Օրերս Բրյուսելում հանդիպել եմ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի շարք հետազոտական կենտրոնների փորձագետների հետ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր քննարկումների որոշ նախնական մանրամասներ։
* * *
ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարճ կյանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպես նաև փորձագիտական շրջանակները շատ արագ հասկացան, որ Փաշինյանի այս «գաղափարը» նույնպես պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ, որովհետև այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկը» չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Երկրորդ, որովհետև Հայաստանն այսօր խաղաղության օրակարգ թեալդրելու կարողություն չունի։
Արևմուտքում ընդհանրապես սկսել են մտածել, որ Հայաստանի հետ ավելի լավ է զգույշ լինել։ Սա, իհարկե, դեռևս տարածված մոտեցում չէ, բայց հետզհետե ավելի մեծ տարածում է գտնում։ Այնտեղ կարծում են, որ Փաշինյանի ծայրահեղ արևմտամետությունն ի վերջո կարող է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում էլ ավելի ակիտվ (նույնիսկ ագրեսիվ) գործողությունների պատճառ դառնալ։ Մյուս կողմից Փաշինյանն ինքն է վարկաբեկում իրեն Արևմուտքի աչքում՝ «պրոտեստային առաջնորդից» վերածվելով սովորական բռնապետի։ Փորձագետները շատ են խոսում այն մասին, որ եթե Հայաստանում գտնվեր նոր ընդդիմադիր ուժ, ապա կարելի կլիներ աշխատել նրա հետ։ Գործող ընդդիմությանը չեն ուզում՝ համարում են, որ այն խիստ պրոռուսական է։
Բրյուսելում սկսել են հասկանալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց ծրագրերը կարող են ի վերջո հենց Եվրոպային վնասել։ Վերջին տարիներին ակտիվ տարվող քարոզչությունն այն մասին, թե Ռուսաստանը թուլացել է, զիջում է իր դիրքերը մեր տարածաշրջանում և այլն, հետզհետե ավելի կեղծ է թվում։ Ճիշտ է, Արևմուտքում գիտակցում են, որ իրենց «փափուկ ուժն» արդյունավետ գործիք է և շարունակում է խնդիրներ լուծել, բայց նաև հասկանում են, որ այդ լուծվող խնդիրները կարող են ստիպել Ռուսաստանին իրենց «փափուկ ուժին» իրական ուժ հակադրել։ Օրինակ, Եվրոպայում չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է նոր զորք բերել Հարավային Կովկաս և վերջին տարիների քաղաքական կորուստներն ուժով վերականգնել։ Ուստի, Բրյուսելում կարծում են, որ եղածը պահելու համար Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ավելի զուսպ լինել, ինչը, ըստ ամենայնի, Փաշինյանին արդեն չեն կարողանում բացատրել։
Սրա հետ միասին Եվրոպան շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Այդ թուղթն առաջին հերթին պետք է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Վերջինս շատ է ցանկանում իր պաշտոնում գոնե թե մեկ լուրջ ձեռքբերում ունենա։ Դրա հետ միասին, ԵՄ-ն Հայաստանին, առավել ևս՝ Ադրբեջանին, որևէ բան պարտադրելու ռեսուրս չունի։ Բրյուսելը նույնիսկ չի համարձակվում քննադատել Ադրբեջանի՝ բանակցությունների եվրոպական հարթակից փախչելու փորձերը՝ վախենալով, որ այդկերպ կարող է Ալիևին մղել դեպի ռուսական ազդեցության գոտի։ Իսկ Հայաստանի հետ կապված եվրոպացի փորձագետների գնահատականները բավական ադեկվատ են։ Նրանք այլևս չեն վիճարկում Հայաստանի՝ չափազանց մեծ տնտեսական, ռազմական, քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Փակ քննարկումներում նրանք նշում են, որ նշված ոլորտներում Եվրոպան Հայաստանին առաջարկելու էական ոչինչ չունի։
Ավելին, եվրոպացի շատ փորձագետներ քննադատում են Ֆրանսիային՝ Հայաստանին զենք վաճառլեւ համար։ Նրանք կարծում են, որ այդկերպ Փարիզը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր ստորագրելուն՝ նշելով, որ արդյունքում Եվրոպան մեր տարածաշրջանում կարող է ընդհանրապես ձեռնունայն մնալ։ Դրա հետ մեկտեղ եվրոպացիները համոզված են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Բրյուսելում։ Նրանք չեն հավատում, որ նման պայմանագիր կարող է, օրինակ, Մոսկվայում ստորագրվել, քանի որ վստահ են, թե Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումն է, այլ տարածաշրջանում կառավարելի հակամարտություն ունենալը։
Հարավային Կովկասում եվրոպացիների հույսը վաղուց արդեն Փաշինյանը չէ։ Թուրքիան է։ Այո, նրանք ընդունում են, որ Թուրքիայի քաղաքականությունը նույնպես խնդրահարույց է, բայց մի քանի գործոններ նրանց ստիպում է ընդունելի համարել Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում։ Դրանցից առաջինը, թերևս, հենց Եվրոպայի՝ այստեղ իրվաիճակը վերահսկելի դարձնելու անկարողոթյունն է։ Երկրորդը, այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և արևմտյան ճամբարի կարևոր մաս։ Երրորդը, որ Թուրքիան Կովկասում հակազդում է ռուսական ազդեցությանը։
Կա նաև չորրորդ հանգամանքը՝ Եվրոպայում գործող պրոթուրթական փորձագետները սկսել են Թուրքիան ներկայացնել որպես ժողովրդավար երկիր։ Որպես ապացույց հղվում են այս տարվա մայիսին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներրն։ Ասում են՝ եթե թուրքական ընդդիմությունն ավելի կազմակերպված լիներ, կարող էր հաղթել Էրդողանին։ Այս դատողությունը նրանք ընկալում են որպես ժողովրդավարության ցուցիչ։ Ճիշտ այդպես, հղվելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, իր «ժողովրդավար» լինելը «հիմնավորում» է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նույն բառամթերքն է։
Ինչևէ, եվրոպացի փորձագետները համարում են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, սահմանները՝ բացվեն։ Նույնը նրանք ակնկալում են նաև հայ-ադրբեջանական ճակատում։ Սակայն չեն կարծում, որ դրանից հետո Հայաստանը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»։ Գեղեցիկ, սակայն պոպուլիստական ծրագիր է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկը», նշում են փորձագետները։
Հաջորդ մտահոգութունը, որ ունեն Բրյուսելում գործող փորձագետները, ռուս-ադրբեջանական հարաբերություններն են։ Նրանք ենթադրում են, որ Սեպտեմբերի 19-20-ին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները հնարավոր են դարձել Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ Սակայն իմ զրուցակիցները այդ պայմանավորվածությունների (եթե այդպիսիք կան) մանրամասները չգիտեն։ Ամեն դեպքում նրանց կասկածելի է թվում նաև այն փաստը, որ Ալիևը սկսել է հրաժարվել Բրյուսելի միջնորդությամբ անցկացվող բանակցություններից։ Դրա հետ միասին նրանք հղվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրենց հետ մասնավոր զրույցներում արված վստահեցումներին, որ Բաքուն շարունակելու է բանակցել Բրյուսելում։ Ավելին, որոշ տեղեկություններ կան, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Ալիևը կայցելի Բրյուսել, որից հետո դեկտեմբերին՝ Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի ընթացքում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։
Սրա հետ միասն եվրոպացի փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր հարձակում գործել Հայաստանի դեմ։ Համենայն դեպս նշում են, որ Բաքվի գործողությունները նույնն են, ինչ եղել են մինչ 44-օրյա պատերազմն ու Արցախի վրա սեպտեմբերի 19-ի հարձակումը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
____________________________