Եվ այսպես, թուրքական արբանյակի կարգավիճակը վերահաստատելուց մինչև քաղաքական խորը ռեվերանս Մոսկվային և այս ֆոնին տարածքային պահանջներ Հայաստանից ու սթափության ապտակներ Փաշինյանին և խաղաղության օրակարգին:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վերլուծելիս ամեն ինչից առաջ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ոչ թե Ադրբեջանի, այլ թուրքական պրոյեկտ, Թուրքիայի ստեղծած Ադրբեջանի հետ: Եվ այն, ինչ հայտարարում է Ալիևը, ոչ թե Բաքվի տեսլականն է, այլ թուրքական հին ու մեծ երազանքի նոր մարմնացումը:
Մեղրիով վերջնագիր. Թուրքական մեծ վտանգը՝ կախված Հայաստանի գլխին
Այն, որ Մեղրին թուրքական թիրախում է, պատմական փաստ է: Այն, որ թուրքերն այս թիրախին մոտեցել են նորից և խոցելի հեռավորությամբ, Արցախը կորցնելու հետևանքն է: Որովհետև միայն Արցախն էր թուրքերին աշխարհագրորեն հեռու պահում Մեղրիից:
Ալիևը Մեղրիին մոտեցավ նախ կրկնելով հայտնի պահանջը, բայց այս անգամ դա անելով Հայաստանի համար խիստ կարևոր և ուշագրավ մանրամասներով:
«Նրանք առաջին հերթին պետք է Զանգիլանի և Օրդուբադի միջև եղած տարածքով մեզ անխոչընդոտ ճանապարհ տան: Ես մեկ անգամ ասել եմ, ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ Ադրբեջանից Ադրբեջան բեռները և քաղաքացիները պետք է անցնեն ազատ՝ առանց որևէ ստուգման և մաքսային վարչարարության: Այստեղ մեկ այլ կարևոր խնդիր կա՝ այդ ճանապարհի անվտանգությունը։ Ես Հայաստանի ղեկավարությանը բազմիցս ասել եմ, որ Հայաստանի երաշխիքները մեզ չեն բավարարում: Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, որ ռուսական կողմն է ապահովելու անվտանգությունն ու վերահսկողությունը այդ 42-43 կիլոմետր տարածքի վրա, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Հայաստանը ցանկանում է խուսափել համաձայնագրի այս կետը կատարելուց։ Բայց դա անտրամաբանական է։ Որովհետև ռուս սահմանապահները Երևանի օդակայանում են, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին։ Որն է խնդիրը, ինչո՞ւ նրանք կարող են լինել այդ վայրերում, բայց ոչ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհին», – հայտարարեց Ալիևը:
Սա քաղաքական խորը և հեռատես ռեվերեանս է Մոսկվային: Սա ամենավտանգավորն է Հայաստանի համար, որ հիմա կարող է անել Ալիևը: Նա Արևմուտքի լռությունն ու աջակցությունը գնել է գազով և հիմա փորձում է վերահսկել Մոսկվային: Այն պարագայում, երբ Փաշինյան-Մոսկվա հարաբերություններն ամեն օրվա հետ ավելի խնդրահարույց են դառնում:
Պահանջված միջանցքում ռուսական կողմի վերահսկողության մասին Ալիևի հայտարարությունը նաև ցուցիչ է այն հանգամանքի, որ Բաքվում և Անկարայում, «հաղթանակած ու անպարտելի» Ալիևն ու «թուրքական աշխարհի առաջնորդ Էրդողանը» գիտակցում են՝ առանց ռուսական գործոնի կամ Մոսկվայի հետ ուղիղ առճակատմամբ այս տարածաշրջանում, Մեղրիում հարցերը չեն լուծվի: Թուրքական մեծ պլանի համար կարիք կա, որ Մոսկվան առնվազն չխանգարի:
Նիկոլ Փաշինյանը այս հանգամանքը չի կարևորում: Ամենավտանգավոր այս փուլում հրաժարվում է խնդրահարույց դաշնակցից՝ այդ խնդիրներն՝ առանց ավելի լուրջ կորուստների կարգավորելու եզրը գտնելու փոխարեն։
Փոխարենը Փաշինյանը նախընտրում է մեջտեղ բերել խաղաղության խաչմերուկ կոչվածը՝ իրականության զգացումը բոլորովին կորցնելով ու հաշվի չառնելով այն, որ Ալիևն ունի իր թուրքական մեծ հանձնարարությունը, ըստ որի, Փաշինյանի խաչմերուկն անգամ լուրջ չի դիտարկում:
«Հայկական կողմին խորհուրդ եմ տալիս այս հարցում չզբաղվել մանիպուլյացիաներով։ Նրանց առաջարկած երթուղին՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, անպիտան է։ Այն անհնար կլինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ այնտեղ եղանակային պայմաններն ու ռելիեֆը բարդ են։ Ամենաճիշտ տարբերակը Մեղրիով անցնելն է։ Դեռ խորհրդային տարիներին այնտեղից երկաթգիծ էր անցնում, մայրուղի էր կառուցվում։ Հիմա ևս երկաթուղին և ճանապարհը պետք է անցնեն այդ ճանապարհով։ Ինչպես ասացի՝ մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղում։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում։ Այսինքն՝ այսպիսով դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ», – հայտարարեց Ալիևը:
Իր այս վերջին նախադասությամբ թշնամին նաև խոստովանում է, որ Մեղրիով պահանջած թուրքական միջանցքը Հայաստանի համար վտանգավոր է, վնասակար է, և այդ վնասի հետ համեմատելի է «փակուղում մնալու» վնասը:
1975-ի քարտեզը մերժելու նշանակությունը
Այն, որ ըստ Ալիևի Երևանը պատմական ադրբեջանական քաղաք է, նորություն չէ: Նորությունն այն է, որ Ալիևը մերժում և արհամարհում է Փաշինյանի հետ բանակցային հիմքերից ևս մեկը, եթե ոչ ամենակարևորը:
«Ինչու՞ 1975 թվականի քարտեզներ, կամ հիմա խոսք է գնում նաև 1970, 1990-ականների քարտեզների մասին: Պատասխանը չափազանց պարզ է, և ես այսօր ուզում եմ բաց խոսել այդ մասին։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս փոխանցվել են Հայաստանին։ 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից 1 օր անց «Իրեվան» քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Թեև դրա համար ոչ մի հիմք չկար։ Այն հնագույն ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանական ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, պատմությունը, այսինքն՝ այսօր ջնջված Երևանի պատմական տեսքը հաստատում է ադրբեջանական դարավոր ճարտարապետական ժառանգության առկայությունը։ Իրեվանն այն քաղաքներից է, որտեղ ասես հին քաղաք չկա, ուղղակի ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այն հայերին տալու որոշմանը, ապա, կարծում եմ, բոլորը, հավանաբար, կհամաձայնեն, որ պատմական մեծ հանցագործություն էր: Ոչ թե սխալ, այլ հանցագործություն»,- հայտարարեց Ալիևը:
Հայաստանը պատրաստ է հայ–ադրբեջանական ամբողջ սահմանագիծն ընդունել Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա, 2023 թվականի մայիսի 22-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Պրահայում ևս վերահաստատել է այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետ քաշելու մասին դիրքորոշումը։
«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ալմաթիի հռչակագրով սահմանազատում իրականացնելու վերաբերյալ», – հայտարարել է Փաշինյանը: Նա հավելել է, որ «այո՛, սա այն քարտեզն է, ինչի մասին ՌԴ-ն է խոսում»:
Այն, որ Պրահայի պայմանավորվածությունները կատարում է միայն Փաշինյանը, փաստ է։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ ճանաչելով և փոխարենը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին քառակուսի կիլոմետրային հայտարարություն չստանալով։ Հիմա այդ փաստը Ալիևը դրսևորեց ևս մեկ դրվագով։ Ավելին՝ «բացահայտելով», որ Հայաստանի տարածքային ամբողջականություն եզրն ամբողջությամբ անընկալելի է Բաքու ֊ Անկարա առանցքի համար։
«1920-ի ապրիլին եղավ խորհրդայնացումը, արդեն նոյեմբերին խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրի զգալի մասը դուրս բերեց Ադրբեջանի կազմից և փոխանցեց Հայաստանին։ Տարածքային նման նվերները շարունակվեցին տարիներ շարունակ։ Վերջին նման նվերն արվել է 1969 թվականի մայիսին։ 1969 թվականի հուլիսին Հեյդար Ալիևի ղեկավար ընտրվելուց հետո նման նվերները դադարեցին։ Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են հիմք ընդունել 1970-ականների քարտեզը: Մի կողմ են դնում 1960-ականների, 1950-ականների, 1940-ականների քարտեզները և ուզում են անդրադառնալ հենց 1970-ականներին։ Որովհետև մինչև այդ մեր պատմական հողերը փոխանցվել են հայերին: Ուստի մենք կտրականապես առարկեցինք և առարկում ենք սրան», – հայտարարեց Ալիևը՝ ավելի լայն բացելով պանդորայի արկղը։
ՀՀ օկուպացված տարածքները՝ թուրքական պլացդարմ
Քաղաքական շահ հետապնդելով միտումնավոր պատրանքներ տարածողների և նրանց թակարդում հայտնված հայերի համար Ալիևն ամեն ինչ ձևակերպեց անգամ ավելի պարզ և ուղիղ. «Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ, հետ քաշվել: Մենք մեկ քայլ իսկ չենք հեռանա ոչ 2021 թվականի մայիսի, ոչ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը դեռ պետք է հաստատվի»։
Ռազմավարական և գերիշխող նշանակությամբ օկուպացված հայկական տարածքներից չհեռանալուց մինչև «պատմական ադրբեջանական հողերից» խոսելով 70-ականների քարտեզը մերժել՝ ամենը մեկ հիմք ունի՝ մշակվում է Հայաստանի տարածքի օկուպացիայի պլանը։
Եվ ողբերգական է գիտակցումը, որ «մշակվում է» եզրը, ամենայն հավանականությամբ, մեղմ ձևակերպում է։ Թշնամին այդ պլանն արդեն գործի է դրել։ Ընդ որում, եթե հարցն ուսումնասիրենք պատմական խորությամբ ու բոլորովին առանց չափազանցության, այդ պլանը գործի է դրվել 100 տարի առաջ։
Անի Ավետյան
____________________________