Ավարտին է մոտենում 2023թ., սակայն Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային միջնորդների կողմից ողջ տարվա ընթացքում հնչեցված լավատեսական հայտարարությունները, թե մինչ 2023-ի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ավելին, անցնող տարին նշանավորվեց Ադրբեջանի ևս մեկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայով, որի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ անվտանգության բոլոր միջազգային երաշխիքները հօդս ցնդեցին։
Այս իրողությունները ստիպում է միանգամայն նոր լույսի ներքո ընկալել այն ամենը, ինչ տեղի է ունենում արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։ Ակնհայտ է, որ հակամարտության վերջին տարիների փուլը, որն այդքան հաջողություններ բերեց Ադրբեջանին, Ալիևի վարչակազմին ու նրա հովանավորներին ոգևորել է ավելի հեռուն գնացող պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ ընդհուպ հավակնելով ՀՀ որոշ տարածքներ նվաճելու կամ գոնե թե այդ տարածքներով Նախիջևանի ու Թուրքիայի հետ անխափան և չվերահսկվող կապ ստեղծելուն։ Բաքվի նման ծավալապաշտությունը խնդիր է դարձել նույնիսկ Փաշինյանի կառավարության համար։ Վերջինս, հսականալով Հայաստանին պատուհասած ողբերգության ողջ ծավալները, սկսել է հայտարարել այն մասին, որ խաղաղության պայմանագիրը դեռ չի նշանակում, որ դրա ստորագրումից հետո խաղաղությունը երաշխավորված է լինելու։ Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության պայմանագրի դրույթները կյանքի կոչելու երաշխիքների մասին, շեշտելով, որ դրանք կարող են ապահովվել միայն միջազգային հանրության (առավելապես Արևմուտքի – Հ.Մ.-Շ.) ջանքերով, մյուս կողմից համաձայնվում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից մշակված հայ-ադրբեջանական երկկողմ ուղիղ բանակցությունների գաղափարին։
Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի զարգացումները դուրս են հայկական կողմի վերահսկողությունից։ Այս հարցում պաշտոնական Երևանը հանդես է գալիս կա՛մ արձագանքողի, կա՛մ էլ ուրիշների թելանդրանքով առաջնորդվողի դերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անհետևողական և հակասական քաղաքականությամբ հենց ինքն է զիջել Հայաստանի սուբյեկտայնությունը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Փաշինյանի վարչակազմը միակողմանի կատարեց Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իր բաժին բոլոր պարտավորությունները՝ չսպասելով ու չպահանջելով, որպեսզի նույնը անեն նաև ադրբեջանական ու ռուսական կողմերը։ Սա Ալիևին նոր պահանջներ ձևակերպելու և դրանց հետամուտ լինելու հնարավորություն տվեց։ Բանը հասավ նրան, որ 2022թ. հոկտմեբերին ադրբեջանական կողմը պրտադրեց Հայաստանին ճանաճել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Պրահայի այդ հայտարարությունից հետո բանակցային գործընթացի տրամաբանությունն ամբողջությամբ փոխվեց։ Սակայն Ալիևը դրանով էլ չբավարարվեց և բոլոր այն հարցերը, որոնք արդեն կարող էր լուծել դիվանագիտական ճանապարհներով, արագ կարգով լուծեց զենքի ուժով։
2023 թ. Սեպտեմբեր 19-20 զարգացումներից հետո Արցախի հարցը փաստացի վերջնական դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից։ Երկու երկրների ներկայացուցիչներն այժմ միայն խոսում են սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ, տրանսպորտային միջանցնքերի, փախստականների իրավունքների, անկլավների և նման այլ հարցերի մասին։ Ըստ այդմ, բանակցային այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող տերությունների համար։ Մեծ հաշվով, նրանց համար միևնույն է, թե կոնկրետ քանի հազար քառակուսի կիլոմետր կլինի ՀՀ տարածքը և որքան՝ Ադրբեջանինը։ Այս փուլում գերտերություններին հետաքրքրում են միայն Հարավային Կովկասի կոմունիկացիոն հնարավորություններն ու տրանսպորտային այն ուղիները, որոնք մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կգործարվեն։ Սակայն այս հարցում էլ նրանք Երևանի դիրքորոշմանը գրեթե ուշադրություն չեն դարձնում՝ լավ հասկանալով, որ իրենցից յուրաքանչյուրն առանձին վերցրած Հայաստանին կարող է հեշտությամբ իր կամքը պարտադրել։ Իսկ եթե այդ հարցում լինի նաև փոխադարձ համաձայնություն, այսինքն գերտերությունները կարողանան միմյանց հետ համագործակցելու որոշակի եզրեր գտնեն, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ և արդյունավետ կստացվի նրանց համար։
Ինչ վերաբերվում է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ապա այն կարճ կյանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպես նաև փորձագիտական շրջանակները շատ արագ են հասկացել, որ Փաշինյանի այս «գաղափարը» նույնպես պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ, որովհետև այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկը» չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Երկրորդ, որովհետև Հայաստանն այսօր խաղաղության օրակարգ թեալդրելու կարողություն չունի։
Սակայն այն փաստը, որ Արցախի հարցը դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից, ամենևին չի նշանակում, որ Արցախի հարցը՝ որպես այդպիսին, դադարել է գոյություն ունենալուց։ Ճիշտ հակառակը։ Այն հիմա ավելի միջազգայնացել և համընդգրկուն նշանակություն է ստացել։ Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի խնդիրը եղել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, Թուրքիայի առաջնորդների շուրթերին։ Ընդ որում նրանցից շատերը՝ մասնավորապես Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը, պնդում են որ հայերը պետք է վերադառնան Արցախ։ Այս հարցում նրանց դիրքորոշումները հստակ են։ Հակասությունները վերաբերվում են միայն հայերի Արցախ վերադառնալու մեխանիզմներին ու ապագա անվտանգային երաշխիքներին։
Վերոնշյալը նշանակում է, որ գերտերությունները Արցախն ընկալում են որպես Հարավային Կովկասում իրենց ներկայության և ազդեցության մեծացման հիմնական գործիք։ Սակայն, որպեսզի Արցախը կարողանա այդ դերակատարումն ունենալ նրանց համար, անհրաժեշտ է կոնֆլիկտայնության որոշ աստիճան։ Այսպես, օրինակ ռուսական կողմը պետք է կարողանա բացատրել, թե ի՞նչ գործ ունի իր խաղաղապահ զորախումբն Արցախում, եթե այնտեղ հայեր չեն բնակվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ է հասկանում, որ հայերի վերադարձի հարցն ուշ թե շուտ դրվելու է իր առջև։ Ներկայումս նա փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել և հնարավորինս ապահովագրել իրեն դժվար զարգացումներից։
Այս ամենը վկայում է նրա մասին, որ գալիք 2024 թ.-ը կարող է միանգամայն նոր զարգացումների տարի դառնալ արցախահայության համար։ Դրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ այլ տարածաշրջաններում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող աշխարհաքաղաքական մրցակցությունը հետզհետե մոտենում է հանգուցալուծմանը։ Կասկածից վեր է, որ ուկրաինական ճակատում իր խնդիրները լուծելուց հետո Ռուսաստանն ակտիվացնելու է Հարավային Կովկասում իր դիրքերը վերականգնելուն ուղղված ջանքերը։
Հայկական կողմը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխման, ավելի ճիշտ՝ կարգավորման ժամանակները սարերի ետևում չեն։ Եվ եթե պաշտոնական Երևանը ճիշտ կողմնորոշվի գալիք զարգացումներում և դաշնակիցների ընտրության հարցում, ապա կարելի է սպասել նաև, որ վերականգնման ու նաև Արցախում որոշակի հայանպաստ լուծումների հնարավորություններ բացվեն։
Հրանտ Մելի-Շահնազարյան
____________________________