Ստեփանակերտում Բաքվի դրոշը տնկելու Ալիևի արարողությանն Ադրբեջանի ներսում հետևել են տարաբնույթ արձագանքներ։ Ադրբեջանի քաղաքացիների մի մասը՝ այն մեկը, որն Ալիևին մեղադրում էր 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահին ենթարկվելով Շուշիում կանգ առնելու և Ստեփանակերտը չվերցնելու մեջ, հիմա ցնծում է։ Առավել իրատեսները՝ հիմնականում Ալիևի ռեպրեսիաներից Եվրոպա փախած ընդդիմադիրները, ջրի երես են հանում Բաքվի ամբողջ թշվառությունը։
Փաշինյանին տապալելու Պուտինի ծրագիրը
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի առաջ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի կողքին թշնամու հայտնվելու օրը հատուկ էր ընտրված։ Քսան տարի առաջ հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևը հորից վերցրեց Բաքվի իշխանությունը։ Այս փաստը շեշտեց Ալիևը՝ հայտարարելով, թե քսան տարի առաջ նախագահի պաշտոնը ստանձնելով պատրաստվում էր այս օրվան։
Նրա այս խոսքին առաջին դիպուկ պատասխանը տվեց Բաքվի ընդդիմադիրներից մուսավաթական Թոֆիք Յաքուբլուն։ «Դու 20 տարի առաջ որտեղից գիտեիր, որ 20 տարի իշխանության ես մնալու», ֊ գրել է Յաքուբլուն ֆեյսբուքի իր էջում։
Ալիևին հիշեցնում են, որ իշխանությունը զավթել և պահում է ուժով։ Հիշեցնում են, որ Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված նախագահության առավելագույն 10 (5+5) տարիների ընթացքում Ալիևը չկարողացավ Արցախի դեմ ոչինչ անել և այդ ընթացքում միայն զբաղված էր պետբյուջեից միլիարդավոր դոլարներ յուրացնելով, կառչել է նախագահի աթոռից՝ այն վերածելով իր ընտանիքի ցմահ սեփականության։ Իսկ այն, որ հիմա գնացել և Ստեփանակերտում դրոշ է բարձրացրել, ըստ Յաքուբլուի, Ալիևի կամ Ադրբեջանի հաղթանակը չի կարելի համարել։ Եղածն աշխարհում և այս տարածաշրջանում կատարվող փոփոխությունների հետևանքն է, ու, առավելապես, Փաշինյանին տապալելու Պուտինի ծրագիրը։
Նույն քաղաքական գործիչը, իհարկե, բոլորովին դեմ չէ, որ Բաքվի դրոշը հայտնվել է Ստեփանակերտում, պարզապես կարծում է, որ այդ արարողությունը դեռ ուշացել է և Ալիևի հետ էլ առնչություն չունի։ «Երբ Բաքվում շահագործման է հանձնվում, օրինակ, որևէ կամուրջ, նախ այնտեղ է գնում Իլհամ Ալիևը, կտրում կարմիր ժապավենը և բացման խոսք ասում։ Նա ամեն ինչ այնպես է ներկայացնում, թե իբր իր գրպանի փողով է կառուցել այդ կամուրջը և նվիրել ժողովրդին։ Իրականում այդ կամրջի շինարարությունը սկսվել է շատ ավելի ուշ, քան պետք է սկսվեր, շինարարությունը, որը պետք է ավարտվեր 5-6 ամսում, ձգվել է 5-6 տարի, շինարարության արժեքն ուռճացվել է 10-15 անգամ և այդ փողը գողացել են», ֊ գրել է Յաքուբլուն՝ նշելով, որ հոկտեմբերի 15-ին, երբ կտրվեց Ստեփանակերտի «բացման» ժապավենը, ականատես եղան նույն տեսարանին։
Ալիևը գող է և Ստեփանակերտում դրոշ բարձրացնելը չի փոխի այդ փաստը
20 տարի է անցել այն օրից, երբ Իլհամ Ալիևը յուրացրեց իշխանությունը՝ ընտրությունների հաջորդ օրը Բաքվի Ազատության հրապարակում դաժանորեն ծեծելով ու ձերբակալելով հարյուրավոր դժգոհողների, որոնց հետո ամիսներ շարունակ խոշտանգում էին բանտերում։ Սրան հետևեցին նաև քաղաքական սպանությունները։ Բայց ամենասարսափելին այն չէ, որ այս քսան տարում Ալիևը գողացել է Ադրբեջանի պետբյուջեն։ Նրա ամենամեծ գողությունը եղել է ճիշտ քսան տարի առաջ, երբ գողացավ ժողովրդի ընտրելու իրավունքը, կարծում է լրագրող Աֆղան Մուխթարլըն, որն Ալիևի հետապնդումներից փախել էր Վրաստան, բայց առևանգվեց Թբիլիսիում և աչքերը բացեց միայն Բաքվի բանտում։ Հիմա ազատ է արձակվել և նորից փախել՝ այս անգամ Եվրոպա։ Այնտեղից է ֆեյսբուքի իր էջում գրում, որ Ալիևը գողացել է Ադրբեջանի ամբողջ հարստությունն ու տարել Եվրոպա և ԱՄՆ։
«Բայց նա այսքանով էլ չգոհացավ։ Հիմա նա գողանում է այն հողերը, որոնք ազատգրվել են հազարավոր նահատակների արյան գնով», ֊ գրել է Մուխթարլըն՝ նկատի ունենալով այն, որ առանց Բաքվից հատուկ թույլտվության Ադրբեջանի ոչ մի քաղաքացի իրավունք չունի մտնել Արցախի հանրապետության օկուպացված տարածքներ։ Եվ այն, որ այդ տարածքներում Ալիևի ու նրա կնոջ՝ Փաշաևների ընտանիքները շինարարական աշխատանքների ֆոնին հսկայական գումարներ են թալանում։
«Հիմա դժվար ժամանակներ են բոլոր նրանց համար, ովքեր խոսում են Ալիևի հանցագործությունների մասին։ Ռազմական հաջողությունները, որոնք հնարավոր եղան ժողովրդի զավակների արյան գնով, հիմք ստեղծեցին Իլհամի համար, որ ավելի դաժան բռնաճնշումների գնա։ Նրանք, ովքեր քննադատում են Ալիևին, հայտնվում են վարձու շողոքորթների երամի թիրախում։ Ճշմարտությունն ասողներին «հայ» են անվանում», ֊ գրում է Մուխթարլըն։
Իլհամ Ալիևը մարդասպան է և ոչ մի ռազմական հաջողություն չի փոխի այս փաստը։ Իլհամ Ալիևը գող է և Ստեփանակերտում դրոշ բարձրացնելը չի փոխի այս փաստը։ Իլհամ Ալիևը զավթիչ է, որովհետև նրա իշխանությունն օկուպացրել է ժողովրդի զավակների գրաված հողերը, կարծում է Մուխթարլըն և իր գրառման վերջում շեշտում՝ Ալիևի հակառակվողները չպետք է լռեն։
Անի Ավետյան