Թուրքական մեծ երազանքն ու Հայաստանի տարածքը. Միջանցքային նոր հայտարարությունների տողատակերը

«Թուրքիայի և թուրքական աշխարհի համար կարևոր «Զանգեզուրի միջանցքի» մասին». հենց այս ձևակերպմամբ է թուրքական մեդիան ներկայացրել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հարցազրույցի այն հատվածը, որում խոսքը Հայաստանի տարածքը մասնատելու և միջանցքի վերածելու թուրքական պլանի վերաբերյալ է:

Ի՞նչ է ասել թուրք նախարարը. 3 կետով

Թուրք նախարարի հարցազրույցում ամենաուշագրավն այն թվականն էր, որը նշվեց. «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարող է իրագործվել 2028 թվականին: Երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է։ Թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին: Միջանցքի 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Այնտեղ ևս իրականացվում են ծրագրի շրջանակներում մրցույթների պլանավորման և անցկացման աշխատանքները»:

2028 թվականի մասին միտքը ուշագրավ է այն առումով, որ Թուրքիայի նախագահից մինչև ԱԳ և պաշտպանության նախարարներ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս մշտապես դրսևորել են շտապողականություն՝ ընդգծելով, թե այս հարցը պետք է կարգավորել որքան հնարավոր է շուտ: Եվ հիմա սա առաջին հայտարարությունն է, ըստ որի թուրքական կողմի համար ընդունելի է, որ միջանցքային իրենց պլանն իրագործվի միայն 4 տարի անց:

Ի՞նչ կարող է սա նշանակել և ի՞նչ փոխվեց: 2023-ի հունիսին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարածքով թուրքական միջանցքին դեմ է Իրանը և խնդիրը Հայաստանը չէ: Հետևաբար թուրքական կողմն ինտենսիվ աշխատել է իրանական դիմադրությունը մեղմելու ուղղությամբ: Ինտենսիվ բանակցել են հատկապես երկու երկրների ԱԳ նախարարները: Եվ 4 տարվա հետաձգումը կարող է դիտարկվել որպես թուրքական կողմի փոխզիջում Թեհրանին:

Թուրք նախարարի հայտարարություններից երկրորդ ուշագրավ կետը հենց Իրանի մասին է: Ուրալօղլուն նշել է. «Իրանը նույնպես ցանկանում է միանալ Զանգեզուրի միջանցքին և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում Անկարայի և Թեհրանի միջև»:

Թեհրանն այս հայտարարությունն անպատասխան չթողեց: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին վերահաստատեց իրանական դիմադրությունը՝ հայտարարելով. «Ես չգիտեմ, թե որքանով են ստույգ այդ հայտարարությունները, բայց մենք ունենք հստակ և ճշգրիտ դիրքորոշումներ տարածաշրջանում, հատկապես Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների հարցում:

Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը խաղաղության և կայունության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի և տարանցման համար: Մենք միշտ շեշտել ենք, որ առևտրատնտեսական գործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը խախտելու համար»:

Թուրք նախարարի հայտարարություններից երրորդ կարևոր կետը Հայաստանի մասին է: Ուրալօղլուն նշել է. «Վերջին շրջանում Հայաստանից կան դրական ազդակներ այս հարցի վերաբերյալ»: Նկատի ունի միջանցք կոչվածը:

Այն, որ ավելի վաղ Էրդողանն էր հայտարարել՝ այս հարցում խնդիրը Հայաստանը չէ, արդեն իսկ բավական խոսուն հանգամանք էր՝ եթե ոչ Հայաստանի դիմադրության բացակայության, ապա առնվազն Հայաստանի դիմադրության շուրջ թուրքական վերաբերմունքի մասին: Հիմա թուրքական կողմը նորից իրեն բնորոշ ձևակերպումով խոսում է Հայաստանից դրական ազդակների մասին:
Ի՞նչ հիմքով: Ի՞նչ է փոխվել: Փոխվել է միայն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը: Կամ եթե ավելի մեղմ ձևակերպենք՝ այդ կուրսը խիստ տատանվում է: Նիկոլ Փաշինյանի հայացքը թեքվել է Ռուսաստանից և հիմա հառած է դեպի ԱՄՆ:

Պատերազմի դադարի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Փաշինյանը, որն աղմկում է ինքնիշխանության մասին, փաստացի դիմադրում է նաև հաղորդակցության նկատմամբ ռուսական վերահսկողության դեմ: Նույն Փաշինյանը ծափահարություններ և գովեստի խոսքեր է ստացել ԱՄՆ և ԵՄ հարթակներում: Եվ բացառված չէ, որ կարող է առավել դրական մոտեցում ցուցաբերել Վաշինգտոնի, Բրյուսելի միջնորդությամբ հաղորդակցության ուղիների բացմանը:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն իրենց բոլոր հանդիպումների ընթացքում քննարկել են նաև Հայաստանի հարցը: Նաև վերջին՝ հունվարի 6-ի հանդիպմանը:

Հայաստանը և Ադրբեջանի բանավոր խոսքը

Հայաստանի պաշտոնյաներից ԱԽ քարտուղարն է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին վերջին հայտարարությունն արել: Ու այստեղ ևս հուսադրող ոչինչ չկա, որովհետև հույսը Ադրբեջանի բանավոր խոսքն է:

«Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքում վստահեցնում են, որ ընդունում են ՀՀ-ի 4 սկզբունքները, այսինքն՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք այս 4 սկզբունքները, ինչի արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության»:

Հիշենք, թե ինչ է ասել Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին Իլհամ Ալիևը իր բանավոր հրապարակային խոսքում. «Պետք է լինի ճանապարհ Ադրբեջանից դեպի Ադրբեջան առանց մաքսային հսկողության, առանց ստուգումների, առանց սահմանային անվտանգության, և դա մեր օրինական իրավունքն է»:

Ալիևի այս հայտարարությունն էլ վերահաստատել է նրա գլխավոր պրոպագանդիստ Հաջիևը՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում Հաջիևն ասել է. «Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում»։

Լրագրողը ճշգրտող հարց է տվել՝ այս միտքը նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանային ու մաքսային վերահսկողությունից: «Կարճ պատասխանեմ՝ այո, այդ իսկ պատճառով փաստաթղթում ներառված է անխոչընդոտ բառը՝ ուղևորների ու բեռների տեղափոխման վերաբերյալ։ Հայաստանը ստորագրել է այդ պարտավորության տակ։ Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար։ Բայց երբ Ադրբեջանից ապրանքները տեղափոխվեն երրորդ երկիր, իհարկե, Հայաստանը պետք է համապատասխան մաքսային ու սահմանային վերահսկողությունն իրականացնի», – պատասխանել է Հաջիևը:

Միջանցքների նպատակը բոլորովին էլ առևտուրը չէ

«Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան: Կամ եթե ամեն ինչ ձևակերպենք առավել ճշգրիտ՝ Ադրբեջանը թուրքական նախագիծ է, որի նպատակներից մեկը թուրքական աշխարհին հասնելն ու այն միավորելն է:

Եվ հիմա Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին խոսելիս Թուրքիայի նախագահը, նրա ենթակա նախարարները և թուրքական մեդիան ուղերձները բաժանում են երկու մասի՝ ուղղված ներքին և արտաքին լսարանին: Թուրքական պլանի ամբողջ վտանգը պատկերացնելու համար տեղին է ուսումնասիրել և նկատել, թե ինչ են պատրաստվում անել Հայաստանի տարածքի հետ թուրքերը, որոնք հարևան երկրների տարածքներում իրենց զգում են բավական ազատ և անզուսպ:

Եթե արտաքին լսարանի, Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքը» առևտրատնտեսական նպատակներ է հետապնդում, ապա Թուրքիայի ներսում ուղիղ և բաց են խոսում այն մասին, որ այդ միջանցք կոչվածի նպատակն իրականում թուրքական աշխարհը միավորելն է: Դրանից բխող բոլորովին էլ ոչ տնտեսական հետևանքներով:

Մինչև ուր և ինչպես կարող են հասնել թուրքերն ու Էրդողանն իրենց տասնամյակների երազանքի հետևից՝ Հայաստանից միջանցք պահանջելով: Պատասխանը օրինակով է՝ Սիրիայի և Իրաքի տարածքներ թուրքական ներխուժումները: Ի՞նչն է խանգարում Թուրքիային ներխուժել Հայաստանի տարածք: Ուզենք կամ ոչ՝ ռուսական գործոնը: Այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում է Մոսկվան: Իսկ ռուսական ռազմակայանի Հայաստանում տեղակայման նպատակահարմարությունը Նիկոլ Փաշինյանը քննարկում է՝ առանց պատասխանելու հարցին, թե ռուս սահմանապահներից հետո ով է հսկելու հայ-թուրքական գերվտանգավոր սահմանը, երբ հայկական զինուժը դեռ չկահավորված դիրքեր ունի երեք տարի առաջ առաջնագծի վերածված ուղղություններում:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր