ԱՄՆ և Արցախի մասին թուրք պաշտոնյայի խոսքն աղավաղելու հայկական «դիտավորությունը»

Նոյեմբերի 27-ից հայկական մեդիան տարածում է Թուրքիայում իշխող էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի խոսքը՝ սխալ թարգմանությամբ և աղավաղված բովանդակությամբ: Ոմանք՝ ցանկալի կոնտեքստ տալու դիտավորությամբ:

Էրդողանի կուսակցության խոսնակը, ըստ տարածված լուրերի, ասել է, թե ԱՄՆ-ն սպառնացել է, պահանջել է, պայման է դրել, որ Թուրքիան դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին Արցախում պատերազմի ժամանակ, այլապես կզրկվի F-16 և F-35 կործանիչներից:

Ինչ է ասել իրականում էրդողանի պաշտոնյան

Օմեր Չելիքը, պարզվում է, բոլորովին էլ չի ասել այն, ինչ իրեն վերագրվում է: Թուրքիայի հայտնի բարդույթները դրսևորելով, թե ամբողջ աշխարհը, ներառյալ՝ ԱՄՆ պայքարում է Թուրքիայի հզորության դեմ, թուրք պաշտոնյան հայտարարություններ է արել Թուրքիա-ԱՄՆ ռազմաքաղաքական հակասությունների մասին ընդհանրապես:

Նախ նշելով այն մասին, որ իրենք փորձել են ՆԱՏՕ-ում իրենց դաշնակից ԱՄՆ-ից գնել Patriot տեսակի ՀՕՊ համակարգերը, բայց ԱՄՆ հրաժարվեց դրանք վաճառել: Ինչից հետո միայն Էրդողանը գնաց և Ռուսաստանից գնեց S400 ՀՕՊ համակարգերը: Թուրքիայի այսպիսի դեմարշից հետո Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում առաջացած կնճիռները չեն հարթվում մինչև այս պահը:

Հենց թուրք-ամերիկյան այս հակասությունների մասին խոսելիս էր, որ թուրք պաշտոնյայի խոսքը հասավ Արցախին ու իր ձևակերպմամբ՝ ամերիկյան շանտաժին:

Եվ այսպես, թուրքերենից բառացի թարգմանությամբ Օմեր Չելիքը հայտարարել է. «Թուրքիան մեծ երկիր՝ հզոր դիվանագիտությամբ երկիր է, ոչ թե շանտաժի ենթարկվող: Բայց նրանք ամեն անգամ մի նոր հիմնավորում են գտնում՝ մեզ անվտանգության համար անհրաժեշտ սպառազինությունից զրկելու համար: Այդ Մենենդեսը կա, որ հայկական լոբբիի խոսնակն է, և հիմա կոռուպցիայի և խարդախությունների պատճառով իր քաղաքական կարիերան է ավարտում, Թուրքիայի առաջ մշտապես պայմաններ էր դնում: Երբ Ադրբեջանն իր հողերը՝ Ղարաբաղը վերցնելու համար գործողություն սկսեց, այդ գործողությանը Թուրքիան աջակցում էր: Մեզ ասում էին հրաժարվենք այդ աջակցությունից, այլապես մեզ կզրկեն F-16 և F-35 կործանիչներից»:

Ստացվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն է պահանջել, որ Թուրքիան դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին, այլ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
2022 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Մենենդեսը նոր նախաձեռնություն էր ներկայացրել, որը կարգավորումներ էր ենթադրում 2023թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում էր Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին Մենենդեսն առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16 կործանիչները չպետք է օգտագործվեն Հունաստանի դեմ։

Ինչու աղավաղվել թուրք պաշտոնյայի խոսքը

Թուրք պաշտոնյայի խոսքը` թուրքերենից սխալ թարգմանության պատճառով կամ, բացառված չէ, դիտավորությամբ, ներկայացվում է այն կոնտեքստում, թե ԱՄՆ-ը Թուրքիայի առաջ Հայաստանի օգտին պայմաններ է դրել: Եվ սա այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, եթե չասենք փոխվում, ապա տատանվում է:

Հատկապես նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Փաշինյանին ուղղված խրախուսական հայտարարություններից հետո Փաշինյանի կուրսի մասով ամեն ինչ առավել պարզ է: Գումարած ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթնաժողովների բոյկոտը:

Եվ հիմա, փաստացի, թուրք պաշտոնյայի խոսքը սխալ ներկայացնելով, ստեղծվում է Հայաստանին՝ ամերիկյան աջակցության, ամերիկյան պաշտպանության կեղծ տպավորություն:

Կա մի հանգամանք ևս: Բաքվի վերահսկողությամբ գործող որոշ մեդիահարթակներ թուրք պաշտոնյայի խոսքը ներկայացնում են մոնտաժված, անգլերեն թարգմանությամբ: Մի քանի տեսանյութերում Մենենդեսի վերաբերյալ հատվածը պարզապես չկա: Սա կարող է նշանակել, որ թուրք-ադրբեջանական զույգը փորձում է ամերիկյան պաշտպանության պատրանք ստեղծելով ջուր լցնել Հայաստանում հակառուսական տրամադրութունների ալիքի վրա:

Մյուս կողմից, եթե անգամ շարունակենք այդ կեղծիքի տրամաբանությամբ առաջ շարժվել՝ նշանակում է՝ ԱՄՆ պահանջել է, որ Թուրքիան դադարեցնի օգնությունը Ադրբեջանին, բայց մինչև այս պահը փաստացի Թուրքիան անտեսում է այդ պահանջը:

Դուրս գալով կեղծ քարոզչական օրակարգերից` պետք է փաստել ամենակարևորը՝ Օմեր Չելիքի խոսքը ևս մեկ բաց խոստովանություն է այն մասին, որ Թուրքիան ներգրավված էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ սկսած 2020 թվականի պատերազմից:

ԱՄՆ արագ հետքայլի ֆոնին

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Ուշագրավն այն էր, թե ինչ հայտնեց Բաքուն Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Բլինքենը խնդրել, որ Ալիևը թույլ տա՝ իր օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

«Նախագահ Ալիևը համաձայնել է այն պայմանով, որ այդ այցից հետո կվերացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ այցելությունների անհիմն արգելքը։ Պետքարտուղար Բլինքենն ընդունել է այս պայմանը»,- հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի նույն օգնական Օ՛Բրայենի՝ Հայաստանին քաղաքական աջակցության և Արցախի մասին հայտարարությունների պատճառով էին լարվել Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները: Բաքուն համարժեք էր պատասխանել երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները չեղարկելու մասին ամերիկյան կողմի հայտարարությանը՝ չեղարկելով ԱՄՆ վարչակարգի անդամների բարձր մակարդակի այցերը Բաքու:

13 օր անց Օ՛Բրայենի ղեկավարը՝ ԱՄՆ պետքարտուղարը, փաստացի արեց հետ քայլը:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր