Ալիևի արտահերթ ընտրությունը՝ նոր պատերազմի պատրաստություն

Ճիշտ երկու ամիսից՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն։ Եվ սա այն դեպքն է, երբ լուրը հրապարակվելու պահից պարզ է, թե ով է լինելու Ադրբեջանի նախագահը նաև այս ընտրությունից հետո։

Անակնկալ, անսպասելի և անհասկանալի է Ալիևի որոշումը։ Անգամ Բաքվի ակտիվ քաղաքական շրջանակների՝ ընդդիմադիրների դերում ներկայացող գործիչների, ակտիվիստների և Ալիևի մերձավորների համար։

Ալիևի արտահերթ ընտրություն

Ոչ թե նախագահի արտահերթ ընտրություն, այլ առանց չափազանցության, բառացի և ճշգրիտ՝ Ալիևի արտահերթ ընտրություն. սա այն է, ինչ լինելու է Ադրբեջանում։

1993-ի հոկտեմբերի 3-ին Հեյդար Ալիևը ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը, տասը տարի անց՝ 2003-ի հոկտեմբերի 15-ին Բաքվի Ազատության հրապարակում, դիերի վրայով անցնելով, որդին սեփականաշնորհեց այդ աթոռը։ Եվ արդեն երեսուն տարի՝ ինչ Ալիևներն ընտանեկան գույքի են վերածել երկրի գլխավոր պաշտոնը, դեռ ոչ մի անգամ փոքր իսկ հնարավորություն չի եղել, որ կպարտվեն նախագահի ընտրություններում։ Այդպիսի հնարավորություն առնվազն ևս մեկ սերունդ չի ուրվագծվում։ Եթե չլինի արտաքին միջամտություն։

Նախագահի պաշտոնում Ալիևը վերընտրվել է 2008 և 2013 թվականներին, ինչը հնարավոր է դարձել 2009-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով։ Այդ փոփոխություններով նույն անձին թույլատրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրվել ավելի քան երկու անգամ։

Սահմանադրության փոփոխության ևս մեկ հանրաքվե էլ եղավ 2016-ին։ Այդ ժամանակ Ալիևը վերացրեց բոլոր արգելքները և հիմա նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել որքան ցանկանա։ Ընդ որում նաև երկարաձգվեց պաշտոնավարման ժամկետը՝ 5-ից դարձնելով 7 տարի։ Եվ նախագահ վերընտրվեց նաև 2018-ին։

Բաքվի ընդդիմությունը շշմած է

Ալիևը մրցակից չունի։ Անգամ եթե ընտրությունները չլինեին արտահերթ և երկու ամսից։

Իրականությունն այն է, որ Ալիևը պառակտել, հետապնդել, կալանավորել է բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք կարող էին փոքր-ինչ վտանգավոր լինել։ Նրանց, ում չի կալանավորել, փախել են երկրից և հիմա պարզապես ընդդիմադիր ակտիվիստներ են։

Առավելագույնը, որ կարողանում են անել՝ Ալիևի արտասահմանյան այցերի ժամանակ երբեմն գոռում են «դիկտատոր»՝ տասնյակ տեսախցիկների առաջ խայտառակելով «երկաթե բռունցք» թափահարողին։

Ալիևից Եվրոպա փախած ակտիվիստներից, օրինակ, Աֆղան Մուխթարլըն հույս է հայտնել, որ ընդդիմությունն այս անգամ էլ բոյկոտ չի հայտարարի։ 2020-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին՝ հայտարարելով, թե Ալիևի անակնկալ որոշման պատճառով պատրաստվելու ժամանակ չունեն:

Ադրբեջանում ակտիվ ընդդիմադիր կուսակցություններից Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Ալիևի որոշումն անվանել է «անակնկալ ռազմական գործողություն Ադրբեջանի ժողովրդի դեմ»:

Ընդդիմադիր մուսավաթական Թոֆիք Յաքուբլուն կարծում է, որ Ալիևն այս հրամանով Ադրբեջանի ժողովրդին ասում է.«Քանի դեռ դուք չեք կարողանում հեռացնել ինձ այս աթոռից, այս երկրում ընտրություն չի լինելու»։

Բայց որևէ մեկն Ադրբեջանում դեռ բացատրություն չունի, թե ինչ է անում Ալիևն ու ինչու։ Հստակ է միայն, որ նա ինչ-որ ծրագիր ունի։

Արտահերթ նախագահական ընտրությունների պատճառը

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրության գնալու պաշտոնական որևէ պատճառ չի նշվում։ Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահականի կայքում պարզապես հայտնել է իր որոշումը և վերջ։ Ոչ մի բացատրություն, ոչ մի հիմնավորում Ադրբեջանի քաղաքացիներին՝ դիկտատորական լավագույն ավանդույթներով։

Եվ հենց այս խորհրդավորությունն է առաջինը հուշում, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որ Ալիևն ինչ-որ բան է ծրագրում։

Տարբեր վերլուծաբաններ տեղին նշում են փաստը, որ Ալիևը հաշվի է առել ՌԴ-ում և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հանգամանքն ու փորձում է հարցերը կարգավորել մինչև այդ։

Ուրիշները խոսում են անկայուն և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին և նկատում, որ Ալիևը փորձում է հարցերը կարգավորել քիչ թե շատ վերահսկելի ներկա հանգամանքներում։

Անհիմն է տեսակետը, թե Ալիևը փորձում է օգտագործել պահը՝ քանի դեռ թարմ են դափնիներն ու վայելում է ընտրողների համակրանքը։ Մինչդեռ ընտրողներն ու առավել ևս նրանց համակրանքը Բաքվում երբեք որոշիչ չեն եղել։ Նախորդ ընտրություններում Ալիևը ստացել է քվեների 80 տոկոսից ավելին՝ առանց Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելու։

Կա նաև տեսակետ, թե Ալիևը ցանկանում է նախագահ ընտրվել երբ իր վերահսկողության տակ է անցել «Ադրբեջանի ամբողջ տարածքը»։ Բայց մեկ տարի անց՝ ավելի վաղ ընտրությունների սպասվող օրը ևս «Ադրբեջանի ամբողջ տարածքը», մեծ հավանականությամբ, կլինի Ալիևի վերահսկողության տակ։

Իրականությունն այն է, որ ընտրություններն արտահերթ դարձնելու Ալիևի վերջին երկու որոշումներն ուղիղ առնչություն են ունեցել Հայաստանի հետ։ 2018-ին Երևանի փողոցներում Նիկոլ Փաշինյանն էր, և նախագահի ընտրությունը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշման հիմքում ամեն ինչ արագ հստակեցնելու միտումն էր։ 2020-ին մեջլիսի ընտրությունները արտահերթ կերպով կայացան փետրվարին՝ նախատեսվածից երկու ամիս շուտ։ Կես տարի անց՝ սեպտեմներին պատերազմն էր։

Եվ հիմա, երբ Ալիևը նորից գնում է արտահերթ ընտրությունների, թիրախում ՀՀ տարածքն է։ Ընդ որում թիրախի մասին հայտարարության հեղինակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է։ «Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը», ֊ հայտարարել է Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի իր ելույթում, նոյեմբերի 30-ին։

Դեկտեմբերի 6-ին՝ արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարելուց մեկ օր առաջ, Ալիևը հայտարարություններ է արել ՀՀ տարածքով միջանցքի մասին։ «Ես Հայաստանի վարչապետին հարցրել եմ, թե ինչու չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Որովհետև, ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության, պետք է կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև, նույնիսկ գրված է, թե ով է այնտեղ վերահսկողություն և անվտանգություն ապահովելու։ Խոսքը Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառայության մասին է։ Հայտարարությունը ստորագրել է անձամբ Փաշինյանը։ Հիմա նա ո՛չ այս երթուղին է ուզում, ո՛չ էլ Ռուսաստանի մասնակցությունն այս հարցում։ Ի՞նչ կարող ենք ասել՝ միայն այն, որ նրանք խախտել են իրենց ստանձնած պարտավորությունը։ Հայաստանը պետք է անհապաղ 42 կիլոմետրանոց երկաթուղի կառուցի՝ իրենց միջոցներով կամ եվրոպական ֆոնդերից։ Մենք դա համարում ենք, ըստ էության, իրենց ինքնիշխան տարածքը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանից Նախիջևան պետք է հեշտ մուտք լինի։ Ինչպես արդեն ասել եմ Փաշինյանին, սա Ադրբեջանից Ադրբեջան անցում է լինելու, հետևաբար, չպետք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր։ Սա մեր օրինական իրավունքն է»։

Հայաստանից առանց հայկական վերահսկողության միջանցք պահանջող Ալիևը թիկունքում ունենալով թուրքական շունչը, չի պատրաստվում ուղղակի սպասել։ Հայաստանի ամբողջ տարածքն առանց մեկ կրակոցի օկուպացնելու պլանի մասին ևս նորից խոսել է.«Այն ադրբեջանցիները, որոնք ցանկանում են ուղղակի գնալ, այցելել իրենց պապերի գերեզմաններին ու վերադառնալ, պետք է կարողանան, նրանք ովքեր ցանկանում են տեղափոխվել ու ապրել այնտեղ, պետք է կարողանան: Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան։ Անհրաժեշտ է բավարարել հարյուր հազարավոր տեղահանված ադրբեջանցիների՝ մեր հայրենակիցների կարիքները։ Նրանց ունեցվածքը, սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն»։

Հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ՝ Հայաստանում։

Մյուս կողմից ուշագրավ և Ալիևի ագրեսիվ տրամաբանության մեջ է այն, որ արտահերթ ընտրությունների որոշումը կայացվեց Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ բանակցությունից հետո։ ԱՄՆ գործող վարչակազմը Բաքվում և, որ ավելի կարևոր է՝ Անկարայում, ընկալվում է որպես հայամետ։ Եվ բայդենյան, դեմոկրատների միջնորդությամբ «խաղաղության պայմանագիրը» չեն ցանկանում ստորագրել՝ սպասելով Բայդենի հեռանալուն։ Արտահերթ ընտրություններով՝ մինչև փետրվար Ալիևն ստանում է մանևրելու հնարավորություն։

Ինչ է ծրագրում Ալիևը՝ իրականում դեռ բարդ է որոշել։ Այս հետևությունները միայն նրա նախորդ գործողությունների հիմքով են։ Հստակ է միայն, որ Ալիևի արտահերթ ընտրությունը չի բխում Հայաստանի շահից, ուղղված է Հայաստանի դեմ և Հայաստանը պետք է ավելացնի զգոնությունն ամենուր։

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր