Հայաստանի տարածքով միջանցքի վերահսկողության և ճանապարհի հսկողության տարբերությունը՝ ըստ Լավրովի

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջերս կոշտ և կտրուկ հայտարարություններ են արել: Խնդրահարույց կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն էր։ Բաքուն պահանջում է, որ բեռներն ու մարդիկ անցնեն առանց ստուգումների, այլապես Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում չի բացվի։ Երևանը համաձայն չէ նման հռետորաբանությանը։ Ինչպե՞ս կարող եք սա մեկնաբանել: Արդյոք նման կոշտ հայտարարությունների փոխանակումը կխոչընդոտի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս հարցին պատասխանելով է Ռուսաստանի ԱԳ նախարարը խոսել Հայաստանի տարածքով թուրքերի պահանջած միջանցքի վերահսկողության ու ճանապարհի հսկողության մասին՝ բաց նշելով Փաշինյան-Մոսկվա հարաբերությունների անկյունաքարային հակասություններից մեկը:

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել

«Իրապես, վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները իրենց հանրային մեկնաբանություններում շոշափել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ հաստատելու թեման: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է«Զանգեզուրի միջանցքին»,- պատասխանի ձևակերպումն այսպես սկսեց Լավրովը:

Ընդ որում Լավրովի պատասխանի գրավոր տարբերակում, որը հրապարակել է ՌԴ ԱԳ նախարարությունը, «Զանգեզուրի միջանցք» եզրն առնված է չակերտների մեջ: Սա մանրուք է, բայց ուշադրության արժանի: Մոսկվայում նման մանրուքները, որպես կանոն, կրում են քաղաքական հստակ բովանդակություն:

«Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի պայմանավորվածություններում: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասված է, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիները: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։ Սա մեջբերում է փաստաթղթից, որը եռակողմ ձևաչափով ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին», – հայտարարում է ՌԴ ԱԳ նախարարը՝ պատասխանելով միաժամանակ Փաշինյանին և Ալիևին:

Լավրովի պատասխանը Փաշինյանին

Հունվարի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի»:

Նման հայտարարություն՝ բառացիորեն նույն ձևակերպմամբ, Փաշինյանն արել էր նաև հոկտեմբերի 25-ին, WSJ-ին տված հարցազրույցում. «Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն»:

Փաշինյանն այս կերպ ընդգծում է, որ խնդիրը ոչ այնքան Հայաստանի տարածքով թուրքերի համար ճանապարհ բացելն է, որքան այդ միջանք-ճանապարհի ռուսական հսկողությունը:

Հիմա Ռուսաստանի ԱԳ նախարարը նախ հիշեցնում է, թե որտեղ է գրված Հայաստանի տարածքում ռուսական ներկայության մասին: Ապա ներկայացնում է այդ ներկայության ձևաչափի մոսկովյան ընկալումը: Լավրովը հստակ ցույց է տալիս հսկողություն և վերահսկողություն եզրերի տարբերությունը՝ ընդծելով, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը, ըստ Փաշինյանի ստորագրած հայտարարության, պետք է իրականացնի միայն հսկողություն:

«2021 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երբ բոլոր կապերն ու բոլոր երթուղիները ապաշրջափակվեն, այն երկրները, որոնց տարածքով դրանք կանցնեն, լիովին պահպանում են իրենց ինքնիշխանությունն ու իրավասությունը դրանց նկատմամբ իրենց տարածքում», – հայտարարեց Լավրովը՝ զրկելով Ադրբեջանին, Թուրքիային և Նիկոլ Փաշինյանին հետագա շահարկումների հիմքերից:

Մյուս կողմից Լավրովի այս հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է այն մասին, որ Մոսկվան տարածաշրջանից հետ քաշվել չի պատրաստվում: Ճիշտ հակառակը: Պատրաստվում է հսկել Հայաստանի տարածքով այն ճանապարհը, որը թուրք-ադրբեջանական զույգը փորձում է ստանալ Փաշինյանի միջոցով: Ընդ որում հսկել ոչ թե այդ ճանապարհի հայկական շահերը, այլ այն ռիսկերը, որոնք կարող են բխել Ռուսաստանի համար: Որովհետև այդ ճանապարհով Թուրքիան փաստացի կապ է հաստատելու ռուսական ազդեցության գոտի Կենտրոնական Ասիայի հետ:

Լավրովի պատասխանը Ալիևին

Նույն՝ ռուսական շահերի պաշտպանության տրամաբանությամբ է Լավրովը պատասխանում նաև Իլհամ Ալիևին, և նրա հովանավոր Թուրքիայի նախագահին, որոնք արդեն երեք տարի աղմկում են, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Փաշինյանը պարտավորվել է Զանգեզուրի միջանցք տալ:

«Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել» ձևակերպումը ապտակ է թուրք-ադրբեջանական զույգին, որը, իհարկե, պատրաստ էր այդ ապտակին: Պատրաստ լինելու և մասին հուշում է Ալիևի տարեսկզբյան հարցազրույցի այն հատվածը, որում ընդգծեց՝ իրենք դեմ չեն, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը վերահսկի ռուսական կողմը: Սա նաև տարածաշրջանում ռուսական ազդեցությունն ընդունելու, դրա հետ հաշվի նստելու և դիմադրությունը մեղմելու Ալիևի փորձն էր:

Ստացվում է, որ ռուսական կողմը զսպում է Հայաստանի տարածքում թուրքական հավակնությունները: Ուղիղ և անուղղակի կերպով: Բաց հայտարարությամբ և հակազդելու պոտենցիալով:

Սահմանային և մաքսային հսկողության համաձայնությունից մինչև Ալիևի անխոչընդոտ պահանջներ

Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունից ուշագրավ էր ևս մեկ դրվագ: Լավրովն ընդծեց, որ համոզված է՝ եռակողմ պայմանավորվածություններով ամրագրված նման հաղորդակցության վերականգնումն այլընտրանք չունի: Եվ ռուս դիվանագետը, իհարկե, պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով «այլընտրանք չունի»:

«Երթուղին անցնում է Հայաստանի սուվերեն տարածքով և ՌԴ ԱԴԾ հսկողությամբ: Այնտեղ սկզբունքորեն համաձայնեցված էին նաև սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը Ադրբեջանից Հայաստան մուտքի և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքի ժամանակ», – հայտարեց Լավրովը:

Սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի համաձայնեցված լինելու մասին Լավրովի այս հայտարարությունն ուշագրավ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահն արդեն երկու անգամ պահանջել է Հայաստանի տարածքով անցում առանց սահմանային և մաքսային հսկողության որևէ ընթացակարգի:

Ստացվում է, որ Մոսկվայի միջնորդությամբ և Մոսկվայի հսկողությամբ միջանցքում սահմանային և մաքսային հսկողություն լինելու էր: Սա օրինակ է, թե ինչու է Ալիևը ձգտում Փաշինյանի հետ բանակցել ուղիղ՝ առանց միջնորդների:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր