Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության առաջին ինդիկատորները մեր տարածաշրջանում են։ Դեպի Վաշինգտոն ուղղված փաշինյանական հայացքների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով պահը, անում են իրենց բնորոշ, կանխատեսելի քայլը՝ Հայաստանին զրկում են բնական դաշնակից Իրանից։
Մի կողմ թողնելով Փաշինյանին
Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններից հետո Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում ստեղծվել են նոր իրողություններ։ Եվ ուշագրավ է, թե ինչպես է Ալիևը շահարկում, օգտագործում հնարավորության այս պատուհանը։
Հայաստան-Արցախ-Ադրբեջան թեմայով Օ՛Բրայենի հայտարարությունները Բաքվում անվանեցին անհիմն և միակողմանի, ինչի հետևանքով, ըստ Բաքվի ԱԳՆ հայտարարության տեքստի, Վաշինգտոնը կարող է կորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը։ Բաքվի ԱԳՆ նույն հայտարարությունից նաև պարզ դարձավ, որ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում ծրագրվում էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որից Ադրբեջանը հրաժարվեց։ Սա Բաքվի առաջին արձագանք էր։
Հիմա սկսվել է Ալիևի բուն խաղը։ Խոսելու ունակ նրա բոլոր պաշտոնյաները՝ կառավարությունից մինչև մեջլիս, սկսեցին հայտարարություններ անել այն մասին, որ Հայաստանը չպետք է տարածաշրջան բերի օտար ուժեր։
Այս մեկ շաբաթվա ընթացքում՝ Կոնգրեսում լսումներից հետո, Ալիևն ինքն արդեն երկու հայտարարություն է արել՝ պնդելով, որ տարածաշրջանի հարցերը պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները։ Վերջինը նոյեմբերի 20-ին էր՝ Բաքվում ընդունելով Իրաքի նախագահին Ալիևն ասել է.«Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների նկրտումներից»։
Սրանից առաջ՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանի հետ հեռախոսազրույցում է հայտարարել, որ «անհրաժեշտ է ուժեղացնել տարածաշրջանային մեխանիզմները՝ առանց արտատարածաշրջանային երկրների միջամտության»։
«Արտատարածաշրջանային երկրների միջամտություն» եզրն Իրանի գլխավոր պաշտոնյաների հայտարարություններում նկատվում է կարմիր թելի նման՝ հուշելով, թե հատկապես ինչն է զգայուն այդ երկրի համար՝ այդ կետին հարվածելու կամ այդ կետով սիրաշահելու մտադրություն ունեցողներին։
Իրան-ԱՄՆ հարաբերությունների բովանդակությունը հաշվի առնելով՝ հիմա Բաքվում փորձում են կառավարել իրանական սպառնալիքը, որն Ալիևի դեմ ուղղված է առնվազն երեք կետով։
Նախ՝ վերջին երեսուն տարում Բաքու-Թեհրան հարաբերություններն աննախադեպ սկանդալային են՝ սկսած այն պահից, երբ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հայտարարեց կարմիր գիծ և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ընդգծելով Սյունիքում ՀՀ ինքնիշխանությունը։
Երկրորդ՝ Ադրբեջանի դաշնակից Իսրայելի գործողությունները Գազայում Իրանի հովանավորյալ պաղեստինցիների դեմ են, ինչն այս պահին ավելի էր լարելու Բաքու-Թեհրան հարաբերությունները։
Եվ երրորդ՝ Բաքվում չեն անտեսում այն փաստը, որ Իրանն ունի ազդեցության լծակներ հենց Ադրբեջանի ներսում, եթե անգամ գործի չդնի «Արաքսի մյուս ափն» անցնելու սցենարով իր հայտնի զորավարժությունը։ Այդ լծակները կարող են եղանակ ստեղծել Բաքվում, ինչի ապացույցը իրանական «լրտեսական խմբերի» պարբերական բացահայտումներն են և կրոնամետ քաղաքացիների դեմ ճնշումները։ Ադրբեջանի ներսում Իրանի ազդեցության տարածման գլխավոր գործոնը կրոնն է։
Եվ այս երեք գործոնները հաշվի առնելով՝ Բաքվում փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում Իրանի թշնամի ԱՄՆ-ի հետ, ու կարգավորել իրենց խնդիրները Իրանի հետ՝ ամեն ինչից առաջ զրկելով Հայաստանին Իրանի հովանավորությունից։ Դա անում են Թեհրանի գլխավոր հայտարարությանը հակադրվողի դերում դնելով Փաշինյանին։ Երբ մի կողմից պնդու են, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները, մյուս կողմից Փաշինյանը տարածաշրջան է բերում ԱՄՆ-ին։
Այնպես որ, մի կողմ թողնելով անգամ հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է այս հնարավորությունը բառացի դրել Ալիևի ձեռքում, Բաքուն վարում է Հայաստանին բնական դաշնակիցներից զրկելու թշնամական քաղաքականություն։ Այն դաշնակիցներից, որոնք իրական սպառնալիք են Բաքվի և, որ ավելի կարևոր է, Ալիևի ընտանիքի իշխանության համար։
Տիկնիկավար Էրդողանը
Իհարկե, Ալիևն ինքնուրույն չի գործում, և տարածաշրջանային մեծ խաղը, այն էլ Իրանի հետ, Իրանի դեմ և Իրանին զսպելու միտումով, չի կարող մտածել ու վարել ինքնուրույն։ Տիկնիկավարը Թուրքիայի նախագահն է, որն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարեց. «Մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր փորձում են էմբարգոների միջոցով շեղել կիպրոսի թուրքերին իրենց օրինական գործից, նոր խաղեր են սկսել Կովկասում: Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրել են Հայաստանին և շահույթ են ստացել այս տարածաշրջանի բոլոր մարդկանց ցավից, անախորժություններից ու բախումներից, իրականում մեծագույն վնաս են հասցրել հայերին, նրանք շահագործել, օգտագործել և դատապարտել են հայերին անապահովության՝ սնուցելով սին երազանքներ։
Հայաստանը պետք է դատապարտի սա և Հայաստանը նույնպես պետք է տեսնի և ընդունի փաստը, որ ավելի լավ կլինի, եթե հայ ժողովուրդն ու նրա կառավարիչները անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղ համագործակցության մեջ: Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զինամթերք չի կարող փոխարինել կայունությանը, որը կբերի տևական խաղաղությունը: Մեր մեծագույն ցանկությունն է, որ նրանք չվանեն խաղաղության այս հնարավորությունը՝ նորից ընկնելով տարբեր երազանքների մեջ: Այստեղից ևս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին սեղմել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած խաղաղության ձեռքը: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի հետ գործակցությամբ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ քայլեր անել»։
Իրան-Ռուսաստան առանցքից դուրս
Իրանը կոշտ է արձագանքել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարության հատկապես այս հատվածին.«Հայաստանի և Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ։ Կարծում եմ, որ դա անկայուն է և անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար։ Նրանք հիմա այլ ընտրություն անելու հնարավորություն ունեն, և հիմա մենք նրանց համար պարզաբանում ենք դա, և կանխատեսում եմ, որ առաջիկա շաբաթներին մի քանի բարձրաստիճան շփումներ կունենանք այս թեմայով»։
Թեհրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին պատասխանել է.«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին: Իրանի և տարածաշրջանի երկրների համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»։
Ինչո՞ւ է Իրանը Հայաստանի բնական դաշնակիցը
Դեռ այն ժամանակ, երբ Արցախում պատերազմը նոր էր ավարտվել և Հայաստանի շուրջ ներկա ամբողջ ողգբերգությունը միայն ուրվագծվում էր ամենահեռատեսների համար, Իրանը միակ պետությունն էր, որը բացեիբաց հայտարարություններ և գործողություններ արեց ի պաշտպանություն Հայաստանի։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ հայտարարելուց մինչև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին Թեհրանում հյուրընկալելով և ուղիղ հայտարարելով, որ Հայաստանի տարածքով թուրքերի ծրագրած միջանցքին դեմ են: Իրանի պետական լրատվական գործակալությունը 2022-ի հուլիսի 19-ին գրեց. «Գերագույն հոգևոր առաջնորդը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը, ասել է, որ Իրանը կընդդիմանա դրան, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ»։
«Հայաստան-Իրան սահմանը փակելու հնարավոր դավադրություն» Իրանի առաջնորդը փաստացի անվանել է Հայաստանի տարածքով Էրդողանի ծրագրած միջանցքը։ Մյուս կողմից շեշտվել է Հայաստան-Իրան հազարամյակների կապը՝ որպես ապտակ Հայաստանի և Իրանի համեմատ տարածաշրջանի նորեկ Թուրքիային։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի այս հայտարարության հիմքով էր, որ հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածին դիմադրում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։
Իրանն առաջինը գլխավոր հյուպատոսութուն բացեց Կապանում՝ ընդգծելով, որ Սյունիքի վերահսկողությունը չի զիջվելու Ադրբեջանին։
Եվ ամենակարևորը՝ անգամ հիմա, երբ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ պնդելով, թե Հայաստանի դիմադրության պարագայում իրենք Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա-թյուրքական աշխարհ կապի համար կօգտագործեն Իրանի տարածքը, Հայաստանում Իրանի դեսպանը փորձում է բացել ՀՀ քաղաքացիների աչքերը։
Իրանի տարածքը թուրքերը մինչև այս էլ օգտագործում էին Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի համար։ Այն ինչ կառուցվում է հիմա, պարզապես ևս մեկ, ավելի հարմար ճանապարհ է, հայտարարեց դեսպանը՝ գրեթե բառացի բացատրելով, որ թուրքերի «զանգեզուրյան» միջանցքը օրակարգից դուրս չէ, պարզապես Հայաստանի դեմ հերթական խորամանկությունն են բանեցնում՝ թուրքական միջանցքը Հայաստանին իբր թե շահեկան ներկայացնելու համար, որ Հայաստանում աչք փակեն իրական անվտանգային ռիսկերի վրա։ Եվ արդյունքում թուրքերը կստանան այն, ինչից չեն հրաժարվի անգամ տասը այլընտրանքի պարագայում՝ Էրդողանական միջանցք՝ ոչ թե ուժեղ Իրանի, այլ Հայաստանի՝ պատերազմներով ճնշված և վերահսկելի երկրի տարածքով։
Ալիևը մեղմում է իսլամական աշխարհի զայրույթը
Էրդողանի հովանավորյալ Ալիևը Փաշինյան-Վաշինգտոն մերձեցման ֆոնին ևս մեկ նապաստակ է բռնում։ Ալիևը սևերես է մնացել իսլամական աշխարհի առաջ, որը միաբերան պաշտպանում է հազարներով սպանվող պաղեստինցիներին, իսկ Իսրայելին Ալիևը ոչ մի թթու խոսք չի կարող ասել։
Հիմա Ալիևը հնարավորություն ունի թթու խոսք ասել Իսրայելի հովանավոր ԱՄՆ-ին ու փոքր-ինչ պարզերես դուրս գալ իսլամական աշխարհի առաջ։
Վերջում հարցն է՝ այս ամենն արձանագրելով՝ ո՞ւմ շահերից է բխում հայկական ուղղությամբ Վաշինգտոնի ուշացած ջերմությունը։
Անի Ավետյան
____________________________