանավեճի ընթացքում Ալիևի մրցակից Զահիդ Օրուջը հայտարարել է, որ քվեարկելու է Ալիևի օգտին ու իր հետևորդներին հորդորել է նույնն անել: Ալիևը, իհարկե, այդ բանավեճին չէր մասնակցում: Նրան ներկայացնում էր իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահը:

Այդ հեռուստաբանավեճը, իհարկե, բանավեճ անվանելն այնքան էլ տեղին չէ: Բոլոր թեկնածուները գովել են Ալիևին Արցախի դեմ պատերազմի ու Արցախի հանրապետության տարածքն օկուպացնելու համար: Նույն բանավեճերի ժամանակ, ոգևորված Ալիևի հայտարարություններից, թեկնածուներից մեկը պնդել է, թե Սյունիքն ադրբեջանական հող է, մյուսն էլ հավելել է, թե Իրանի հյուսիսային շրջանները, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ևս ադրբեջանական հող են:

Այնպես որ, Ալիևի արտահերթ ընտրությունն անսպասելի էր, բայց կլինի կանխատեսելի արդյունքով: Եվ, որ ավելի կարևոր է, այս ընտրությունը պարզունակ քմահաճույք չէ:

Ինչու է վտանգավոր ժողովրդավար ընտրված Ալիևը. 3 կետ

Տարածաշրջանում ձևավորվում է ևս մեկ առաջնորդ, որը նույնպես այսուհետև ամենուր ու բոլորի աչքն է մտցնելու ժողովրդավար կերպով ընտրված լինելու հանգամանքը: Ինչպես Նիկոլ Փաշինյանը, որը փաստացի կկորցնի իր հիմնական կամ միակ հաղթաթուղթը:

1. Այս անգամ Ալիևն ընտրախախտումների կարիք չի ունենա: Թեև արդեն կան տեսանյութեր, որոնցում, օրինակ, լցոնումներ են: Եվ այն, որ հազարավոր հայերի սպանած Ալիևն առաջին անգամ վայելում է հանրային լայն աջակցություն՝ այնքան լայն, որ նախագահ կընտրվի իրականում, ամեն ինչից առաջ ցույց է տալիս Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին սպառնացող վտանգի իրական մասշտաբը:

Ու սա պատասխան է Նիկոլ Փաշինյանի հարցին: Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր.«Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում»:

Ադրբեջանի ժողովուրդը փաստացի անվերապահ աջակցություն է հայտնում հազարավոր հայերի սպանած իր բռնապետին, որի ընտանիքը սեփականաշնորհել է նախագահի աթոռն ու թալանել է ադրբեջանցիների նավթաբյուջեն:

Նաև որովհետև հայերին սպանելու գործը դեռ ավարտած չի համարում՝ հայտարարելով, թե Երևանը հայերին տվել են 1918-ին, Սյունիքը՝ 1920-ին:

2. Մյուս կողմից՝ Արցախում պատերազմի առաջին օրվանից սկսած Ալիևի աշխատակազմն ինտենսիվ ու ուշադիր է աշխատել Բաքվին շահեկան միջազգային կարծիք, միջավայր ձևավորելու ուղղությամբ: Ալիև-Արևմուտք հարաբերությունները հիմնականում առանց մեծ խնդիրների էին մինչև Պրահայի քառակողմ հանդիպումը: Պրահայում արևմտյան միջնորդությամբ Ալիևը ստացավ Փաշինյանի հանրային հայտարարությունը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում»: Ինչից հետո արևմտյան հարթակներում բանակցություններ շարունակելը Բաքվի համար այլևս շահեկան չէ, որովհետև Ալիևն էլ, ըստ այդ նույն պայմանավորվածությունների, պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փոխարենը հայտարարություններն են այն մասին, թե Սյունիքից մինչև Երևան՝ պատմական ադրբեջանական հողեր են:

Արևմտյան միջնորդությունը տապալելուն, այժմ այդ միջնորդությունից հրաժարվելուն՝ Գրանադայի հանդիպմանը դեմոնստրատիվ կերպով չմասնակցելով, իհարկե, հետևելու էր Արևմուտքի արձագանքը: Ինչպես, օրինակ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը լիազորություններից զրկելն է: Ժողովրդավար կերպով ընտրված Ալիևը կունենա առավել բարձր ձայն՝ փակելու Արևմուտքի բերանը, որի ներկայացուցիչ Բորելը հիմա հայտարարում է. «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»:

Ժողովրդավար ընտրված Ալիևի կկարողանա հակադարձել՝ «հայտարարել էր, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, ու այդ հիմքով են Ադրբեջանի քաղաքացիներն իրեն նախագահ ընտրել»:

3. Ալիևը կարևորագույն առևտրային հարաբերություններ է սկսել Արևմուտքի հետ՝ հավակնելով գազ վաճառողի դերին՝ Ռուսաստանի փոխարեն: Գազային գործարքը հիմա ուժեղ մահակ է, որն Ալիևը հիմնավորապես օգտագործել է Արցախում պատերազմի օրերին:

Ու որպեսզի հետագայում ևս կարողանան օգտագործել, առևտրային գործընկերոջը պետք է զրկել արևմտյան գլխավոր արժեքն Ալիևի առաջ դնելու կարողությունից: Ինչը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանի ու հայերի դեմ գործողություններում, այլև գազային հետագա պայմանավորվածություններում լինել ավելի ազատ:

Ալիևի ընտրություն. թուրքական ֆակտորը

Ադրբեջանի և Ալիևի ցանկացած գործողություն վերլուծելիս պետք է նախ հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը թուրքական նախագիծ է, թուրքական գործիք: Հետևաբար՝ ինչ է ստանալու Թուրքիան Ալիևի վերընտրությունից:

Թուրքական մեդիահարթակներում այս հարցը վերլուծելով մի քանի շեշտ են անում: Նախ, թուրք հանրության առաջ հիմնավորում են «Ադրբեջան» նախագծի գոյության իմաստը՝ բացատրելով, թե հայերը վերջապես ընդունեցին, որ օկուպանտ են: Նկատի ունեն Փաշինյանին:

Արցախից հետո եկել է Սյունիքի ժամանակը: Եվ այս գործն էլ առավել նպատակահարմար է անել Ադրբեջանի «ձեռքերով»: Արդյունքում ուղիղ կապ հաստատել թյուրքական աշխարհի հետ: Սա Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին օրվանից թուրքերի մեծ հավակնություն-ծրագիրն է: Հայաստանի դեմ Թուրքիայի (Ադրբեջանի) վարած բոլոր գործընթացները, ինչ անուն էլ կրեն, միտված են սրան, պտտվում են սրա շուրջ:

Այնուհետև Էրդողանի վերլուծաբանները բացատրում են, որ Արցախում կատարվածից հետո Հարավային Կովկասում նոր իրողություններ են ստեղծվել և այս ֆոնին նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիևի որոշումը տեղին ու անհրաժեշտ էր: Քաղաքական ու դիվանագիտական նոր միջավայր է ստեղծվել, որում նախագահ Ալիևը պետք է դիրքավորվի որպես ուժեղ առաջնորդ, որը վայելում է իր ժողովրդի վստահությունը: Պատերազմում նրա հաղթանակը պետք է ամրագրվի ժողովրդավարությամբ:

Էրդողանականներն ընդգծում են, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները որևէ մեկը չի կարող անվանել ոչ ժողովրդավար: Որովհետև, այո, Էրդողանը ընտրվել է առանց վճռորոշ ընտրախախտումների:

«Մենք, որպես օրինակ, ունենք Թուրքիան, տեսնում ենք, թե ինչպես են այստեղ տեղի ունենում նախագահի ընտրությունները, և այդ ժողովրդավար ընտրությունների դեմ միջազգային հանրությունը որևէ հակափաստարկ չի ունենում: Նույնը պետք է ունենանք նաև Ադրբեջանում», – նշում են թուրք-ադրբեջանական Հաբեր Գլոբալ հեռուստաալիքի վերլուծական թողարկման եթերում:

Ժողովրդավարությամբ ընտրված Ալիևը նշանակում է ևս մեկ գործոնով ուժեղ Ալիև՝ դրանից բխող բոլոր վտանգներով, որոնք Հայաստանում հազիվ թե հաշվարկել են:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր